041.0419.130511
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
13 մայիսի 2011 թվականի N 419-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի N 1135-Ն որոշման 1-ին կետով հավանության արժանացած` Հայաստանում տեսչական բարեփոխումների հայեցակարգի դրույթների պահանջներն ապահովելու նպատակով`
1. Ստուգաթերթերում սահմանված հարցերի կշիռների սահմանման և ոլորտային ռիսկայնության նախնական գնահատման համար ստեղծել պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությունում ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգի ներդրմանն աջակցող աշխատանքային խումբ և հաստատել դրա կազմը` համաձայն N 1 հավելվածի:
2. Հաստատել աշխատանքային խմբի աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` ապահովել աշխատանքային խմբի աշխատանքներն իրականացնելու համար բոլոր անհրաժեշտ պայմանները:
4. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին և առաջարկել Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի նախագահին, սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների ղեկավարներին (համաձայնությամբ)` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին ներկայացնել թեկնածություններ աշխատանքային խմբում ընդգրկվելու համար:
5. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` սույն որոշման N 1 հավելվածում նշված թեկնածությունները ներկայացնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում հաստատել աշխատանքային խմբի անհատական կազմը:
6. Աշխատանքային խմբին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել աշխատանքային խմբի նպատակների և խնդիրների իրականացման աշխատանքային պլանը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 13-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ վարչապետի
2011 թվականի մայիսի 13-ի
N 419-Ա որոշման
ԿԱԶՄ
ՊԵՏԱԿԱՆ ՀԻԳԻԵՆԻԿ ԵՎ ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՌԻՍԿԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆՆ ԱՋԱԿՑՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Տեսչական բարեփոխումների քարտուղարության ներկայացուցիչ (աշխատանքային
խմբի ղեկավար)
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ
և հակահամաճարակային տեսչության երկու ներկայացուցիչ
Առողջապահության ոլորտում գործող գիտական հաստատությունների երկու
ներկայացուցիչ (համաձայնությամբ)
Գործարարների շահերի պաշտպանությամբ զբաղվող հասարակական
կազմակերպությունների երկու ներկայացուցիչ (ներկայացնում է Հայաստանի
Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատը) (համաձայնությամբ)
Սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող հասարակական
կազմակերպություններից երկու ներկայացուցիչ (համաձայնությամբ)
Հավելված N 2
ՀՀ վարչապետի
2011 թվականի մայիսի 13-ի
N 419-Ա որոշման
ԱՇԽԱՏԱԿԱՐԳ ՊԵՏԱԿԱՆ ՀԻԳԻԵՆԻԿ ԵՎ ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՌԻՍԿԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆՆ ԱՋԱԿՑՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
1. Սույն աշխատակարգով կանոնակարգվում են տեսչության ստուգաթերթերում սահմանված հարցերի կշիռների սահմանման և տնտեսավարող սուբյեկտների գործունեության տեսակների ռիսկայնության գնահատման գործընթացներն ապահովող աշխատանքային խմբի գործունեության հիմնական սկզբունքները:
2. Աշխատանքային խումբն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումներով, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությունում (այսուհետ` տեսչություն) ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգի ներդրման մեթոդաբանությամբ, սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով:
3. Աշխատանքային խումբը տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի քարտուղարության խորհրդատուն է` տեսչությունում ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգի ներդրմանն առնչվող հարցերում:
4. Աշխատանքային խմբի նպատակներն են`
1) տնտեսական գործունեության տեսակների համար հիգիենիկ ռիսկերի գնահատումը.
2) մշակված ստուգաթերթերի մասին վերջնական առաջարկության տրամադրումը.
3) մշակված ստուգաթերթերում ներառված հարցերի կշիռների սահմանումը:
5. Աշխատանքային խումբն իր գործունեությամբ հաշվետու է տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի քարտուղարությանը:
6. Աշխատանքային խումբը կազմված է ղեկավարից և անդամներից, ովքեր աշխատանքային խմբի աշխատանքներին մասնակցում են հասարակական հիմունքներով:
7. Աշխատանքային խումբն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են խմբի ղեկավարի կողմից, ըստ անհրաժեշտության, բայց առնվազն երկու շաբաթը մեկ անգամ:
8. Աշխատանքային խմբի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է խմբի անդամների կեսից ավելին:
9. Աշխատանքային խմբի նիստերը վարում է աշխատանքային խմբի ղեկավարը, իսկ նրա բացակայության դեպքում` խմբի անդամներից մեկը` նրա հանձնարարությամբ:
10. Աշխատանքային խմբի նիստի ժամանակ որոշվում է հաջորդ նիստի հարցերի շրջանակը:
11. Աշխատանքային խմբի նիստերին կարող են հրավիրվել պետական մարմինների, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
12. Աշխատանքային խմբի անդամները ենթակա են փոփոխման ռոտացիոն սկզբունքով, ըստ անհրաժեշտության` կախված քննարկման ոլորտի առանձնահատկություններից:
13. Աշխատանքային խմբի աշխատանքների կազմակերպչական և նյութատեխնիկական ապահովումն իրականացնում է առողջապահության բնագավառում պետական լիազոր մարմինը:
14. Աշխատանքային խմբի ղեկավարը`
1) ղեկավարում է աշխատանքային խմբի գործունեությունը.
2) հրավիրում և վարում է աշխատանքային խմբի նիստերը.
3) նշանակում է աշխատանքային խմբի նիստի անցկացման օրը, վայրը և հաստատում նիստի օրակարգը.
4) ներկայացնում է աշխատանքային խումբն այլ մարմինների և անձանց հետ հարաբերություններում.
5) իրականացնում է սույն աշխատակարգից բխող այլ լիազորություններ:
15. Աշխատանքային խմբի անդամը`
1) մասնակցում է աշխատանքային խմբի աշխատանքներին.
2) հարցեր և առաջարկություններ է ներկայացնում աշխատանքային խմբի քննարկմանը.
3) ներկայացնում է առաջարկություններ աշխատանքային խմբի գործունեության և նիստի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ.
4) քվեարկում է խմբի ղեկավարի կողմից քննարկման դրված հարցերի վերաբերյալ.
5) կատարում է աշխատանքային խմբի որոշումները և նրա ղեկավարի հանձնարարականները:
16. Աշխատանքային խմբի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում խմբի ղեկավարի ձայնը վճռորոշ է:
17. Աշխատանքային խմբի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ: