041.1298.011018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
1 հոկտեմբերի 2018 թվականի N 1298-Լ
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ԱՌԱՆՁԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ ԾԱՆՈԹԱՆԱԼՈՒ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 13-րդ մասը`
Սահմանել Անվտանգության խորհրդի նիստի օրակարգում ներառված առանձին նյութերի ծանոթանալու հատուկ կարգը` համաձայն հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2018 թ. հոկտեմբերի 1-ի
N 1298-Լ որոշման
ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ԱՌԱՆՁԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ ԾԱՆՈԹԱՆԱԼՈՒ
1. Անվտանգության խորհրդի անդամների, իսկ Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ` նաև Անվտանգության խորհրդի նիստերին մասնակցող այլ անձանց կողմից Անվտանգության խորհրդի նիստի օրակարգում ներառված առանձին նյութերի ծանոթանալն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ Անվտանգության խորհրդի քարտուղարը սահմանում է Անվտանգության խորհրդի նիստի օրակարգում ներառված առանձին նյութերի ծանոթանալու ժամանակացույց, որում նշվում են ծանոթացմանը ներկայացվող նյութերը, ծանոթացման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը և վայրը, ծանոթացումն ապահովող և ծանոթացող անձանց տվյալները:
2. Անվտանգության խորհրդի նիստի օրակարգում ներառված առանձին նյութերի ծանոթանալու ժամանակացույցը, որպես կանոն, ծանոթացող անձանց տրամադրվում է Անվտանգության խորհրդի նիստից առնվազն հինգ օր առաջ:
3. Անվտանգության խորհրդի անդամների, իսկ Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ` նաև Անվտանգության խորհրդի նիստերին մասնակցող այլ անձանց կողմից Անվտանգության խորհրդի նիստի օրակարգում ներառված առանձին նյութերի ծանոթանալն ապահովում է Անվտանգության խորհրդի գրասենյակը` անհրաժեշտության դեպքում համագործակցելով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի հետ:
4. Ծանոթացման համար Անվտանգության խորհրդի նիստի օրակարգում ներառված առանձին նյութերը ներկայացվում են համարակալված և ծանոթացմանը ներկայացվող նյութերի ցանկով: Ծանոթացմանը ներկայացվող նյութերի ցանկը համարակալվում է Անվտանգության խորհրդի կայանալիք նիստին տրվելիք համարի հերթականությամբ:
5. Եթե Անվտանգության խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված նյութերը մեկից ավելի են, ապա բոլոր նյութերը պետք է ծանոթացման ներկայացվեն միաժամանակ:
6. Անվտանգության խորհրդի գրասենյակը, համագործակցելով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի հատուկ համակարգերի բաժնի իրավասու պաշտոնատար անձանց հետ, համապատասխան սարքավորումների կիրառմամբ ապահովում է ծանոթացմանը ներկայացվող ձայնագրառությունների, կինո- և լուսապատկերների վերարտադրումը:
7. Անվտանգության խորհրդի նիստի օրակարգում ներառված առանձին նյութերի ծանոթացման վերաբերյալ կազմվում է մեկ միասնական արձանագրություն, որում նշվում են ծանոթացմանը ներկայացվող նյութերը, ծանոթացման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը և վայրը, ծանոթացման սկսելու և ավարտելու ժամը, ծանոթացումն ապահովող անձանց և ծանոթացողների տվյալները: Արձանագրությունն ստորագրում են ծանոթացումն ապահովող անձինք և ծանոթացող անձինք: Ծանոթացող անձանց կողմից փաստաթղթերից դուրսգրումներ անելու դեպքում այդ մասին համապատասխան նշում է կատարվում արձանագրության մեջ:
8. Ծանոթացման արձանագրությունն Անվտանգության խորհրդի քարտուղարի կողմից ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վարչապետին` նիստից առնվազն երկու օր առաջ:
9. Ելնելով Անվտանգության խորհրդի նիստի օրակարգում ներառված հարցերի և քննարկվելիք փաստաթղթերի առանձնահատկություններից` Անվտանգության խորհրդի նիստից առնվազն հինգ օր առաջ Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից կարող է սահմանվել Անվտանգության խորհրդի նիստի օրակարգում ներառված առանձին նյութերի ծանոթանալու այլ կարգ:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-ԻՆ