i
ԻՐՏԵԿ |
Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտը ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
20 մայիսի 2021 թվականի N 801-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(1-ին մաս)
i
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) Հայաստանի Հանրապետության միգրացիայի պետական կառավարման հայեցակարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության միգրացիայի պետական կառավարման հայեցակարգի գործողությունների ծրագիրը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյան
2021 թ. մայիսի
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2021 թվականի մայիսի 20-ի
N 801-Լ որոշման
ՀԱՅԵՑԱԿԱՐԳ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
1. ՄՇԱԿՈՂ ՄԱՐՄԻՆԸ 2. ԱՄՓՈՓ ՀԱՄԱՌՈՏԱԳԻՐ 3. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ 4. ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 5. ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԹԻՐԱԽ ԽՄԲԵՐԸ 6. ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ 7. ՄԻԳՐԱՑԻՈՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 8. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ 9. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ 10. ԱՄՓՈՓ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
1. ՄՇԱԿՈՂ ՄԱՐՄԻՆԸ
1. Հայաստանի Հանրապետության միգրացիայի պետական կառավարման հայեցակարգը (այսուհետ` հայեցակարգ) մշակվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության (այսուհետ` ծառայություն) կողմից:
2. ԱՄՓՈՓ ՀԱՄԱՌՈՏԱԳԻՐ
2. Սույն հայեցակարգով Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է միգրացիայի կառավարման ոլորտում իր հանձնառությունները, ինչպես նաև ուղենշում է այն ոլորտները, որոնց շուրջ պատասխանատու ոլորտային դերակատարների հետ սահմանում է համագործակցություն:
3. Հայեցակարգը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում միգրացիայի կառավարման սկզբունքները, արժեքները, թիրախային խմբերը և նպատակները:
4. Միգրացիայի կառավարման ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջնորդվում է համակառավարման, համագործակցության և փաստահենության սկզբունքներով: Ազգային անվտանգությունն ու հանրային համերաշխությունը, միգրանտների բոլոր խմբերի իրավունքներն ու արժանապատվությունը, մշակութային բազմազանությունն ու տեղական մշակույթների հարստացումը, ինչպես նաև շարժունակությունն ու միջազգային մասնակցությունը (երկու և ավելի երկրներում տնտեսական, մշակութային, հանրային կամ քաղաքական ներգրավվածությունը) հռչակվում են որպես միգրացիայի կառավարման արժեքներ: Կառավարության վարած միգրացիոն քաղաքականության հիմնական նպատակը անձանց ազատ և անվտանգ տեղաշարժի ապահովումն է` հավասարակշռելով այն երկրի ազգային անվտանգության ապահովման հետ:
5. Հիմնվելով միգրացիոն ոլորտի ներկա իրավիճակի և առկա հիմնախնդրների գնահատման, ինչպես նաև միգրացիոն նոր հոսքերի վերաբերյալ կանխատեսումների վրա` սույն հայեցակարգում ձևակերպված են միգրացիայի կառավարման 9 նպատակներ.
1) միգրացիայի կառավարման և Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավման և հայրենադարձության քաղաքականությունների միջև փոխառնչակցությունների մեծացում.
2) անկանոն և անօրինական միգրացիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացում.
3) սահմանների, մուտքի, ելքի և օտարերկրացիների կացության կառավարման արդյունավետության բարձրացում.
4) միգրանտների տարբեր խմբերի իրավունքների և շահերի պաշտպանության բարելավում, միջազգային պաշտպանության համակարգի կատարելագործում.
5) Հայաստանում օտարերկրացիների ինտեգրման և վերադարձողների վերաինտեգրման կազմակերպման բարեփոխում, ինչպես նաև Հայաստանում օտարերկրացիների ընդունման միջավայրի բարելավում.
6) Հայաստանի կայուն մարդկային զարգացման վրա միգրացիայի ազդեցության մեծացում.
7) միգրացիոն ճգնաժամերին արձագանքելու պատրաստվածության մեծացում.
8) միգրացիայի կառավարման ոլորտում միջազգային և ներպետական համագործակցության ընդլայնում.
9) միգրացիայի կառավարման համակարգվածության, միասնականության և արդյունավետության բարձրացում:
6. Միգրացիայի կառավարման ոլորտում նախաձեռնվող բարեփոխումները սահմանների կառավարման, փաստաթղթային անվտանգության, վերադարձի ու վերաինտեգրման, մարդկանց թրաֆիքինգի և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ոլորտներում կնպաստեն Եվրոպական միության հետ կապերի ամրապնդմանը և ճանապարհ կհարթեն վիզաների ազատականացման շուրջ բանակցությունների համար: Նախատեսվող բարեփոխումները նաև թույլ կտան ամրապնդել համագործակցությունը Եվրասիական տնտեսական միության շրջանակում` դյուրացնելով աշխատուժի շարժունակությունը և նպաստելով տնտեսական զարգացմանը:
7. Հայաստանի Հանրապետության միգրացիայի պետական կարգավորման հայեցակարգը մշակվել է` հիմք ընդունելով ՀՀ կառավարության կողմից հռչակված` Հայաստանի զարգացման հեռանկարը և ՀՀ ստանձնած միջազգային հանձնառությունները:
3. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
8. Ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում տարեցտարի ակտիվանում են միգրացիոն հոսքերը` լինեն դրանք ներգաղթի, թե արտագաղթի, կամավոր, թե հարկադիր, օտարերկրացիների, թե հայրենակիցների: 1990-ականների սկզբին Հայաստանը տարբեր գնահատականներով ունեցավ շուրջ 1.00.00 բնակչի արտահոսք մի կողմից և շուրջ 360,000 Ադրբեջանից Հայաստան բռնագաղթածների ներհոսք` մյուս կողմից: 1990-ականներից մինչ 2018 թ. (բացառությամբ մի կարճ շրջանի) ՀՀ քաղաքացիների արտահոսքը պահպանվել է: 2020 թվականին, ինչպես և նախորդ երկու տարիներին, արձանագրվել է սահմանահատումների` ելքերի և մուտքերի դրական մնացորդ` շուրջ 12 հազարի չափով: Ընդ որում` եթե նախորդ տարիներին ՀՀ քաղաքացիների դեպքում վերոնշյալ ցուցանիշը բացասական էր, իսկ օտարերկրացիներինը դրական, ապա 2020 թվականին պատկերը տրամագծորեն փոխվել էր` ՀՀ քաղաքացիների դեպքում մնացորդը + 42,786 էր, իսկ օտարերկրացիների դեպքում -30.693, ինչը բացատրվում է COVID-19-ով պայմանավորված սահմանափակումներով: 2017-2018 թթ. Հայաստանի տնային տնտեսությունների 8.9%-ն ունեցել է արտաքին և ներքին միգրացիոն գործընթացներում ներգրավված անդամներ, որոնք կազմել են տնային տնտեսության անդամների 10.9%-ը: Հայաստանից սկիզբ առնող միգրացիոն հոսքերում տասնամյակներ շարունակ գերակայել է սեզոնային աշխատանքային միգրացիան: Յուրաքանչյուր տարի Հայաստանում աճում է նաև օտարերկրացիների թիվը: 2019 թվականին կացության տարբեր կարգավիճակներ են ստացել 7986 օտարերկրացիներ, ինչը շուրջ 40%-ով ավելին է, քան 2015 թվականի նույն տվյալը: 2003 թվականից ի վեր Հայաստանն ընդունում է նաև օտար երկրներից հարկադիր տեղափոխված հայրենակիցների: Այսպես` 2003 թվականին Իրաքի Հանրապետությունում վարվող պատերազմական գործողությունների պատճառով Հայաստան է տեղափոխվել և փախստականի կարգավիճակ է ստացած շուրջ 1000 անձ` մեծամասամբ հայկական ծագմամբ: 2012 թվականին Սիրիայի Արաբական Հանրապետությունում սկիզբ առած զինված բախումների հետևանքով Հայաստան է տեղափոխվել շուրջ 20,000 հարկադիր միգրանտ` հայկական ծագմամբ: 2014 թվականին Ուկրաինայի հարավում զինված բախումների պատճառով Հայաստանում ապաստան է հայցել շուրջ 200 անձ` մեծամասամբ հայկական ծագմամբ: 2020 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծված պատերազմի արդյունքում ավելի քան 100.000 հարկադիր տեղահանված մեր հայրենակիցներ ժամանակավորապես տեղափոխվեցին Հայաստանի Հանրապետություն: 2000 թվականից ի վեր դեպի Հայաստան միգրացիոն հոսքերում մեծանում է նաև Հայաստանից մեկնած ՀՀ քաղաքացիների վերադարձի միտումը: 2012-2019 թթ. ընթացքում ԵՄ երկրներից և Ռուսաստանի Դաշնությունից ստացվել են 3380 հետընդունման (ռեադմիսիոն) հայցեր` 6581 անձանց մասին, որոնցից 5361 անձանց քաղաքացիությունը հաստատվել է: Միգրացիոն այս ծավալուն և բազմատեսակ հոսքերի առկայության պայմաններում միգրացիայի կառավարման քաղաքականության ընդունումն անհրաժեշտություն է:
9. 2000 թվականին առաջին անգամ ընդունելով Հայաստանի Հանրապետության բնակչության միգրացիայի կառավարման հայեցակարգը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը հիմք դրեց Հայաստանում միգրացիայի ոլորտի հիմնարար փաստաթղթերի (հայեցակարգերի, ռազմավարությունների և գործողությունների ծրագրերի) միջոցով կառավարմանը: 2000 թվականից ի վեր Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունել է չորս հայեցակարգ և ռազմավարություն ու երկու գործողությունների ծրագիր, որոնք սահմանել են միգրացիոն քաղաքականության հիմնական ուղղությունները` ելնելով այդ ժամանակաշրջանի միգրացիոն գործընթացների բնույթից և առկա հիմնախնդիրներից:
10. 1990-ականներից ի վեր Հայաստանի Հանրապետության միգրացիոն քաղաքականության հիմնական ուղղություններն են եղել Հայաստանի Հանրապետությունում փախստականների ընդունումն ու պաշտպանությունը, Հայաստանից էմիգրացիայի կանոնակարգումը, սեզոնային աշխատանքային միգրանտների իրավունքների պաշտպանությունն այլ պետություններում, օտարերկրյա պետություններ մեկնած` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետընդունումը Հայաստանում և վերադարձողների վերաինտեգրումը:
11. Վերջին տարիներին Հայաստանում մեծանում է օտարերկրացիների ներհոսքը` առաջ քաշելով միգրացիոն քաղաքականության նոր ուղղությունների ձևավորման անհրաժեշտություն. մասնավորապես` ներհոսքի կառավարում, օտարերկրացիների ինտեգրում, օտարերկրացիների կացության և աշխատանքային գործունեության կանոնակարգման կատարելագործում: 2019 թ. Հայաստանի Հանրապետության կառավարությունը հռչակեց Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական ռիսկերի կրճատման գերակա նպատակը` միգրացիոն քաղաքականության օրակարգ բերելով նաև միգրացիայի ժողովրդագրական ազդեցությունների կառավարումը: Իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019-2023 թթ. ծրագիրը շեշտադրում է նաև միգրացիայի կառավարումն ի նպաստ Հայաստանի Հանրապետության զարգացմանն ուղղելու կարևորությունը: 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծված պատերազմը և նոր տեսակի կորոնավիրուսը (COVID-19) առաջացրին հարկադիր տեղահանվածների նոր խմբեր և միջազգային տեղաշարժի սահմանափակումներ, որոնք միգրացիոն քաղաքականության նոր մարտահրավերներ են:
12. Հայաստանում միգրացիայի պետական կառավարման նոր օրակարգերի ձևավորման վրա ազդում են ոչ միայն միգրացիոն գործընթացներում տեղի ունեցող զարգացումները, այլ նաև միջազգային համագործակցությունը և միջազգային հարթակներում Հայաստանի ստանձնած պարտավորությունները: Մասնավորապես` սույն հայեցակարգը կնպաստի Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին, Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին համաձայնագրերի, Միավորված ազգերի կազմակերպության կայուն զարգացման նպատակների, Միավորված ազգերի կազմակերպության միգրացիայի հարցերով գլոբալ դաշնագրի և փախստականների հարցերով գլոբալ դաշնագրի, 1951 թ. փախստականների մասին ժնևյան կոնվենցիայի և 1967 թ. փախստականների կարգավիճակի մասին արձանագրության շրջանակներում Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների կատարմանը: 2015 թ. ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանի ընթացքում Հայաստանի Հանրապետությունը, միանալով 70/1 բանաձևին և ընդունելով ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակները (ԿԶՆ), պարտավորվեց դրանք իրականացնել մինչև 2030 թվականը: ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներում միգրացիայի վերաբերյալ հիմնական շեշտադրումն արվում է 10.7-րդ թիրախում, սակայն միգրացիոն հիմնախնդիրներն անուղղակիորեն արծարծվում են գրեթե բոլոր 17 նպատակներում և 169 թիրախներից շատերում: ԿԶՆ միգրացիային առնչվող հիմնական թիրախներն են`
. դյուրացնել մարդկանց կարգապահ, անվտանգ, կանոնավոր և պատասխանատու միգրացիան և շարժունությունը, այդ թվում` պլանավորված և լավ կառավարվող միգրացիոն քաղաքականությունների իրականացման միջոցով (ԿԶՆ 10.7).
. պաշտպանել աշխատանքային իրավունքները և խթանել անվտանգ և ապահով աշխատանքային միջավայր բոլոր աշխատավորների, այդ թվում` միգրանտ աշխատավորների, մասնավորապես` կին միգրանտների և անկայուն զբաղվածություն ունեցողների համար (ԿԶՆ 8.8).
. մինչև 2030 թ. միգրանտների դրամական փոխանցումների ծախսերը իջեցնել 3 տոկոսից ցածր և վերացնել 5 տոկոսից բարձր ծախսերով դրամական փոխանցումների միջանցքները (ԿԶՆ 10.գ).
. խորացնել գլոբալ գործընկերությունը հանուն կայուն զարգացման` մոբիլիզացնելով և փոխանակելով գիտելիքներ, փորձագիտություն, տեխնոլոգիաներ և ֆինանսական միջոցներ` սատարելու կայուն զարգացման նպատակների իրագործմանը (ԿԶՆ 17.16), ամրապնդել համագործակցությունը սփյուռքի հետ` ներգրավելով սփյուռքի մտավոր ներուժը գիտելիքահենք տնտեսության զարգացման մեջ.
. ապահովել հուսալի և հավաստի վիճակագրական տվյալների առկայությունը, այդ թվում` ըստ միգրացիոն կարգավիճակի (ԿԶՆ 17.18), բռնության բոլոր ձևերի և այլն:
13. 2015 թվականից Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին անդամակցելով` Հայաստանի Հանրապետությունը հանձնառություն ստանձնեց մաս կազմելու անդամ պետությունների տարածքում աշխատանքի միասնական շուկային և ապահովելու աշխատուժի ազատ տեղաշարժը: Ըստ այդմ` Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում հեշտացվեցին անդամ պետությունների քաղաքացիների աշխատելու կարգավորումները` վերջիններիս ազատելով աշխատելու համար թույլատրական բնույթի որևէ փաստաթուղթ ունենալու պահանջից: Պայմանագրի կիրարկումն ապահովող հետագա գործընթացներն արդեն ուղղված էին և ուղղված են աշխատուժի ազատ տեղաշարժին դեռևս խոչընդոտ հանդիսացող` անդամ պետությունների կողմից պայմանագրի դրույթների կատարման իրավակիրառ պրակտիկայում առկա թերությունների հաղթահարմանը, ինչպես նաև աշխատանքի միասնական շուկայի ձևավորմանը: Իսկ 2017 թվականին Եվրոպական միության հետ կնքելով Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը` Հայաստանի Հանրապետությունն իր միգրացիոն քաղաքականության կարևոր մաս դարձրեց միջազգային այդ պարտավորությունից բխող հիմնահարցերի կարգավորումը. մասնավորապես` սահմանների պաշտպանության և անձանց նույնականացման համակարգերի հզորացումը, անկանոն միգրացիայի և թրաֆիքինգի դեմ պայքարի ընդլայնումը, վիզային քաղաքականության բարեփոխումը և այլն: 2021 թվականի մարտի 1-ից ամբողջությամբ ուժի մեջ մտնող այս փաստաթղթով ՀՀ կառավարությունը պարտավորվել է կատարելագործել միջազգային պաշտպանությանը վերաբերող իր ազգային օրենսդրությունը, ուշադրության կենտրոնում պահել ընդունված անձանց իրավունքների պաշտպանության և նրանց ինտեգրման խնդիրները, հզորացնել երկրի կարողությունները միգրացիայի կառավարման, փաստաթղթերի անվտանգության, միգրացիայի տեղեկատվական համակարգերի ոլորտներում և այլն:
14. Հայեցակարգի նպատակն է միգրացիայի կառավարման ոլորտում ՀՀ կառավարության ստանձնած պարտավորությունների մեկտեղումը մեկ միասնական փաստաթղթում, ոլորտի կառավարման սկզբունքների սահմանումը և միգրացիոն քաղաքականության հիմնական ուղղությունների ձևակերպումը: Հայեցակարգով ձևակերպված միգրացիոն քաղաքականությունը նաև քայլ առաջ է Եվրոպական միության հետ վիզային ռեժիմի ազատականացման երկխոսության մեկնարկի ուղղությամբ:
4. ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
15. Միգրացիայի կառավարման գործում ՀՀ կառավարությունն առաջնորդվում է երեք հիմնարար սկզբունքներով` համակառավարում, համագործակցություն և փաստահենություն.
1) համակառավարում. լինելով բազմաբաղադրիչ` միգրացիայի ոլորտի կառավարումը պահանջում է պետական մի շարք կառույցների (նախարարությունների, դրանց ենթակա պետական մարմինների և այլն) ներգրավվածություն կառավարման գործում` համակառավարում (whole-of-government approach): Համակառավարումը ենթադրում է միգրացիոն գործընթացի ոլորտային բաղադրիչների (պետական սահմանների կառավարում, օտարերկրացիների հաշվառում և կարգավիճակների տրամադրում, երկրից արտաքսում, անկանոն միգրացիայի դեմ պայքար, միգրանտների իրավունքների պաշտպանություն, ինտեգրման և վերաինտեգրման աջակցություն և այլն) կառավարում` համապատասխան պետական կառույցների կողմից միասնական և համակարգված գործողություններով.
2) համագործակցություն. միգրացիոն քաղաքականության արդյունավետ իրագործումը պահանջում է համագործակցություն պետական, միջազգային միջպետական, ինչպես նաև միջազգային ու տեղական քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջև, որոնցից յուրաքանչյուրն իր ուրույն դերակատարությունն ունի միգրացիոն հոսքերի կառավարման և միգրանտների տարբեր խմբերի հետ տարվող աշխատանքներում.
3) փաստահենություն. միգրացիոն քաղաքականության ուղղություններն անհրաժեշտ է ձևակերպել միգրանտների խմբերի կարիքների և միգրացիայի կառավարման հիմնախնդիրների ուսումնասիրությունների հիման վրա, իսկ քաղաքականության որոշումները կայացնել` հաշվի առնելով դրանց ազդեցության` փաստերով և հետազոտական տվյալներով ամրապնդված գնահատականները:
16. Միգրացիայի պետական կառավարման քաղաքականության արժեքներն են`
1) ազգային անվտանգությունն ու հանրային համերաշխությունը. միգրացիայի կառավարման քաղաքականությունը համահունչ է 2020 թվականի հուլիսին ընդունված ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության հետ և Հայաստանում հանրային համերաշխության համար մարտահրավերներ չի առաջացնում.
2) միգրանտների բոլոր խմբերի իրավունքներն ու արժանապատվությունը. միգրացիայի պետական կառավարման քաղաքականությունը երաշխավորում է միգրանտների բոլոր խմբերի իրավունքների և արժանապատվության պաշտպանությունը.
3) մշակութային բազմազանությունը և քաղաքացիական արժեքների հաշտեցումը. միգրացիայի պետական կառավարման շրջանակում խրախուսվում է օտարերկրացիների, վերադարձողների և հայրենադարձների կողմից նոր մշակութային տարրերի ներմուծումը Հայաստան, այդ շրջանակում տեղական մշակույթների հարստացումն ու առաջխաղացումը: Մշակութային բազմազանությունը խրախուսվում է քաղաքացիական հասարակության և դեմոկրատական արժեքների գերակայության ու սահմանադրական կարգի շրջանակում.
4) շարժունակությունը ու միջազգային մասնակցությունը (երկու և ավելի երկրներում տնտեսական, մշակութային, հանրային կամ քաղաքական ներգրավվածությունը). միգրացիայի պետական կառավարումը ճանաչում և արժևորում է ժամանակակից աշխարհում մարդկանց շարժունակության անհրաժեշտությունը, ինչպես նաև միջազգային մասնակցությունը` երկու և ավելի երկրներում տնտեսական, մշակութային և հանրային ներգրավվածությունը: Միգրացիոն քաղաքականության այս գերակայությունն արդիական է` հատկապես հաշվի առնելով հայկական սփյուռքի առկայությունը, հայերի` բազմաթիվ պետություններում կենսագործունեության երկարամյա պատմությունը և Հայաստանի հետ սփյուռքի հայրենակիցների կապերն ամրապնդելու տեսլականը:
17. Նշված գերակայություններն արդիական են ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 6-ի N 650-Լ որոշմամբ հաստատված` ՀՀ կառավարության 2019-2023 թթ. ծրագրի` միգրացիայի ոլորտին վերաբերող նպատակների համատեքստում (մասնավորապես` անձանց ազատ և անվտանգ տեղաշարժի ապահովում` հավասարակշռելով երկրի ազգային անվտանգության ապահովման հետ):
5. ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԹԻՐԱԽԱՅԻՆ ԽՄԲԵՐԸ
18. Հաշվի առնելով Հայաստանի ներկայիս և ակնկալվող միգրացիոն հոսքերը, միգրանտների տարբեր խմբերի կարիքները և միգրացիոն հոսքերի կառավարման հասցեականության անհրաժեշտությունը` սահմանվել են հայեցակարգի ութ թիրախային խմբեր, որոնց ձևակերպումները հիմնված են Միգրացիայի միջազգային կազմակերպության «Միգրացիայի ոլորտի տերմինների բառարանի», «Օտարերկրացիների մասին» և «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքների վրա.
1) օտարերկրացիներ. Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհամարվող այն անձինք, որոնք ունեն այլ պետության քաղաքացիություն (օտարերկրյա քաղաքացիներ) կամ չունեն որևէ պետության քաղաքացիություն (քաղաքացիություն չունեցող անձինք), որոնք Հայաստան են տեղափոխվել բնակության, աշխատանքի, կրթության կամ այլ նպատակներով.
2) վերադարձողներ. ՀՀ քաղաքացիներ և նրանց ընտանիքի անդամներ, որոնք Հայաստանից մեկնել են օտարերկրյա պետություններ` այնտեղ մշտապես կամ ժամանակավորապես հաստատվելու (անկախ միգրացիայի նպատակից` բնակություն, աշխատանք, պաշտպանություն և այլն), ապա վերադարձել են Հայաստան: «Վերադարձողներ» եզրույթն իրավական չէ: Օրենսդրության շրջանակում այդ եզրույթի բացակայության արդյունքում` այն ենթակա է հստակեցման ծրագրային մակարդակում.
3) հայրենադարձներ. ազգությամբ հայ օտարերկրացիներ կամ երկքաղաքացիներ, որոնք տեղափոխվել են Հայաստան: «Հայրենադարձներ» եզրույթը իրավական չէ, քանի որ առայժմ բացակայում է այդ եզրույթի ձևակերպումը օրենսդրության մեջ: Հաշվի առնելով, որ «Հայրենադարձության մասին» ՀՀ օրենքի նախագիծը մշակման փուլում է, հայրենադարձների խումբը ձևակերպված է հնարավորինս լայն` ենթադրելով «Հայրենադարձության մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո խմբի ձևակերպման ճշգրտման անհրաժեշտությունը.
4) ներքին տեղահանված անձինք. անձինք կամ անձանց խմբեր, որոնք հարկադրված կամ պարտավորված փախել կամ լքել են իրենց տները կամ սովորաբար բնակվելու վայրերը, մասնավորապես` զինված ընդհարումների, համատարած բռնության իրավիճակների, մարդու իրավունքների խախտումների կամ բնական կամ մարդածին աղետների պատճառով կամ դրանց հետևանքներից խուսափելու համար, և որոնք չեն հատել միջազգայնորեն ճանաչված որևէ պետական սահման.
5) ապաստան հայցողներ. անձինք, որոնք իրենց մշտական բնակության երկրում հետապնդումից կամ լուրջ վտանգից պաշտպանություն են փնտրում Հայաստանում և սպասում են համապատասխան միջազգային և ազգային փաստաթղթային գործիքների հիման վրա փախստականի կարգավիճակ ստանալու համար ներկայացված դիմումի հիման վրա ընդունվող որոշմանը.
6) փախստականներ. օտարերկրյա քաղաքացիներ կամ քաղաքացիություն չունեցող անձինք, որոնց Հայաստանը պաշտոնապես ճանաչել է փախստական` հիմք ընդունելով նրանց ռասայական, կրոնական, ազգային, սոցիալական որոշակի խմբի պատկանելության կամ քաղաքական հայացքների համար հետապնդման ենթարկվելու հիմնավոր երկյուղը կամ նրան պաշտպանություն տալով իրենց քաղաքացիության երկրում (իսկ քաղաքացիություն չունեցող անձը` իր նախկին մշտական բնակության երկրում) համատարած բռնության, արտաքին հարձակման, ներքին հակամարտությունների, մարդու իրավունքների զանգվածային խախտումների կամ հասարակական կարգը խախտող այլ լուրջ իրադարձություններից.
7) հարկադիր տեղահանված անձինք. անձինք, որոնք իրենց սոցիալական վիճակով փաստացի փախստական են, սակայն չունեն փախստականի կարգավիճակի համար դիմելու իրավական բնութագրիչներ (օրինակ` ՀՀ քաղաքացիություն ստացած սիրիահայերը, Արցախի Հանրապետությունից ՀՀ տեղափոխված անձինք):
8) էմիգրանտներ. կրթության, աշխատանքի կամ բնակության նպատակով Հայաստանից մեկնած ՀՀ քաղաքացիներ:
6. ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ
19. Միգրացիայի կառավարման ոլորտում կան մի շարք հիմնախնդիրներ, որոնց մի մասը պայմանավորված է միգրացիոն նոր հոսքերի ի հայտ գալով, մյուս մասը` կառավարման ոլորտում առկա բացերով: Այդ հիմնախնդիրները կարելի է ամփոփել չորս խմբում.
1) միգրացիայով պայմանավորված ժողովրդագրական մարտահրավերների անբավարար կառավարում. չնայած նրան, որ տասնամյակներ շարունակ Հայաստանը արձանագրել է միգրացիայով պայմանավորված բնակչության կրճատում, այդ խնդրի հաղթահարումը երբևէ միգրացիոն քաղաքականության օրակարգում չի եղել, քանի որ դրա լուծումը մեծապես այլ ոլորտային քաղաքականությունների դաշտում է: Սույն հայեցակարգի շրջանակում այս հիմնախնդիրն արձանագրվում է` ստանձնելով միգրացիոն և այլ ոլորտային քաղաքականությունների փոխառնչակցության սերտացումը.
2) միգրանտների որոշ խմբերի կարիքներին ուղղված ծառայությունների պակաս. տասնամյակներ շարունակ լինելով մեծապես միգրանտ ուղարկող երկիր` Հայաստանն իր միգրացիոն քաղաքականությամբ լիարժեք պատրաստված չէ օտարեկրացիների ներհոսքին. մասնավորապես` բավականին բացեր կան օտարերկրացիների ներհոսքի կանոնակարգման և վերահսկման, անկանոն միգրացիայի դեմ պայքարի արդյունավետության, ինչպես նաև օտարեկրացիների աշխատանքային գործունեության լիարժեք կանոնակարգման ուղղություններով: Կարևոր հիմնախնդիր է նաև Հայաստան վերադարձող` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, ներքին տեղահանված անձանց, հարկադիր տեղահանված անձանց կարիքների բավարարմանն ուղղված` պետության կողմից մատուցվող ծառայությունների և կարգավորումների պակասը.
3) ծառայությունների կազմակերպման արդյունավետության, լիարժեքության և մատուցման որակի բացեր. չնայած միգրանտների տարբեր խմբերին ուղղված ծառայությունների բարելավմանը, այնուամենայնիվ, դեռևս արդիական է այդ ծառայությունների արդյունավետության և որակի բարձրացման խնդիրը: Դեռևս անհրաժեշտ է աշխատանքներ տանել Հայաստանի Հանրապետության սահմանի, ելքի, մուտքի և կացության կառավարման ոլորտի բարեփոխումների, միգրանտների տարբեր խմբերի իրավունքների և շահերի պաշտպանության, ինտեգրման և վերաինտեգրման ուղղություններով.
4) միգրացիոն ճգնաժամերին արձագանքելու պատրաստվածության բացեր. միգրացիայի ճգնաժամային կառավարմանը պատրաստվածությունը, թերևս, միգրացիայի կառավարման ամենամեծ բացերից է: Ինչպես ցույց տվեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծված պատերազմի արդյունքում Արցախի Հանրապետությունից Հայաստան ժամանած հարկադիր տեղահանվածների հոսքի կառավարման և աջակցության, ինչպես նաև նոր տեսակի կորոնավիրուսով (COVID-19) պայմանավորված տեղաշարժի սահմանափակումների պատճառով առաջացած հիմնախնդիրներին արձագանքելու մարտահրավերները` միգրացիայի ճգնաժամային կառավարումը խիստ անհրաժեշտ է ոչ միայն արդեն առկա իրավիճակին արձագանքելու, այլ նաև սպասվող նոր մարտահրավերներին պատրաստվելու համար:
20. Թվարկված հիմնախնդիրները մեծապես պայմանավորված են`
1) կառավարման միասնականության և համակարգման բացերով. այն է` միգրացիոն գործառույթների իրագործում մեկից ավելի կառույցների կողմից և կառավարման տարբեր օղակների միջև համագործակցության անբավարար մակարդակ.
2) կարողությունների պակասով. այն է` ենթակառուցվածքների, մարդկային ռեսուրսի, հմտությունների, միգրացիայի ոլորտում կանխատեսումների, պլանավորման և արագ արձագանքման ու այլ կարողությունների պակաս, ինչպես նաև միջազգային համագործակցության ընդլայնման կարիք:
21. Որպես լուծում անհրաժեշտ է մի կողմից քայլեր ձեռնարկել թվարկված հիմնախնդիրների հաղթահարման, մյուս կողմից` դրանց պատճառների (կառավարման միասնականության և համակարգման բացեր և կարողությունների պակաս) վերացման ուղղությամբ: Մասնավորապես. առաջին` օտարերկրյա քաղաքացիների հետ կապված բոլոր գործառույթների կառավարման կենտրոնացումը մեկ պետական մարմնում կարևոր քայլ է կառավարման միասնականության, համակարգման բացերի վերացման և դրանցով պայմանավորված հիմնախնդիրների հաղթահարման ուղղությամբ: Երկրորդ` գիտելիքի և փորձի կուտակման մեխանիզմների ստեղծումը, շարունակական վերապատրաստումները, միջազգային համագործակցության ընդլայնումը և միգրացիոն քաղաքականությունը կիրարկող մարմինների` ենթակառուցվածքային և տեխնոլոգիական զինումը կարևոր են միգրացիայի կառավարման կազմակերպման և մատուցվող ծառայությունների որակի բարելավման առումով: Երրորդ` միգրացիոն քաղաքականության մշակման և իրագործման մեջ հետազոտահենք և փաստահեն կանխատեսումների իրականացման, պլանավորման և ճգնաժամային իրավիճակներին պատրաստվածության մեծացումը կարևորագույն քայլեր են միգրացիայի պետական կառավարման բարեփոխման համար:
7. ՄԻԳՐԱՑԻՈՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
22. Հայաստանի Հանրապետության միգրացիայի կառավարումն ուղղված է սույն հայեցակարգում ձևակերպված միգրացիոն քաղաքականության 9 ռազմավարական նպատակներին, որոնք բխում են միգրացիոն ոլորտի ներկա իրավիճակից և առկա հիմնախնդիրներից, ինչպես նաև միգրացիոն նոր հոսքերի վերաբերյալ կանխատեսումներից:
1) Միգրացիայի կառավարման և Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավման և հայրենադարձության քաղաքականությունների միջև փոխառնչակցությունների մեծացում.
Տասնամյակներ շարունակ Հայաստանի Հանրապետության բնակչության կայուն արտահոսքն օտարերկրյա պետություններ մեծ մարտահրավեր է եղել Հայաստանի Հանրապետության ժողովրդագրության համար: Թեև միգրացիայի ազդեցությունը ժողովրդագրության վրա մատնանշվել է Հայաստանի Հանրապետության միգրացիոն քաղաքականության փաստաթղթերում, սակայն այդ ազդեցության կառավարումը երբևէ չի ձևակերպվել որպես միգրացիոն քաղաքականության նպատակ: Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության` Հայաստանի ժողովրդագրական մարտահրավերները հաղթահարելու հանձնառությունը` սույն հայեցակարգում ևս որպես նպատակ ձևակերպված է միգրացիոն հոսքերի այնպիսի կառավարումը, որը կաջակցի Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը: Միգրացիայի կառավարման և Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավման ռազմավարությունների միջև փոխառնչակցությունների մեծացման նպատակից բխող ուղղություններն են`
ա. վերադարձի և հայրենադարձության խրախուսում.
Հայաստանից սկիզբ առնող միգրացիոն շրջափուլերում վերադարձի, ինչպես նաև սփյուռքի հայրենադարձության խրախուսում թե՛ խոսույթի (դիսկուրսիվ) և թե՛ գործնական մակարդակներում,
բ. իմիգրացիոն անհրաժեշտ հոսքերի ծավալի և կառուցվածքի գնահատում և նպատակահարմար ներհոսքերի խթանում.
Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական մարտահրավերների, աշխատաշուկայի կառուցվածքի և այլ տնտեսական և սոցիալ-մշակութային կարիքների հիման վրա ներհոսքի նպատակահարմար ծավալի և կառուցվածքի (ժողովրդագրական, մասնագիտական և այլն) գնահատում: Հայաստանի Հանրապետության զարգացման տեսլականի և ժողովրդագրական մարտահրավերների հաղթահարման տեսանկյունից նպատակահարմար իմիգրացիոն հոսքերի ներգրավման ռազմավարությունների և դրանցից բխող ծրագրերի մշակում և իրականացում,
գ. արտահոսքի ազդեցության գնահատում և նպատակային խմբերի արտահոսքի կրճատում.
Հայաստանից ժողովրդագրական և կրթամասնագիտական տարբեր խմբերի արտահոսքի ազդեցության գնահատում և նպատակային խմբերի արտահոսքի կրճատման ուղղությամբ թիրախային ծրագրերի մշակում և ներդրում (արտահոսքի կրճատումը կապել ոչ միայն երկրում համընդհանուր բարեփոխումների և մակրոտնտեսական ցուցանիշների փոփոխության հետ, այլև տեղական միջավայրերի (առանձին գյուղերի և քաղաքների) զարգացման հետ).
2) Անկանոն և անօրինական միգրացիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացում.
Դեպի Հայաստան և Հայաստանից դուրս միգրացիայի օրինականությունը և կարգավորվածությունը կարևոր նախադրյալ են միգրացիայի կառավարման քաղաքականության արդյունավետ իրագործման, երկրի անվտանգության ապահովման, միգրանտների իրավունքների պաշտպանության, ինչպես նաև օտարերկրյա պետությունների հետ արդյունավետ և հուսալի համագործակցության համար: Հայաստանի Հանրապետության միգրացիայի պետական կառավարման գործում մշտապես կարևորվել է անկանոն և անօրինական միգրացիայի դեմ պայքարը, սակայն` մեծապես կենտրոնանալով Հայաստանից սկիզբ առնող անկանոն միգրացիայի կրճատման վրա: Այս խնդրի իրագործման նպատակով Հայաստանում իրականացվել են օրինական միգրացիային նպաստող տեղեկատվական արշավներ, 2014 թ. քրեականացվել է անօրինական միգրացիայի կազմակերպումը, բարելավվել են օտարերկրյա պետություններում առանց թույլտվության բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետընդունման գործընթացները և այլն: Թեև այս քայլերը կարևոր ձեռքբերումներ են, այնուամենայնիվ, դեռևս բավականին մեծ են անելիքները Հայաստանից սկիզբ առնող անկանոն և անօրինական միգրացիայի կանխարգելման ուղղությամբ: Հայաստանում իմիգրացիոն հոսքերի մեծացման հետ մեկտեղ մեծացել են նաև օտարերկրացիների անօրինական և անկանոն ներհոսքի, կացության և աշխատանքի ռիսկերը: Օտարերկրացիների կանոնավոր կացության ամենամեծ մարտահրավերը կապված է օտարերկրացիների հաշվառման համակարգի բացերի հետ: Ինչ վերաբերում է օտարերկրացիների աշխատանքին, ապա Հայաստանում այն կարգավորվում է աշխատանքի թույլտվության ինստիտուտի միջոցով` կարևորելով տեղական աշխատուժի պաշտպանությունը: Այնուամենայնիվ, չնայած ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտում առկա են որոշ գործիքներ` ոլորտը լիարժեք չի կարգավորվում ինստիտուցիոնալ համակարգերի և ընթացակարգերի բացերի պատճառով: Այս բացերը ազդեցիկ նախադրյալներ են ստեղծում օտարերկրացիների փաստացի չկարգավորված աշխատանքի համար: Հայաստանում օտարերկրացիների աշխատանքի և կացության օրինականության և կանոնակարգվածության ապահովման, ինչպես նաև Հայաստանից սկիզբ առնող անկանոն միգրացիան կանխելու ուղղություններով բարեփոխումները անհրաժեշտություն են Հայաստանում օտարերկրացիների և արտերկրում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքների պաշտպանության, տեղի աշխատուժի պաշտպանության, Հայաստանում օտարերկրացիներ ընդունող միջավայրի ապահովման, ինչպես նաև Եվրոպական միության հետ վիզաների ազատականացման գործընթացին աջակցության համար: Միաժամանակ Հայաստանում օտարերկրացիների աշխատանքի և կացության օրինականության և կանոնակարգվածության ապահովումը, ինչպես նաև իրավունքների պաշտպանությունն ու ընդունող միջավայրի ապահովումը կարող են խթան հանդիսանալ բիզնեսի զարգացման համար:
Անկանոն և անօրինական միգրացիայի դեմ պայքարի նպատակից ելնող ուղղություններն են`
ա. անօրինական սահմանահատումների կանխարգելում.
կեղծված փաստաթղթերի հայտնաբերման հնարավորությունների մեծացում, տեղական և միջազգային տարբեր կառույցների (Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքեր, Ինտերպոլ և այլն) շտեմարաններից տվյալների փոխանակման արդյունավետ համակարգերի ներդրում, միգրանտների նույնականացման կարողությունների մեծացում, սարքավորումների ու տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքների բարելավում, սահմանի լավ չվերահսկվող հատվածների կրճատում` միաժամանակ երաշխավորելով միջազգային պաշտպանության կարիք ունեցող անձանց պաշտպանության հարցերի նկատմամբ զգայուն մուտքի համակարգեր,
բ. օտարերկրացիների կացության հաշվառման և կանոնակարգման համակարգերի կատարելագործում.
Հայաստանում առկա միգրացիոն հոսքերին և միգրանտների խմբերին վերաբերող տվյալների շտեմարանների (մասնավորապես` Սահմանների էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգ (ՍԷԿՏ) և Բնակչության պետական ռեգիստր) միավորում, օտարերկրացիների հաշվառման համակարգերում վերագրանցման և տվյալների թարմացման մեխանիզմների բարեփոխում, «անկանոն կացություն» եզրույթի սահմանում և միգրանտների գրանցման շտեմարաններում անկանոն կացության ցուցիչի ներմուծում, օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում շտեմարաններում հավաքվող անկանոն միգրանտների մասին տվյալների պարբերական փոխանակում պետական կառույցների միջև,
գ. անկանոն միգրացիայի դեպքերի արդյունավետ և մարդասիրական կառավարում.
օտարերկրացիների անկանոն կացության և անկանոն աշխատանքի դեպքերի բացահայտման դեպքում դրանց վարման արդյունավետ, մարդասիրական, ինչպես նաև մարդու իրավունքներն ու արժանապատվությունը հարգող մեխանիզմների ներդրում` միջազգային չափանիշներին համապատասխան ժամանակավոր կացարանի ստեղծում Հայաստանում անկանոն գտնվող և աշխատող օտարերկրացիների համար, ՀՀ-ում օրինական գտնվելու հիմքեր չունեցող անձանց իրենց ծագման երկիր վերադարձի գործընթացի արդյունավետ կազմակերպում, այդ թվում` արժանապատվությունը և իրավունքները չոտնահարող արտաքսման կազմակերպում, Հայաստանից կամավոր վերադարձի ծրագրերի և մեխանիզմների մշակում,
դ. աշխատուժի ներգրավմամբ զբաղվող մասնավոր կազմակերպությունների վերահսկողության ուժեղացում.
աշխատուժ հավաքագրող և Հայաստանից արտահանող և (կամ) Հայաստան ներմուծող կազմակերպությունների, այդ թվում` օտարերկրյա, ինչպես նաև անհատների կամ անհատների խմբերի գործունեության նկատմամբ պետական վերահսկողության ուժեղացում,
ե. մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքար.
մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեպքերի կանխարգելման, մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց հայտնաբերման, ուղղորդման, նույնացման, պաշտպանության և սոցիալական վերաինտեգրման մեխանիզմների կատարելագործում և զոհերի աջակցության ընդլայնում,
զ. ՀՀ-ից սկիզբ առնող անկանոն միգրացիայի կրճատում.
տեղեկացվածության բարձրացում անկանոն միգրացիայի հետևանքների և ռիսկերի վերաբերյալ, անվտանգ, կանոնավոր և ապահով միգրացիայի ջատագովություն, ՀՀ քաղաքացիների իրազեկում արտերկրում օրինական աշխատանքի հնարավորությունների մասին,
է. Հայաստանում վիզաների և անձնագրերի կեղծման դեմ պայքար.
կորած և գողացված փաստաթղթերի միջոցով «ինքնության գողացման» ռիսկերի կառավարում, Հայաստանում օտարերկրյա պետությունների դեսպանությունների հետ համագործակցության սերտացում կասկածելի վիզաների և անձնագրերի ստուգման և կեղծիքների բացահայտման ուղղությամբ.
3) Սահմանների, մուտքի, ելքի և օտարերկրացիների կացության կառավարման արդյունավետության բարձրացում.
Սահմանների, մուտքի, ելքի և օտարերկրացիների կացության կառավարումը կանոնակարգված միգրացիայի և տեղաշարժի ազատության ապահովման առաջնային նախադրյալներից է: Կարևորելով պետական սահմանների արդյունավետ կառավարումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ «Հայաստանի Հանրապետության սահմանային անվտանգության և պետական սահմանի համալիր կառավարման ապահովմանն ուղղված 2017-2021 թվականների միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության 2017 թ. ապրիլի 6-ի նիստի N 14 արձանագրային որոշման շրջանակում իրագործել է մի շարք գործողություններ` ուղղված Հայաստանի Հանրապետության պետական սահմանի կառավարման համակարգերի բարեփոխումներին, անձնակազմի վերապատրաստմանը և տեխնոլոգիական հագեցմանը: Չնայած իրականացված կարևոր քայլերին` միգրացիոն հոսքերի արդյունավետ կառավարման տեսանկյունից սահմանների կառավարման որոշ բաղադրիչներ (մասնավորապես` նույնականացման համակարգերը, կենսաչափական անձնագրերի տրամադրումը, սահմանային անցակետերի տեխնիկական զինվածությունը և այլն) դեռևս հզորացման կարիք ունեն: Հայաստանում զբոսաշրջության զարգացման և ներդրումների խրախուսման նպատակով` վերջին տարիներին աշխատանք է տարվում նաև վիզային ճկուն քաղաքականության և վիզաների տրամադրման գործընթացների արդյունավետության բարձրացման առումով: Այսօր օտարերկրացիները Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա կարող են ստանալ առցանց (e-visa էլեկտրոնային վիզա պորտալի միջոցով), օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմանային անցակետերում: Չնայած զբոսաշրջության զարգացման և ներդրումների խրախուսման տեսանկյունից վիզային քաղաքականության և վիզաների տրամադրման գործընթացների բարելավումներին, միգրացիոն հոսքերի արդյունավետ կառավարման տեսանկյունից ոլորտը դեռևս բարեփոխումների կարիք ունի:
Սահմանների, մուտքի, ելքի և օտարերկրացիների կացության կառավարման արդյունավետության և թափանցիկության բարձրացման նպատակից ելնող ուղղություններն են`
ա. սահմանին անձանց նույնականացման համակարգերի բարեփոխում.
Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք ունեցող օտարերկրացիներին, փախստականներին և քաղաքացիություն չունեցող անձանց Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) ստանդարտներին համապատասխանող կենսաչափական տվյալներ պարունակող ճամփորդական փաստաթղթերի տրամադրում, սահմանին կենսաչափական տվյալների (մատնահետքի և (կամ) դեմքի) գրանցման և ճանաչման տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների ներդրում,
բ. անձանց` սահմանային անցակետերից այլ կառույցների իրավասությանը հանձնելու գործընթացի բարեփոխում.
ապաստան հայցողներին, առանց ուղեկցության սահմանը հատող անչափահասներին և առողջապահական կարիքներով (ռիսկերով) անձանց` համապատասխան կառույցների իրավասությանը (խնամքին) հանձնելու գործընթացի հստակեցում և բարելավում, այդ անձանց ընդունումն ապահովելու համար կառույցների ֆինանսական և տեխնիկական հնարավորությունների մեծացում,
գ. միգրացիոն հոսքերի կառավարման տեսանկյունից ՍԷԿՏ համակարգի հնարավորությունների վերագնահատում և դրանց լիարժեք օգտագործում.
Գնահատել միգրացիոն հոսքերի կառավարման տեսանկյունից պատկան պետական մարմիններին անհրաժեշտ վիճակագրական և անձնական տվյալների կարիքը և ՍԷԿՏ համակարգի միջոցով դրանց ձեռքբերման հնարավորությունները: Քայլեր ձեռնարկել ՍԷԿՏ համակարգի հնարավորությունների լիարժեք օգտագործման ուղղությամբ,
դ. սահմանապահ ծառայության աշխատակիցների կարողությունների զարգացում.
զարգացնել սահմանապահ ծառայության աշխատակիցների կարողությունները միգրացիոն հոսքերին արձագանքելու, ապաստանի ինստիտուտի, մշակութային և գենդերային զգայունակության և միգրացիայի կառավարման այլ ուղղություններով,
ե. վիզային քաղաքականության վերանայման գործընթացում միգրացիայի կառավարման օրակարգի ներմուծում.
Ներկայումս վիզային քաղաքականության վերանայումը հիմնված է զբոսաշրջության և ներդրումների խթանման տեսլականի վրա: Անհրաժեշտ է այդ գործընթացում ներառել նաև միգրացիոն հոսքերի կառավարման օրակարգից բխող նախապայմաններ,
զ. ՀՀ մուտքի վիզաների տրամադրման և երկարաձգման քաղաքականության բարեփոխում.
իրականացնել օրենսդրական բարեփոխումներ և ընթացակարգերի հստակեցումներ միգրացիոն հոսքերի կառավարման տեսանկյունից, բարձրացնել մուտքի վիզայի տրամադրման և երկարաձգման քաղաքականության արդյունավետությունը և համակարգվածությունը,
է. կացության տրամադրման համակարգի բարելավում.
Կացության կարգավիճակների տրամադրման հիմքերի, երկարաձգման և կարգավիճակից զրկելու հիմքերի հստակեցում, կացության տրամադրման ընթացակարգերի արագացում և պարզեցում: Կացության կարգավիճակների տրամադրման հիմքերում կրթության և հետազոտական նպատակների նախատեսում,
ը. տեղեկատվության հասանելիության մեծացում.
Հայաստան մուտք գործելու, կացության և աշխատելու կարգի և պայմանների մասին տեղեկատվության հասանելիության ապահովում Հայաստանում և արտերկրում, այդ տեղեկատվության նպատակային տարածում,
թ. Հայաստանում հետընդունման և վերադարձի գործընթացների բարելավում.
Վերադարձի ընթացակարգերի և մեխանիզմների մշակմանն ուղղված աշխատանքների իրականացում, այդ գործընթացում ներգրավված գերատեսչությունների գործառույթների հստակեցում և աշխատանքների համակարգման բարելավում: Օժանդակություն և աջակցության ցուցաբերում ապաստան հայցողների, փախստականների և բռնի տեղահանված այլ բնակչության կամավոր վերադարձին,
ժ. արտաքսման գործընթացի բարելավում.
արտաքսման կազմակերպման ֆինանսական և ենթակառուցվածքային (մասնավորապես` ժամանակավոր կացարանների) հնարավորությունների ընդլայնում, արժանապատվությունը և իրավունքները չոտնահարող վտարման կազմակերպում, Հայաստանից օտարերկրացիների կամավոր վերադարձի խրախուսման և կազմակերպման ծրագրերի ներդրում.
-------------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում