i
/ուժը կորցրել է 10.11.96 թվականից, 30.06.96 օրենքով/
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է Ազգային Ժողովի կողմից
«14» դեկտեմբերի 1995թ.
ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
i
Հոդված 1. Մինչև տեղական ինքնակառավարման մասին օրենքի ընդունումը և տեղական ինքնակառավարման նոր մարմինների կազմավորումը պատգամավորների գյուղական ու քաղաքային խորհուրդները և նրանց գործադիր մարմինները շարունակում են օրենքով սահմանված լիազորությունները:
i
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից լուծարվում են պատգամավորների շրջանային, Երևանի քաղաքային, Երևան և Գյումրի քաղաքների շրջանային խորհուրդները, իսկ նրանց գործադիր մարմինները (բացառությամբ Գյումրի քաղաքի շրջանային խորհուրդների գործադիր մարմինների) շարունակում են գործել մինչև համապատասխան մարզպետների նշանակումը և մարզպետարանների կազմավորումը, որից հետո այդ մարմինները կառավարության կողմից սահմանված սահմանված կարգով լուծարվում են:
Գյումրի քաղաքի շրջանային խորհուրդների գործադիր մարմինները լուծարվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից: Գյումրի քաղաքի շրջանային խորհուրդների և նրանց գործադիր մարմինների լիազորություններն իրականացնում են համապատասխանաբար Գյումրիի քաղաքային խորհուրդը և նրա գործադիր մարմինը:
Հոդված 3. Մարզպետին կից ստեղծվում է խորհրդակցական մարմին` մարզի խորհուրդ, որի կազմի մեջ մտնում են համայնքների ղեկավարները և մարզպետը: Խորհրդի նիստերում նախագահում է մարզպետը:
Հոդված 4. Մարզպետը`
i
1) դատական կարգով գանգատարկում է տեղական ինքնակառավարման մարմինների օրենսդրությանը հակասող ակտերն ու գործողությունները.
2) օրենսդրության պահանջները խախտելու դեպքում կարող է քաղաքային, գյուղական խորհրդի նախագահին պաշտոնանկ անելու մասին առաջարկություն ներկայացնել կառավարություն: Կառավարությունը կարող է անվստահություն հայտնել գյուղական խորհրդի նախագահին.
3) պաշտոնը թափուր մնալու դեպքում նշանակում է գյուղական խորհրդի նախագահի պաշտոնակատար.
4) կարգադրություններ է անում համայնքների ղեկավարներին քաղաքացիական պաշտպանության, հակահամաճարակային և կարանտինային միջոցառումների, ինչպես նաև տեխնոլոգիական և տարերային աղետների վտանգների նվազեցման ու հետևանքների վերացման հետ կապված աշխատանքների կազմակերպման վերաբերյալ.
5) հրավիրում և վարում է մարզի խորհրդի նիստ` իր կողմից սահմանված օրակարգով.
6) խորհրդակցական ձայնի իրավունքով կարող է մասնակցել համայնքների ավագանիների (գյուղական և քաղաքային խորհուրդների) նիստերին.
7) իրականացնում է սույն օրենքով և օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:
Հոդված 5. Սույն օրենքում օգտագործվող մարզ, մարզպետ, մարզպետարան, համայնք հասկացությունների տակ համապատասխանաբար պետք է հասկանալ նաև Երևան, Երևանի քաղաքապետ, Երևանի քաղաքապետարան, թաղային համայնք:
Երևանում ստեղծվում է Երևանի խորհուրդ, որի կազմի մեջ մտնում են Երևանի քաղաքապետը և թաղային համայնքների ղեկավարները: Երևանի քաղաքապետը խորհրդի ղեկավարն է: Մինչև թաղային համայնքների կազմավորումը Երևանի քաղաքային խորհրդի նախագահությունը իրականացնում է Երևանի խորհրդի լիազորությունները:
Հոդված 6. Երևանի քաղաքապետը, օրենսդրությամբ մարզպետի համար սահմանված լիազորություններից բացի, քաղաքապետարանի միջոցով`
1) օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպում է պետական, ոչ պետական ներքաղաքային հասարակական տրանսպորտի աշխատանքը և վերահսկում է հասարակական տրանսպորտի երթուղիները և չվացուցակները.
2) կազմակերպում է փողոցների և ճանապարհների շինարարությունը, վերանորոգումը և շահագործումը.
3) կազմակերպում է Երևանի ջեռուցումը, տաք ջրամատակարարումը, ջրամատակարարումը, ջրմուղ-կոյուղու, սանիտարական մաքրման կառուցվածքների և կայանքների շինարարությունը, վերանորոգումը և շահագործումը.
4) կառավարության հաստատմանն է ներկայացնում Երևանի գլխավոր հատակագիծը.
5) հաստատում է թաղային համայնքների մանրամասն հատակագծման և կառուցապատման նախագծերը, համաձայնեցնում է կառուցվող շենքերի, շինությունների և այլ օբյեկտների, քաղաքի ինժեներական կառուցվածքների և բարեկարգման նախագծերը.
6) սահմանում է տների համարակալումը.
7) կազմակերպում է աղբահանությունը, աղբի և թափոնների վերամշակումը.
8) կազմակերպում է հանրային բնակելի տների շինարարությունը.
9) կազմակերպում է քաղաքային ենթակայության մարզական և մշակութային հիմնարկների, զբոսայգիների, կանաչ գոտիների, ջրավազանների և ջրամբարների շինարարությունը, վերանորոգումը և շահագործումը:
Երևանի քաղաքապետը, Երևանի խորհրդի համաձայնությամբ`
1) անվանում և վերանվանում է Երևանի փողոցները, պողոտաները, հրապարակները, զբոսայգիները, քաղաքային ենթակայության կրթական, մշակութային և այլ հաստատությունները.
2) օրենսդրությամբ սահմանված իր իրավասության շրջանակում կանոնակարգում է առևտրի և սպասարկման ոլորտի ձեռնարկությունների գործունեությունը.
3) հաստատում է Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիներին «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու կարգը:
Հոդված 7. Երևանի խորհուրդը Երևանի քաղաքապետի ներկայացմամբ հաստատում է Երևան քաղաքի համար օրենքով սահմանված աղբյուրներից ձևավորվող եկամուտների սահմաններում ծախսերի նախահաշիվը և բաշխումը:
Երևանի խորհրդի աշխատակարգը հաստատում է Երևանի քաղաքապետը:
Երևանի խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին ներկա խորհրդի անդամների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է խորհրդի անդամների կեսից ավելին:
i
Հոդված 8. Սահմանադրությամբ սահմանված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ նշանակել 1996 թվականի նոյեմբերի 10-ին:
Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
14 դեկտեմբերի 1995 թվական: