«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«28» ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1995 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
28 դեկտեմբերի 1995 թ. թիվ 120
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 1993 թվականի մարտի 9-ի «Հայաստանի Հանրապետության գիտությունների ակադեմիայի մասին» հրամանագիրը և Հայաստանի Հանրապետության գիտական ներուժի արդյունավետ օգտագործման ու ամրապնդման, գիտության կառավարման բարելավման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր գիտության և առաջատար տեխնոլոգիաների խորհուրդ:
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային` երկշաբաթյա ժամկետում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել նշված խորհրդի կանոնադրությունը և կազմը:
(1-ին կետն ուժը կորցրել է 30.12.98 թիվ 863 որոշում)
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտն ունի Հայաստանի Հանրապետության նախարարի կարգավիճակ:
3. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան ինքնակառավարվող պետական գիտական հաստատություն է, որն իր գործունեությունը կոորդինացնում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության, ինչպես նաև մյուս շահագրգիռ նախարարությունների ու գերատեսչությունների հետ:
4. Սահմանել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոսների ամենամսյա պատվավճար` 50 հազ. դրամի չափով:
i
(4-րդ կետը խմբ. 16.02.98 թիվ 88 որոշում)
5. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի հրատարակչական գործունեության համար կենտրոնացված կարգով ֆինանսական միջոցներ հատկացնելու մասին առաջարկություն:
6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հուլիսի 16-ի «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամների և թղթակից անդամների համար պատվավճար սահմանելու մասին» թիվ 374 որոշումը և Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի նոյեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության գիտական փորձաքննության համակարգի մասին» թիվ 546 որոշման 1-ին և 2-րդ կետերը:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հունվարի 1-ից: