041.0036.280102
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
28 հունվարի 2002 թվականի N 36
ՍՊԻՏԱԿԻ «ՎԱՆՈՒՀԻ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՎԱՐԿԻ ՄԱՐՄԱՆ ԵՎ ՏՈԿՈՍՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
1. Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 9-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վարկերի տրամադրման կարգը հաստատելու մասին» N 168 որոշման` թույլատրել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը մինչև 2005 թվականը հետաձգել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության աղետի գոտու վերականգնման ծրագրի իրականացման գրասենյակի և Սպիտակի կարի արտադրական միավորման (Սպիտակի «Վանուհի» բաց բաժնետիրական ընկերություն) միջև 1995 թվականի հուլիսի 12-ին կնքված N 1 վարկային պայմանագրի հիման վրա Համաշխարհային բանկի կողմից տրամադրված 615000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով վարկի մարման և տոկոսների վճարման ժամկետները:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` սույն որոշման 1-ին կետում նշված վարկային պայմանագրում` սահմանված կարգով կատարել լրացում Սպիտակի «Վանուհի» բաց բաժնետիրական ընկերության հիմնական միջոցները, որպես վարկային պարտավորությունների կատարման ապահովման միջոց, գրավ վերցնելու մասին:
3. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` հինգօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել Սպիտակի «Վանուհի» բաց բաժնետիրական ընկերության կողմից` սույն որոշման 1-ին կետում նշված վարկի մարման և տոկոսների վճարման ժամանակացույցը: