ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
ԲԴԽ-23-Ո-47
2018 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՆՍՏԱՎԱՅՐԵՐԸ, ՆՍՏԱՎԱՅՐԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասով, 26-րդ հոդվածի 3-րդ մասով, 32-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 94-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ է
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների դատավորների նստավայրերը, նստավայրերի սպասարկման տարածքները փոփոխելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
2018թ. հուլիսի 9
ք. Երևան
Հավելված
Հայաստանի Հանրապետության
բարձրագույն դատական խորհրդի
2018թ. հուլիսի 9-ի թիվ
ԲԴԽ-23-Ո-47 որոշման
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՆՍՏԱՎԱՅՐԵՐԸ, ՆՍՏԱՎԱՅՐԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ
Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհուրդն (այսուհետ` Խորհուրդ) արձանագրում է, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով (այսուհետ` Օրենսգիրք) սահմանված իրավական նորմերի կենսագործման նպատակով որոշում կայացնելիս առաջնորդվում է բնակչության համար արդարադատությունն առավել մատչելի դարձնելու, դատավորների թվաքանակից ելնելով` դատական տարածքների օպտիմալացման, դատավորների միջև դատական գործերի բաշխման և վերաբաշխման գործընթացում սուբյեկտիվ գործոնի, այդ թվում` դատարանի նախագահի միջամտության բացառման, ինչպես նաև բացառիկ դեպքերում Խորհրդի կողմից օրենքով սահմանված կարգով միջամտության երաշխավորման չափանիշներով:
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. Հիմք ընդունելով այն, որ Օրենսգրքի 22-րդ հոդվածի համաձայն` առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատական տարածքը համապատասխանաբար Երևան քաղաքի, մարզի կամ մարզերի տարածքն է, առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանն ունի կենտրոնական և այլ նստավայրեր, իսկ Օրենսգրքի 26-րդ հոդվածի համաձայն` մասնագիտացված դատարանների դատական տարածքը Հայաստանի Հանրապետության տարածքն է, մասնագիտացված դատարանների կենտրոնական նստավայրերը գտնվում են Երևան քաղաքում, մասնագիտացված դատարանները կարող են նստավայրեր ունենալ մարզերում` Խորհուրդն ուսումնասիրում է համապատասխան առաջին ատյանի դատարանի նախագահի առաջարկությունը և կայացնում է որոշում դատարանի նստավայրերը և նստավայրի սպասարկման տարածքները փոփոխելու մասին` ղեկավարվելով սույն կարգով:
(1.1-ին կետը փոփ. 30.01.2023 ԲԴԽ-13-Ո-44 որոշում)
II. ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՆՍՏԱՎԱՅՐԵՐԸ, ՆՍՏԱՎԱՅՐԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԽՈՐՀՐԴԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԴԻՄՈՒՄՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
2.1. Առաջին ատյանի դատարաններում նստավայրերի և (կամ) սպասարկման տարածքների, իսկ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դեպքում` դատարանի նստավայրերի փոփոխության վերաբերյալ առաջարկությունները` համապատասխան դատարանի նախագահի կողմից համապատասխան գրությամբ ներկայացվում են Խորհրդին:
Դատարանի նախագահի կողմից ներկայացված առաջարկություններին կցվում են նստավայրերի և (կամ) նստավայրերի սպասարկման տարածքների փոփոխություն կատարելու, մասնավորապես` դատարանի նոր նստավայր սահմանելու, Խորհրդի կողմից սահմանված նստավայրը վերացնելու, նստավայրի սպասարկման տարածքում նոր հասցեներ ներառելու կամ հանելու վերաբերյալ անհրաժեշտ հիմնավորումներ:
(2.1-ին կետը փոփ. 30.01.2023 ԲԴԽ-13-Ո-44 որոշում)
2.2. Առաջին ատյանի դատարանում նշանակված, այլ դատարանից տեղափոխված, Խորհրդի որոշմամբ մեկ այլ առաջին ատյանի դատարանից գործուղված դատավորի նստավայրը Խորհրդի կողմից որոշվում է դատարանի նախագահի առաջարկության հիման վրա` հիմք ընդունելով դատավորի մասնագիտացումը, համապատասխան առաջին ատյանի դատարանի համար սահմանված նստավայրերում թափուր տեղերի առկայությունը, ինչպես նաև նստավայրերի սպասարկման տարածքների փաստացի ծանրաբեռնվածությունը:
2.3. Առաջին ատյանի դատարանում նշանակված, մեկ այլ դատարանից տեղափոխված, Խորհրդի որոշմամբ գործուղված դատավորն իրավունք ունի բացառիկ հիմքերի առկայության դեպքում տվյալ դատարանի մեկ այլ նստավայր տեղափոխվելու մասին պատճառաբանված դիմում ներկայացնել Խորհրդին:
Խորհրդին հասցեագրված դատավորի դիմումը պետք է տեղեկություններ բովանդակի տվյալ դատարանի այլ նստավայր տեղափոխվելու վերաբերյալ բացառիկ հիմքերի, մասնավորապես` պաշտոնավարմանը խոչընդոտող ընտանեկան, անձնական բնույթի հանգամանքների առկայության մասին` հնարավորության դեպքում կցելով նաև վերոհիշյալ հանգամանքները հավաստող համապատասխան փաստաթղթեր: Դիմումին պետք է կցվի նաև դատավորի այլ նստավայր տեղափոխվելու հարցի վերաբերյալ համապատասխան դատարանի նախագահի եզրակացությունը:
2.4. Առաջին ատյանի դատարանի երկու տարբեր նստավայրերի` նույն մասնագիտացում ունեցող դատավորներն իրավունք ունեն դիմելու Խորհրդին` խնդրելով կատարել իրենց նստավայրերի փոխանակում:
Դիմում ներկայացնող դատավորները պետք է պատճառաբանեն իրենց դիմումը: Դիմումում պետք է շարադրվեն համապատասխան դատավորների նստավայրերի փոխանակման հիմնավոր պատճառները: Դիմումին պետք է կցվի նաև դատավորների նստավայրերի փոխանակման հարցի վերաբերյալ համապատասխան դատարանի նախագահի եզրակացությունը:
2.5. Բացառիկ դեպքերում Խորհուրդը, ելնելով արդարադատության մատչելիությունն ապահովելու, դատական տարածքների օպտիմալացման հրատապ անհրաժեշտությունից, կարող է քննարկել առաջին ատյանի դատարանի նախագահի կողմից դատավորի նստավայրի փոփոխության վերաբերյալ ներկայացված առաջարկությունը նաև դատավորի անհամաձայնության (համաձայնության բացակայության) դեպքում:
Սույն կետով նախատեսված դեպքերում դատարանի նախագահը Խորհրդին ներկայացված առաջարկությամբ պետք է հիմնավորի դատավորի անհամաձայնության (համաձայնության բացակայության) պայմաններում վերջինիս նստավայրի հրատապ փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը:
III. ԽՈՐՀՐԴԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ
3.1. Սույն կարգի 2-րդ բաժնով սահմանված առաջարկությունները և դիմումները Խորհրդի նիստի օրակարգում ընդգրկվում, քննարկվում և դրանց վերաբերյալ Խորհուրդը որոշումներ է կայացնում իր աշխատակարգով և սույն որոշմամբ սահմանված կարգով:
3.2. Խորհրդի նախագահի հանձնարարությամբ Դատական դեպարտամենտը սույն կարգի 2-րդ բաժնով նախատեսված առաջարկությունների և դիմումների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր է տրամադրում Խորհրդին:
3.3. Սույն կարգի 2.3-րդ և 2.4-րդ կետերով նախատեսված դատարանի նախագահի եզրակացությունը խորհրդատվական բնույթ է կրում:
3.4. Սույն կարգի 2.3-րդ, 2.4-րդ և 2.5-րդ կետերով նախատեսված դիմումները և առաջարկությունները քննարկելիս Խորհուրդն անհրաժեշտության դեպքում դատավորին (դատավորներին) և դատարանի նախագահին հրավիրում է զրույցի:
(3.4-րդ կետը փոփ. 21.08.2019 ԲԴԽ-58-Ո-130 որոշում)