040.0677.190618
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
15 հունիսի 2018 թվականի N 685-Լ
ԻՐ ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԻՑ ԴՈՒՐՍ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՎԱԾ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԻՆ ՏՎՅԱԼ ՎԱՅՐՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆԻ ՎԱՐՁԻՆ ՀԱՄԱՐԺԵՔ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ, ԿԱՐԳԸ, ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓՆ ՈԻ ԺԱՄԿԵՏԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Իր մշտական բնակության վայրից դուրս պաշտոնի նշանակված կառավարության անդամին տվյալ վայրում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցման առավելագույն չափը սահմանել` ամսական 100 000 (հարյուր հազար) ՀՀ դրամ:
2. Կառավարության անդամի բնակարանի վարձի փոխհատուցումը տրամադրվում է իր մշտական բնակության վայրից դուրս կառավարության անդամի պաշտոնավարման ժամանակահատվածի համար:
3. Իր մշտական բնակության վայրից դուրս պաշտոնի նշանակված կառավարության անդամին տվյալ վայրում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցումը տրամադրվում է այն դեպքերում, երբ կառավարության անդամի նստավայրն իր մշտական բնակության վայրը չէ և նա տվյալ վայրում չունի սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակելի անշարժ գույք:
4. Փոխհատուցումը տրամադրվում է կառավարության անդամի` Հայաստանի Հանրապետության վարչապետին ուղղված դիմումի հիման վրա, որին կցվում են անշարժ գույքի վարձակալության պայմանագրի և վարձակալության իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենները: Դիմումի մեջ ներառվում է նաև տվյալ վայրում կառավարության անդամին սեփականության իրավունքով պատկանող բնակելի անշարժ գույքի բացակայության վերաբերյալ կառավարության անդամի հայտարարությունը:
5. Կառավարության անդամին բնակարանի վարձի փոխհատուցման տրամադրումն ապահովում է նրան աշխատավարձ վճարող պետական մարմինը` Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման հիման վրա:
6. Յուրաքանչյուր ամսվա վարձի փոխհատուցումը տրամադրվում է մինչև հաջորդ ամսվա 15-ը:
7. Փոխհատուցման տրամադրման հիմքերի վերացման դեպքում կառավարության անդամն այդ մասին Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնում է դիմում:
8. Կառավարության անդամին բնակարանի վարձի ամսական փոխհատուցման տրամադրումը փոփոխվում է անշարժ գույքի վարձակալության պայմանագրով վարձավճարի` փոխհատուցման առավելագույն չափի սահմաններում կատարված փոփոխման դեպքում:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 19-ԻՆ