Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 11-Ի N 154- ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 նոյեմբերի 2023 թվականի N 1886-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 11-Ի N 154-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 11-ի «Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգը սահմանելու մասին» N 154-Ն որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2023 թ. նոյեմբերի 2

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2023 թվականի նոյեմբերի 2-ի

N 1886-Ն որոշման

 

«Հավելված

ՀՀ կառավարության

2021 թվականի փետրվարի 11-ի

N 154-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՊԱՐՏԱԴԻՐ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ ԵՎ ՈՒՂՂՈՐԴՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են պարտադիր կրթությունից դուրս մնացած կամ պարտադիր կրթությունից դուրս մնալու ռիսկի տակ գտնվող դպրոցահասակ երեխաների բացահայտման և ուղղորդման (կրթության մեջ ներառման) հետ կապված իրավահարաբերությունները:

2. Պարտադիր կրթությունից դուրս մնացած են համարվում 6-ից մինչև 19 տարին չլրացած` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող հանրակրթական ուսումնական հաստատությունում (այսուհետ` հաստատություն), հանրակրթական հիմնական ընդհանուր կրթության հիմքի վրա նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում (այսուհետ` ՆՄՄԿ) չհաշվառված կամ հաշվառված, բայց մեկ ամսվա ընթացքում ամսվա համար գումարային հաշվարկով 10 աշխատանքային օրից ավելի չհաճախած անձինք:

3. Պարտադիր կրթությունից դուրս մնալու ռիսկի տակ գտնվող են համարվում 6-ից մինչև 19 տարին չլրացած`

1) հաստատությունում, ՆՄՄԿ-ում հաշվառված, սակայն մեկ ամսվա ընթացքում 6 աշխատանքային օր անընդմեջ չհաճախած սովորողները.

2) ՆՄՄԿ-ում կրթությունն ընդհատած սովորողները, որոնց համար կրթությունն ընդհատելու մասին հրամանի ընդունման օրը հաստատությունը «Պարտադիր կրթությունից դուրս մնացած և պարտադիր կրթությունից դուրս մնալու ռիսկի տակ գտնվող երեխաների բացահայտման» էլեկտրոնային ենթահամակարգում (այսուհետ` էլեկտրոնային ենթահամակարգ) ստեղծում է հայտ` նշելով պատճառը.

3) հաստատություն, ՆՄՄԿ հաճախած, սակայն ծնողի (օրինական ներկայացուցչի) դիմումի (արտերկիր մեկնելու նպատակով) հիման վրա ուսումն անավարտ թողած սովորողները:

4. Սույն կարգի 3-րդ կետի 1-ին, 2-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում սույն կարգի 6-րդ կետով սահմանված մարմինների կողմից ապահովվում է սովորողի ներգրավվածությունն ուսումնական գործընթացին` համաձայն «Կրթության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջի: Սույն կարգի 3-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված դեպքում սույն կարգի 6-րդ կետով սահմանված շահագրգիռ և պատասխանատու կառույցների կողմից միջոցներ են ձեռնարկվում պարզելու սովորողի` Հայաստանի Հանրապետությունում լինելու կամ չլինելու հանգամանքը: Հայաստանի Հանրապետությունում լինելու դեպքում ապահովվում է ներգրավվածությունն ուսումնական գործընթացին:

5. Հաստատություն, ՆՄՄԿ չհաճախած կամ հաստատությունում, ՆՄՄԿ-ում հաշվառված չլինելու դեպքում պարտադիր կրթությունից դուրս մնացած անձանց բացահայտելու համար Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ` նախարարություն) «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` ԿՏԱԿ) յուրաքանչյուր ուսումնական տարվա սեպտեմբեր և հունվար ամիսներին, համեմատելով բնակչության պետական ռեգիստրի և կրթության կառավարման տեղեկատվական համակարգի տվյալները, նախարարությանը ներկայացնում է 6-ից մինչև 19 տարին չլրացած այն անձանց տվյալները, որոնք որևէ հաստատությունում, ՆՄՄԿ-ում հաշվառված չեն:

6. «Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի» մաս կազմող էլեկտրոնային ենթահամակարգի տեղեկատվությունը հասանելի է, և ԿՏԱԿ-ի կողմից համակարգ մուտք գործելու համար, բացի տվյալ հաստատությունից, ՆՄՄԿ-ից, հաշիվներ են տրամադրվում հետևյալ շահագրգիռ և պատասխանատու կառույցներին`

1) խնամակալության և հոգաբարձության մարմնին` ի դեմս համայնքի ղեկավարի (այսուհետ` ԽՀՄ).

2) աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը.

3) կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը.

4) կրթության տեսչական մարմնին.

5) ՀՀ մարզպետների աշխատակազմերին.

6) Միասնական սոցիալական ծառայությանը.

7) ՀՀ ոստիկանությանը:

7. Սույն կարգի 3-րդ կետի 1-ին ենթակետում սահմանված դեպքում ինքնաշխատ եղանակով ստեղծվում է նախնական հայտ: Հաստատության, ՆՄՄԿ-ի տնօրենը նախնական հայտի ձևավորման պահից սկսած` մեկ աշխատանքային օրվա ընթացքում հաստատում կամ փակում է նախնական հայտը` նշելով հաստատման կամ փակման պատճառները` սովորողի ծնողի (օրինական ներկայացուցչի) թղթային կամ էլեկտրոնային եղանակով ներկայացրած գրավոր բացատրագրի հիման վրա: Նախնական հայտը հաստատելուց հետո այն հասանելի է դառնում տարածքային ԽՀՄ-ին:

8. Սույն կարգի 3-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով սահմանված դեպքերում ինքնաշխատ եղանակով ստեղծվում է հայտ, որը հասանելի է տարածքային ԽՀՄ-ին: Տվյալ դեպքերում հայտերի ստեղծող է համարվում տարածքային ԽՀՄ-ն:

9. Էլեկտրոնային ենթահամակարգում պարտադիր կրթությունից դուրս մնալու ռիսկի տակ գտնվող սովորողների վերաբերյալ հայտը ստանալուց հետո տվյալ տարածքի ԽՀՄ-ն երեք աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է հայտը և օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում քայլեր է ձեռնարկում սովորողի կրթության շարունակականությունն ապահովելու համար:

10. Անձի` հաստատություն կամ ՆՄՄԿ հաճախելը վերսկսելու օրվան հաջորդող աշխատանքային օրը հայտը ստեղծող մարմինը փակում է տվյալ հայտը: Սույն կարգի 3-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված դեպքում բացված հայտը ԽՀՄ-ի կողմից փակվում է, եթե հաստատվում է անձի` Հայաստանի Հանրապետությունից դուրս լինելը: Եթե ԽՀՄ-ն իր համայնքում չի հայտնաբերում անձին կամ անձին կրթություն վերադարձնելու համար արձանագրում է խոչընդոտներ, հայտ է ուղարկում ՀՀ ոստիկանությանը: Հայտնաբերելու դեպքում եթե պարզվում է, որ անձի բացակայությունների պատճառը սոցիալական կարիքներով է պայմանավորված, հայտ է ուղարկում Միասնական սոցիալական ծառայությանը` անձի սոցիալական կարիքները հոգալու համար:

11. Եթե անձն ունի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք, համապատասխան փաստաթուղթ ներկայացված չլինելու պարագայում ԽՀՄ-ն դիմում է տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնին: Վերջինս, տեղեկացնելով ծնողին (օրինական ներկայացուցչին), ապահովում է անձի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումը և ուղղորդում է անձին հաստատություն կամ ՆՄՄԿ` սահմանված կարգով կրթությունը կազմակերպելու համար:

12. Բացված հայտերի մասին պատմությունը և աշխատող կողմերի գործողությունները հասանելի են շահագրգիռ և պատասխանատու բոլոր կառույցներին:

13. Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման հետ կապված` սույն կարգով չկարգավորվող հարաբերությունները կարգավորվում են ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1044-Ն որոշմամբ:»:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 2 նոյեմբերի 2023 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.11.2023
N 1886-Ն
Որոշում