040.0135.160218
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
15 փետրվարի 2018 թվականի N 135-Ն
ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻՆ ԱՐԳԵԼՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-Ի N 960-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
«Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասին և Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 86-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել կալանավորված անձանց և դատապարտյալներին արգելված աշխատանքների և պաշտոնների ցանկը` համաձայն հավելվածի:
i
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 7-ի «Կալանավորված անձանց և դատապարտյալներին արգելված աշխատանքների և պաշտոնների ցանկը հաստատելու մասին» N 960-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2018 թվականի փետրվարի 15-ի
N 135-Ն որոշման
ՑԱՆԿ
ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻՆ ԱՐԳԵԼՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ
1. Քրեակատարողական հիմնարկում արգելվում է կալանավորված անձանց և դատապարտյալներին ներգրավել հետևյալ աշխատանքներում և պաշտոններում`
1) քրեակատարողական ծառայության ղեկավարման կենտրոնական կամ տարածքային մարմիններ, դրանց ստորաբաժանումներ.
2) այն շինություններում, որոնցում տեղակայվում է հսկողություն իրականացնող անձնակազմը, ինչպես նաև որտեղ պահվում են զենք, ծառայողական փաստաթղթեր կամ հատուկ տեխնիկական միջոցներ.
3) պահպանության ինժեներական կամ տեխնիկական միջոցների սպասարկման կամ նորոգման աշխատանքներ.
4) կապի և հեռահաղորդակցության տեխնիկական միջոցների սպասարկման կամ նորոգման աշխատանքներ.
5) դեղորայքի, դեղանյութերի, բժշկական նշանակության առարկաների պահպանման, հաշվառման, բաշխման, պատրաստման կամ արտադրության աշխատանքներ.
6) զենքի, թունավոր, պայթուցիկ կամ հրդեհավտանգ նյութերի պահպանման, հաշվառման, բաշխման կամ արտադրության աշխատանքներ.
7) հեռահաղորդակցության, վիդեո-աուդիո ձայնագրող սարքերի և նկարահանող այլ տեխնիկայի օգտագործման միջոցով կատարվող աշխատանքներ.
8) մթերային կամ իրերի պահեստների պահպանման աշխատանքներ, ինչպես նաև այդ պահեստներում` որպես վաճառող, գանձապահ, հաշվապահ կամ պետ.
9) վարձու աշխատողների նկատմամբ վերադաս պաշտոններ.
10) ոգելից խմիչքների արտադրություն.
11) կացինների, դանակների կամ այլ սուր, կտրող, ծակող գործիքների կամ առարկաների արտադրություն:
2. Բաց ուղղիչ հիմնարկում պատիժ կրող դատապարտյալին ուղղիչ հիմնարկի սահմաններից դուրս այլ գործատուների հետ աշխատանքային հարաբերություններ հաստատելու դեպքում արգելվում է ներգրավել հետևյալ աշխատանքներում և պաշտոններում`
1) դեղորայքի, դեղանյութերի, բժշկական նշանակության առարկաների պատրաստման կամ արտադրության կամ վաճառքի աշխատանքներ.
2) զենքի, թունավոր, պայթուցիկ կամ հրդեհավտանգ նյութերի արտադրության կամ վաճառքի աշխատանքներ.
3) ոգելից խմիչքների արտադրության կամ վաճառքի աշխատանքներ.
4) դատապարտյալների փոխադրման համար նախատեսված ավտոտրանսպորտային միջոցի վարորդ.
5) ցանկացած տեսակի գիշերային հերթափոխով աշխատանք: