040.1517.051217
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 նոյեմբերի 2017 թվականի N 1517-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԴՐԱՄԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՊԱՐՏԱՊԱՆԻՆ ՍՆԱՆԿ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՄՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒՑ ՁԵՌՆՊԱՀ ՄՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` կոմիտե) նախագահին` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ հարկերի, տուրքերի, մաքսատուրքերի, այլ պարտադիր վճարների կամ վարչարարությունից ծագած տուգանքների, կամ տույժերի գծով դրամային պարտավորությունների (այսուհետ` պարտավորություն) մասով ձեռնպահ մնալ տվյալ պարտապանին սնանկ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելուց`
1) եթե առկա են «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 3-րդ հոդվածի հիմքերը, սակայն տվյալ պարտավորության կամ դրա որոշակի մասի (եթե ընդհանուր պարտավորության և տվյալ մասի դրական տարբերությունն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված հիմք չէ) նկատմամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում հարուցված կատարողական վարույթը «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածով ավարտված չէ կամ 42-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով կարճված չէ.
2) եթե պարտապանի գործունեությունը ժամանակավորապես դադարեցված չէ, կոմիտեի կողմից ձեռնարկված միջոցների արդյունքում հնարավոր չի եղել կայացնել գումարի գանձման մասին որոշում և ներկայացնել հարկադիր կատարման, սակայն օրենքի 3-րդ հոդվածի հիմքերն ի հայտ գալու նախորդ և հետագա յուրաքանչյուր ամսում պարտապանը վճարել է տվյալ ամսվա առաջին օրվա դրությամբ առկա պարտավորության առնվազն 20 տոկոսը:
2. Սույն որոշման 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված պայմանների` վեց և ավելի ամիսների շարունակելիության դեպքում կոմիտեն պարտավոր է նշված ժամկետից հետո մեկամսյա ժամկետում սնանկության պահանջով դիմել դատարան:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-ԻՆ