041.0547.070807
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
7 օգոստոսի 2007 թվականի N 547-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`
Հաստատել «Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոների հետ պայմանագրային պարտավորությունների կատարման ընթացքում կոնցեսիոների կողմից իրականացվող ներդրումների, կիրառվող սակագների, ավիավառելիքի գնագոյացման, ինչպես նաև «Էրեբունի» և «Ստեփանավան» օդանավակայաններից քաղաքացիական չվերթների իրականացման առնչությամբ մի շարք խնդիրների լուծման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի աշխատակարգը` համաձայն հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 7-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2007 թ. օգոստոսի 7-ի
N 547-Ա որոշման
ԱՇԽԱՏԱԿԱՐԳ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության «Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոների (այսուհետ` կոնցեսիոներ) հետ պայմանագրային պարտավորությունների կատարման ընթացքում կոնցեսիոների կողմից իրականացվող ներդրումների, կիրառվող սակագների, ավիավառելիքի գնագոյացման, ինչպես նաև «Էրեբունի» և «Ստեփանավան» օդանավակայաններից քաղաքացիական չվերթների իրականացման առնչությամբ առաջացած մի շարք խնդիրների լուծման նպատակով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2004 թվականի օգոստոսի 25-ի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 562-Ա որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով):
2. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության (ԻԿԱՕ) հիմնարար փաստաթղթերին և սույն աշխատակարգին համապատասխան:
II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
3. Հանձնաժողովի խնդիրներն ու գործառույթներն են`
1) կոնցեսիոների հետ պայմանագրային պարտավորությունների կատարման ընթացքում կոնցեսիոների կողմից առաջարկվող և Մաստեր Պլանով նախատեսված ներդրումների ծավալի ու արժեքի ուսումնասիրություններ կատարելը և դրանց մասին Հայաստանի Հանրապետության կառավարություն դիրքորոշում (եզրակացություններ) ներկայացնելը, որը կկանխի վերադարձելիության թույլատրելի դրույքաչափի առաջացրած հավանական գերներդրումների ռիսկը.
2) կոնցեսիոների կողմից կիրառվող սակագների և ավիավառելիքի գնագոյացման ու դրանց հիմնավորման վերաբերյալ ուսումնասիրություններ կատարելը և Հայաստանի Հանրապետության կառավարություն դրանց հիմնավորվածության մասին եզրակացություններ ու առաջարկություններ ներկայացնելը.
3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 25-ի N 1510-Ն որոշմամբ սահմանված կոնցեսիոների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն յուրաքանչյուր տարվա մայիսի 15-ին ներկայացվող հաշվետվություններն ուսումնասիրելը և երկամսյա ժամկետում դրանց մասին Հայաստանի Հանրապետության կառավարություն եզրակացություն ներկայացնելը.
4) «Էրեբունի» և «Ստեփանավան» օդանավակայաններից քաղաքացիական չվերթների իրականացման հարցերի ուսումնասիրություններ ու վերլուծություններ կատարելը և դրանց արդյունավետ կազմակերպման ու իրականացման նպատակով առաջարկություններ ներկայացնելը:
III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
4. Հանձնաժողովի նախագահը`
1) ղեկավարում է հանձնաժողովի գործունեությունը.
2) նշանակում է հանձնաժողովի նիստի անցկացման վայրը, օրը և հաստատում օրակարգը.
3) հրավիրում է հանձնաժողովի նիստերը, ներկայացնում հանձնաժողովն այլ մարմիններում և կազմակերպություններում.
4) որոշում է հանձնաժողովի նիստերին հրավիրվածների ցանկը:
5. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան յուրաքանչյուր տարին մեկ անգամ:
6. Հանձնաժողովի նիստերը վարում է հանձնաժողովի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում` հանձնաժողովի անդամներից մեկը` հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ:
7. Հանձնաժողովի նիստերի արձանագրություններն ստորագրում են տվյալ նիստը նախագահողը և քարտուղարը, որին նշանակում է հանձնաժողովի նախագահը:
8. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է հանձնաժողովի անդամների առնվազն 2/3-ը:
9. Հանձնաժողովի նիստերի օրակարգերի քննարկվող հարցերի հերթականությունը որոշում է հանձնաժողովի նախագահը, իսկ հանձնաժողովի նիստերի օրակարգը ձևավորում է քարտուղարը` հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ և հիմք ընդունելով հանձնաժողովի անդամների ներկայացրած հարցերը: Նիստի օրակարգը և դրա վերաբերյալ նյութերը հանձնաժողովի անդամներին են հանձնվում ոչ ուշ, քան նիստից 3 աշխատանքային օր առաջ:
10. Անհրաժեշտության դեպքում հանձնաժողովի նիստերին կարող են հրավիրվել ավիացիայի ոլորտի և այլ բնագավառների մասնագետներ:
11. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ` նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:
12. Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է: Եթե հանձնաժողովի որևէ անդամ հանձնաժողովի որոշման վերաբերյալ ունի այլ կարծիք, ապա այն գրավոր կցվում է հանձնաժողովի որոշմանը:
13. Հանձնաժողովի աշխատանքների կազմակերպական, տեխնիկական, տեղեկատվական և վերլուծական ապահովումն իրականացվում է գլխավոր վարչության կողմից:
14. Հանձնաժողովի անդամներն իրենց պարտականությունները կատարում են հասարակական հիմունքներով: