ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
(2-րդ մաս)
Քաղ. Երևան |
2 հունիսի 2023 թ. |
«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 35-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՐԿՐՈՐԴ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ` ԱՅՆՔԱՆՈՎ, ՈՐՔԱՆՈՎ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՂՄԻՑ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ 175-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-4-ՐԴ ԿԵՏԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՄԲ ԿԱՅԱՑՎԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ` ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ԲՈՂՈՔԱՐԿԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ, ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾՈՎ
Սահմանադրական վերոնշյալ կարգավորումներից հետևում է, որ սահմանադիրը նախատեսել է դատավորների, դատարանների նախագահների և Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների նշանակման/ընտրության գործընթացին սահմանադրական երեք մարմինների` Խորհրդի, Ազգային ժողովի և Հանրապետության նախագահի ներգրավվածությունը/մասնակցությունը: Այդ առնչությամբ Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի դերակատարության հարցին:
i
Սահմանադրության 123-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հանրապետության նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը: Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հանրապետության նախագահը Սահմանադրության 166-րդ հոդվածի 3, 4, 6 և 7-րդ մասերով սահմանված դեպքերում կարող է համապատասխան ակտը եռօրյա ժամկետում իր առարկություններով վերադարձնել առաջարկություն ներկայացնող մարմին: Եթե իրավասու մարմինը չի ընդունում այդ առարկությունը, ապա Հանրապետության նախագահն ստորագրում է համապատասխան ակտը կամ դիմում է Սահմանադրական դատարան: Սահմանադրության 139-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` եթե Հանրապետության նախագահը չի կատարում Սահմանադրության նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջները, ապա համապատասխան ակտն ուժի մեջ է մտնում իրավունքի ուժով:
i
Վերոնշյալի համատեքստում, Սահմանադրական դատարանի 2020 թվականի մարտի 31-ի ՍԴՈ-1518 որոշման մեջ, մասնավորապես, նշված է. «Հանրապետության նախագահը, Սահմանադրության «Իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքը» վերտառությամբ 4-րդ հոդվածի ուժով գործառութային առումով դասվելով գործադիր իշխանությանը, այդուհանդերձ, ամբողջովին դուրս դրվեց գործադիր իշխանության ինստիտուցիոնալ համակարգից, և, ի տարբերություն գործառութային առումով գործադիր իշխանությանը պատկանող այլ անկախ կամ ինքնավար մարմինների, պետության գլուխն է և ունի այդ կարգավիճակին բնորոշ գործառույթներ և դրանցից ածանցվող լիազորություններ: Ըստ այդմ` Հանրապետության նախագահը` որպես պետության գլուխ (Սահմանադրության 123-րդ հոդվածի 1-ին մաս), հանրությանը և պետությանն ինտեգրող, ազգային միասնությունը խորհրդանշող սահմանադրական մարմինն է:
Ըստ էության, զերծ լինելով պետության ներքին և արտաքին քաղաքականության մշակմանը, ինչպես նաև կառավարմանը բովանդակային առումով մասնակցելու գործառույթից և չկրելով դրանց պատասխանատվությունը` Հանրապետության նախագահին սահմանադրորեն պատվիրակվել է լինել անաչառ և առաջնորդվել բացառապես համապետական և համազգային շահերով (Սահմանադրության 123-րդ հոդվածի 3-րդ մաս): Ըստ այդմ` Հանրապետության նախագահին սահմանադրորեն վերապահվել է վերկուսակցական արբիտրի դեր, որն իր լիազորությունների իրականացման ընթացքում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ (Սահմանադրության 124-րդ հոդվածի 5-րդ մաս): Միևնույն ժամանակ վերկուսակցական (ապակուսակցական) արբիտրի դերը, որը հիմնված է թե՛ Հանրապետության նախագահի` որպես պետության գլխի, ինտեգրող գործառույթի, թե՛ նրա անաչառության վրա, ենթադրում է Սահմանադրության պահպանմանը հետևելու գործառույթի իրականացում, ինչը ևս ուղղակիորեն ամրագրված է Սահմանադրությամբ (Սահմանադրության 123-րդ հոդվածի 2-րդ մաս): Բացի դրանից, Սահմանադրության պահպանմանը հետևելու գործառույթը, իր հերթին, ենթադրում է, որ Հանրապետության նախագահը պետք է ունենա զսպումների և հակակշիռների միջոցով այդ գործառույթն արդյունավետորեն իրականացնելու հնարավորություն, ուստի նա պետք է ոչ միայն կարողանա կատարված փաստերից հետո գնահատել ենթադրյալ հակասահմանադրական գործողությունները (անգործությունը) կամ որոշումները, այլև պետք է կարողանա, նախևառաջ, կանխել դրանց ի հայտ գալը` օժտված լինելով կանխարգելիչ սահմանադրական վերահսկողության որոշակի լիազորություններով:
(...)
Սահմանադրության պահպանմանը հետևելու գործառույթի շրջանակներում Հանրապետության նախագահը (...) օժտված է հավասարակշռող լիազորություններով թե՛ օրենսդիր մարմնի, թե՛ նաև գործադիր իշխանության մարմինների և անգամ Բարձրագույն դատական խորհրդի նկատմամբ: Հանրապետության նախագահն այդ առումով օժտված է, հատկապես, այնպիսի գործիքակազմով, ինչպիսիք են (...) Սահմանադրական դատարան դիմելը և պաշտոնատար անձանց ժամանակավոր նշանակելը:
Հարկ է նշել, որ Հանրապետության նախագահի լիազորությունները, կախված սահմանադրորեն կանխորոշված նպատակներից, իրենց բնույթով ինչպես պարտադիր են, այնպես էլ հայեցողական: Հանրապետության նախագահի պարտադիր և հայեցողական լիազորությունները ինքնուրույն կամ ոչ ինքնուրույն (կաշկանդված) են:
(...)
Սահմանադրությամբ սահմանված հիմքերով (կարգով) Հանրապետության նախագահն իրականացնում է հետևյալ հայեցողական լիազորությունները.
(...)
(...) Վճռաբեկ, վերաքննիչ և առաջին ատյանի դատարանների դատավորներին, Վճռաբեկ դատարանի պալատների նախագահներին, առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների նախագահներին նշանակելը (Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին նախադասություն, 4-րդ մասի առաջին նախադասություն, 6-րդ մաս և 7-րդ մասի առաջին նախադասություն) կամ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված այլընտրանքային լիազորությունները,
(...)
Հանրապետության նախագահի հայեցողական լիազորությունների մեծամասնությունը իրականացվում է կա՛մ Սահմանադրությամբ սահմանված նախադրյալների առկայությամբ, կա՛մ սահմանադրական այլ մարմնի (իրավասու սուբյեկտի) լիազորությունների իրականացման հիմքով: Այս կանոնից բացառություն են կազմում (...) նշանակումների հարցերով առարկություններ ներկայացնելու կամ` որպես այլընտրանք` Սահմանադրական դատարան դիմելու կամ որևէ գործողություն չկատարելու (Սահմանադրության (...) 166-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ, 6-րդ և 7-րդ մասեր` փոխկապակցված 139-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի հետ (...)), ինչպես նաև Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին և 4-րդ կետերով սահմանված դեպքերում Սահմանադրական դատարան դիմելու լիազորությունները»:
Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասից բխում է, որ Սահմանադրության 166-րդ հոդվածի 3, 4, 6 և 7-րդ մասերով սահմանված դեպքերում իրավասու/առաջարկություն ներկայացնող մարմնի կողմից Հանրապետության նախագահի առարկությունը չընդունվելու դեպքում Հանրապետության նախագահն իրավասու է դիմելու Սահմանադրական դատարան: Ըստ այդմ` նշված գործընթացին կարող է ներգրավվել Սահմանադրական դատարանը` Հանրապետության նախագահի կողմից Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին համապատասխան` Սահմանադրական դատարան դիմելու դեպքում: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածը վերաբերում է նաև Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հարցերի վերաբերյալ գործերի քննությանը: Նշված սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` նույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարան դիմում է Հանրապետության նախագահը` իր առարկություններն իրավասու մարմնի (Խորհուրդ կամ Ազգային ժողով) կողմից չընդունվելու պահից եռօրյա ժամկետում, եթե գտնում է, որ իրեն ներկայացված առաջարկությունը հակասում է Սահմանադրությանը: Նշված սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` նույն հոդվածում նշված գործերով որպես պատասխանող դատավարությանը ներգրավվում է Հանրապետության նախագահին համապատասխան առաջարկություն ներկայացրած մարմինը (Խորհուրդը կամ Ազգային ժողովը): Հիշյալ սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան` նույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարանը կարող է ընդունել որոշում Խորհրդի կամ Ազգային ժողովի կողմից Հանրապետության նախագահին ներկայացված առաջարկությունը Սահմանադրությանը համապատասխանող կամ հակասող ճանաչելու մասին:
Սահմանադրական և օրենսդրական նշված կարգավորումները միտված են Խորհրդին, Ազգային ժողովին (Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին նախադասության համաձայն` Վճռաբեկ դատարանի դատավորներին նշանակում է Հանրապետության նախագահը` Ազգային ժողովի առաջարկությամբ), Հանրապետության նախագահին և Սահմանադրական դատարանին` Սահմանադրությամբ վերապահված համապատասխան լիազորություններն իրացնելով Սահմանադրության 4-րդ հոդվածով ամրագրված` իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքի համատեքստում հակակշիռների և զսպումների կառուցակարգերի արդյունավետ իրացումն ապահովելուն: Տվյալ դեպքում Հանրապետության նախագահը, Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան, իրավասու է իրացնելու իր` Խորհրդի կամ Ազգային ժողովի համապատասխան լիազորությանը հակակշռող լիազորությունը, իսկ Սահմանադրական դատարանը` վերջնական լուծում տալ (բովանդակային առումով) համապատասխան խնդրին/հարցին:
Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին նախադասությանը համապատասխան` Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուներին` դատավորի յուրաքանչյուր տեղի համար Խորհրդի ներկայացրած երեք թեկնածուների թվից, ինչպես նաև Սահմանադրության 166-րդ հոդվածի 5-րդ մասի առաջին նախադասությանը համապատասխան` Վճռաբեկ դատարանի նախագահին (Վճռաբեկ դատարանի կազմից) Խորհրդի առաջարկությամբ ընտրում է պետության միակ առաջնային մանդատով օժտված սահմանադրական մարմինը` Ազգային ժողովը` առաջին դեպքում` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, երկրորդ դեպքում` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում նշվածն առավելագույն լեգիտիմություն է հաղորդում համապատասխան գործընթացին:
Օրենսգրքի 133-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն` Ազգային ժողովը Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուների մասով առաջարկվող թեկնածուին ընտրում և Հանրապետության նախագահին առաջարկում է, իսկ Օրենսգրքի 135-րդ հոդվածի 13-րդ մասի համաձայն` Վճռաբեկ դատարանի նախագահի առաջարկվող թեկնածուին ընտրում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանված կարգով:
Վերոնշյալը հիմք է տալիս եզրահանգելու, որ Խորհրդի` Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 2-4-րդ կետերով նախատեսված լիազորությունների իրականացմամբ կայացված որոշումներով համապատասխան առաջարկությունների ներկայացումը Հանրապետության նախագահին և Ազգային ժողովին որևէ կերպ չի կաշկանդում վերջիններիս չընդունել/մերժել դրանք: Հանրապետության նախագահը` Սահմանադրության 123-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված` Սահմանադրության պահպանման իր գործառույթի շրջանակներում Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Սահմանադրության 166-րդ հոդվածի 4-րդ, 6-րդ և 7-րդ մասերով սահմանված դեպքերում կարող է համապատասխան ակտն իր առարկություններով վերադարձնել Խորհուրդ:
Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքում Հանրապետության նախագահը կարող է համապատասխան ակտն իր առարկություններով վերադարձնել Ազգային ժողով:
Խորհրդի կամ Ազգային ժողովի կողմից առարկությունների չընդունման դեպքում Հանրապետության նախագահն ստորագրում է համապատասխան ակտը կամ դիմում է Սահմանադրական դատարան (եթե Հանրապետության նախագահը չի կատարում նշված պահանջները, ապա համապատասխան ակտն ուժի մեջ է մտնում իրավունքի ուժով (Սահմանադրության 139-րդ հոդվածի 3-րդ մաս)):
Փաստորեն, վերոնշյալ դեպքերում սահմանադիրը նախատեսել է Հանրապետության նախագահ-Խորհուրդ, Հանրապետության նախագահ-Ազգային ժողով փոխհարաբերություններում համապատասխան գործառույթը/լիազորություններն իրացնելիս հակակշռող կառուցակարգեր: Բացի դրանից, սահմանադիրը նախատեսել է նշված գործընթացին Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ/դիմումով Սահմանադրական դատարանի ներգրավվածության հնարավորությունը: Սահմանադրության 167-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` սահմանադրական արդարադատությունն իրականացնում է Սահմանադրական դատարանը` ապահովելով Սահմանադրության գերակայությունը: Սահմանադրական դատարանն է իրավասու Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորություններն իրացնելիս լուծում տալ համապատասխան հարցին:
Ազգային ժողովը կարող է չընտրել Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ նախադասությանը համապատասխան` վճռաբեկ դատարանի դատավորների` Խորհրդի կողմից առաջարկվող թեկնածուներին: Ազգային ժողովը կարող է չընտրել Սահմանադրության 166-րդ հոդվածի 5-րդ մասի առաջին նախադասությանը համապատասխան` Վճռաբեկ դատարանի նախագահի` Խորհրդի կողմից առաջարկվող թեկնածուին:
Հաշվի առնելով վերոնշյալը` Խորհրդի` Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 2-4-րդ կետերով նախատեսված լիազորությունների իրականացմամբ կայացված որոշումների նկատմամբ դատական վերահսկողության պայմաններում կխեղաթյուրվի իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքի սահմանադրաիրավական բովանդակությունը, այլ կերպ` սահմանադրի կամքը:
Հատկանշական է, որ Խորհուրդը վարչական գործերից մեկով որպես պատասխանող, իրավական դիրքորոշում է արտահայտել, մասնավորապես, առ այն, որ «Բարձրագույն դատական խորհրդի սահմանադրական կարգավիճակը չի բացառում առանձին դեպքերում նաև որպես վարչական մարմին հանդես գալու և վարչական ակտ ընդունելու իրավական հնարավորությունը, սակայն այդ մարմնի արտաքին ազդեցության ամբողջ գործունեությունն անվերապահորեն որպես վարչական մարմնին բնորոշ հատկանիշ գնահատելն առնվազն անհիմն է:
(...)
(...) Սահմանադրության 173-րդ հոդվածի ուժով Բարձրագույն դատական խորհուրդը անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը: Կոնկրետ այս կարգավիճակի իրացմանն առնչվող գործունեությունը որևէ կերպ չի կարող հանդիսանալ որպես վարչական մարմնի գործունեություն, քանզի կխաթարվի այդ մարմնի բնականոն գործունեության երաշխիքները: Վարչական մարմնի կարգավիճակը համատեղելի չէ դատական իշխանության մարմինների անկախությունը երաշխավորելու սահմանադրական իրավազորության հետ, հակառակ պարագայում դա կհանգեցնի անտրամաբանական և հակասական փաստական իրավահարաբերության, երբ արդեն իսկ արհեստականորեն կախվածության մեջ դրված մարմնին փորձ կարվի վերապահել մեկ այլ մարմնի անկախության երաշխավորման առաքելություն:
(...) ինչպես Սահմանադրությամբ, այնպես էլ որևէ ներպետական օրենսդրական ակտով չի նախատեսվել Բարձրագույն դատական խորհրդի որոշումների վիճարկման այլ դատական ընթացակարգ:
Այն, որ Բարձրագույն դատական խորհրդի սահմանադրական կարգավիճակի առանձնահատկությունն այնպիսին է, որ պետք է երաշխավորի անկախության և ընդունված իրավական ակտերի այնպիսի կայունության աստիճան, որը համահունչ ու անհրաժեշտ է իշխանության մի ամբողջ ճյուղի անկախությունը երաշխավորելու համար, բխում է նաև Սահմանադրության համապատասխան հիմնադրույթներից:
(...) հարցում դատարաններին Բարձրագույն դատական խորհրդի կողմից կայացվող որոշումների վերաբերյալ վերահսկողական լիազորություն վերապահելը կիմաստազրկի ՀՀ Սահմանադրությամբ դատարանների և դատավորների անկախությունը երաշխավորող մարմնի` Բարձրագույն դատական խորհրդի գոյությունն ընդհանրապես` որպես դատական իշխանության համակարգում ինքնուրույն ու սահմանադրորեն բացառապես իրեն վերապահված իրավասություն իրականացնող անկախ պետական մարմնի»:
Հաշվի առնելով Խորհրդի` որպես սահմանադրական մարմնի, առանձնահատուկ կարգավիճակը, ըստ այդմ` Խորհրդի սահմանադրական առաքելությունը, կազմի և կազմավորման կարգի առանձնահատկությունները, սահմանադրական լիազորությունների բացառիկությունը, Խորհրդի` Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 2-4-րդ կետերով նախատեսված լիազորությունների իրականացման առնչությամբ Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-7-րդ մասերին համապատասխան` դատավորների, դատարանների նախագահների և Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների նշանակման/ընտրության (Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուների ընտրության) գործընթացներին առանցքային սահմանադրական մարմինների/ինստիտուտների` Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի, մասնակցությունը (ոչ թե ձևական, այլ բովանդակային առումով), ինչպես նաև Սահմանադրության 4-րդ հոդվածով ամրագրված իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքի արդյունավետ կենսագործումն ապահովելուն ուղղված համապատասխան սահմանադրական կարգավորումների առկայությունը, այդ առնչությամբ` Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի, ինչպես նաև Սահմանադրական դատարանի սահմանադրական վերաբերելի լիազորությունների ծավալը և դրանց արդյունավետ իրացումն ապահովող զսպումների և հակակշիռների կառուցակարգերի առկայությունը` Սահմանադրական դատարանը գտնում է, որ Խորհրդի` Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 2-4-րդ կետերով նախատեսված լիազորությունների իրականացմամբ կայացված որոշումները չեն կարող հանդիսանալ դատական վերահսկողության առարկա. դրանք դատական կարգով չեն կարող բողոքարկվել:
Վերոնշյալը ենթադրում է նաև ՎԴՕ` «Գործերի առարկայական ընդդատությունը» վերտառությամբ 10-րդ հոդվածի կարգավորումների` օրենսդրական մակարդակում հստակեցում` սույն որոշմանը (վերջինիս շրջանակներում արտահայտված իրավական դիրքորոշումներին) համահունչ:
Հաշվի առնելով ողջ վերոշարադրյալը` Սահմանադրական դատարանը գտնում է, որ ՎԴՕ 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որի համաձայն` Խորհրդի` Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 2-4-րդ կետերով ամրագրված լիազորությունների իրականացմամբ կայացված որոշումները դատական կարգով բողոքարկման ենթակա չեն:
5.3. Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ Խորհրդի` Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 2-4-րդ կետերով ամրագրված լիազորությունների իրականացմամբ կայացված որոշումների պատճառաբանվածության հարցին:
Սահմանադրական դատարանն ընդգծում է, որ Խորհրդի` Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 2-4-րդ կետերով նախատեսված լիազորություններն իրականացնելիս կայացվող որոշումների պատճառաբանվածության պահանջն առանձնակի կարևորվում է այդ որոշումների բողոքարկման սահմանափակման պայմաններում: Հիշյալ սահմանադրական լիազորությունների իրականացմամբ որոշումներ կայացնելիս Խորհուրդը, անշուշտ, պետք է ունենա համապատասխան որոշման պատճառաբանության խորությունը և ծավալը որոշելու հայեցողություն, որը, սակայն պետք է իրականացվի դատավորների մասնագիտական առաջխաղացման և դրա վրա ազդող որոշումների համար հիմք ծառայող չափորոշիչների հիման վրա: Նշվածը կնպաստի դատավորների, դատարանների նախագահների և Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների թեկնածուների ընտրության, դատավորների առաջխաղացման, վերջնարդյունքում` դատավորների, դատարանների նախագահների և Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների նշանակման/ընտրության գործընթացներում հանրային հաշվետվողականության ապահովմանը և կամայականությունների բացառմանը:
Սահմանադրական դատարանը Խորհրդի կողմից նշված լիազորությունների իրականացման շրջանակներում ընդունված և դատավորների կամ դատավորների թեկնածուների մասնագիտական առաջխաղացման վրա ազդեցություն ունեցող որոշումների պատճառաբանվածության անհրաժեշտության համատեքստում անհրաժեշտ է համարում նշել, որ Խորհրդի` քննության առանցքում գտնվող սահմանադրական երեք լիազորությունները վերաբերում են իրավական գործընթացների, որոնցում որոշիչ դերակատարություն ունեն նաև Հանրապետության նախագահը (Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 2-3-րդ կետեր) և Ազգային ժողովը (Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետ): Այդ երկու սահմանադրական մարմինների որոշումների համար Խորհրդի որոշումներում պատճառաբանությունն անհրաժեշտ է տեղեկացված որոշում կայացնելու համար, քանի որ, թեպետ այս մարմինները սահմանափակված չեն ներկայացված դատավորների կամ թեկնածուների ընտրության հարցերի համար անհրաժեշտ այլ թույլատրելի աղբյուրներից տեղեկատվություն ստանալ, Խորհրդի հեղինակավոր դիրքորոշումը չի կարող փոխարինվել այլ մարմինների կողմից տրամադրված պատճառաբանություններով:
Ավելին, Սահմանադրական դատարանը սույն գործի շրջանակներում հատուկ շեշտադրում է Հանրապետության նախագահի` Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված` համապատասխան ակտն առարկություններով Խորհրդին վերադարձնելու և այդ առարկությունները Խորհրդի կողմից չընդունվելու դեպքում Սահմանադրական դատարան դիմելու լիազորության արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու հնարավորությունը, որն առաջնահերթությամբ Խորհրդի որոշման համար հիմք ծառայած պատճառաբանությունների առկայությունն է: Այս կապակցությամբ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Խորհրդի հիշյալ որոշումների պատճառաբանվածությունը Հանրապետության նախագահի համար Խորհրդի որոշման առնչությամբ Սահմանադրական դատարան դիմելու և նման դիմումի անհրաժեշտության գնահատականի համար հիմք է (տես` mutatis mutandis, 2022 թվականի փետրվարի 1-ի ՍԴՈ-1628 որոշում, կետ 5.3):
Մյուս կողմից` օբյեկտիվ չափորոշիչների հիման վրա խնդրո առարկա լիազորությունների իրականացման արդյունքում Խորհրդի որոշումների պատճառաբանվածությունը կոչված է համոզելու, որ դատավորի կամ թեկնածուի մասնագիտական առաջխաղացման վերաբերյալ կայացված որոշման հիմքում ընկած են ոչ թե անհատական կամ խմբային մոտեցումներ ու շահեր կամ տվյալ դատավորի կամ թեկնածուի անձի նկատմամբ սուբյեկտիվ և քողարկված վերաբերմունքը, այլ` Խորհրդի սահմանադրական առաքելության շրջանակին համատեղելի նպատակային նկատառումներ (տես` mutatis mutandis, 2022 թվականի փետրվարի 1-ի ՍԴՈ-1628 որոշում, կետ 5.3):
Ելնելով գործի քննության արդյունքներից և հիմք ընդունելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետը, 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, 170-րդ հոդվածի 1-ին և 4-5-րդ մասերը, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 68-րդ հոդվածները` Սահմանադրական դատարանը
ՈՐՈՇԵՑ.
1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասությունը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որի համաձայն` Վճռաբեկ դատարանի պալատի նախագահ նշանակված անձը, որի լիազորությունները դադարել են պալատի վերացման հիմքով (անկախ որպես պալատի նախագահ նրա պաշտոնավարման ժամկետից), չի կարող նշանակվել Վճռաբեկ դատարանի որևէ պալատի նախագահ:
2. Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որի համաձայն` Բարձրագույն դատական խորհրդի` Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 2-4-րդ կետերով ամրագրված լիազորությունների իրականացմամբ կայացված որոշումները դատական կարգով բողոքարկման ենթակա չեն:
i
3. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ՆԱԽԱԳԱՀՈՂ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
2 հունիսի 2023 թվականի
ՍԴՈ-1691
Հրապարակվել է ՍԴ պաշտոնական կայքէջում (concourt.am)` 5 հունիսի 2023 թվական: