07.01.2014 - 25.08.2014
«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
28 դեկտեմբերի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 05013517
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
24 դեկտեմբերի 2013 թ. թիվ 309-Ն
«ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԿԱՏԱՐՎՈՂ ԾԱԽՍԵՐԻ ԿԱԶՄՆ ՈՒ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 10/12-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Նպատակ ունենալով ապահովել պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների օգտագործման արդյունավետությունը, թափանցիկությունն ու վերահսկելիությունը, ինչպես նաև պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների միջև համադրելիությունը,
i
Հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասը,
i
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների հաշվին կատարվող ծախսերի կազմն ու առավելագույն չափը» կանոնակարգ 10/12-ը` համաձայն սույն որոշման Հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2013 թ. դեկտեմբերի 27 Երևան
|
|
Հավելված
Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2013 թվականի դեկտեմբերի 24-ի
թիվ 309-Ն որոշմամբ
ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 10/12
ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԿԱՏԱՐՎՈՂ ԾԱԽՍԵՐԻ ԿԱԶՄՆ ՈՒ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԸ
ԳԼՈՒԽ 1.
ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կանոնակարգը սահմանում է այն ծախսերի կազմը (բացառությամբ կառավարչի պարգևավճարի) ու դրանց առավելագույն չափը, որոնք կարող են կատարվել պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների հաշվին:
i
2. Սույն կանոնակարգում օգտագործված հասկացություններն ունեն «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նշանակությունը:
ԳԼՈՒԽ 2.
ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԿԱՏԱՐՎՈՂ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԾԱԽՍԵՐԸ
3. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների հաշվին, բացի կենսաթոշակային ֆոնդի կառավարման համար կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կողմից գանձվող վճարից (կառավարչի պարգևավճար) և երաշխիքային ֆոնդին վճարվող պարբերական երաշխիքային վճարներից, թույլատրվում է իրականացնել այդ ֆոնդի կառավարման հետ կապված հետևյալ ծախսերը.
1) ֆոնդի ակտիվներով գործարքների իրականացման հետ ուղղակիորեն կապված ծախսերը, այդ թվում` գործարքների կնքման հետ կապված վճարները (միջնորդավճարները), ինչպես նաև արժեթղթերի և դրամական միջոցների փոխանցումների գծով վճարները,
2) ֆոնդի հաշվին ներգրավված վարկերի (փոխառությունների) գծով վճարվելիք տոկոսները, ռեպո և հակադարձ ռեպո գործարքների գծով վճարվելիք տոկոսները:
ԳԼՈՒԽ 3.
ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԿԱՏԱՐՎՈՂ ԾԱԽՍԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԸ
4. Սույն կանոնակարգի 3-րդ կետում նշված փաստացի ծախսերի տարեկան ընդհանուր մեծությունը չի կարող գերազանցել ֆոնդի միջին տարեկան զուտ ակտիվների արժեքի 0.1 տոկոսը: Սույն կանոնակարգի իմաստով` ֆոնդի միջին տարեկան զուտ ակտիվների արժեքը տվյալ տարվա համար ֆոնդի զուտ ակտիվների արժեքների միջին թվաբանական մեծությունն է, որը որոշվում է տարվա ընթացքում հաշվարկված` ֆոնդի զուտ ակտիվների արժեքների հանրագումարը բաժանելով տվյալ ֆոնդի զուտ ակտիվների արժեքի հաշվարկման պարբերականության (տարվա ընթացքում ֆոնդի զուտ ակտիվների արժեքի հաշվարկների քանակի) վրա: