Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ (2021-2026 ԹԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ (2021-2026 ԹԹ.) 2021 ԹՎԱԿԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 փետրվարի 2022 թվականի N 234-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ (2021-2026 ԹԹ.) 2021 ԹՎԱԿԱՆԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԶԵԿՈՒՅՑԻ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

i

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 156-րդ հոդվածի և հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 127-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցին` համաձայն հավելվածի, և այն ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. փետրվարի

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2022 թվականի փետրվարի 28-ի

N 234-Ա որոշման

 

ԶԵԿՈՒՅՑ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ (2021-2026 թթ.) 2021

ԹՎԱԿԱՆԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

ՆԱԽԱԲԱՆ

 

2021 թվականը մեկնարկեց 2020 թվականի 44-օրյա պատերազմի հարուցած անվտանգային, սոցիալ-հոգեբանական, քաղաքական ճգնաժամի պայմաններում: COVID-19-ի համավարակի հետևանքով ի հայտ եկած սոցիալ-տնտեսական անորոշություններն ավելի խորացան` լարումներ ստեղծելով ֆինանսատնտեսական համակարգի համար:

Հազարավոր զոհեր, տասնյակ հազարավոր տեղահանվածներ, հարյուրավոր անհետ կորածներ, բազմաթիվ գերեվարվածներ, խաթարված հանրային կյանք, ատելության մթնոլորտ, ներքաղաքական ճգնաժամ, COVID-19-ի ծավալվող համավարակ, մակրոտնտեսական սպառնալիքներ. այսպիսին էին 2021 թվականի մեկնարկային պայմանները:

Իրադրությունն ավելի սրվեց 2021 թվականի փետրվարին, երբ ԶՈՒ հրամկազմը Կառավարության հրաժարականը պահանջող հայտարարությամբ հանդես եկավ: Զինված ուժերի այս անթույլատրելի քաղաքականացումն էական ազդեցություն չունեցավ ներքաղաքական կյանքի վրա, բայց ավելի սրեց Հայաստանի անվտանգային սպառնալիքները:

2021 թվականի մայիսի 12-ին Ադրբեջանի ԶՈՒ մի շարք ստորաբաժանումներ Հայաստան-Ադրբեջան սահմանագծի Սոթք-Խոզնավար հատվածում ապօրինի ներխուժեցին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք` օկուպացնելով շուրջ 45 քառակուսի կիլոմետր տարածք:

Հայաստանի Հանրապետությունը, հիմք ընդունելով 1992 թվականի մայիսի 15-ին ընդունված Հավաքական անվտանգության մասին պայմանագրի 2-րդ հոդվածը, դիմեց ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նախագահողին և անդամներին (պետությունների ղեկավարներին)` ՀԱՊԿ անդամ պետությունների դիրքորոշումների համակարգմանն ու ի հայտ եկած սպառնալիքի չեզոքացման նպատակով քայլերի մշակմանը նվիրված արտահերթ խորհրդատվությունների մեխանիզմի անհապաղ գործարկման ակնկալիքով:

Սոթք-Խոզնավար հատվածում ադրբեջանական զինված ուժերի շարունակական ներկայության պայմաններում 2021 թվականի ընթացքում մի քանի անգամ զինված միջադեպեր տեղի ունեցան, որոնց հետևանքով ՀՀ ԶՈՒ 13 զինծառայողներ զոհվեցին, 44 զինծառայողներ գերեվարվեցին (գերությունից վերադարձել են 41 զինծառայողներ):

Հայաստանի Հանրապետության սահմանների երկայնքով և Արցախի շուրջ անվտանգային իրավիճակը շարունակում է մնալ անկայուն: Հրադադարի ռեժիմի պարբերական խախտումներն իրավիճակի ապակայունացման մշտական պոտենցիալ են պարունակում:

Այս է պատճառը, որ Կառավարությունը կարծում է, որ ՀԱՊԿ դիտորդական առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է մնալ հրատապ և այս ուղղությամբ շարունակում է աշխատանքը ՀԱՊԿ անդամ երկրների հետ: ՀԱՊԿ-ում նախագահությունն ստանձնելով` Հայաստանի Հանրապետությունն առաջնահերթ է համարել հենց ՀԱՊԿ արձագանքման մեխանիզմի կատարելագործումը, ինչը պատմության մեջ առաջին անգամ կոնկրետ արտահայտություն ստացավ 2022 թվականի մեկնարկին ՀԱՊԿ անդամ Ղազախստանում տեղի ունեցած դեպքերի համատեքստում:

Կառավարությունը շարունակում է աշխատանքը նաև Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև` Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի (ուժերի) Միացյալ խմբավորման մասին, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագրերով նախատեսված կիրառման ընդհանուր պլանի և համատեղ գործողությունների պլանի հաստատման ուղղությամբ, որը հայ-ռուսական դաշնակցային, ռազմավարական գործընկերության զարգացման հերթական փուլը կդառնա:

 

Ճանապարհային քարտեզ

 

2021 թվականի սկզբից Կառավարության առաջնահերթությունը 2020 թվականի նոյեմբերի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակած ճգնաժամային իրավիճակի կառավարման ճանապարհային քարտեզի իրագործումն էր: Ճանապարհային քարտեզի կետերը հետևյալն էին.

 

Կետ 1. Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի վերականգնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով` Արցախի կարգավիճակի և իրենց բնակության վայրեր արցախցիների վերադարձի հարցի առաջնահերթության ընդգծմամբ:

 

ԵԱՀԿ Մինսկի խմբի (ՄԽ) համանախագահները և համանախագահող երկրներն ընդունել են 11 հայտարարություն, որոնցում արձանագրվել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը դեռևս լուծված չէ և պետք է կարգավորվի կողմերին հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա: 2021 թվականին ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ներքո տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների երկու հանդիպում: ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափով հաջորդ հանդիպումը նախատեսված էր անցկացնել 2021 թվականի դեկտեմբերի 1-3-ը Ստոկհոլմում` ԵԱՀԿ նախարարական ամենամյա վեհաժողովի շրջանակներում: Ադրբեջանական կողմը չեղարկել է Ստոկհոլմում նախատեսված հնգակողմ հանդիպումը` որպես դրդապատճառ նշելով Հայաստանի Հանրապետության պատգամավորների այցը Լեռնային Ղարաբաղ: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորումը շարունակում է մնալ Կառավարության առաջնահերթությունների շարքում: Ջանքեր են գործադրվել ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակներում և նրա մանդատի ներքո Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունների վերսկսման ուղղությամբ: Ստոկհոլմում ԵԱՀԿ նախարարական ամենամյա խորհրդաժողովի ընթացքում ԵԱՀԿ մասնակից պետությունների մեծամասնության, ինչպես նաև մի շարք միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից հստակ ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափում բանակցությունների միջոցով կարգավորելու անհրաժեշտությունը: Կարևոր է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների անունից այդ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քաղաքական բարձր մակարդակում հաստատել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահության մանդատի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի չլուծված հարցերի կարգավորման անհրաժեշտությունը: Շարունակվել է պատերազմի առաջին իսկ օրերից մեկնարկած աշխատանքը` ուղղված Արցախում միջազգային կազմակերպությունների ներգրավմանն ու մարդասիրական աջակցության տրամադրմանը: Առաջնահերթ նպատակը շարունակել է լինել բոլոր տեղահանված անձանց կամավոր, անվտանգ ու արժանապատիվ վերադարձն Արցախ: ՄԱԿ-ի մարդասիրական մարմինների հետ շարունակաբար քննարկվել է Արցախ մարդասիրական առաքելություն ուղարկելու հարցը: Ադրբեջանի կողմից մարդասիրական առաքելությունները խոչընդոտելու փաստը հրապարակայնորեն ճանաչվել է ինչպես ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակի, այնպես էլ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից: Դիվանագիտական և միջազգային այլ հանդիպումներում Հայաստանը շարունակել է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Արցախի դեմ ռազմական ագրեսիայի ընթացքում և դրանից հետո Ադրբեջանի իրականացրած մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումներին: Սեպտեմբերի 27-ին ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի լիագումար նիստում ընդունվել է «Հայ-ադրբեջանական հակամարտության/Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար խնդիրների հետևանքները» բանաձևը` ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և հարկադիր տեղահանվածների հարցերով զեկուցող Փոլ Գավանի զեկույցի հիման վրա: Եվրոպական խորհրդարանն իր Ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության կիրարկման 2021 թվականի ամենամյա զեկույցում Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն անդրադառնալիս ընդգծում է, որ դեռևս պետք է գտնել տևական կարգավորում, և որ խաղաղության հասնելու և տարածաշրջանի ապագա իրավական կարգավիճակը հստակեցնելու գործընթացը պետք է առաջնորդվի ՄԽ համանախագահների կողմից և հիմնված լինի ՄԽ հիմնարար սկզբունքների վրա:

 

Կետ 2. Ապահովել արցախցիների վերադարձն իրենց հայրենի օջախներ: Ամբողջությամբ վերականգնել Արցախի բնականոն կյանքը: ԼՂ իշխանությունների վերահսկողության տակ գտնվող տարածքների վնասված տների, բնակարանների և ենթակառուցվածքների վերականգնում:

 

Արցախի Հանրապետության կառավարությանը և Արցախի քաղաքացիներին աջակցելու, Արցախի բնականոն կենսագործունեությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 2020 թվականի նոյեմբերից սկսած և 2021 թվականի ամբողջ ընթացքում իրականացվել են 2-տասնյակից ավելի միջոցառումներ` 136 մլրդ դրամ ընդհանուր բյուջեով, որից` 120 մլրդ դրամը հատկացվել է 2021 թվականի ընթացքում: Արցախի սոցիալտնտեսական վերականգնմանն ուղղված միջոցառումների մի մասը դեռևս շարունակվում է:

2021 թվականի ընթացքում ապահովվել է նաև անվճար ուղևորափոխադրում Երևան-Գորիս-Ստեփանակերտ երթուղով, որի համար 2021 թվականի ընթացքում հատկացվել է 175 մլն դրամ: Իրականացվել է շուրջ 590 ուղերթ, որից օգտվել է ավելի քան 25000 մարդ: Հայաստանի Հանրապետությունում շարունակում են բնակվել պատերազմի արդյունքում տեղահանված 20000-ից ավելի արցախցիներ: Պատերազմի օրերին Հայաստանի Հանրապետություն էին տեղափոխվել շուրջ 98000 արցախցիներ, որոնցից շուրջ 38000 տեղահանվածներ: Ըստ Արցախի կառավարության տվյալների` 2021 թվականի դեկտեմբեր ամսվա դրությամբ Արցախում բնակվում է 117 455-ից ավելի մարդ:

Կառավարության առաջնահերթ նպատակ է շարունակում մնալ բոլոր տեղահանված անձանց կամավոր, անվտանգ ու արժանապատիվ վերադարձն Արցախ:

 

Կետ 3. Զոհված զինծառայողների և քաղաքացիների ընտանիքների սոցիալական երաշխիքների ապահովում:

 

Սույն զեկույցի ներկայացման պահի պաշտոնական տվյալներով 44-օրյա պատերազմում հայկական կողմից զոհվել են 3812 անձ` 3736 զինծառայող, 76 քաղաքացիական անձ:

Պատերազմի հետևանքով զոհված քաղաքացիական անձանց ընտանիքներին և հաշմանդամություն ստացած անձանց տրամադրվել է միանվագ աջակցություն. 87 շահառուի վճարվել է շուրջ 355 մլն դրամ աջակցություն (որոնցից 54-ը` զոհվածի ընտանիքի անդամներ, 13-ը` հաշմանդամություն ունեցող անձինք, 20-ը` անհայտ կորած, ինչպես նաև գերեվարված անձանց ընտանիքի անդամներ):

Զեկույցի ներկայացման պահի դրությամբ 44-օրյա պատերազմի և դրան հաջորդող դեպքերի հետևանքով Զինհիմնադրամի շահառու են դարձել 3701 զոհված և անհայտ բացակայող զինծառայողների ընտանիքներ, 114 զինծառայող` որպես 1-ին խմբի և 413 զինծառայող` որպես 2-րդ խմբի հաշմանդամ:

 

Կետ 4. Պատերազմական գործողությունների ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում տուժած բնակելի և հանրային կառույցների ու ենթակառուցվածքների վերականգնում:

 

Պատերազմի ընթացքում հրետակոծության հետևանքով ՀՀ համայնքներում քաղաքացիների անշարժ գույքին պատճառված վնասների փոխհատուցման նպատակով 120 անձի վճարվել է ընդհանուր շուրջ 50 մլն դրամ:

Սյունիքի մարզի Գորիս համայնքի Շուռնուխ և Որոտան բնակավայրերի անշարժ գույքը կորցրած բնակիչներին տրամադրվել է դրամական աջակցություն` 300,000-ական դրամ միանվագ և ամսական 68,000 դրամ` հաջորդող 6-ամսյա ժամանակահատվածում: Շուռնուխ համայնքում բնակելի տուն կորցրած ընտանիքների համար բնակելի թաղամաս կառուցելու նպատակով պետական բյուջեից հատկացվել է շուրջ 470 մլն դրամ: 2021 թվականին իրականացվել են շինարարական աշխատանքներ, 13 առանձնատների կառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2022 թվականի ամռանը:

2021 թվականին պետական բյուջեից տրամադրվել է շուրջ 10 մլրդ դրամ Սյունիքի մարզում պետական նշանակության ճանապարհների (ընդհանուր` շուրջ 80 կմ) հիմնանորոգման ծրագրերն իրականացնելու նպատակով: Մարզում արդեն մեկնարկել և 2022 թվականին կավարտվեն շուրջ 70 կմ ընդհանուր երկարությամբ կենսական ճանապարհների կառուցումը և վերակառուցումը:

Սյունիքի մարզի Շիկահող և Վայոց ձորի մարզի Մարտիրոս բնակավայրերում բացվել են կամավորական հրշեջ-փրկարարական հենակետեր:

Համապատասխան տեխնիկական զինվածությամբ հրշեջ ավտոմեքենաներ են հատկացվել Սյունիքի մարզի Շուռնուխ, Շիկահող և Կոռնիձոր համայնքներում ձևավորված հրշեջ-փրկարարական հենակետերին:

Արտակարգ իրավիճակների նախարարության մինչ օրս ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մարզերում տեղադրվել են 190 նոր էլեկտրաշչակներ, վերանորոգվել են 244 էլեկտրաշչակներ. ներկայումս 929 էլեկտրաշչակ գտնվում է սարքին վիճակում (նախկինում սարքին է եղել 485 էլեկտրաշչակ):

 

Կետ 5. Հաշմանդամություն ստացած զինծառայողների սոցիալական երաշխիքների, պրոթեզավորման գործընթացի և մասնագիտական վերապատրաստման ապահովում:

 

Ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած անձանց պրոթեզավորման հատուկ ընթացակարգով ձևավորված բազմամասնագիտական թիմի տնայցերի միջոցով իրականացվել է պրոթեզավորման կարիք ունեցող 125 շահառուի կարիքների գնահատում (վերին վերջույթ` 20 անձ, ստորին վերջույթ` 105 անձ):

2021 թվականի վերջի դրությամբ` հիմնական ֆունկցիոնալ պրոթեզ է ստացել 124 անձ (վերին վերջույթ` 20 անձ, ստորին վերջույթ` 104 անձ):

2021 թվականի վերջի դրությամբ` ռազմական գործողությունների հետևանքով վիրավորված անձանց բժշկասոցիալական փորձաքննությունից հետո 1491 անձի սահմանվել է հաշմանդամություն (1-ին խումբ` 111 անձ, 2-րդ խումբ` 396 անձ, 3-րդ խումբ` 984 անձ):

Ռազմական գործողությունների հետևանքով ծանր վնասվածք կամ խեղում ստացած 393 զինծառայողներին մինչև Զինհիմնադրամի շահառու ճանաչվելը հատկացվել է ամսական 300,000 դրամ աջակցություն: Այս նպատակով պետական բյուջեից ընդհանուր առմամբ հատկացվել է շուրջ 500 մլն դրամ:

Պատերազմում վիրավորում ստացած անձանց տրամադրվել է 500,000-ական դրամ միանվագ աջակցություն. ընդհանուր այդ նպատակի համար հատկացվել է շուրջ 3,7 մլրդ դրամ, աջակցություն է ստացել 7385 անձ:

Կառավարությունը շարունակել է իրականացնել միջոցառումներ ռազմական գործողություններին մասնակցած, այդ թվում` հաշմանդամություն ձեռք բերած նախկին զինծառայողների մասնագիտական ուսուցման և զբաղվածության աջակցության ուղղությամբ:

 

Կետ 6. Գերեվարված զինվորականների և քաղաքացիական անձանց ընտանիքների սոցիալական երաշխիքների ապահովում: Անհետ կորածների ընտանիքների սոցիալական երաշխիքների ապահովում:

 

2021 թվականի ընթացքում ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Վրաստանի, Հունգարիայի, ԵՄ-ի, Ֆրանսիայի միջնորդությամբ հայրենիք են վերադարձվել Ադրբեջանի կողմից գերեվարված 84 անձ. 44-օրյա պատերազմից ի վեր վերադարձվել է 150 գերեվարված անձ: Սույն զեկույցի ներկայացման պահին ադրբեջանական գերության մեջ են մնում 38 անձինք: Անհայտ է 217 անձի գտնվելու վայրը:

Սոցիալական աջակցություն է տրամադրվել ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած կամ գերեվարված զինծառայողների ընտանիքներին (ամսական 300,000 դրամ): Ընդհանուր վճարվել է շուրջ 2 մլրդ դրամ:

Հայաստանը շարունակում է միջազգային տարբեր ձևաչափերով բարձրաձայնել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց անհապաղ վերադարձի հարցը: Խնդիրը 2021 թվականի ապրիլի 19-ին ներառվել է ԵԽԽՎ ապրիլյան նստաշրջանի օրակարգում: Շարունակում է ուժի մեջ մնալ նաև Ադրբեջանի նկատմամբ ՄԻԵԴ-ի միջանկյալ միջոցների կիրառման մասին որոշումը: 2021 թվականի մայիսի 20-ին Եվրոպական խորհրդարանը 607 անդամների ձայնով ընդունել է հայ գերիների անհապաղ ազատման և վերադարձի կոչ անող բանաձև: ԵՄ-ի շրջանակներում հայ գերիների վերադարձի անհրաժեշտության խնդիրն արծարծել են Եվրոպական հանձնաժողովի նախագահը, Եվրոպական միության (ԵՄ) արտաքին հարաբերությունների ծառայության խոսնակը, Եվրոպական խորհրդարանի 100-ից ավելի անդամներ: Հայ գերիների վերադարձի խնդրին անդրադարձ են կատարել Human Rights Watch և Freedom House իրավապաշտպան կազմակերպությունները: Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ընթացքի մեջ է «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» և «Հայաստանն ընդդեմ Թուրքիայի» միջպետական գանգատների քննությունը:

 

Կետ 7. Պատերազմին մասնակցած անձանց և ընդհանուր առմամբ հանրության հոգեբանական ռեաբիլիտացիայի համակարգի ձևավորում:

 

Պատերազմին մասնակցած անձանց և ընդհանուր առմամբ հանրության հոգեբանական ռեաբիլիտացիայի ծրագրի իրագործման նպատակով պետական բյուջեից հատկացվել է 100 մլն դրամ: Այս ծրագիրը մինչև 2021 թվականի ավարտն ունեցել է 1358 շահառու, իրականացվել է 15520 հոգեբանական աջակցության մասնագիտացված շփում:

Պատերազմում զոհված, հաշմանդամություն ստացած զինծառայողների, աշխարհազորայինների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան երեխաների համար պետական ֆինանսավորմամբ կազմակերպվել է ամառային հանգիստ` երկու հերթափոխով, 20-ական օրով: Ծրագրի բյուջեն կազմել է շուրջ 337 մլն դրամ:

 

Կետ 8. Զինված ուժերի բարեփոխումների ծրագրի հաստատում և բարեփոխումների մեկնարկ:

 

Վարչապետի որոշմամբ ստեղծվել է Զինված ուժերում բարեփոխումների միջգերատեսչական հանձնաժողով, որը մշակել է ՀՀ ԶՈՒ բարեփոխումների հայեցակարգը և դրա դրույթների իրականացումն ապահովող ծրագիր ժամանակացույցը` սահմանելով այն հիմնական ուղենիշերը, երկարատև պլանավորման խնդիրներն ու ռեսուրսները, որոնք հիմք են դառնալու ՀՀ պաշտպանության ոլորտի համակարգային զարգացման համար: Ոլորտի զարգացումը հիմնվում է Կառավարության` 2021-2026 թվականների գործունեության ծրագրի վրա, որտեղ ընդգծվում է, որ Հայաստանի Հանրապետությունը, ինչպես ցանկացած խաղաղասեր պետություն, զինված ուժերը զարգացնելու և վերափոխելու է ոչ թե ագրեսիայի, այլ ագրեսիայից պաշտպանվելու նպատակով: Հայաստանի Հանրապետությունը տարածքներ նվաճելու մտադրություն չունի:

 

Կետ 9. Կորոնավիրուսի համավարակի հաղթահարում և դրա հետևանքների վերացում:

 

2022 թվականի փետրվարի 24-ի դրությամբ Հայաստանում հաստատված կորոնավիրուսային հիվանդության դեպքերի ընդհանուր թիվը կազմել է 418220: Իրականացվել է 2,879,685 թեստավորում: Նույն ամսաթվի դրությամբ կորոնավիրուսի հետևանքով 8392 մահվան դեպք է արձանագրվել:

2021 թվականին ներդրվել է COVID-19-ի դեմ պատվաստումների համակարգը: 2022 թվականի փետրվարի 24-ի դրությամբ Հայաստանում արդեն կիրառվում է COVID-19-ի դեմ 7 տեսակի պատվաստանյութ և ներկրվել է շուրջ 3.2 մլն դեղաչափ պատվաստանյութ: Նույն ամսաթվի դրությամբ 18 տարեկան և բարձր տարիքի բնակչության առնվազն 40.5%-ը արդեն ստացել է երկրորդ դեղաչափը:

Կորոնավիրուսի համավարակի հետևանքների չեզոքացման նպատակով իրականացվել է 25 սոցիալ-տնտեսական հիմնական միջոցառում, որոնց շրջանակում շահառուներին հասանելի գումարը կազմել է շուրջ 250 մլրդ դրամ, որը ներառում է նաև բանկերի կողմից սուբսիդավորման խթանով տրամադրված փոխառու միջոցները: 2021 թվականի վերջի դրությամբ` սոցիալական միջոցառումների շահառուների թիվը կազմել է շուրջ 1,1 մլն, իսկ տնտեսական միջոցառումներինը` 90 հազարից ավելի:

 

Կետ 10. Տնտեսական ակտիվության միջավայրի վերականգնում:

 

Տնտեսական ակտիվության վերականգնման ուղղությամբ արագ արձագանքման միջոցառումներ իրականացնելու նպատակով հաստատվել է Տնտեսական արձագանքման ծրագիրը և գործողությունների նախնական պլանը` ներառելով նպատակային 12 միջոցառում:

Չնայած համավարակի և պատերազմի դժվարին հետևանքներին` Կառավարությունը 2021 թվականի սկզբին ավարտին է հասցրել եվրապարտատոմսերի աննախադեպ (750 մլն ԱՄՆ դոլար) ծավալով թողարկումն ու տեղաբաշխումը, սուվերեն բոլոր թողարկումների մեջ ամենացածր եկամտաբերությամբ (տոկոսով): Տեղաբաշխման եկամտաբերությունը կազմել է 3,875%, իսկ արժեկտրոնի եկամտաբերությունը` 3,6%, 2019 թվականի թողարկման 4,2% և 3,95% և 2015 թվականի թողարկման 7,5% և 7,15% համեմատ: Դա կատարվել է միջազգային ֆինանսական շուկաներում բաց և բացարձակ մրցակցային եղանակով:

Հատկանշական է, որ միջազգային հեղինակավոր «Ֆիտչը» և «Մուդիսը» 2021 թվականին վերահաստատել են Հայաստանին տրված «կայուն» հեռանկարով վարկանիշները, վարկունակության մակարդակը գնահատվել է որպես «վստահելի»` կարևորելով առկա ռիսկերը կառավարելու Կառավարության կարողությունը: 2021 թվականին հեղինակավոր «Ստանդարտ ընդ Փուրսը» Հայաստանին շնորհել է «դրական» հեռանկարով վարկանիշ` գնահատելով Կառավարության կարողությունը մակրոտնտեսական կայունության պահպանման և խելամիտ ու հուսալի մակրոտնտեսական քաղաքականություն վարելու հանգամանքը:

 

Կետ 11. Ժողովրդագրական խնդիրների լուծման ծրագրերի ակտիվացում:

 

Համաձայն «Անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման մասին» Կառավարության որոշման` անպտղության հաղթահարմանն ուղղված բժշկական օգնությունից օգտվել են նաև Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված անձանց ծնողները: 2021 թվականի վերջի դրությամբ գրանցվել է 26 հղիություն և 1 ծնունդ:

2021 թվականի տարեվերջին ընդունվել է ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու կապակցությամբ ամսական 50,000 դրամի չափով և մինչև երեխայի 6 տարեկանը լրանալը դրամական աջակցության ծրագիրը:

Լավարկումներ են իրականացվել 2020 թվականին մեկնարկած Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 20202023 թվականների 3 ծրագրերում, կրկնապատկվել են ծրագրերի գծով բյուջետային հատկացումները, մասնավորապես, 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված շուրջ 526 մլն դրամի փոխարեն նույն տարվա ընթացքում ծրագրերի իրականացմանն է ուղղվել շուրջ 1,3 մլրդ դրամ: 2021 թվականին ծրագրերի շրջանակներում աջակցություն է ստացել 1949 շահառու:

 

Կետ 12. Ընտրական օրենսգրքի փոփոխությունների և կուսակցությունների մասին նոր օրենքի ընդունում:

 

Ազգային ժողովն ընդունել է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը: Որոշ դրույթներ կիրառվել են 2021 թվականի հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ընթացքում:

2021 թվականի հունվարին ուժի մեջ է մտել «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը և հարակից օրենքները, որոնցով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն է սահմանվել նաև կուսակցությունների մշտապես գործող ղեկավար մարմնի անդամների (այլ ղեկավար մարմինների դեպքում այդ մարմնի անդամների) համար: Նույն օրենքով սահմանվել է նաև, որ կուսակցությունը պարտավոր է յուրաքանչյուր տարի հրապարակային ծանուցումների պաշտոնական համացանցային կայքէջում` www.azdarar.am հարթակում, հրապարակել ֆինանսական միջոցների աղբյուրների և ծախսերի, ինչպես նաև գույքի վերաբերյալ հաշվետվություն և դրանից հետո եռօրյա ժամկետում հաշվետվությունը և դրա հրապարակման փաստը վկայող ապացույցը ներկայացնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին:

 

Կետ 13. Մասնագիտացված դատավորների ինստիտուտի ներդրում` որպես Հակակոռուպցիոն դատարանի ստեղծման առաջին քայլ: Ապօրինի գույքի բռնագանձման օրենքի կիրարկման մեկնարկ:

 

Ազգային ժողովի կողմից 2021 թվականի ապրիլի 14-ին ընդունվել են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքները, որոնցով նախատեսվում է Հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանի ստեղծումը, որը գործելու է առնվազն 15 դատավորի կազմով և իրականացնելու է նաև կոռուպցիոն գործերով մինչդատական վարույթի նկատմամբ վերահսկողություն: Նախատեսվում է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական և քրեական դատարաններում Հակակոռուպցիոն դատարանի կայացրած դատական ակտերի դեմ բերված բողոքները քննելու իրավասություն ունեցող 6-ական դատավորների հաստիքների ավելացում:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի ուժով 2021 թվականին ներդրվել է մինչդատական քրեական վարույթի նկատմամբ վերահսկողություն իրականացնող և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ քննող դատավորների ինստիտուտը` 20 դատավորի հաստիքով: Բացի դրանից, վերաքննիչ քաղաքացիական և վարչական դատարաններում և սնանկության դատարանում դատավորների թիվն ավելացել է 10-ով:

Մինչև հակակոռուպցիոն դատարանի ստեղծումն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով մասնագիտացված դատական քննությունն ապահովելու նպատակով Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի ապրիլի 1-ի որոշմամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 4 դատավորներին վերապահվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ գործերը քննելու իրավասություն:

2021 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունում իրականացվել է 279 ուսումնասիրություն (214 ուսումնասիրություն սկսելու մասին որոշում կայացվել է 2020 թվականի ընթացքում, 65 որոշում` 2021 թվականի ընթացքում), ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով դատարան է ներկայացվել 3 հայցադիմում, որոնցից 2-ը ընդունվել են վարույթ: Ներկայացված հայցադիմումներով նախատեսված բռնագանձման ենթակա գումարի ընդհանուր չափը կազմում է շուրջ 5,9 մլրդ դրամ, բռնագանձման ենթակա է 25 գույք, որոնց միջին շուկայական արժեքների հանրագումարը կազմում է շուրջ 13 մլրդ դրամ:

2021 թվականին սկսվել և 2022 թվականի սկզբին ավարտին է հասցվել Վճռաբեկ դատարանում քաղաքացիական, վարչական, ինչպես նաև նոր հակակոռուպցիոն պալատ ստեղծելու գործընթացը:

2021 թվականի դեկտեմբերին հանրային քննարկման է ներկայացվել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում են մի շարք լավարկումներ, որոնք էականորեն կբարելավեն ապօրինի ծագում ունեցող գույքի հայտնաբերման և բռնագանձման գործընթացները:

 

Կետ 14. Հայաստանյան քաղաքական և քաղաքացիական համայնքի ներկայացուցիչների հետ մշտական թեմատիկ կոնսուլտացիաների անցկացում:

 

2021 թվականին վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպումը մի շարք հանդիպումներ է ունեցել ԱԺ բոլոր խմբակցությունների ղեկավարների հետ (29.12.2020 թ., 18.03.2021 թ., 04.03.2021 թ.): Վարչապետը հանդիպումներ է ունեցել նաև մի շարք արտախորհրդարանական ուժերի հետ (30.12.2020 թ., 14.01.2021 թ.): Կայացել են քննարկումներ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ

(15.03.2021 թ., 21.03.2021 թ.):

2021 թվականի հունիսի 20-ի խորհրդարանական ընտրություններից հետո` հունիսի 22-25-ը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ մեկնարկել են քաղաքական խորհրդակցություններ արտախորհրդարանական 13 ուժերի ղեկավարների հետ: Նույն թվականի հուլիսի 9-ին և հուլիսի 24-ին վարչապետն արտախորհրդարանական շուրջ մեկ տասնյակ քաղաքական ուժերի ղեկավարների հետ մասնակցել է համագործակցության խորհրդակցական ժողովի նիստերին: Հանդիպումներ են տեղի ունեցել նաև սփյուռքի հասարակական քաղաքական ուժերի հետ:

 

Կետ 15. Սփյուռքի հայկական կառույցների և առանձին անհատների հետ մշտական թեմատիկ կոնսուլտացիաների անցկացում:

 

2021 թվականի ընթացքում ՀՀ վարչապետն արտերկիր այցերի շրջանակներում հանդիպել է Ռուսաստանի, Ֆրանսիայի և Լիտվայի հայ համայնքների ներկայացուցիչների հետ:

Տարվա ընթացքում վարչապետն ընդունել է համահայկական, սփյուռքի կառույցների մի քանի տասնյակ ղեկավարների և ներկայացուցիչների, հայտնի գործիչների, մասնավորապես, Հայ կաթողիկե եկեղեցու առաջնորդին, Ֆրանսիայի հայկական համայնքները համակարգող խորհրդի համանախագահին, Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահին, ՌԱԿ, ՍԴՀԿ կենտրոնական վարչությունների պատասխանատուներին, ինչպես նաև մի շարք սփյուռքահայ գործարարների:

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը հանդիպումներ է ունեցել սփյուռքի խոշոր կառույցների ղեկավարների և անհատների հետ: Առցանց հանդիպումներ են կազմակերպվել Հայկական առևտրային ցանցի և սփյուռքյան առևտրաարդյունաբերական պալատների, գործարարների միությունների (Կանադա, ԱՄՆ, Ռուսաստան և այլն) ավելի քան 30 ներկայացուցիչների հետ: Քննարկվել են Հայաստանում և Արցախում բարենպաստ բիզնես միջավայրի զարգացման ուղղությամբ անելիքները, ներդրումների համար ոլորտային շահավետ հնարավորությունները, հայ գործարար ցանցերի առավել արդյունավետ ներգրավումը Հայաստանի և Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման գործընթացին: Կազմակերպվել են ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի աշխատանքային այցելությունները 3 երկիր` Ռուսաստան, Ուկրաինա և ԱՄՆ: Այցերի ընթացքում տեղի են ունեցել շուրջ 80 հանդիպումներ համայնքային տարբեր կառույցների և անհատների հետ:

2021 թվականի ընթացքում «Հանրային ծառայության մասին» օրենքի լավարկումներ են իրականացվել` սփյուռքի համայնքներում սփյուռքի գործերի հանձնակատարներ նշանակելու նպատակով: Հանձնակատարների ինստիտուտի ներդրումը միտված է զարգացնել և բազմազանեցնել Հայաստան-սփյուռք գործակցությունը:

 

Արտահերթ խորհրդարանական ընտրություններ և ժողովրդավարություն

 

Ճանապարհային քարտեզը հրապարակելիս` վարչապետ Ն. Փաշինյանն ընդգծել էր. «Այս ամենի կարևորագույն նպատակը Հայաստանի ժողովրդավարական կայունության ապահովումն է և երաշխիքների ստեղծումը, որ Հայաստանում իշխանության ձևավորմանը ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով որևէ բան չի սպառնում»: 2020 թվականի դեկտեմբերին վարչապետը 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցի շուրջ քաղաքական խորհրդակցություններ նախաձեռնեց: Խորհրդակցությունները և արտահերթ ընտրությունների գաղափարը մերժվեցին արմատական ընդդիմության կողմից: Այսուհանդերձ, խորհրդակցելով խորհրդարանական ուժերի, Հանրապետության նախագահի, մի շարք արտախորհրդարանական ուժերի հետ, վարչապետ Փաշինյանը 2021 թվականի ապրիլի 25-ին հրաժարական տվեց` հայտարարելով 2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետությունում արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին:

2021 թվականին Ընտրական օրենսգրքում կատարվել են համապարփակ փոփոխություններ, որոնք լայնորեն քննարկվել և աջակցության են արժանացել կուսակցությունների և քաղաքացիական հասարակության խմբերի մեծ մասի կողմից: Արդյունքում պարզեցվել է ընտրակարգը և վերացվել է տարածքային ընտրացուցակների համակարգը, բարելավվել են կոալիցիաների ձևավորման, քարոզարշավների անցկացման կարգերը, բարձրացվել է ընտրությունների անցկացման թափանցիկությունը:

Հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններն ի ցույց դրեցին ժողովրդավարական գործընթացների անշրջելիությունը Հայաստանի Հանրապետությունում: Դրանք արդեն երկրորդ անընդմեջ համապետական ընտրություններն էին, որ միջազգային հանրության կողմից արժանացան բարձր գնահատականի:

Ըստ միջազգային դիտորդական առաքելությունների` արտահերթ խորհրդարանական ընտրությունները եղել են մրցակցային, հիմնական իրավունքներն ու ազատությունները հարգվել են, ընտրություններն եղել են ազատ, քարոզարշավի իրականացման հնարավորությունները եղել են հավասար, ապահովվել է լուսաբանման հավասարության սկզբունքը, ընտրությունները համապատասխանել են ժողովրդավարության սկզբունքներին: ԺՀՄԻԳ Դիտորդական առաքելությունը, հաշվի առնելով ընտրությունների անցկացման կարճ ժամանակահատվածը, ընդգծել է, որ ընտրողներն ունեցել են ընտրության լայն հնարավորություն, կարողացել են ազատ քարոզչություն իրականացնել:

Հայաստանում ժողովրդավարական արժեքների առաջխաղացման մասին են վկայել նաև 43 միավորված համայնքներում 2021 թվականին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, որոնք գրեթե բոլոր համայնքներում առաջին անգամ անցնում էին համամասնական ընտրակարգով: Հարկ է նշել, որ 2021 թվականին Հայաստանի 441 համայնքներից միավորման արդյունքում ձևավորվել է 38 խոշորացված համայնք, իսկ ընդհանուր գործընթացի այս փուլի ամփոփման արդյունքում Հայաստանում ձևավորվել է 79 միավորված համայնք:

2022 թվականի հունվարի 27-ին Հայաստանը բարձր գնահատականի է արժանացրել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ընդունած «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության մասին» բանաձևը և դրան կից զեկույցը: Բանաձևում բարձր են գնահատվել 2018 թվականին քաղաքական իշխանության փոփոխությունից հետո Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական զարգացումը, մեկնարկած բարեփոխումների հետևողական իրականացումը, ինչպես նաև 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված քաղաքական ճգնաժամի արդյունավետ հանգուցալուծումը, որը հաղթահարվել է 2021 թվականի հունիսին կայացած խորհրդարանական ընտրությունների շնորհիվ:

Բրիտանական «Էկոնոմիստ Ինթելիջենս Յունիթ» հեղինակավոր հետազոտական և խորհրդատվական ընկերությունը 2022 թվականի փետրվարի 9-ին հրապարակել է իր «Ժողովրդավարության ինդեքս 2021» զեկույցը, ըստ որի Հայաստանն առաջընթաց է գրանցել: Հայաստանը 165 երկրների և 2 տարածքների ցանկում զբաղեցրել է 89-րդ տեղը, ինչպես և 2020 թվականին, միաժամանակ, ստացել է 5,49 միավոր` 2020 թվականի 5,35-ի փոխարեն: Ըստ զեկույցի` Հայաստանն առաջատար է հարևան բոլոր երկրների համեմատ (Վրաստանը ցանկում 91-րդ տեղն է, Թուրքիան` 103-րդ, Ադրբեջանը` 141-րդ, Իրանը` 154-րդն է):

Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման մասին է խոսում նաև այն փաստը, որ Հայաստանն առաջատար է «Արևելյան գործընկերության համաթիվ 2020-2021» «Ժողովրդավարություն լավ կառավարում» բաժնում (0,73 միավոր): Այստեղ Հայաստանը եղել է առաջատարը հետևյալ ցուցիչներով` «Ժողովրդավարական իրավունքներ, ընտրություններ և քաղաքական բազմակարծություն» (0,84 միավոր), «Ազատ մամուլ» (0,67 միավոր), «Կարծիքի և արտահայտման ազատություն, հավաքների և միավորումների ազատություն» (0,84 միավոր), «Կոռուպցիայի դեմ պայքար» (0,88 միավոր) և «Անկախ դատական իշխանություն» (0,71 միավոր):

«Freedom House» կազմակերպության «Ազատությունն աշխարհում» 2021 թվականի զեկույցում Հայաստանին տրվել է 22 միավոր քաղաքական իրավունքների և 33 միավոր` քաղաքացիական ազատությունների մասով, որի շնորհիվ մեր երկրի համախառն միավորը 55 է` 2 միավորով ավելի 2020 թվականի զեկույցի համեմատ: Ըստ զեկույցի` Հայաստանը ճանաչվել է «մասամբ ազատ» երկիր: Զեկույցում նշվում է, որ Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանի կառավարությունը բախվեց համընդհանուր քննադատության` 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հետ կապված, որի արդյունքում զինադադարի մասին հայտարարությունից անմիջապես հետո ցուցարարները ժամանակավորապես գրավեցին խորհրդարանը, բայց իշխանությունը պահպանվեց: Զեկույցը փաստում է, որ հաշվետու տարում իշխանությունները շարունակական առաջընթաց են արձանագրել հակակոռուպցիոն ջանքերում:

«Freedom House»-ի մեկ այլ` «Համացանցային ազատություն» 2021 թվականի զեկույցում (ուսումնասիրվել է 2020 թվականի հունիս - 2021 թվականի մայիս ժամանակահատվածը) Հայաստանը 70 երկրների շարքում դասակարգված է որպես «ազատ» երկիր: «Ազատ» երկրների ենթակարգում Հայաստանը հայտնվել է 2018 թվականից ի վեր:

2022 թվականի հունվարին «Transparency International» կազմակերպության հրապարակած` 2021 թվականն ամփոփող «Կոռուպցիայի ընկալման ցուցիչ» զեկույցում Հայաստանի ընդհանուր միավորը կազմել է 49, որը նախորդ տարվա համեմատ չի ենթարկվել փոփոխության` չնայած հետպատերազմական և համավարակի իրավիճակին: Այնուամենայնիվ, Հայաստանը 180 երկրների շարքում զբաղեցնում է 58-րդ տեղը` նախորդ տարվա զեկույցի համեմատ դիրքերը բարելավելով 2 հորիզոնականով: Ինչպես և անցյալ տարի, Հայաստանի գրանցած արդյունքն ավելի բարձր է ցուցիչի համաշխարհային միջինից, որը հավասար է 43-ի: Այս ցուցանիշով Հայաստանը երկրորդն է` Վրաստանից հետո, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների շարքում:

«Henley & Partners» խորհրդատվական ընկերության 2022 թվականի «Անձնագրերի ցուցիչ» վարկանիշային աղյուսակում ընդգրկված 199 երկրներից/տարածքներից Հայաստանն զբաղեցնում է 78-րդ հորիզոնականը` 2 հորիզոնականով բարելավելով դիրքը նախորդ տարվա զեկույցի համեմատ: Ըստ այդմ, ՀՀ քաղաքացիներն առանց վիզայի (կամ վիզայի ստացում` ժամանման պահին) կարող են այցելել աշխարհի 65 երկիր/տարածք:

Վերոնշյալ համատեքստում, Հայաստանն արժևորում է ժողովրդավարական երկրների հետ իր համագործակցությունը և հարաբերությունների զարգացումը:

Միաժամանակ, Հայաստանը փորձում է հետխորհրդային և, մասնավորապես, կովկասյան տարածաշրջանում կայանալ որպես ժողովրդավարական երկիր` նպաստելով տարածաշրջանային բարեկեցության հաստատմանը: Ավելին, Հայաստանն իր յուրօրինակ փորձով ի ցույց դրեց ժողովրդավարության կայունացնող ազդեցությունը` հատկապես ներքաղաքական անվտանգության և պետության դիմակայունության բարձրացման հարցում: Սա հատկանշական ձեռքբերում է տարածաշրջանային քաղաքականության առանձնահատկությունների համատեքստում: Մասնավորապես, հետպատերազմյան ծանրագույն անվտանգային ժամանակահատվածում, չնայած ծայրահեղ քաղաքական բևեռվածությանն ու սուր հռետորաբանությանը, և՛ ՀՀ քաղաքացիները, և՛ բոլոր քաղաքական ուժերն ընդունեցին ընտրություններով ճգնաժամը լուծելու ձևաչափը` զերծ մնալով ներքաղաքական բռնությունից:

Կառավարությունը ժողովրդավարությունը և ժողովրդավարական Հայաստանի միջազգային համբավը կարևոր գործոններ են համարում Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման գործում:

 

ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ

 

Կառավարությունն առաջնորդվում է այն տրամաբանությամբ, որ անվտանգության ապահովման ամենագործուն երաշխիքը խաղաղությունն է: Այս է պատճառը, որ մեր երկրի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելը որդեգրվել է որպես պետական ռազմավարություն: Ռազմավարության կարևորագույն նպատակը Հայաստանի շուրջ տարածաշրջանային և միջազգային հնարավորինս բարենպաստ մթնոլորտի և միջավայրի ձևավորումն է:

Խաղաղ զարգացման դարաշրջան բացելու Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովման հայեցակարգը հիմնվում է դիրքորոշումների լեգիտիմության և լեգիտիմության ամրապնդման տրամաբանության վրա:

Այս նպատակի իրագործման Խաղաղության օրակարգի միջազգային առաջմղման համար Կառավարությունը վարում է միջազգային և տարածաշրջանային ակտիվ քաղաքականություն.

2021 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետը չորս անգամ երկկողմ հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի, չորս անգամ` Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու, երեք անգամ երկկողմ հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, երկու անգամ` Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Իբրահիմ Ռայիսիի հետ: Երկկողմ ձևաչափով հանդիպումներ են տեղի ունեցել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի, Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի հետ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջնորդությամբ երեք անգամ հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև: Տարվա ընթացքում ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի միջև կայացել է մեկ տասնյակից ավելի հեռախոսազրույց, ՀՀ վարչապետի և ՖՀ նախագահի միջև` հինգ հեռախոսազրույց: ՀՀ վարչապետը հեռախոսազրույցներ է ունեցել նաև ԵՄ խորհրդի նախագահի, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի, Վրաստանի վարչապետի և այլ երկրների ղեկավարների հետ:

2021 թվականի հունվարի 11-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության նախագահի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի միջև ստորագրվեց տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային բոլոր կապերն ապաշրջափակելու հարցով զբաղվող եռակողմ աշխատանքային խումբ ստեղծելու մասին հայտարարությունը: Եռակողմ աշխատանքային խումբն սկսել է իր աշխատանքները, ստեղծվել են ենթակառուցվածքների, ինչպես նաև սահմանային, մաքսային և հսկողական այլ գործառույթների կազմակերպման հարցերով փորձագիտական ենթախմբեր: 2021 թվականի ընթացքում տեղի է ունեցել Եռակողմ աշխատանքային խմբի 8 աշխատանքային հանդիպում: Որպես արդյունք` 2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների և դեկտեմբերի 15-ին Բրյուսելում Հայաստանի, Եվրոպական խորհրդի և Ադրբեջանի ղեկավարների միջև կայացած հանդիպումներին Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղին վերագործարկելու պայմանավորվածություն է ձեռք բերվել: Երկաթուղին գործելու է սահմանային ու մաքսային հսկողության միջազգայնորեն ընդունված կանոնների համաձայն: Այժմ աշխատանքներ են տարվում ձեռք բերված պայմանավորվածությունները դե յուրե ամրագրելու ուղղությամբ:

2021 թվականի նոյեմբերի 26-ին ՌԴ-ի Սոչի քաղաքում Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության նախագահի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի միջև ստորագրվեց հայտարարություն, որում ասվում է, որ կողմերը պայմանավորվել են «քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության և կայունության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ և գործը տանել դեպի սահմանազատման և սահմանագծման երկկողմ հանձնաժողովի ձևավորումը»: Կառավարությունն ակտիվ ջանքեր է գործադրում այս պայմանավորվածությունը կյանքի կոչելու համար և հանդես է եկել առաջարկությունների գործնական փաթեթով:

Հայաստանի Հանրապետության վարչապետը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի բանակցությունների մեկնարկին: Ակնհայտ է, որ խաղաղության պայմանագիրը պետք է ներառի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ կապված և դրանից բխող բոլոր հարցերի կարգավորումը: Սա է պատճառը, որ Հայաստանի Հանրապետությունը կարծում է, որ խաղաղության պայմանագրի բանակցությունները պետք է տեղի ունենան ԵԱՀԿ ՄԽ համանախագահության հովանու ներքո:

Հայաստանն ընդգրկվել է 3+3 տարածաշրջանային ֆորմատում, որի առաջին հանդիպումը կայացել է Մոսկվայում, 2021 թվականի դեկտեմբերի 10-ին:

2021 թվականի Հայաստանի և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների հրապարակային դրական հայտարարությունների շնորհիվ երկու երկրների միջև երկխոսության գործընթաց է մեկնարկել` հատուկ ներկայացուցիչների մակարդակով:

2021 թվականի հոկտեմբերի 18-19-ին Երևանում կայացել է հայ-ռուսաստանյան միջտարածաշրջանային 8-րդ համաժողովը, իսկ դեկտեմբերի 21-22-ին` երկու երկրների փոխվարչապետերի համանախագահությամբ Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 20-րդ նիստը: 2021 թվականի սեպտեմբերի 20-ին ՌԴ գործարար առաքելության` Երևան այցի շրջանակում կայացել է «Հայ-ռուսաստանյան տնտեսական համագործակցություն. հեռանկարային նախագծեր» միջոցառումը: Էականորեն ընդլայնվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգը` ներառելով առևտրատնտեսական, արդյունաբերության, գյուղատնտեսության, էներգետիկ, տրանսպորտային, տեղեկատվական տեխնոլոգիաների, կապի, ինչպես նաև սոցիալական, առողջապահական և հումանիտար ոլորտներում համագործակցության խորացման և ընդլայնման նոր ուղղություններ: Հայաստան-Ռուսաստան առևտրաշրջանառությունը 2021 թվականի արդյունքներով կազմել է շուրջ 2,8 մլրդ ԱՄՆ դոլարին համարժեք գումար, 2020 և 2019 թվականների` տարեկան շուրջ 2,3 մլրդ ԱՄՆ դոլարի և 2018 թվականի` շուրջ 2 մլրդ ԱՄՆ դոլարի համեմատ:

Հայաստանը շարունակել է իր ակտիվ ներգրավվածությունը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) աշխատանքներին: ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը 2021 թվականի արդյունքներով կազմել է շուրջ 2,9 մլրդ ԱՄՆ դոլարին համարժեք գումար, 2020 և 2019 թվականների` տարեկան շուրջ 2,4 մլրդ ԱՄՆ դոլարի և 2018 թվականի` շուրջ 2,1 մլրդ ԱՄՆ դոլարի համեմատ:

2021 թվականին շարունակվել են ՀԱՊԿ-ի շրջանակներում իրականացվող փոխգործակցության հետագա խորացման և կատարելագործման ուղղությամբ քայլերը: Նախապատրաստական աշխատանքներ են տարվել ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությանն ընդառաջ, և ամրագրվել են Հայաստանի հիմնական առաջնահերթությունները` միտված կազմակերպության արդյունավետության բարձրացմանը:

2021 թվականի ապրիլի 21-ին Հայաստանն ստանձնել է ԵԱՀԿ Անվտանգության համագործակցության ֆորումի նախագահությունը:

2021 թվականին ավարտվել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) վավերացման գործընթացը, և մարտի 1-ից համաձայնագիրը լիովին ուժի մեջ է մտել: Վարչապետը հաստատել է ՀԸԳՀ դրույթների վերաբերյալ 300-ից ավելի միջոցառումներից բաղկացած ճանապարհային քարտեզ:

Արևելյան գործընկերության շրջանակում ֆինանսական տարատեսակ գործիքների միջոցով ԵՄ-ի կողմից Հայաստանի համար նախատեսված շուրջ 2,6 մլրդ եվրո ծավալի աջակցության շրջանակներում Կառավարությունը մշակել և ԵՄ-ի կողմին է փոխանցել ուղենշային նախաձեռնությունների փաթեթ, որոնց նպատակն է, մասնավորապես`

. աջակցել փոքր ու միջին ձեռնարկություններին,

. խթանել Հյուսիս-հարավ մայրուղու կառուցման աշխատանքները,

. խթանել թվային վերափոխումը,

. աջակցել Հայաստանի հարավային մարզերին,

. իրականացնել «Խելացի և կանաչ Երևան» նախագիծը,

. ապահովել կրթության լիարժեք հասանելիություն,

. ներդնել ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման համակարգ:

2021 թվականի սեպտեմբերի 16-ին Բրյուսելում ստորագրվել է Հայաստանի և Եվրոպայի միջև ռազմավարական համագործակցության առաջին համաձայնագիրը:

2021 թվականի նոյեմբերի 12-ին Բրյուսելում ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին» համաձայնագիրը:

Շարունակվել է Հայաստան-ԱՄՆ բարձր մակարդակի երկխոսությունը: Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի քարտուղարի այցն Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Երկկողմ հանդիպում է տեղի ունեցել երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների միջև: Պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության հերթական նիստը կազմակերպելու մասին: 2021 թվականին ԱՄՆ-ն Հայաստանին է հատկացրել շուրջ 35 մլն ԱՄՆ դոլարի օժանդակություն` ուղղված ժողովրդավարության, մարդու իրավունքների և կառավարման ոլորտում իրականացվող ծրագրերին, տնտեսական զարգացմանը, առողջապահությանը, հումանիտար աջակցմանը և կրթությանը:

2021 թվականի ընթացքում շարունակվել են հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների և ընդգրկուն օրակարգի խորացմանն ու ամրապնդմանն ուղղված ջանքերը, մասնավորապես, 2021 թվականի դեկտեմբերի 9-ին Փարիզում կայացել է համատեղ տնտեսական աշխատանքային խմբի անդրանիկ նիստը: Նիստի ընթացքում ստորագրվել է Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության 2021-2026 թվականների ճանապարհային քարտեզը, որի հիմնական նպատակն է Հայաստանի և Ֆրանսիայի միջև ձևավորել առաջիկա հինգ տարիների համար նախատեսվող երկկողմ տնտեսական ծրագրերի ռազմավարություն ու համագործակցության շրջանակ:

Իրանի հետ ավանդական բարիդրացիական հարաբերությունների խորացման նպատակով 2021 թվականի օգոստոսի 5-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իրանի Իսլամական Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է ԻԻՀ նախագահ Իբրահիմ Ռայիսիին, հաջորդ հանդիպումը տեղի է ունեցել նույն թվականի սեպտեմբերի 17-ին Դուշանբեում: Այդ հանդիպումներում քննարկվել են հայ-իրանական բազմակողմ հարաբերությունների հետագա զարգացմանը և տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր: Տարեվերջին Իրանի կառավարությունն ընդունել է որոշում Կապանում գլխավոր հյուպատոսություն հիմնելու վերաբերյալ: Իրանի հետ ակտիվ բանակցություններ են ընթանում Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային երթուղու ձևավորման շուրջ: Հայաստան-Իրան առևտրաշրջանառությունը 2021 թվականի արդյունքներով կազմել է շուրջ 500 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումար, 2020 թվականի` շուրջ 398 մլն ԱՄՆ դոլարի, 2019 թվականի` շուրջ 408 մլն ԱՄՆ դոլարի և 2018 թվականի` շուրջ 387 մլն ԱՄՆ դոլարի համեմատ:

Վրաստանի հետ առանձնահատուկ բարիդրացիական հարաբերությունների և համագործակցության շրջանակում 2021 թվականի դեկտեմբերի 19-20-ը երկու երկրների վարչապետերի գլխավորությամբ Թբիլիսիում կայացել է Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստը` ընդլայնված կազմով և օրակարգով: Հայաստան - Վրաստան առևտրաշրջանառությունը 2021 թվականի արդյունքներով կազմել է շուրջ 196 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումար, 2020 թվականի` շուրջ 135 մլն ԱՄՆ դոլարի, 2019 թվականի` շուրջ 159 մլն ԱՄՆ դոլարի և 2018 թվականի` շուրջ 156 մլն ԱՄՆ դոլարի համեմատ:

2021 թվականին Կառավարության և Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի կողմից ստորագրվել և հաստատվել է համատեղ մշակված «Հայաստանի համար ՄԱԿ-ի Կայուն զարգացման գործընկերության 2021-2025 թվականների շրջանակ» փաստաթուղթը, որով սահմանվել է Հայաստանում գործող ՄԱԿ-ի բոլոր կառույցների աշխատանքն առաջիկա հինգ տարիների ընթացքում: Այդ փաստաթղթով ՄԱԿ-ը նախատեսում է մոբիլիզացնել 230 մլն ԱՄՆ դոլարի չափով աջակցություն` ուղղված Հայաստանի կայուն զարգացմանը:

2021 թվականի փետրվարի 16-ին Ճապոնիայի կառավարությունը Հայաստանի և ԼՂ հետպատերազմյան վերականգնողական աշխատանքների համար միջազգային կազմակերպությունների միջոցով 3,6 մլն ԱՄՆ դոլարին համարժեք հումանիտար օգնություն հատկացնելու որոշում ընդունեց: 2021 թվականի ընթացքում իրականացվեցին 2 մլն ԱՄՆ դոլարի ծրագրեր` հակամարտության հետևանքով տուժած ընտանիքներին, այդ թվում` տարեցներին ու հատուկ կարիքներ ունեցող անձանց օժանդակելու նպատակով:

2021 թվականի նոյեմբերի 15-ին տեխնիկատնտեսական համագործակցության մասին համաձայնագիր է ստորագրվել Հայաստանի և Չինաստանի կառավարությունների միջև, որով ՉԺՀ կառավարության 100 մլն ՉԺՀ յուանի օգնության շրջանակներում կիրականացվի Հայաստանի հանրային հեռուստատեսության նոր` 8-րդ տաղավարի շինարարության նախագիծը: Հայաստան-Չինաստան առևտրաշրջանառությունը 2021 թվականի արդյունքներով կազմել է շուրջ 1,2 մլրդ ԱՄՆ դոլարին համարժեք գումար, 2020 և 2019 թվականների` տարեկան շուրջ 900 մլն ԱՄՆ դոլարի և 2018 թվականի` շուրջ 700 մլն ԱՄՆ դոլարի համեմատ:

2021 թվականի հոկտեմբերի 12-13-ին կայացավ Հնդկաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Հայաստան, որը ԱԳ նախարարի մակարդակով առաջին այցն էր Հայաստան: Այցի ընթացքում կողմերը պայմանավորվեցին նախապատրաստել երկկողմ համագործակցության հետագա զարգացման գործողությունների ծրագիր քաղաքական, տնտեսական, պաշտպանական, հաղորդակցությունների, կրթամշակութային և այլ ոլորտների ընդգրկմամբ:

2021 թվականին Հայաստանի Հանրապետությունում բացվել է Սուրբ Աթոռի առաքելական նվիրակությունը: Ուրուգվայը Հայաստանի Հանրապետությունում իր ներկայությունը գլխավոր հյուպատոսությունից բարձրացրել է դեսպանության:

Հայաստանի և հայերի համար լուրջ խնդիր է Ադրբեջանում խոր արմատներ ձգած հակահայկականությունը: Նույնիսկ պատերազմից հետո, երբ Հայաստանի ղեկավարությունը խոսում է խաղաղության դարաշրջանի մասին, Ադրբեջանի պետական պաշտոնյաներն իրենց խոսքում հայերին կոչում են թշնամի` այն համեմելով բացասական լիցք պարունակող տարատեսակ ածականներով:

Երկարաժամկետ կտրվածքով խնդիրը լուծելու նպատակով Հայաստանը դիմել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան, վերջինս էլ միջանկյալ որոշումներով արձանագրել է խնդիրը: Դատարանը 2021 թվականի դեկտեմբերի 7-ին «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող` Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի և Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի դատական գործերի շրջանակներում հրատապ միջոցների կիրառմամբ պարտավորեցրել է Ադրբեջանին կանխել ազգությամբ և էթնիկ հայերին թիրախավորող ռասայական ատելության և խտրականության հրահրումը և խթանումը, անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել կանխելու և պատժելու վանդալիզմի ու պղծման գործողությունները` ուղղված հայկական մշակութային ժառանգության դեմ` ներառյալ եկեղեցիները և պաշտամունքի այլ վայրերը, հուշարձանները, տեսարժան վայրերը, գերեզմանատները և արտեֆակտերը: Երկկողմ ձևաչափով և միջազգային կառույցներում (այդ թվում` ԵԽ, ՄԱԿ, ԵԱՀԿ) տեղի ունեցող հանդիպումներում Հայաստանը շարունակել է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Արցախի դեմ ռազմական ագրեսիայի ընթացքում և դրանից հետո Ադրբեջանի իրականացրած հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման, ամենաբարձր մակարդակով հայատյացության դրսևորումների, «ռազմավարի պուրակի», Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության հանդեպ ոտնձգությունների, այդ ընթացքում կատարված այլ հանցագործությունների վրա` հայցելով հրապարակային համարժեք գնահատականներ:

 

------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.02.2022
N 234-Ա
Որոշում