https://petekamutner.am/shared/Information/Irazekum%20273.pdf
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
27 հոկտեմբերի 2021 թվականի N 273
ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հարց
ՀՀ քաղաքացին 2020-2021 թթ.-ին եղել է Հայ-ռուսական համալսարանի, այլընտրանքային էներգետիկա ծրագրի մագիստրատուրայի ուսանող, սույն թվականին ավարտել է և ստացել է գերազանցության դիպլոմը: Ուսումը եղել է վճարովի և տվյալ մասնագիտությունը ներառված է եղել ՀՀ կառավարության 18 հունիսի 2020 թվականի N 1035-Ն որոշմամբ սահմանված մասնագիտությունների ցանկի մեջ: Ֆիզիկական անձը իր անձնական միջոցներով վճարել է ուսման վարձը և որպես խորհրդատու աշխատում է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամում, ուսանող լինելու ժամանակահատվածում հիմնադրամի հետ ունեցել է ծառայությունների մատուցման պայմանագիր: Տվյալ դեպքում քաղաքացին կարո՞ղ է օգտվել վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի գումարների վերադարձման հնարավորությունից:
Պատասխան
ՀՀ հարկային օրենսգրքի 160.1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված (այդ թվում` հարկային գործակալի միջոցով) եկամտային հարկը ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով վերադարձվում է մեկ տարվա ընթացքում ֆիզիկական անձի աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով հաշվարկված եկամտային հարկի գումարի չափով, բայց ոչ ավելի, քան ՀՀ-ում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների` Կառավարության հաստատած մասնագիտություններով առկա ուսուցմամբ մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում սովորողի (ուսանողի) ուսման համար վճարված գումարը:
ՀՀ կառավարության 03.07.2020թ. N 1125-Ն որոշման հավելվածով սահմանված` վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի գումարների վերադարձման կարգի 4-րդ կետի համաձայն` ուսանողի համար ուսումնական տարվա որևէ ամսում հաշվարկված աշխատավարձից և դրան հավասարեցված վճարումներից տարբերվող այլ հարկվող եկամուտներ վճարված լինելու դեպքում այդ եկամուտների մասով հաշվարկված և վճարված եկամտային հարկի գումարները վերադարձման ենթակա չեն:
Հաշվի առնելով վերոգրյալը, հայտնում ենք, որ գործող օրենսդրական կարգավորումներին համապատասխան` ֆիզիկական անձանց ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի վերադարձ կատարվում է` միայն աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով հաշվարկված և վճարված եկամտային հարկի գումարներից, իսկ նշված եկամուտներից տարբերվող եկամուտներից (տվյալ դեպքում` ծառայությունների մատուցման պայմանագրի շրջանակում ստացված եկամուտներից) հաշվարկված և վճարված եկամտային հարկի գումարները վերադարձման ենթակա չեն:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ