Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՏԱՏԵՂԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԶՆՆՄԱՆ ԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՏԱՏԵՂԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԶՆՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈ ...

 

01.03.2024 -

 

040.1072.190915

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 սեպտեմբերի 2015 թվականի N 1072-Ն

 

ՀԱՏԱՏԵՂԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «է5» կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել հատատեղերի հատկացման կարգը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 29.02.2024 թիվ 294-Ն որոշում)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

(վերնագիրն ու նախաբանը փոփ. 29.02.2024 թիվ 294-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2015 թվականի սեպտեմբերի 17-ի

N 1072-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՏԱՏԵՂԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության պետական անտառներում հատատեղերի հատկացման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Բնության հատուկ պահպանվող տարածքների ռեկրեացիոն և տնտեսական գոտիների անտառներում հատատեղերի հատկացումը կատարվում է սույն կարգի համաձայն, խնամքի և սանիտարական հատումներ իրականացնելու նպատակով` ըստ օրենքով սահմանված կարգով հաստատված պահպանության ռեժիմի:

3. Հատատեղն անտառամաս է, որտեղ նախատեսված է կատարել բնափայտի մթերման աշխատանքներ:

4. Հատման նշանակված կանգուն ծառի ծավալի հաշվարկման աղյուսակները հաստատում է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարը (այսուհետ` նախարար):

 

2. ՀԱՏԱՏԵՂԵՐԻ ՀԱՏԿԱՑՈՒՄԸ

 

5. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության (այսուհետ` նախարարություն) «Հայանտառ», ինչպես նաև բնության հատուկ պահպանվող տարածքներում կառավարումն իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպությունների (այսուհետ` կազմակերպություններ) «Անտառտնտեսություն» և տեղամաս մասնաճյուղերի (այսուհետ` մասնաճյուղեր) աշխատողները հատատեղերի հատկացումից առաջ կատարում են հատատեղի համար հատկացվող անտառամասերի բնական պայմաններում ուսումնասիրում և հաշվեգնահատում:

6. Հատատեղերի հատկացման աշխատանքները կատարվում են հուլիսի 15-ից սեպտեմբերի 15-Ն ընկած ժամանակահատվածում` հատումներին նախորդող տարվա ընթացքում:

7. Հատատեղերի հաստատելուց առաջ կատարված հատկացման աշխատանքներն ավարտելուց հետո կազմված նյութերը (լրացված հատատեղի հաշվեգնահատման ցուցակը և հատատեղի անձնագիրը, քարտեզ-սխեման, անտառկառավարման պլանով չնախատեսված դեպքում` անտառպաթոլոգիական հետազոտությունը) մասնաճյուղերը տրամադրում են կազմակերպություններին, որոնք, ամփոփելով դրանք, ըստ մասնաճյուղերի` հաջորդ տարվա բնափայտի մթերման տարեկան հաշվարկային հատատեղերը (տարեկան չափաքանակ) հաստատելու համար ներկայացնում են նախարարություն:

8. Նախարարությունը սույն կարգի 7-րդ կետով նախատեսված ամփոփ նյութերը ստանալուց հետո 30 աշխատանքային օրվա ընթացքում մասնաճյուղերի անտառներում կարող է (անտառկառավարման պլանի բացակայության կամ ժամկետանց լինելու դեպքում` պարտադիր) իրականացնել հատատեղերի հատկացման աշխատանքների կատարման վերաբերյալ ընտրանքային կարգով ուսումնասիրություններ:

9. Ուսումնասիրություններ իրականացնելու նպատակով նախարարի հրամանով ստեղծվում է մասնագիտական հանձնախումբ (այսուհետ` հանձնախումբ), որտեղ ըստ անհրաժեշտության կարող են ընդգրկվել նաև գիտական, բույսերի վնասակար օրգանիզմների հայտնաբերման ուղղությամբ լաբորատոր փորձաքննական ուսումնասիրություններ իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչներ և անհատ մասնագետներ:

10. Յուրաքանչյուր հատատեղի ուսումնասիրությունը պետք է ներառի հատման համար ընտրված ծառերի առնվազն 30%-ը:

11. Հատատեղի հաշվեգնահատման ցուցակը համարվում է սխալ լրացված, եթե ուսումնասիրված բնափայտի ծավալի հաշվարկի շեղումը գերազանցում է ուսումնասիրված ընդհանուր ծավալի 10%-ը: Նման դեպքում հատատեղը ենթակա է վերահաշվեգնահատման` վառելափայտի և շինափայտի ընդհանուր ծավալներին ավելացնելով կամ պակասեցնելով թույլատրելի տոկոսային շեղումը գերազանցող ծավալները:

12. Հատման նշանակված ծառը համարվում է սխալ ընտրված, եթե այն չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 897-Ն, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 7-ի N 1412-Ն որոշումների դրույթներին: Նման դեպքում կազմվում է արձանագրություն, որի համաձայն հատման նշանակված ծառը հանվում է հաշվեգնահատման ցուցակից, ջնջվում է համարակալումը (կատարվում է տաշելու միջոցով), իսկ պիտակը` համաձայն արձանագրության խոտանվում է:

13. Պիտակը համարվում է խոտանված թվագրման վրա կարմիր գույնի ներկով նշագծում կատարելով:

14. Սույն կարգի 11-րդ կետով սահմանված դեպքում սխալ ընտրված ծառի համարը և պիտակը (եթե մեկանգամյա օգտագործման չէ) կարող են օգտագործվել տեղում հայտնաբերված հատման համար պիտանի ծառի հաշվեգնահատման համար` համաձայն արձանագրությամբ նշված առաջարկի:

15. Ուսումնասիրված հատման նշանակված ծառերի քանակի 10%-ից մինչև 50% սխալ ընտրության դեպքում` տվյալ հատատեղը չի հաստատվում, այն ենթակա է շտկման:

16. Շտկման ենթակա հատատեղերում հատման նշանակված ծառերի համարները ջնջվում են, պիտակները, որոնք ենթակա չեն օգտագործման, խոտանվում են` համաձայն սույն կարգի 12-րդ և 13-րդ կետերով սահմանված դրույթների:

17. Հատատեղի շտկման ժամանակ կատարվում է հատման ենթակա ծառերի վերակնքում և պիտակավորում, սույն կարգի 7-րդ կետի համաձայն կազմվում են նոր նյութեր:

18. Սույն կարգի 16-րդ և 17-րդ կետերում նշված աշխատանքներն իրականացվում են 15 աշխատանքային օրվա ընթացքում, ավարտելուց հետո այդ մասին անմիջապես տեղեկացվում է նախարարությանը:

19. Ուսումնասիրված հատման նշանակված ծառերի քանակի 50%-ից ավել սխալ ընտրության դեպքում` տվյալ հատատեղը չի հաստատվում, իսկ հատման նշանակված ծառերի համարները ջնջվում են, պիտակները` խոտանվում` համաձայն սույն կարգի 12-րդ և 13-րդ կետերով սահմանված դրույթների: Նշված աշխատանքներն իրականացվում են 15 աշխատանքային օրվա ընթացքում, ավարտելուց հետո այդ մասին անմիջապես տեղեկացվում է նախարարությանը:

20. Հանձնախմբի կողմից հատատեղերի ուսումնասիրությունների արդյունքում կազմվում է արձանագրություն, որի մեկական օրինակը ներկայացվում է տվյալ կազմակերպություն (ըստ անհրաժեշտության` նաև մասնաճյուղին) և նախարարություն: Նախարարությունն արձանագրությունը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում կայացնում է որոշում ուսումնասիրված հատատեղում արձանագրված թերությունները և սխալները շտկելու կամ ըստ մասնաճյուղերի` հաջորդ տարվա բնափայտի մթերման տարեկան չափաքանակը հաստատելու կամ մերժելու վերաբերյալ:

21. Նախարարի հրամանով բնափայտի մթերման տարեկան չափաքանակներն ըստ մասնաճյուղերի հաստատվելուց հետո նախարարությունը մեկ աշխատանքային օրվա ընթացքում հրամանի պատճենը տրամադրում է էկոպարեկային ծառայությանը (այսուհետ` ծառայություն)` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իրավասության սահմաններում, մասնաճյուղերի անտառներում հատատեղերի շահագործման ընթացքում հատման չնշանակված ծառերի հատումը կանխելու, կանխարգելելու, ապօրինի հատված ծառերը հայտնաբերելու նպատակով:

22. Ըստ անհրաժեշտության` ընթացիկ տարում կարող է հատկացվել լրացուցիչ հատատեղ (հատատեղեր)` սույն կարգի դրույթներին համապատասխան:

 

3. ՀԱՏՄԱՆ ՆՇԱՆԱԿՎԱԾ ԾԱՌԵՐԻ ԲՆԱՓԱՅՏԻ ԾԱՎԱԼԻ ՀԱՇՎԱՐԿԸ

 

23. Հատման նշանակված ծառերի բնափայտի հաշվարկը, կախված հատման եղանակից, կատարվում է`

1) ըստ տարածքի (հա) փորձահրապարակների միջոցով.

2) հատման նշանակված ծառերի բնափայտի ծավալով` համաձայն նախարարի կողմից հաստատված հատման նշանակված կանգուն ծառերի ծավալի հաշվարկման աղյուսակների:

24. Հաշվարկը` ըստ տարածքի (հա) փորձահրապարակների միջոցով, կատարվում է`

1) համատարած սանիտարական հատումների.

2) համատարած այլ հատումների.

3) խնամքի` լուսավորման և մաքրման հատումների.

4) խնամքի` նոսրացման և անցումային հատումների ժամանակ, եթե հատման նշանակված ծառերի միջին տրամագիծը պակաս է 8 սմ-ից:

25. Հաշվարկը` հատման նշանակված ծառերի բնափայտի ծավալով, կատարվում է`

1) անտառավերականգնման հատումների.

2) խնամքի` նոսրացման և անցումային հատումների ժամանակ, բացառությամբ հատման նշանակված ծառերի միջին տրամագծի 8 սմ պակասի դեպքում.

3) սանիտարական` ընտրովի հատումների.

4) այլ հատումների (առանձին ծառերի) ժամանակ:

26. Հաշվառման բոլոր տեսակների դեպքում բնափայտի ծավալը որոշվում է խտացված (խիտ) խորանարդ մետրերով:

27. Հատման նշանակված ծառերի տրամագիծը հարթ տեղանքում չափվում է հողի մակերեսից 1,3 մետր բարձրության վրա, իսկ լանջի դեպքում 1,3 մետր բարձրությունը չափվում է հորիզոնականով, ծառի կողքից: Չափումները կատարվում են չափիչ երկմատով (ծառի տրամագիծը չափող գործիք) կամ ծառի բնի տրամագծի չափման ժապավենով: Ճշգրիտ տրամագիծն ստանալու նպատակով չափումը կատարվում է 2 տարբեր կողմերից, և դուրս է բերվում միջինը: Չափիչ երկմատից որպես տրամագծային ցուցանիշ վերցվում է այն թվանշանը, որը երևում է շարժական մատի ներսի կողմից:

28. Հաշվառման (հատման) ենթակա ծառերը, որոնք ունեն 8 սմ և ավելի հաստությամբ տրամագիծ, համարակալվում, դրոշմվում և պիտակավորվում են ըստ հերթականության` ծառի արմատավզիկի վրա կեղևը նախապես տաշելով: Համարակալումը կատարվում է յուղաներկով և ընթեռնելի` բացառելով սպիտակ, սև և դեղին գույները:

29. Հատման ենթակա, մինչև 8 սմ տրամագիծ ունեցող ծառերի տրամագծերը չեն չափվում և չեն հաշվառվում հաշվեգնահատման ցուցակում, սակայն բնի կենտրոնական մասում կատարվում է թեթև տաշվածք կամ ներկվում է, որպեսզի հատատեղի շահագործման ժամանակ լինեն նշմարելի:

30. Անտառահատման տոմսով սահմանված ժամկետներում հատատեղերի շահագործման ավարտից հետո կամ հատմանը զուգահեռ կատարվում են հատատեղերի մաքրման աշխատանքներ` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 7-ի N 1412-Ն որոշման V բաժնի:

 

4. ՀԱՏԱՏԵՂԻ ՏԵՂԱԶՆՆՈՒՄԸ

 

31. Հատատեղի շահագործումից (հատում, քարշակում և բնափայտի դուրսբերում) հետո մասնաճյուղերի կողմից (անտառօգտագործողի կամ ներկայացուցչի մասնակցությամբ) մինչև 20 աշխատանքային օրվա ընթացքում (թերհատ մնացած հատատեղերում` հաջորդ տարվա հունվարի 3-ից) կատարվում է հատատեղի տեղազննում` համաձայն կազմակերպության ղեկավարի հրամանի:

32. Հատատեղի տեղազննման աշխատանքներին ծառայության ծառայողի մասնակցության նպատակով` կազմակերպությունն աշխատանքները սկսելուց 3 աշխատանքային օր առաջ այդ մասին տեղեկացնում է ծառայությանը:

33. Հատատեղի տեղազննման արդյունքում կազմվում է հատատեղի տեղազննման ակտ (համաձայն նախարարի 2023 թվականի օգոստոսի 4-ի «Անտառահատման տոմսի և անտառային տոմսի օրինակելի ձևերը և դրանց տրամադրման կարգը հաստատելու մասին» N 267-Ն հրամանի N 1 հավելվածով հաստատված N 3 ձևի), որի օրինակներից մեկը մնում է տվյալ մասնաճյուղում, մեկը տրամադրվում է կազմակերպությանը, մեկը` անտառօգտագործողին կամ ներկայացուցչին:

34. Հատատեղի տեղազննման ժամանակ ապօրինի հատված ծառերի հատման դեպքեր հայտնաբերելու դեպքում` հատատեղի տեղազննման ակտի օրինակը մեկ օրվա ընթացքում կազմակերպությունը ներկայացնում է ծառայություն` «Էկոպարեկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի դրույթներն ապահովելու նպատակով, ու Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին:

35. Հատատեղի տեղազննման արդյունքում գրանցված թերությունների հնարավոր շտկման ուղղությամբ մասնաճյուղը 30 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է համապատասխան միջոցառումներ, մասնավորապես, եթե տապալվել, մինչև աճի դադարեցման աստիճանը ջարդվել կամ վնասվել են հատման չնշանակված ծառեր, ապա կազմվում է լրացուցիչ հաշվեգնահատման ցուցակ` համաձայն նախարարի 2023 թվականի օգոստոսի 4-ի N 267-Ն հրամանի N 1 հավելվածով հաստատված N 1 ձևի, իսկ հատատեղի անբավարար կամ թերություններով մաքրված լինելու դեպքում իրականացվում են լրացուցիչ մաքրման աշխատանքներ` համաձայն նախարարի 2023 թվականի օգոստոսի 4-ի N 267-Ն հրամանի N 1 հավելվածի 16-րդ կետի 11-րդ ենթակետի դրույթների: Ամփոփված արդյունքների մասին մասնաճյուղը 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկատվություն է ներկայացնում կազմակերպություն:

36. Հատատեղերում թերհատումների շահագործումն իրականացվում է համաձայն կազմակերպության ղեկավարի հրամանի` անտառահատման տոմսի ժամկետի երկարաձգման միջոցով, նախապես համաձայնեցնելով նախարարության հետ:

 

(հավելվածը փոփ. 29.02.2024 թիվ 294-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.09.2015
N 1072-Ն
Որոշում