040.0913.240712
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
19 հուլիսի 2012 թվականի N 913-Ն
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՔՈՂԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի «ե» կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել քաղաքացիական պաշտպանության քողարկման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2012 թվականի հուլիսի 19-ի
N 913-Ն որոշման
ԿԱՐԳ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՔՈՂԱՐԿՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգը սահմանում է ռազմական դրության ժամանակ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության քողարկման (այսուհետ` քողարկում) հիմնական խնդիրները, միջոցառումների կազմակերպումը և իրականացումը:
2. Քողարկումը միջոցառումների համալիր է` ուղղված քաղաքացիական պաշտպանության միջոցառումների, ուժերի և միջոցների, բնակավայրերի ու կազմակերպությունների առկայության, տեղաբաշխման, կազմի, վիճակի, գործառույթների ու մտադրությունների թաքցմանը և հակառակորդի զինված ուժերի ապակողմնորոշմանը, բոլոր խոցման միջոցներից բնակչությանն ու նյութական արժեքները պաշտպանելու ինժեներատեխնիկական միջոցառումների իրականացմանը:
3. Քողարկման ձևերն են ուժերի և միջոցների նկատմամբ իրականացվող օպերատիվ քողարկումը և բնակավայրերի ու կազմակերպությունների լուսաքողարկումը:
4. Օպերատիվ քողարկումն ընդգրկում է հետևյալ ձևերը` թաքցնումը, տեխնիկայի ներկումը, նմանակումը, ուժերի և միջոցների կեղծ տեղակայման վայրերի ստեղծումը, ցուցադրական գործողությունները և ապատեղեկատվությունը, տեխնիկայի, հատուկ, կարևորագույն նշանակության օբյեկտների ծածկումը` քողարկման ցանցերի միջոցով` տեղանքի գույներին և ռելիեֆային պայմաններին համապատասխան:
5. Լուսաքողարկումը տեխնիկական միջոցառումների համալիր է, որի նպատակը բնակավայրերի, կազմակերպությունների (օբյեկտների) ապաքողարկող երևույթները վերացնելն է և դրանք դժվար տեսանելի դարձնելը` օպտիկական և թռչող սարքերից դիտարկելիս:
II. ԼՈՒՍԱՔՈՂԱՐԿՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
6. Հայաստանի Հանրապետության բնակավայրերում ու կազմակերպություններում լուսաքողարկումն ապահովող նախապատրաստական միջոցառումները պետք է իրականացվեն նախօրոք:
7. Լուսաքողարկման միջոցառումներն իրականացվում են երկու ռեժիմով` մասնակի մթնեցում և լրիվ մթնեցում:
8. Մասնակի մթնեցման ռեժիմը սահմանվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության պետի որոշմամբ և բնակավայրերի ու կազմակերպությունների լուսավորության հիմնական ռեժիմն է: Մասնակի մթնեցման ռեժիմի նպատակն ընդհանուր լուսավորությունն իջեցնելն է` չխախտելով կազմակերպությունների արտադրական գործունեությունը և տրանսպորտի աշխատանքը, ինչպես նաև բնակավայրերի կենսագործունեությունը, և պահանջվող ժամկետներում լրիվ մթնեցման ռեժիմ մտցնելու համար պայմանների ստեղծումը:
9. Սովորական լուսավորության ռեժիմից մասնակի մթնեցման ռեժիմի անցնելը պետք է իրականացվի ոչ ավելի, քան 16 ժամվա ընթացքում: Այդ ընթացքում պետք է ավարտվեն բնակավայրերի, ռազմական դրության ժամանակ արտադրական գործունեությունը շարունակող կազմակերպությունների լուսաքողարկման նախապատրաստական աշխատանքները և իրականացվեն հետևյալ միջոցառումները`
1) գովազդային լուսավորության սարքերի անջատում.
2) լուսավորության մակարդակի իջեցում`
ա. բնակավայրերի փողոցների, ճանապարհների, զբոսայգիների, պուրակների, մանկական, դպրոցական և առողջապահական հաստատությունների համար,
բ. բնակելի, հանրային, արտադրական և օժանդակ շինությունների համար:
10. Քաղաքային տրանսպորտը, ինչպես նաև երթևեկությունը կարգավորող միջոցները մասնակի մթնեցման ռեժիմում ենթակա չեն լուսաքողարկման:
11. Լրիվ մթնեցման ռեժիմը մտցվում է «Օդային տագնապ» ազդանշանով և ավարտվում «Օդային տագնապի ավարտ» ազդանշանով: Մասնակի մթնեցման ռեժիմից լրիվ մթնեցման ռեժիմի անցնելը պետք է իրականացվի ոչ ավելի, քան 3 րոպեում: Քաղաքային տրանսպորտը լրիվ մթնեցման ռեժիմում չի շահագործվում, իսկ երթևեկությունը կարգավորող միջոցներն անջատվում են:
12. Լրիվ մթնեցման ռեժիմում իրականացվում են հետևյալ միջոցառումները`
1) արտաքին լուսավորության անջատում.
2) ներքին լույսերի լուսաքողարկման միջոցառումների իրականացում.
3) լրիվ մթնեցման ռեժիմում աշխատանքների համար նախատեսված լուսամփոփների ու լուսային նշանների միացում.
4) լրիվ մթնեցման պայմաններին համապատասխանող արտադրության տեխնոլոգիային անցում:
13. Բնակավայրերը և կազմակերպությունները պետք է լուսաքողարկվեն ամբողջ օբյեկտի կամ դրա մի մասի էլեկտրալուսավորության կենտրոնացված անջատման միջոցով:
14. Բնակավայրերի և կազմակերպությունների արտաքին լուսավորության անջատման և միացման ղեկավարումը նախատեսվում է իրականացնել կենտրոնացված եղանակով: Միացումը և անջատումն իրականացվում են կարգավորական ղեկավարման կետերից, որոնք պետք է անմիջական կապ ունենան քաղաքային կամ համայնքային կարգավորական ղեկավարման կետերի հետ:
15. «Օդային տագնապ» ազդանշանի ժամանակ աշխատանքները շարունակող կազմակերպությունների և առանձին տարածքների աշխատանքային լուսավորությունն անջատվում է ներքին լուսավորության ղեկավարման կենտրոնական կետից:
III. ԼՈՒՍԱՔՈՂԱՐԿՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
16. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության լուսաքողարկման միջոցառումները կազմակերպում են Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման տարածքային մարմիններն ու տեղական ինքնակառավարման մարմինները:
17. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության լուսաքողարկման միջոցառումների պլանավորումը և դրանց կատարման նկատմամբ հսկողությունը Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 10-ի N 384-Ն որոշմամբ ստեղծված քաղաքացիական պաշտպանության էներգետիկայի և լուսաքողարկման ծառայությունները: