«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«24» հունիսի 1996 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
24 հունիսի 1996 թ. թիվ 187
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՄՆ-Ի ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ԱՐՏՈՆՅԱԼ ՎԱՃԱՌՔԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՎԱՐԿԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության և ԱՄՆ-ի կառավարության միջև 1995 թվականի դեկտեմբերի 27-ին կնքված արտոնյալ վաճառքի համաձայնագրով հանրապետությանը տրամադրված վարկի օգտագործումը կարգավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության և ԱՄՆ-ի կառավարության միջև կնքված արտոնյալ վաճառքի համաձայնագրով հանրապետությանը տրամադրված վարկի հաշվին ձեռք բերված պարենային ցորենը հատկացվում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարության կողմից լիազորված պետական ձեռնարկությանը` այն վերամշակելու և ստացված ալյուրը հացաթխման ու սննդամթերքի այլ տեսակների արտադրության նպատակով օգտագործելու համար:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարությանը`
ա) վարկի հաշվին հանրապետություն փաստացի ներմուծված պարենային ցորենը մուտքագրել նախարարության կողմից լիազորված պետական ձեռնարկությունում` պետական սեփականություն հանդիսացող յուրաքանչյուր մեկ տոննա ալյուրի ու ցորենի թեփի իրացման դիմաց հանրապետական բյուջե փոխանցվող գումարի համարժեքի (մեկ տոննա ցորենը` 86250 դրամ) չափով.
բ) փաստացի ներկրված ցորենի վերամշակումից ստացված յուրաքանչյուր մեկ տոննա իրացված ալյուրի և ցորենի թեփի դիմաց հինգ բանկային օրվա ընթացքում մինչև 1996 թվականի հուլիսի 1-ը հանրապետական բյուջե փոխանցել համապատասխանաբար 105000 դրամ և 30000 դրամ.
գ) վարկի հաշվին ներմուծված ցորենի վերամշակման արդյունքում արտադրված ալյուրի և ցորենի թեփի իրացումից հանրապետական բյուջե փոխանցվող գումարի նկատմամբ կիրառել տարեկան 15 տոկոս տոկոսադրույք` տոկոսների հաշվարկումը և վճարումն առաջին խմբաքանակի համար կատարելով 1996 թվականի ապրիլի 1-ից մինչև հուլիսի 1-ը:
դ) ելնելով սույն որոշման պահանջներից, նախարարության կողմից լիազորված պետական ձեռնարկության 1996 թվականի առաջին եռամսյակի հաշվապահական հաշվետվություններում կատարել համապատասխան ճշգրտումներ.
ե) ձեռնարկել համապատասխան միջոցներ վարկի չօգտագործված մնացորդի հաշվին պարենային ցորենի ներմուծման աշխատանքներն արագացնելու համար:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` ելնելով սույն որոշման դրույթներից, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարության կողմից լիազորված պետական ձեռնարկության հետ 5-օրյա ժամկետում կնքել վարկային պայմանագիր (նախատեսելով պատժամիջոցներ` պայմանագրային պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար) և իրականացնել վերահսկողություն վարկի նպատակային օգտագործման ու հանրապետական բյուջե վճարումների ժամանակին կատարման նկատմամբ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հունիսի 24-ից: