Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 14-Ի N 758-Ն ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 հունիսի 2023 թվականի N 886-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 14-Ի N 758-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 14-ի «Առգրավված, վերցված, կամավոր հանձնված և գտնված զենքի և ռազմամթերքի ընդունման կարգը հաստատելու մասին» N 758-Ն որոշման (այսուհետ` որոշում) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «ԱՌԳՐԱՎՎԱԾ, ՎԵՐՑՎԱԾ, ԿԱՄԱՎՈՐ ՀԱՆՁՆՎԱԾ ԿԱՄ ԳՏՆՎԱԾ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ ՉՈՒՆԵՑՈՂ) ԶԵՆՔԸ ԿԱՄ ՌԱԶՄԱՄԹԵՐՔԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ, ԴՐԱՆՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ՈՉՆՉԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»:

2. Որոշման նախաբանը և 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«Համաձայն «Զենքի շրջանառության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի, 13-րդ հոդվածի 5-րդ և 9-րդ մասերի, 32-րդ հոդվածի 4-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել առգրավված (վերցված), կամավոր հանձնված կամ գտնված (այդ թվում` համապատասխանության սերտիֆիկատ չունեցող) զենքը կամ ռազմամթերքը ոստիկանությանը փոխանցելու, դրանք ընդունելու և ոչնչացնելու կարգը` համաձայն հավելվածի:»:

3. Որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

i

4. Սույն որոշումն ուժի մեջ է պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2023 թ. հունիսի 2

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2023 թվականի հունիսի 1-ի

N 886-Ն որոշման

 

«Հավելված

ՀՀ կառավարության

2020 թվականի մայիսի 14-ի

N 758-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԱՌԳՐԱՎՎԱԾ (ՎԵՐՑՎԱԾ), ԿԱՄԱՎՈՐ ՀԱՆՁՆՎԱԾ ԿԱՄ ԳՏՆՎԱԾ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ ՉՈՒՆԵՑՈՂ) ԶԵՆՔԸ ԿԱՄ ՌԱԶՄԱՄԹԵՐՔԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ, ԴՐԱՆՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ՈՉՆՉԱՑՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության (այսուհետ` ոստիկանություն) կենտրոնական ապարատի ստորաբաժանումներին, ոստիկանության` Երևան քաղաքի և մարզային վարչություններին և դրանց ենթակա ստորաբաժանումներին հանրային իշխանության մարմիններից, հասարակական կազմակերպություններից, իրավաբանական և ֆիզիկական անձանցից առգրավված (վերցված), կամավոր հանձնված, գտնված (այդ թվում` համապատասխանության սերտիֆիկատ չունեցող) զենքը և ռազմամթերքը (այսուհետ` զենք) փոխանցելու և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության տնտեսական վարչության զինապահեստ (այսուհետ` զինապահեստ) ընդունելու և դրանք ոչնչացնելու գործընթացը:

2. Ոստիկանության կենտրոնական ապարատի ստորաբաժանումները, ոստիկանության` Երևան քաղաքի և մարզային վարչությունները և դրանց ենթակա ստորաբաժանումները պարտավոր են զենքը տասնօրյա ժամկետում ուղարկել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն (այսուհետ` փորձաքրեագիտական վարչություն) կամ մարզային փորձաքրեագիտական ստորաբաժանում` հետազոտության կամ փորձաքննության, ինչպես նաև համապատասխան հաշվառումներով ստուգելու համար: Իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից օրինական հիմքերով իրենց պատկանող ողորկափող զենքը ոստիկանության ստորաբաժանումներ փոխանցած լինելու դեպքում զենքը ոստիկանության ստորաբաժանումների կողմից տասնօրյա ժամկետում հանձնվում է զինապահեստ, եթե այդ զենքը քրեական վարույթով իրեղեն ապացույց չի հանդիսանում:

3. Պետական մարմինների կողմից առգրավված, վերցված, կամավոր հանձնված կամ գտնված զենքը կամ ռազմամթերքը ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ է հանձնվում առձեռն ուղեկցական գրությամբ և անվտանգության կանոնների պահպանմամբ:

4. Փորձաքրեագիտական վարչությունում հետազոտված կամ փորձաքննության ենթարկված և դրանից հետո փորձաքրեագիտական վարչությունում պահված զենքը խմբավորվում և պահեստավորվում է:

5. Վարույթն իրականացնող մարմնի` քրեական վարույթով վերջնական որոշման, դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշումների կամ դատավճիռների առկայության դեպքում զենքը (այդ թվում` իրեղեն ապացույց ճանաչված և դրա պահելու անհրաժեշտությունը վերացած) ոստիկանության տարածքային ստորաբաժանումների միջոցով փոխանցվում է զինապահեստ, իսկ համապատասխան հաշվառումներով ստուգված և այլ պետական ռազմականացված կազմակերպությունների հաշվեկշռում հաշվառված զենքը հանձնվում է տվյալ ռազմականացված կազմակերպության զինապահեստ` անկախ դրա հետագա օգտագործման պիտանի լինելու (չլինելու) հանգամանքից:

6. Փորձաքրեագիտական վարչության փորձագետի եզրակացության հիման վրա Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության տնտեսական վարչությունը կազմակերպում է զենքի ընդունումը զինապահեստ: Զինապահեստ ընդունված զենքերի բոլոր տեսակները ենթակա են հաշվառման Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության պետի հրամանով սահմանված կարգով:

7. Զինապահեստ ընդունված օգտագործման համար պիտանի զենքը ոչնչացման ենթակա չէ:

8. Սպառազինության բաժնի աշխատակցի եզրակացության հիման վրա օգտագործման համար պիտանի զենքը հաշվառվում է ոստիկանության սպառազինության մեջ` հետագայում ոստիկանության ստորաբաժանումների կողմից ծառայողական նպատակներով օգտագործելու համար:

9. Զինապահեստ ընդունված քաղաքացիական և ծառայողական զենքը, բացառությամբ սույն կարգի 8-րդ կետով նախատեսված դեպքի, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության տնտեսական և փորձաքրեագիտական վարչությունների համապատասխան բնագավառի մասնագետների կողմից գնահատվում է, սպառազինության ապահովման ստորաբաժանման կողմից հանձնվում է կոմիսիոն վաճառքի` դրա առևտրով զբաղվելու լիցենզիա ունեցող իրավաբանական անձի միջոցով, որից ստացված գումարը փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

10. Զինապահեստ ընդունված օգտագործման համար ոչ պիտանի զենքը ենթակա է ոչնչացման:

11. Ոչ պիտանի զենքի ոչնչացման նպատակով ստեղծվում է հանձնաժողով` Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության պետի նախագահությամբ: Հանձնաժողովի կողմից ոչ պիտանի զենքը ոչնչացման նպատակով զինապահեստից ելքի փաստաթղթով դուրս է գրվում: Մինչև ոչնչացնելը հանձնաժողովը մանրակրկիտ ստուգում է բոլոր զենքերը: Հանձնաժողովի անդամները պետք է խստորեն պահպանեն զենքի հետ վարվելու անվտանգության կանոնները:

12. Ոչնչացումից առաջ հանձնաժողովի կողմից ոչնչացման ենթակա զենքի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության տնտեսական վարչության միջոցով կատարվում է հարցում.

1) Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն` ոչնչացման ենթակա զենքի քրեական վարույթով (գործով) անցնելու վերաբերյալ.

2) Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչություն` հաշվառումներով անցնելու վերաբերյալ:

13. Ոչ պիտանի զենքի պիտանի մասերը առանձնացվում են, առանձնացված պիտանի մասը մուտքագրվում և հաշվառվում է զինապահեստ` որպես պահեստամաս` հետագայում մասնակի անսարքություն ունեցող զենքի մասերի փոխարինման և վերանորոգման համար:

14. Ոչ պիտանի զենքը ոչնչացվելուց առաջ լիցքաթափվում է: Զենքի լիցքաթափման անհնարինության դեպքում (անսարքության պատճառով) այն լիցքաթափվում է գործարանային պայմաններում, որից հետո` ոչնչացվում: Զենքն առանց լիցքաթափելու արգելվում է ոչնչացնել:

15. Ոչ պիտանի զենքը և դրա մասերը ոչնչացվում են մեխանիկական դեֆորմացիայի, կտրտման (տարատեսակ մեխանիկական և էլեկտրական գործիքների և սարքերի միջոցով) կամ ձուլարանում ձուլման միջոցով` վերածելով այն մետաղի ջարդոնի: Ոչ պիտանի փայտյա և պլաստմասե մասը առանձնացվում և ոչնչացվում է առանձին` այրման կամ կտրտման միջոցով:

16. Ոչ պիտանի զենքի ոչնչացման աշխատանքները կազմակերպվում են այնպես, որ բացառվեն ոչնչացման ենթակա զենքի և դրա մասերի անհետացման և կորստի դեպքերը:

17. Ձուլարանում ձուլման ընթացքում պարտադիր է հանձնաժողովի բոլոր անդամների և ձուլարանի ներկայացուցչի ներկայությունը:

18. Ոչ պիտանի զենքի ոչնչացման մասին հանձնաժողովի կողմից կազմվում է ակտ: Ակտում նշվում են ոչ պիտանի զենքի սերիան, համարը, արտադրման տարեթիվը, քանակը, տեսակը, անվանումը, տրամաչափը և ոչնչացման պատճառը: Զենքի ոչնչացման ակտը հանձնաժողովի մյուս անդամների կողմից ստորագրվելուց հետո հաստատվում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության պետի կողմից:»:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 2 հունիսի 2023 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.06.2023
N 886-Ն
Որոշում