040.1115.151018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
10 հոկտեմբերի 2018 թվականի N 1115-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2022 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՄԱՐԴԱՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐ, 2019 ԹՎԱԿԱՆԻՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ՄԱՐԴԱՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՏԱՐԱԾՔՆԵՐ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԵՎ ՄԱՐԶԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 6-րդ և 8-րդ մասերով` Հայաստանի Հանրապետությունում հերթական` 2022 թվականի մարդահամարն անցկացնելու, ինչպես նաև դրա նախապատրաստման և անցկացման աշխատանքներին օժանդակելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետությունում հերթական մարդահամարն անցկացնել 2022 թվականի հոկտեմբերի 13-22-ը ներառյալ:
(1-ին կետը փոփ. 23.04.2020 թիվ 624-Ն որոշում)
2. 2022 թվականի մարդահամարի մեթոդաբանական, կազմակերպական սկզբունքների, նյութերի հավաքման եղանակների և տվյալների մեքենայական մշակման ծրագրերի և տեխնոլոգիայի փորձարկումն իրականացնելու համար փորձնական մարդահամար անցկացնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքում և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արամուսի, Ակունքի, Կամարիսի և Մայակովսկու համայնքներում` 2019 թվականի հոկտեմբերի 3-12-ը ներառյալ:
3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին և Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի նախագահին` մինչև 2019 թվականի օգոստոսի 1-ը համատեղ ապահովել Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրի և Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի նույնականացված վարչական տվյալները մարդահամարի անցկացման նպատակով կիրառելու ու դրանց համակցելու նախագծի մշակումը և ապահովել 2019 թվականի փորձնական մարդահամարի իրականացման ընթացակարգերում դրանց կիրառումը:
4. Ստեղծել Հայաստանի Հանրապետությունում 2022 թվականի մարդահամարի աշխատանքներին աջակցող` մարդահամարի նախապատրաստման և անցկացման հանրապետական, Երևան քաղաքի և մարզային հանձնաժողովներ ու հաստատել դրանց կազմը` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:
(4-րդ կետը փոփ. 07.04.2022 թիվ 432-Ն որոշում)
5. Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետությունում 2021 թվականի մարդահամարի նախապատրաստման և անցկացման հանրապետական հանձնաժողովին ներկայացնել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի մարդահամարի նախապատրաստման, անցկացման և նյութերի մշակման ծախսերի նախահաշիվը:
(5-րդ կետը փոփ. 07.04.2022 թիվ 432-Ն որոշում)
6. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին, մյուս բոլոր համայնքների ղեկավարներին համակողմանիորեն աջակցել Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեին` Հայաստանի Հանրապետությունում 2022 թվականի մարդահամարի նախապատրաստման և անցկացման գործառույթներում (քաղաքների և 5000-ից ավելի բնակչություն ունեցող գյուղերի սխեմատիկ հատակագծերի ճշգրտման, բնակչության վարչական հաշվառման ամբողջականացման, սահմանված ժամկետներում ժամանակավոր մարդահամարային կադրերի թեկնածուների ներկայացման, ժամանակավոր աշխատանքային գրասենյակների տրամադրման և այլն):
7. Հայաստանի Հանրապետության Շիրակի և Կոտայքի մարզպետներին` ապահովել գործուն օժանդակություն (սույն որոշման 6-րդ կետում նշված գործառույթների իրականացում) սույն որոշման 2-րդ կետում նշված բնակավայրերում փորձնական մարդահամարի նախապատրաստման ու անցկացման ամբողջ ժամանակաընթացքում:
8. (8-րդ կետն ուժը կորցրել է 07.04.2022 թիվ 432-Ն որոշում)
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
(վերնագիրն ու տեքստը փոփ. 23.04.2020 թիվ 624-Ն, 13.05.2021 թիվ 751-Ն, 07.04.2022 թիվ 432-Ն որոշումներ)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2018 թվականի հոկտեմբերի 10-ի
N 1115-Ն որոշման
ԿԱԶՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
1. Ոլորտը համակարգող փոխվարչապետ (հանձնաժողովի նախագահ)
2. Վիճակագրական կոմիտեի նախագահ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
3. Ազգային ժողովի աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
4. Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
5. Վիճակագրության պետական խորհրդի անդամ
6. Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
7. Արդարադատության նախարարի տեղակալ
8. Առողջապահության նախարարի տեղակալ
9. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ
10. Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
11. Պաշտպանության նախարարի տեղակալ
12. Արտաքին գործերի նախարարի տեղակալ
13. Ֆինանսների նախարարի տեղակալ
14. Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ
15. Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ
16. Ոստիկանության պետի տեղակալ
17. Երևանի քաղաքապետ (համաձայնությամբ)
18. Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ
19. Վարչապետի աշխատակազմի տարածքային զարգացման և շրջակա միջավայրի հարցերի վարչության պետ
20. Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ
21. Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության պետ
22. Գիտությունների ազգային ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն (համաձայնությամբ)
23. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր (համաձայնությամբ)
24. Վիճակագրական կոմիտեի մարդահամարի վարչության պետ
25. Վիճակագրական կոմիտեի մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար)
(1-ին հավելվածը փոփ. 25.07.2019 թիվ 934-Ն, 28.07.2022 թիվ 1142-Ն որոշումներ)
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2018 թվականի հոկտեմբերի 10-ի
N 1115-Ն որոշման
ԿԱԶՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ` ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար (հանձնաժողովի նախագահ)
Վիճակագրական կոմիտեի Երևան քաղաքի վարչության պետ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)
Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Վիճակագրություն» ամբիոնի դոցենտ (համաձայնությամբ)
Վիճակագրական կոմիտեի մարդահամարի վարչության պլանավորման և ծրագրամեթոդաբանական բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար)
(2-րդ հավելվածը փոփ. 25.07.2019 թիվ 934-Ն որոշում)
Հավելված N 3
ՀՀ կառավարության
2018 թվականի հոկտեմբերի 10-ի
N 1115-Ն որոշման
ԿԱԶՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ` ՄԱՐԶԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Մարզպետ (հանձնաժողովի նախագահ)
Վիճակագրական կոմիտեի մարզային վարչության պետ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Ոստիկանության մարզային վարչության պետ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Համայնքների ղեկավարներ (համաձայնությամբ)
Մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ
Մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ
Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ
Մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ
Մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ
Մարզպետարանի աշխատակազմի քարտուղարության պետ (հանձնաժողովի քարտուղար)
(3-րդ հավելվածը փոփ. 25.07.2019 թիվ 934-Ն, 07.04.2022 թիվ 432-Ն որոշումներ)