Սեղմել Esc փակելու համար:
ԹԻԿՆԱՊԱՀԻ ԵՎ ՊԱՀՆՈՐԴԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԹԻԿՆԱՊԱՀԻ ԵՎ ՊԱՀՆՈՐԴԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՐԳԸ Ս ...

 

28.06.2024 -

 

040.1671.110113

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 դեկտեմբերի 2012 թվականի N 1671-Ն

 

ԹԻԿՆԱՊԱՀԻ ԵՎ ՊԱՀՆՈՐԴԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Մասնավոր պահնորդական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի փետրվարի 9-ի ՀՕ-6-Ն օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել թիկնապահի և պահնորդի որակավորման ստուգման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 11-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2012 թվականի դեկտեմբերի 27-ի

N 1671-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԹԻԿՆԱՊԱՀԻ ԵՎ ՊԱՀՆՈՐԴԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ

 

1. Թիկնապահի և պահնորդի որակավորման ստուգման (այսուհետ` որակավորման ստուգում) կարգով կարգավորվում են թեկնածուի` թիկնապահի և պահնորդի գործառույթ իրականացնելու համար անհրաժեշտ գիտելիքների և հմտությունների ստուգման հետ կապված հարաբերությունները:

2. Որակավորումն ստուգում է թիկնապահի և պահնորդի որակավորման ստուգման հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով):

3. Հանձնաժողովի կազմավորման կարգը և կանոնադրությունը հաստատվում են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի հրամանով:

(3-րդ կետը փոփ. 27.06.2024 թիվ 968-Ն որոշում)

4. Որակավորման ստուգմանը մասնակցելու համար թեկնածուն ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը`

1) դիմում, որտեղ պետք է նշվեն`

ա. դիմորդի անունը, ազգանունը և հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում հայրանվան առկայության դեպքում),

բ. դիմորդի բնակության վայրը, հեռախոսահամարը, ֆաքսի համարը կամ էլեկտրոնային փոստի հասցեն (դրանց առկայության դեպքում),

գ. սույն կարգի 5-րդ կետով նախատեսված` հանձնաժողովի կողմից կատարվող հարցումներին անձի համաձայնությունը.

2) անձնագիրը և դրա պատճենը.

3) համապատասխան մասնագիտական կրթության վերաբերյալ ավարտական փաստաթուղթ` դիպլոմ կամ մասնագիտական պատրաստվածության, վերապատրաստման և որակավորման բարձրացման դասընթացներ ավարտած լինելու վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ (վկայական, հավաստագիր և այլն).

4) պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելու կամ պարտադիր զինվորական ծառայությունից օրենքով սահմանված կարգով ազատված լինելու կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից օրենքով սահմանված կարգով տարկետում ստանալու վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր.

5) 2 գունավոր լուսանկար` 3 x 4 չափսի:

5. Թեկնածուի կողմից դիտավորյալ հանցագործություն կատարված լինելու կամ դիտավորյալ հանցագործության համար դատվածության` օրենքով սահմանված կարգով մարված կամ վերացված լինելու, ինչպես նաև` համապատասխան բուժհիմնարկներում հոգեկան հիվանդության, հարբեցողության կամ թմրամոլության պատճառով հաշվառված չլինելու հանգամանքները պարզում է հանձնաժողովը` համապատասխան հարցումներ կատարելու միջոցով:

(5-րդ կետը փոփ. 27.06.2024 թիվ 968-Ն որոշում)

6. Որակավորման ստուգմանը մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ժամկետների վերաբերյալ որակավորման ստուգումից առնվազն մեկ ամիս առաջ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության https://www.mia.gov.am ինտերնետային կայքում, «02» շաբաթաթերթում և http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տրվում է իրազեկում:

(6-րդ կետը փոփ. 27.06.2024 թիվ 968-Ն որոշում)

7. Թեկնածուն որակավորման ստուգման անցկացման օրվա, ժամի և տեղի վերաբերյալ պատշաճ կերպով ծանուցվում է որակավորման ստուգումից առնվազն յոթ օր առաջ: Ծանուցումը տրվում է գրավոր` ըստ թեկնածուի նշած հասցեի, իսկ նրա ցանկությամբ` նաև հեռախոսով, էլեկտրոնային փոստով:

8. Որակավորման ստուգումն անցկացվում է հայերենով:

9. Որակավորման ստուգմանը կարող են ներկա գտնվել մասնավոր պահնորդական գործունեություն և համապատասխան մասնագիտական ուսուցում իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները:

10. Որակավորումն ստուգվում է թիկնապահի կամ պահնորդի մասնագիտական ուսուցման համար անհրաժեշտ պետական կրթական չափորոշիչներով սահմանված առարկաների և կրթական մոդուլների շրջանակներում:

11. Հանձնաժողովը կազմում է որակավորման ստուգման թեստավորման հարցաշարեր և թեստավորման առաջադրանքները` ըստ թիկնապահի և պահնորդի մասնագիտությունների: Թեստային հարցաշարերը և թեստային առաջադրանքները հաստատվում են հանձնաժողովի որոշմամբ:

(11-րդ կետը փոփ. 22.11.2018 թիվ 1315-Ն որոշում)

12. Ըստ թիկնապահի և պահնորդի մասնագիտությունների` յուրաքանչյուր թեստավորման հարցաշար ներառում է առավելագույնը հարյուր հարց, որոնք ստուգման օրվանից ոչ ուշ, քան վեց ամիս առաջ պարտադիր հրապարակվում են http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:

(12-րդ կետը փոփ. 22.11.2018 թիվ 1315-Ն որոշում)

13. Որակավորումն ստուգվում է թեստավորման առաջադրանքների միջոցով` էլեկտրոնային եղանակով:

(13-րդ կետը փոփ. 22.11.2018 թիվ 1315-Ն որոշում)

14. Յուրաքանչյուր թեստավորման առաջադրանք կազմված է վեց հարցից: Յուրաքանչյուր հարց ունի երեք հնարավոր պատասխան, որոնցից մեկը ճիշտ է:

(14-րդ կետը փոփ. 22.11.2018 թիվ 1315-Ն որոշում)

15. Թեստավորման առաջադրանքները լուծելու համար թեկնածուին տրամադրվում է 30 րոպե ժամանակ:

(15-րդ կետը փոփ. 22.11.2018 թիվ 1315-Ն որոշում)

16. Թեկնածուի տեսական գիտելիքները և գործնական հմտությունները հանձնաժողովի անդամների կողմից գնահատվում են առանձին դրական կամ բացասական գնահատականներով, որոնց միջին թվաբանական հաշվարկով դրվում է վերջնական դրական կամ բացասական գնահատական:

(16-րդ կետը փոփ. 22.11.2018 թիվ 1315-Ն որոշում)

16.1. Որակավորման ստուգման ընթացքը տեսաձայնագրվում է: Տեսաձայնագրումն ապահովում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը: Տեսաձայնագրում չիրականացվելու դեպքում որակավորման ստուգման արդյունքներն առոչինչ են:

(16.1-ին կետը լրաց. 22.11.2018 թիվ 1315-Ն, 27.06.2024 թիվ 968-Ն որոշումներ)

16.2. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը պարտավոր է որակավորման ստուգման տեսաձայնագրությունը պահպանել 2 ամիս:

(16.2-րդ կետը լրաց. 22.11.2018 թիվ 1315-Ն, 27.06.2024 թիվ 968-Ն որոշումներ)

16.3. Որակավորման ստուգման մասնակիցներին տեսաձայնագրությունը տրամադրվում է նրանց դիմումի հիման վրա` դիմողի ներկայացրած էլեկտրոնային կրիչի միջոցով:

(16.3-րդ կետը լրաց. 22.11.2018 թիվ 1315-Ն որոշում)

17. Հանձնաժողովը թեկնածուների գնահատականները հրապարակում է որակավորման ստուգման օրվա արդյունքները նույն օրն ամփոփելուց հետո մեկ ժամվա ընթացքում:

18. Թեկնածուն որակավորման ստուգման արդյունքները կարող է գրավոր բողոքարկել հանձնաժողովին` ոչ ուշ, քան արդյունքները հայտարարվելուց հետո մեկ ժամվա ընթացքում: Բողոքարկման վերաբերյալ պատասխանը տրվում է նույն օրը:

19. Որակավորման ստուգման արդյունքները կարող են բողոքարկվել դատական կարգով:

20. Որակավորման ստուգումից բացասական գնահատական ստացած թեկնածուն կարող է հաջորդ որակավորման ստուգմանը մասնակցել վերջին անգամ որակավորման ստուգմանը մասնակցելու օրվանից ոչ շուտ, քան երկու ամիս հետո:

21. Հանձնաժողովը որակավորման ստուգման դրական գնահատականների հիման վրա ընդունում է որոշում թեկնածուներին որակավորման ստուգման վկայականներ տալու մասին: Վկայականը տրվում է 10 աշխատանքային օրվա ընթացքում:

22. Որակավորման ստուգման վկայականի ձևը` ըստ թիկնապահի և պահնորդի որակավորումների, սահմանվում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի հրամանով:

(22-րդ կետը փոփ. 27.06.2024 թիվ 968-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.12.2012
N 1671-Ն
Որոշում