041.0782.150618
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
15 հունիսի 2018 թվականի N 782-Ն
ՆԵՐՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Ներման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասը`
Հաստատել Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի աշխատակարգը` համաձայն հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 15-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2018 թ. հունիսի 15-ի
N 782-Ա որոշման
ԱՇԽԱՏԱԿԱՐԳ ՆԵՐՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն աշխատակարգով կարգավորվում են Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) գործունեության հետ կապված հարաբերությունները:
2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է «Ներման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և սույն աշխատակարգով:
II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ
3. Հանձնաժողովի գործառույթը «Ներման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ներման խնդրագիր ներկայացրած անձին ներում շնորհելու առաջարկությունների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության վարչապետին խորհրդատվական եզրակացություն տրամադրելն է:
4. Հանձնաժողովի անդամները, այդ թվում` հանձնաժողովի նախագահը, հանձնաժողովի գործունեությանը մասնակցում են հասարակական հիմունքներով:
5. Հանձնաժողովի նախագահը`
1) կազմակերպում է հանձնաժողովի աշխատանքը.
2) հրավիրում և վարում է հանձնաժողովի նիստերը կամ նիստերի վարումը հանձնարարում է հանձնաժողովի անդամներից մեկին.
3) հաստատում է հանձնաժողովի նիստի օրակարգը.
4) զեկուցում է հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկված հարցերը կամ դրանց զեկուցումը հանձնարարում է հանձնաժողովի քարտուղարին.
5) իրականացնում է հանձնաժողովի գործառույթից և սույն աշխատակարգից բխող այլ լիազորություններ:
6. Հանձնաժողովի անդամը`
1) մասնակցում է հանձնաժողովի նիստերին.
2) ներկայացնում է առաջարկություններ` հանձնաժողովի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ.
3) «Ներման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան իրականացնում է իրեն վերապահված այլ լիազորություններ:
7. Հանձնաժողովի նիստերին ավելի, քան երեք անգամ անընդմեջ անհարգելի պատճառով չմասնակցելու, ինչպես նաև մեկ տարվա ընթացքում հանձնաժողովի նիստերի կեսից ավելիին չմասնակցելու դեպքում հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության վարչապետին է դիմում հանձնաժողովի անդամի գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ առաջարկությամբ:
III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
8. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով: Հանձնաժողովի նիստերը դռնփակ են:
9. Հանձնաժողովի նիստերը հրավիրվում են հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ` ներման խնդրագիր ներկայացրած անձի վերաբերյալ անձնական գործն ստանալուց հետո ոչ ուշ, քան երկշաբաթյա ժամկետում:
10. Սույն աշխատակարգի 9-րդ կետով նախատեսված դեպքում հանձնաժողովի նիստի օրակարգը` անհրաժեշտ նյութերով, ներկայացվում է հանձնաժողովի անդամներին` հրավիրվող նիստից ոչ ուշ, քան երեք օր առաջ: Հանձնաժողովի անդամները հանձնաժողովի նիստից հետո թղթային եղանակով ստացված նյութերը վերադարձնում են հանձնաժողովի քարտուղարին, իսկ էլեկտրոնային եղանակով ստացված նյութերը` ոչնչացնում:
11. Հանձնաժողովի նիստի օրակարգում նշվում են`
1) հանձնաժողովի նիստի անցկացման վայրը, ամիսը, ամսաթիվը, տարեթիվը և ժամը.
2) քննարկման ենթակա հարցերը.
3) քննարկվող յուրաքանչյուր հարցով զեկուցողի անունը, ազգանունը:
12. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա են հանձնաժողովի անդամների երկու երրորդը:
13. Հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկված յուրաքանչյուր հարցի քննարկման ավարտից հետո հանձնաժողովում անցկացվում է քվեարկություն: Հանձնաժողովի անդամը եզրակացությանը քվեարկում է «կողմ» կամ «դեմ»: Հանձնաժողովի անդամների անհատական քվեարկությունները հրապարակման ենթակա չեն:
14. Հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկված հարցերը և արտահայտված դիրքորոշումները ենթակա չեն հրապարակման:
15. Հանձնաժողովի նիստն արձանագրվում է: Հանձնաժողովի նիստի արձանագրումն իրականացվում է համակարգչային եղանակով համառոտագրման կամ պարզ թղթային արձանագրման ձևով: Հանձնաժողովի նիստի արձանագրությունն ստորագրում են հանձնաժողովի նիստին ներկա անդամները և հանձնաժողովի քարտուղարը:
16. Եզրակացությունն ընդունելուց հետո եռօրյա ժամկետում հանձնաժողովը եզրակացությունը և նիստի արձանագրությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետին:
IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
17. Հանձնաժողովն ընդունում է աշխատակարգային որոշումներ և եզրակացություններ:
18. Հանձնաժողովի աշխատակարգային որոշմամբ լուծվում են հանձնաժողովի գործունեության կազմակերպման հետ կապված հարցերը, այդ թվում` նիստի օրակարգում ընդգրկված` յուրաքանչյուր հարցով զեկուցումից հետո ներկայացված նյութերը հետազոտելու հաջորդականությունը և տևողությունը:
19. Հանձնաժողովի աշխատակարգային որոշմամբ հանձնաժողովի օրակարգում ընդգրկված հարցի քննարկումը կարող է հետաձգվել և տեղափոխվել հաջորդ նիստ` ոչ ավելի, քան մեկ անգամ` պահպանելով եզրակացության ներկայացման համար «Ներման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված քսանօրյա ժամկետը:
20. Հանձնաժողովի աշխատակարգային որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ` քվեարկությանը մասնակցած հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ:
21. Հանձնաժողովի եզրակացությունը բաղկացած է նկարագրական, պատճառաբանական և եզրափակիչ մասերից: Հանձնաժողովի եզրակացության`
1) նկարագրական մասում նշվում է ներման խնդրագրի հակիրճ բովանդակությունը.
2) պատճառաբանական մասում ներկայացվում է վերլուծություն և եզրակացություն` «Ներման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված յուրաքանչյուր հանգամանքի վերաբերյալ.
3) եզրափակիչ մասը պարունակում է ներման խնդրագիր ներկայացրած անձին ներում շնորհելու վերաբերյալ հանձնաժողովի առաջարկությունը:
22. Հանձնաժողովի եզրակացության հետ չհամաձայնվելու դեպքում հանձնաժողովի անդամն իրավունք ունի ներկայացնելու հատուկ կարծիք, որի վերաբերյալ նշում է կատարվում հանձնաժողովի նիստի արձանագրության մեջ: Հատուկ կարծիքը ներկայացվում է հանձնաժողովի նիստից հետո` երկօրյա ժամկետում, և կցվում հանձնաժողովի եզրակացությանը:
23. Հանձնաժողովի եզրակացություններն ընդունվում են բաց քվեարկությամբ` քվեարկությանը մասնակցած հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նիստը նախագահողի ձայնը վճռորոշ է:
24. Հանձնաժողովի եզրակացությունն ստորագրում է հանձնաժողովի նիստը նախագահողը:
V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
25. Հանձնաժողովի քարտուղարությունն իրականացնում է արդարադատության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարությունը (այսուհետ` նախարարություն):
26. Նախարարությունը`
1) ապահովում է հանձնաժողովի կազմակերպատեխնիկական աշխատանքների իրականացումը.
2) ապահովում է հանձնաժողովի նիստերի արձանագրումը.
3) կատարում է հանձնաժողովի ընթացիկ գործունեության ապահովմանն ուղղված այլ գործողություններ: