Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԿՐԱՇԱՐԺԻՑ ՏՈՒԺԱԾ ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ԲՆԱԿՉՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԿՐԱՇԱՐԺԻՑ ՏՈՒԺԱԾ ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ԲՆԱԿԱՐ ...

 

 

040.0331.090897

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«9» ՕԳՈՍՏՈՍԻ 1997 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 օգոստոսի 1997 թ. թիվ 331

 

i

ԵՐԿՐԱՇԱՐԺԻՑ ՏՈՒԺԱԾ ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՐԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ելնելով աղետի գոտում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած, ինչպես նաև վթարային շենքերի բնակչության բնակարանային պայմանների բարելավման անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել երկրաշարժից տուժած աղետի գոտու բնակչությանը բնակարանային շինարարություն իրականացնելու համար վարկ տրամադրելու մասին կարգը (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի օգոստոսի 9-ից:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ

ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի ԹԻՎ 331 ՈՐՈՇՄԱՄԲ

 

ԿԱՐԳ

 

ԵՐԿՐԱՇԱՐԺԻՑ ՏՈՒԺԱԾ ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՐԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

 

1. Երկրաշարժից տուժած աղետի գոտում մշտական բնակության վայր ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն աղետի գոտում բնակարանային շինարարություն իրականացնելու նպատակով դիմում են ներկայացնում մարզպետարան` պետական միջոցների հաշվին վարկ ստանալու համար: Դիմումին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`

ա/ շինարարություն /վերականգնում, ամրացում, վերակառուցում/ իրականացնելու մասին համապատասխան թույլտվության վերաբերյալ տեղեկանք.

բ/ դիմողի ընտանիքի կազմի և բնակարանային պայմանների վերաբերյալ համապատասխան բնակշահագործման տեղամասի կամ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից տրված տեղեկանք.

գ/ անավարտ կամ վթարային բնակելի տան /առանձնատան/ դեպքում` դիմումը ներկայացնելու պահին անավարտ բնակելի տան /առանձնատան/ շինարարության պատրաստվածության կամ վթարայնության աստիճանի վերաբերյալ տեղեկանք.

դ/ նոր բնակելի տան շինարարության դեպքում` բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցողների հաշվառման ցուցակներում ընդգրկված լինելու վերաբերյալ տեղեկանք.

ե/ շինարարական աշխատանքների նախահաշիվ.

զ/ դիմողի և նրա ընտանիքի չափահաս անդամների անձնագրային տվյալները` ներառյալ մշտական բնակության հասցեն:

Անհրաժեշտության դեպքում մարզպետարանի հարցումով դիմումին կցվում են շենքերի և շինությունների գույքագրման մարմնի, սոցիալական ապահովության բաժնի, բժշկական հիմնարկի և շահագրգիռ այլ կազմակերպությունների կողմից տրված տեղեկանքները և այլ փաստաթղթեր:

i

2. Դիմումները քննարկվում են մարզի առանձին համայնքների բնակիչներին վարկ տրամադրելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունումից հետո:

(2-րդ կետը խմբ. 23.04.98 թիվ 258 որոշում)

3. Վարկի տրամադրման հետ կապված հարցերի քննարկման նպատակով մարզպետի որոշմամբ (կարգադրությամբ) ստեղծվում է հանձնաժողով, որի կազմում ընդգրկվում են մարզի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ:

(3-րդ կետը խմբ. 23.04.98 թիվ 258 որոշում)

i

4. Հանձնաժողովը վարում է գրանցման հատուկ մատյաններ, որտեղ գրանցվում են դիմումների ստացման, դրանց քննարկման արդյունքով հանձնաժողովի կայացրած որոշումների, ուղարկված ծանուցումների մասին բոլոր տվյալները:

(4-րդ կետը փոփ. 23.04.98 թիվ 258 որոշում)

i

5. Հանձնաժողովը քննարկում է դիմումները` դրանք ստանալուց հետո 10-օրյա ժամկետում` ըստ փաստաթղթերի ստացման հաջորդականության:

Հանձնաժողովը կարող է մերժել դիմումը, եթե ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կարգի պահանջներին կամ հակասում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, կամ ներկայացված տեղեկություններում առկա են ոչ ճիշտ տվյալներ: Հանձնաժողովը դիմումը մերժելու որոշում կայացնելու մասին ծանուցում է դիմողին` ոչ ուշ, քան դիմումը ստացվելու օրվանից 15-օրյա ժամկետում:

(5-րդ կետը փոփ. 23.04.98 թիվ 258 որոշում)

i

6. Վարկի տրամադրման հարցը քննարկելիս առաջնահերթությունը տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի «Աղետի գոտու բնակավայրերում քաղաքացիներին բնակարանների արտահերթ հատկացման կարգը հաստատելու մասին» N 432 որոշմամբ հաստատված կարգի 18-րդ կետով սահմանված հերթականությամբ:

(6-րդ կետը փոփ. 02.12.99 թիվ 731 որոշում)

i

7. Հանձնաժողովը դիմումը բավարարելու դեպքում 5-օրյա ժամկետում դրա մասին ծանուցում է դիմողին` նշելով հատկացվող վարկի գումարի չափը, մարման ժամկետը, և առաջարկում դիմել գործակալ բանկին` վարկային պայմանագիր կնքելու համար:

(7-րդ կետը խմբ. 23.04.98 թիվ 258 որոշում)

i

8. Դիմումը բավարարելու մասին ծանուցումն ստանալուց հետո 15-օրյա ժամկետում դիմողը պարտավոր է հանձնաժողովին ներկայացնել սույն կարգով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը` գրավի պայմանագիր կնքելու համար կամ ներկայացնել վարկի ապահովման այլ միջոց:

(8-րդ կետն ուժը կորցրել է 23.04.98 թիվ 258 որոշում)

9. Վարկի ապահովման միջոց կարող են լինել`

ա/ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերից մեկի կողմից տրված բանկային երաշխիքը` վարկի տրամադրման ժամկետով, վարկի և տոկոսների գումարի չափով, վարկային պայմանագրով նախատեսված վճարումները ժամանակին չկատարելու դեպքում վարկատուի առաջին իսկ պահանջով բանկի թղթակցային հաշվից անվիճելի կարգով համապատասխան գումարը գանձելու վարկատուի իրավասությամբ.

բ/ առնվազն 30 մլն դրամ սեփական կապիտալ /հաշվեկշռային ակտիվներից հանած հաշվեկշռային պարտավորությունները/ ունեցող և վերջին երեք տարվա հաշվեկշռային ցուցանիշներով առանց վնասի աշխատող ձեռնարկության տված երաշխավորագիրը` վարկի տրամադրման ժամկետով, վարկի և տոկոսների գումարի չափով, վարկային պայմանագրով նախատեսված վճարումները ժամանակին չկատարելու դեպքում վարկատուի առաջին իսկ պահանջով ձեռնարկության բանկային հաշվից անվիճելի կարգով համապատասխան գումարը գանձելու վարկատուի իրավասությամբ.

i

գ) մի կողմից` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և մյուս կողմից` դիմողի կամ որպես գրավատու հանդես եկող երրորդ անձի միջև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված շարժական և (կամ) անշարժ գույքի (այդ թվում` դիմողի կողմից վերակառուցվելիք կամ կառուցվելիք բնակարանի) գրավի պայմանագիրը:

(9-րդ կետի գ ենթակետը խմբ. 16.02.98 թիվ 89 որոշում)

(9-րդ կետն ուժը կորցրել է 23.04.98 թիվ 258 որոշում)

10. Ձեռնարկության տված երաշխավորագրին կցվում են`

ա/ ձեռնարկության վերջին երեք տարվա տարեկան հաշվեկշիռները.

բ/ ձեռնարկության տվյալ հաշվետու տարվա եռամսյակային հաշվեկշիռները.

գ/ ձեռնարկության կանոնադրությունը:

(10-րդ կետն ուժը կորցրել է 23.04.98 թիվ 258 որոշում)

11. Դիմողը գրավի պայմանագիր կնքելու համար հանձնաժողովին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

ա/ գրավի առարկայի սեփականության վկայականը կամ իրավասու մարմնի կողմից տրված սեփականության իրավունքը հաստատող տեղեկանք` հաստատված նոտարական կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ դրան հավասարեցված կարգով.

բ/ անշարժ կամ պետական գրանցման ենթակա այլ գույքի գրավի դեպքում` գույքի և դրա հետ կապված գործարքների գրանցումն իրականացնող մարմնի կողմից տրված տեղեկանք տվյալ գույքի նկատմամբ գրավի, արգելանքի բացակայության վերաբերյալ.

գ/ գույքագրող կամ փորձագիտական իրավասու մարմնի կողմից տրված տեղեկանք տվյալ գույքի վերագնահատված արժեքի և մաշվածության աստիճանի վերաբերյալ.

դ/ անշարժ կամ պետական գրանցման ենթակա այլ գույքի գրավի դեպքում` դիմողի կամ որպես գրավատու հանդես եկող երրորդ անձի /ֆիզիկական անձանց համար/ ընտանիքի չափահաս անդամների նոտարական կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ դրան հավասարեցված կարգով վավերացված համաձայնությունը` տվյալ գույքը որպես Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից դիմողին տրամադրվող վարկի ապահովման միջոց գրավադրելու վերաբերյալ.

ե/ եթե որպես գրավատու հանդես եկող երրորդ անձն իրավաբանական անձ է, ապա ներկայացնում է իրավաբանական անձի կանոնադրության պատճենը, իրավաբանական անձի կառավարման մարմնի որոշումը` տվյալ գույքը որպես Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից դիմողին տրամադրվող վարկի ապահովման միջոց գրավադրելու վերաբերյալ:

(11-րդ կետն ուժը կորցրել է 23.04.98 թիվ 258 որոշում)

12. Գրավի պայմանագրում պետք է նշվեն Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված վավերապայմաններ (ռեկվիզիտ)` միաժամանակ ներառելով գույքի պահպանության մասին դրույթներ:

Գրավի առարկա չի կարող լինել այն գույքը, որի վրա Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ արգելվում է բռնագանձման տարածումը:

(12-րդ կետն ուժը կորցրել է 23.04.98 թիվ 258 որոշում)

13. Գրավի պայմանագրի կնքման համար սույն կարգով պահանջվող փաստաթղթերը կամ վարկի ապահովման այլ միջոցը դիմողի կողմից հանձնաժողովին ներկայացվելուց հետո 15-օրյա ժամկետում հանձնաժողովը դիմողին հայտնում է վարկի ապահովման միջոցն ընդունելու կամ չընդունելու մասին իր որոշումը: Վարկի ապահովման միջոցը չընդունվելու դեպքում դիմողը զրկվում է վարկի ստացման իրավունքից:

Վարկի ապահովման միջոցները քննարկելիս հանձնաժողովն առաջնությունը տալիս է վարկի ապահովման միջոցի իրացվելիությանը:

Հանձնաժողովի կողմից գրավի պայմանների ընդունման դեպքում գրավատուի ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության միջև կնքվում է գրավի պայմանագիր: Գրավատուն պարտավոր է իր հաշվին ապահովել գրավի պայմանագրի նոտարական վավերացումը և հանձնաժողովին ներկայացնել գրավի առարկայի վրա արգելանք դնելու մասին տեղեկանք:

Նոտարական կարգով վավերացված գրավի պայմանագիրը հանձնաժողովին ներկայացնելուց կամ վարկի ապահովման այլ միջոցը հանձնաժողովի կողմից ընդունվելուց հետո 5-օրյա ժամկետում դիմողը ներկայացնում է իր անվամբ վարկային հաշիվ բացելու մասին տեղեկանք և 3-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ կնքում է վարկային պայմանագիր:

(13-րդ կետն ուժը կորցրել է 23.04.98 թիվ 258 որոշում)

i

14. Գործակալ բանկի և վարկառուի հարաբերությունները կարգավորվում են վարկային գրավի (այդ թվում` կառուցվող կամ վերակառուցվող բնակարանի գրավի) պայմանագրով:

Վարկառուին իրավունք է վերապահվում ժամկետից շուտ մարելու վարկի ամբողջ գումարը կամ դրա մի մասը:

(14-րդ կետը փոփ. 23.04.98 թիվ 258 որոշում)

i

15. Վարկային պայմանագրում նախատեսվում են լրացուցիչ պայմաններ` կապված դրամի արժեզրկման հետ: Դրամի արժեզրկումը հաշվարկվում է վարկային պայմանագրի գործողության յուրաքանչյուր տարվա համար նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական ռեգիստրի և վերլուծության արձանագրած սղաճի ցուցանիշով, ընդ որում, վարկի տրամադրման տարվանից սկսած առաջին 5 տարվա համար ինդեքսավորում չի կատարվում: Յուրաքանչյուր տարվա ցուցանիշը բազմապատկվում է նախորդ տարվա սղաճի ցուցանիշով` հաշվարկված վարկի գումարով, արդյունքում ստացվում է վարկի ինդեքսավորված գումարը` տվյալ տարվա համար, որի համաձայն կատարվում են տվյալ տարվա բոլոր հաշվարկները:

(15-րդ կետը փոփ. 23.04.98 թիվ 258 որոշում)

16. Տրամադրվող վարկի գումարի չափը սահմանվում է ելնելով շինարարական աշխատանքների խոշորացված ծավալից և շենքերի շինարարության խոշորացված արժեքից` չգերազանցելով 5 մլն դրամ ընդհանուր գումարը:

i

17. Գործակալ բանկի կողմից վարկը տրամադրվում է մինչև 25 տարի ժամկետով` ըստ հանձնաժողովի որոշման` տարեկան 1 տոկոս տոկոսադրույքով /տարին հաշվարկելով 365 օր`/ հետևյալ չափերով`

ա/ անհատական նոր բնակարանի /առանձնատան/ շինարարության համար` 4-5 մլն դրամ.

բ/ բաժնային ընդհանուր սեփականություն հանդիսացող բազմաբնակարան նոր շենքերի կառուցման համար` յուրաքանչյուր մասնակցին` 3-5 մլն դրամ.

գ/ անհատական կիսակառույց բնակարանի /առանձնատան/ շինարարությունն ավարտելու համար` ելնելով պատրաստվածության աստիճանից` 1-4 մլն դրամ.

դ/ անավարտ բազմաբնակարան շենքերի շինարարության համար` յուրաքանչյուր բնակարանատիրոջը` 2-4 մլն դրամ.

ե/ անհատական վթարային տների /առանձնատների/ և բազմաբնակարան շենքերի վերականգնման ու ամրացման համար` 2,5 - 3,5 մլն դրամ.

զ/ Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի ապրիլի 23-ի «Հայաստանի Հանրապետության 1997 թվականի կապիտալ շինարարության պետական պատվերը հաստատելու մասին» թիվ 98 որոշման 6-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին կառուցվող շենքերից հատկացվող բնակարանի շինարարության արժեքի վերադարձման համար` 2,5 - 3,5 մլն դրամ:

(17-րդ կետը փոփ. 23.04.98 թիվ 258 որոշում)

i

18. Վարկի մարումն սկսվում է այն ստանալու օրվանից 3 տարի հետո: Վարկի ստացման օր է համարվում վարկի համապատասխան գումարը վարկառուի վարկային հաշվին հաշվեգրելու օրը: Տոկոսների վճարումն սկսվում է վարկի ստացման օրվանից մեկ տարի հետո: Տոկոսները հաշվարկվում են վարկառուի վարկային հաշվին փաստացի հաշվեգրված գումարների նկատմամբ` հաշվի առնելով սույն կարգի 15-րդ կետով նախատեսված արժեզրկումը:

Վարկի գումարի և հաշվարկված տոկոսագումարի մարումը կատարվում է կիսամյակային կտրվածքով, ոչ ուշ, քան հաջորդ ամսվա 3-րդ բանկային օրը:

(18-րդ կետը փոփ. 23.04.98 թիվ 258 որոշում)

19. Որպես գործակալ բանկեր հանդես են գալիս Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից մրցույթով ընտրված այն բանկերը, որոնք համաձայն են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրենց հատկացվող վարկային միջոցների հաշվին Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության անունից վարկավորել հանձնաժողովի կողմից որոշված վարկառուներին: Գործակալ բանկը պատասխանատվություն է կրում հատկացված վարկերի վերադարձման ուղղությամբ ժամանակին միջոցներ ձեռնարկելու համար` առանց ստանձնելու վարկերի վերադարձման ռիսկը, և պարտավոր է վարկի ապահովման համար վարկառուի հետ կնքել գրավի (այդ թվում կառուցվող կամ վերակառուցվող բնակարանի գրավի) պայմանագիր: Գործակալ բանկի ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության միջև հարաբերությունները կարգավորվում են համապատասխան պայմանագրով, որով որոշվում է նաև գործակալության վճարի չափը:

(19-րդ կետը խմբ. 23.04.98 թիվ 258 որոշում)

i

20. Մարզպետը վարկառուների ցուցակը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն, որը վարկառուների ցուցակն ստանալուց հետո 10 բանկային օրվա ընթացքում վարկի գումարի 20 տոկոսը փոխանցում է գործակալ բանկի թղթակցային հաշվին: Յուրաքանչյուր առանձին վարկի գումարի մնացած մասը գործակալ բանկ է փոխանցվում տվյալ վարկի առաջին մասի օգտագործման վերաբերյալ վարկառուի հաշվետվությունը մարզպետի և գործակալ բանկի կողմից հատուցվելու մասին համապատասխան ծանուցումն ստանալուց հետո 10 բանկային օրվա ընթացքում:

Գործակալ բանակը վարկի գումարը տրամադրում է վարկային պայմանագրով նախատեսված ժամանակացույցին համապատասխան:

Գործակալ բանկը վարկի գումարի առաջին 20 տոկոսը վարկառուին է հատկացնում ամբողջությամբ, իսկ մնացած մասը` վարկառուի և մատակարարի կամ կապալառուի միջև կնքված պայմանագրի համաձայն գնված շինությունների հանձնման-ընդունման ակտերի կամ շինարարական աշխատանքների որոշակի փուլերի կատարողական ակտերի հիման վրա:

(20-րդ կետը լրաց. 16.02.98 թիվ 89, խմբ. 23.04.98 թիվ 258, 02.12.99 թիվ 731 որոշումներ)

21. Վարկի նպատակային օգտագործման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը:

22. Սույն կարգում նախատեսված պայմանները տարածվում են միայն սույն կարգի համաձայն կնքվող վարկային պայմանագրերի և դրանք կնքող կողմերի վրա ու չեն կարող պարտադիր ուժ ունենալ սույն կարգի հետ չառնչվող այլ անձանց համար կամ, վերջիններիս կողմից մեկնաբանվել կամ վկայակոչվել որպես քաղաքացիական-իրավական նորմեր սահմանող իրավական ակտ:

i

23. 1999 թվականի բնակարանային շինարարության համար հատկացվող վարկային ծրագրից չեն կարող օգտվել այն քաղաքացիները, որոնք 1988 թվականի երկրաշարժից հետո բնակարանային շինարարության նպատակով արդեն թեկուզ մեկ անգամ վարկ են ստացել:

(23-րդ կետը լրաց. 02.12.99 թիվ 731 որոշումներ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
09.08.1997
N 331
Որոշում