01.02.2024 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2021 թվականի մարտի 3-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 244.2-րդ հոդվածում «16918» թվերը փոխարինել «169.18» թվերով, իսկ «վարչությունների պետերը և հարկային մարմնի հարկային (տարածքային) տեսչության պետերը» բառերը` «կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները» բառերով:
i
Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 246.1-ին հոդվածով.
«Հոդված 246.1. |
Հարկային մարմնի քննությանը ենթակա գործերով վարչական վարույթի առանձնահատկությունները |
1. Սույն օրենսգրքով սահմանված հարկային մարմնի քննությանը ենթակա հոդվածներով հարկ վճարողների պաշտոնատար անձանց կատարած իրավախախտումների գործերով վարույթները հարուցվում և վարվում են հարկային մարմնի էլեկտրոնային համակարգի միջոցով: ↩
2. Սույն հոդվածի շրջանակներում վարչական իրավախախտման սուբյեկտը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված հարկ վճարողի պաշտոնատար անձն է:
3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտումների գործերով իրավախախտման հատկանիշներն արարքի հատկանիշների հետ համապատասխանելու դեպքում իրավախախտման սուբյեկտն էլեկտրոնային եղանակով ծանուցվում է հարկային մարմնի կողմից:
4. Ծանուցմամբ իրավախախտման սուբյեկտին իրազեկվում են վարչական իրավախախտման կատարման ժամանակը և էությունը, այն նորմատիվ ակտը, որը պատասխանատվություն է նախատեսում տվյալ իրավախախտման համար, գործի քննության իրականացման վայրը և ժամը, խախտողի կողմից բացատրություններ, առարկություններ, գործի լուծման համար անհրաժեշտ այլ տեղեկություններ ներկայացնելու ժամկետները և կարգը:
5. Իրավախախտման վարույթի վերաբերյալ իրավախախտման սուբյեկտը ծանուցումն ուժի մեջ մտնելուց հետո` 10-օրյա ժամկետում, իրավունք ունի ներկայացնելու բացատրություններ, առարկություններ, գործի լուծման համար անհրաժեշտ այլ տեղեկություններ:
6. Գործի քննությանն իրավախախտման սուբյեկտը կարող է մասնակցել ինքնուրույն, իր ներկայացուցչի միջոցով կամ նրանց հետ:
7. Վարչական իրավախախտման գործը կարող է քննվել իրավախախտման սուբյեկտի բացակայությամբ` ծանուցագրում նշված օրը գործի քննությանը չներկայանալու դեպքում, եթե նրանից միջնորդություն չի ստացվել գործի քննությունը հետաձգելու մասին:
8. Սույն հոդվածով սահմանված վարույթի դեպքում վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չի կազմվում:
9. Վարույթ իրականացնող պաշտոնատար անձը գործի քննության արդյունքներով ընդունում է սույն օրենսգրքով սահմանված վարչական ակտ:
10. Սույն հոդվածով նախատեսված վարույթի շրջանակներում վարչական ակտն ընդունվում է էլեկտրոնային եղանակով, իսկ այդ ընդունված փաստաթղթերի բնօրինակի համապատասխանությունն արտաքին ձևին` էլեկտրոնային փաստաթղթի վրա վավերացվում է դրանք ընդունող համապատասխան պաշտոնատար անձի էլեկտրոնային ստորագրությամբ:
11. Վարույթի շրջանակներում ընդունված փաստաթղթերը, ծանուցագրերը և վարչական ակտերն իրավախախտման սուբյեկտին ծանուցվում են էլեկտրոնային եղանակով:
12. Էլեկտրոնային եղանակով ծանուցումն իրականացվում է վարույթի շրջանակներում ընդունված փաստաթղթերը, ծանուցագրերը և վարչական ակտերը հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի` հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու եղանակով, իսկ դրա անհնարինության կամ տեղադրելու օրվանից հետո` հինգ աշխատանքային օրվա ընթացքում, հարկ վճարողի կողմից սույն մասով նախատեսված անձնական էջ մուտք չգործելու դեպքերում` Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու միջոցով, որի մասին հարկ վճարողը ծանուցվում է հարկային մարմնում առկա իր էլեկտրոնային փոստով:
13. Փաստաթղթերին, ծանուցագրերին և վարչական ակտերին հարկ վճարողը համարվում է պատշաճ ծանուցված հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջ մուտք գործելու պահին, որը հավաստվում է էլեկտրոնային համակարգի կողմից ինքնաշխատ եղանակով հարկ վճարողին ուղարկվող հաղորդագրությամբ:
14. Փաստաթղթերը, ծանուցագրերը և վարչական ակտերը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու դեպքում հարկ վճարողը համարվում է պատշաճ ծանուցված այդ փաստաթղթերը կայքում տեղադրելուց հետո` հինգերորդ օրը:
15. Փաստաթղթերը, ծանուցագրերը և վարչական ակտերն ուժի մեջ են մտնում հարկ վճարողի կողմից նշված փաստաթղթերին պատշաճ ծանուցվելու հաջորդ օրը:
16. Եթե սույն հոդվածի կիրառման ընթացքում ծագող հարաբերություններն ուղղակիորեն չեն կարգավորվում սույն հոդվածի դրույթներով, ապա այդպիսի հարաբերությունների նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթները:»:
(2-րդ հոդվածը փոփ. 16.01.24 ՀՕ-20-Ն օրենք)
i
Հոդված 3. Օրենսգրքի 254-րդ հոդվածի երկրորդ պարբերությունում «և 257 հոդվածով» բառերը փոխարինել «, 246.1 և 257 հոդվածներով» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի փետրվարի 1-ից, և մինչև էլեկտրոնային համակարգի ներդրումը, ինչպես նաև էլեկտրոնային համակարգի տեխնիկական շահագործման անհնարինության դեպքում սույն օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված վարույթներն իրականացվում են թղթային եղանակով: ↩
(4-րդ հոդվածը փոփ. 16.01.24 ՀՕ-20-Ն օրենք)
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ա. Սարգսյան |
2021 թ. մարտի 18 Երևան ՀՕ-87-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 18 մարտի 2021 թվական: