ԻՐՏԵԿ |
Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտը ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
4 փետրվարի 2021 թվականի N 142-Լ
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԼԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(1-ին մաս)
i
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) տնտեսական արձագանքման ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.
2) տնտեսական արձագանքման ծրագրի նպատակային գործողությունների պլանը` համաձայն N 2 հավելվածի.
3) տնտեսական արձագանքման ծրագրի շրջանակներում աջակցության ծրագրերի և գործիքների փաթեթը` համաձայն N 3 հավելվածի.
4) տնտեսական արձագանքման ծրագրի արդյունքային շրջանակը` համաձայն N 4 հավելվածի.
5) տնտեսական արձագանքման ծրագրի մոնիթորինգի ու հաշվետվողականության կարգը` համաձայն N 5 հավելվածի:
2. Սահմանել, որ ծրագրի իրականացման նկատմամբ վերահսկողությունը և ընդհանուր համակարգումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի գրասենյակը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2021 թ. փետրվարի 9
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2021 թվականի փետրվարի 4-ի
N 142-Լ որոշման
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ԾՐԱԳԻՐ
I. Ընդհանուր դրույթներ
1. Տնտեսական արձագանքման ծրագիրը (այսուհետ` Ծրագիր) հասցեագրում է ՀՀ վարչապետի կողմից 2020 թվականի նոյեմբերի 18-ին հրապարակված ճանապարհային քարտեզի 9-րդ` «Կորոնավիրուսի համավարակի հաղթահարում և դրա հետևանքների վերացում», 10-րդ` «Տնտեսական ակտիվության միջավայրի վերականգնում» կետերը, այդ թվում` 9-րդ կետի մասով` միայն տնտեսական նշանակության հարցերը:
2. Ծրագրով սահմանվում են այդ կետերի իրագործմանն ուղղված` առաջիկա կարճաժամկետ հատվածում` մինչև 2021 թվականի 1-ին կիսամյակի ավարտը, տնտեսական ոլորտում Կառավարության գերակայությունները, նպատակները և նախնական գործողությունների շրջանակը:
3. Ծրագրի շրջանակներում Կառավարությունը երկակի խնդիր է դնում, մասնավորապես` 2020 թվականի մարտից ի վեր Հայաստանում կորոնավիրուսային համավարակի տարածման և սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության հանդեպ սանձազերծած պատերազմի հետևանքով երկրում ի հայտ եկած բացասական շոկերի հաղթահարման ու տնտեսական ճգնաժամի առաջնային արձագանքման օրակարգի ձևավորում, ինչպես նաև` միջնաժամկետում կայուն վերականգնման ու զարգացման համար նոր սոցիալ-տնտեսական քաղաքականության մշակման պահանջի ձևակերպում:
4. Այս համատեքստում Ծրագրով առանձնացված քաղաքականության ուղղություններն ու միջոցառումների նախնական շրջանակը հավաքական կերպով արտացոլում են Կառավարության հակաճգնաժամային ջանքերը նշված ժամանակահատվածի համար, ընդ որում` ամրագրելով, որ արտաքին և ներքին տնտեսական նոր իրողություններին համահունչ միջնաժամկետ զարգացման օրակարգ ձևավորելու համար առանցքային նախապայման է տնտեսական գործակալների համար կանխատեսելի և վստահելի միջավայրի ձևավորումը:
5. Ծրագրի հիմքում դրվում են հետևյալ ուղենիշերը.
1) Քաղաքականության միջոցառումները և ծրագրերը թիրախային են և ելնում են առաջնային լուծում պահանջող խնդիրներից ու կարճաժամկետ ռիսկերից,
2) Քաղաքականության միջոցառումները և ծրագրերը նշանակալի են իրենց անմիջական կամ հետաձգված հնարավոր ազդեցության բնույթով և ծավալով, ունեն տեսանելի ժամանակում իրավիճակի մեջ դրական և անհետադարձելի բեկում մտցնելու ներուժ.
3) Քաղաքականության միջոցառումների և ծրագրերի իրագործումը պահանջելու է առավելագույն արդյունավետություն և համարձակ որոշումներ:
6. Ծրագրի իրականացումը, դրանով ամրագրված նպատակների ու ակնկալվող արդյունքների ձեռքբերումը նախատեսում է անհատական պատասխանատվություն:
7. Ծրագրի հաջող իրագործումը հենվում է մասնագիտական հանրույթի, մասնավոր հատվածի և զարգացման միջազգային գործընկերների հետ ակտիվ համագործակցության, Սփյուռքի ներուժի հնարավորինս համախմբման ու ներգրավման վրա:
II. Քաղաքականության ուղերձ
8. 2020 թվականը Հայաստանի տնտեսության համար ծանրագույն հետևանքներով և լրջագույն մարտահրավերներով լի տարի էր: Աշխարհում մոլեգնած և Հայաստանում նույնպես ինտենսիվ տարածում ունեցած կորոնավիրուսի համավարակը, ինչպես աշխարհի գրեթե բոլոր երկրներում, առողջապահական ճգնաժամից զատ շոշափելի վնաս հասցրեց երկրի սոցիալ-տնտեսական կյանքին: Սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի Հանրապետության սանձազերծած պատերազմը և երկրում հայտարարված ռազմական դրությունն ու համընդհանուր զորահավաքը էլ ավելի խաթարող ազդեցություն ունեցան տնտեսական միջավայրի վրա` առաջ բերելով հրատապ կարգով մակրոշրջանակի վերանայում, ծախսային առաջնահերթությունների վերաուղղորդում, տնտեսությունում տեխնոլոգիական խզումներ, կարճաժամկետ ու միջնաժամկետ մի շարք անորոշություններ:
9. Կորոնավիրուսային համավարակի և Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընդհանուր բացասական լրջագույն շոկը ոչ միայն նշանակալիորեն տուգանել է մինչճգնաժամային տնտեսական աճի հետագիծը, այլև` մարտահրավերներ է առաջ բերել միջնաժամկետում տնտեսական աճի պոտենցիալի վերականգնման և հետագա կայուն զարգացման հնարավորությունների տեսակետից: Հարկ է ընդգծել նաև, որ տակավին անորոշ են կորոնավիրուսի համավարակի հնարավոր դրսևորումները և միտումները, իսկ պատերազմի սոցիալ-տնտեսական հետևանքներն ամբողջությամբ տեսանելի և շոշափելի կդառնան որոշակի լագով` հնարավոր ազդեցություն ունենալով ոչ միայն տնտեսության, այլև` դեմոգրաֆիական և որպես այդպիսին` աշխատաշուկայի կառուցվածքային տեղաշարժերի վրա: Այս ամենի արդյունքում, ինչպես նաև` հաշվի առնելով կորոնավիրուսի համավարակի բերումով համաշխարհային տնտեսական զարգացումները, բավականին խրթին է միանշանակ գնահատականներ ձևավորել տնտեսական վերականգնման հավանական ժամկետների վերաբերյալ:
10. Նշվածով հանդերձ` 2020 թվականը հանգրվանային եզրագիծ է ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում ընդհանրապես տնտեսական միջնաժամկետ ու հեռանկարային զարգացման հայեցակարգային մոտեցումները վերարժևորելու և վերանայելու առումով: Ակնհայտ է նաև, որ Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքները, տարածաշրջանում աշխարհաքաղաքական շահերի հատման և հնարավոր զարգացումների համատեքստում Հայաստանի շուրջ ձևավորված անվտանգության` անորոշություններով լի միջավայրը, երկրում ներքաղաքական գործընթացները ու սոցիալտնտեսական իրողությունները պահանջում են հրատապ արձագանք:
11. Վերոնշյալ հանգամանքները հաշվի առնելով` Ծրագրի 3 գերակայություններ են`
1) Տնտեսական ակտիվության վերականգնման արագացումը,
2) Գործարար և սպառողական վստահելի միջավայրի վերականգնումը,
3) Տնտեսական զարգացման նոր միջնաժամկետ քաղաքականության ձևավորումը:
12. Ծրագիրը հենվում է միջնաժամկետում տնտեսական կայունության պահպանման և կարճաժամկետ գործողություններով ու միջամտություններով այդ կայունության համար անհարկի ճնշումներ ու ռիսկեր, ինչպես նաև` շուկայի աղճատումներ չհարուցելու կանխադրույթի վրա: Այս իմաստով Ծրագրի շրջանակներում տարբեր ոլորտների մասով քաղաքականության հնարավոր միջոցառումների և գործիքների այլընտրանքների միջև ընտրության ժամանակ Կառավարությունն առաջնահերթ է դիտում կարճաժամկետում տնտեսության կենսունակության ապահովման և միջնաժամկետում սոցիալ-տնտեսական կայուն զարգացման ու հանրային բարեկեցության ապահովման նպատակների հաշվեկշռումը:
13. Ծրագիրը նաև կամուրջ է նոր իրողություններում երկրի սոցիալ-տնտեսական կայուն վերականգնման ու զարգացման միջնաժամկետ քաղաքականության և այդ քաղաքականության համատեքստում առանցքային կառուցվածքային բարեփոխումների օրակարգի ձևավորման համար` այդ նպատակով սահմանելով անհրաժեշտ վերլուծական աշխատանքների պահանջը:
III. Տնտեսական վիճակի ամփոփ պատկերը
14. 2020 թվականին տնտեսությունն ամբողջապես կլանել է առողջապահական, սոցիալական և ռազմաքաղաքական ճգնաժամերի անմիջական հետևանքները, որոնք արտացոլվել են և՛ պահանջարկի, և՛ առաջարկի խզումներով ու անկումային միտումներով: Միաժամանակ, երկրի տնտեսությունն ինքնին օժտված չլինելով բավարար դիմակայունությամբ և ցածր արտադրողականությամբ` պատրաստ չի գտնվել լիարժեք ադապտացվել և արձագանքել ընթացիկ մարտահրավերներին:
15. Անցած տարվա ընթացքում դրսևորված զարգացումներն անմիջականորեն արտացոլվել են տնտեսական իրավիճակը բնութագրող հիմնական ցուցանիշների` նախաճգնաժամային տրենդից և պլանավորումներից դեպի ներքև շեղումներում: Չնայած, դեռևս ամփոփված և հրապարակված չէ անցած տարվա կտրվածքով ամբողջական վիճակագրությունը, այդուհանդերձ, առկա տեղեկատվությունը հնարավորություն է տալիս ամփոփ կերպով արձանագրել իրավիճակը և միտումները:
16. Տնտեսական ակտիվությունը: Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2020 թ. հունվար-նոյեմբերին 2019 թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ կազմել է -7.3%: Անկումը պայմանավորված է ծառայությունների ծավալի 13.7%-ով, առևտրի շրջանառության` 13.5%-ով, շինարարության` 11.2%-ով և արդյունաբերության` 0.2%-ով նվազմամբ:
17. Համախառն ներքին արդյունք: 2020 թ. հունվար-սեպտեմբերին ՀՆԱ-ը կազմել է 4283.9 մլրդ դրամ` 2019 թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ նվազելով 7.1%-ով: Արտադրական եղանակով հաշվարկված` 2020 թ. հունվար-սեպտեմբերին 2019 թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ ավելացված արժեքի ծավալի նվազում է գրանցվել տնտեսության հիմնական ճյուղերի, ինչպես նաև` արտադրանքի հարկերի գծով: 2020 թ. հունվար-սեպտեմբերին վերջնական սպառման ծախսերը կազմել են 4076.0 մլրդ դրամ` 2019 թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ նվազելով 6.2%-ով, իսկ համախառն կուտակումը կազմել է 603.7 մլրդ դրամ` նվազելով 18.5%-ով: Ապրանքների և ծառայությունների արտահանումը կազմել է 1347.2 մլրդ դրամ` նվազելով` 30.8%-ով, իսկ ներմուծումը կազմել է 1743.0 մլրդ դրամ` նվազելով 27.6%-ով: Արտահանման և ներմուծման սալդոն կազմել է -395.9 մլրդ դրամ` 2019 թ. հունվար-սեպտեմբերի համեմատ կրճատվելով 72.3 մլրդ դրամով:
18. Արդյունաբերություն: Արդյունաբերության ոլորտում 2019 թ. հունվար-նոյեմբերի համեմատ 2020 թ. նույն ժամանակահատվածում աճել են հանքագործական արդյունաբերությունը (12.7%-ով) և էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու լավորակ օդի մատակարարումը (0.4%-ով), իսկ նվազում է գրանցվել մշակող արդյունաբերության (-3.4%) և ջրամատակարարման, կոյուղու, թափոնների կառավարման և վերամշակման (-14.4%) ենթաճյուղերում: Մշակող արդյունաբերության ենթաճյուղերից 9-ի գծով աճ է գրանցվել:
19. Գյուղատնտեսություն(1): 2020 թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին գյուղատնտեսության համախառն արտադրանքի արժեքը կազմել է 555.2 մլրդ դրամ, ինչը 2019 թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 0.5%-ով: Բուսաբուծության համախառն արտադրանքը կազմել է 305.3 մլրդ դրամ` նվազելով 0.4%-ով, իսկ անասնաբուծության համախառն արտադրանքը` 249.9 մլրդ դրամ` աճելով 1.6%-ով:
____________________
1) Տվյալները հասանելի են հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի համար:
20. Շինարարություն: Շինարարության ծավալի անկումը պայմանավորված է շինարարության` ըստ ֆինանսավորման աղբյուրների կառուցվածքում առավել բարձր տեսակարար կշիռ ունեցող բնակչության միջոցների հաշվին շինարարության ծավալի` 34.9%-ով և կազմակերպությունների միջոցների հաշվին` 4.7%-ով նվազմամբ: Միաժամանակ, 9.7%-ով աճել է պետական բյուջեի միջոցներով իրականացվող շինարարությունը, այդ թվում` միջազգային վարկերի հաշվին շինարարության ծավալը` 0.1%-ով, իսկ համայնքների միջոցներով իրականացվածը` 5.8%-ով:
21. Առևտուր և ծառայություններ: Առևտրի շրջանառության ծավալի նվազումը պայմանավորված է ավտոմեքենաների առևտրի ծավալի` -31.9%, մանրածախ առևտրի ծավալի` -16.1%, մեծածախ առևտրի ծավալի` -9.4% նվազմամբ: Ծառայությունների ծավալի անկումը պայմանավորված է ծառայությունների 11 տեսակներից 9-ի գծով արձանագրված նվազմամբ: Աճ է գրանցվել միայն «տեղեկատվություն և կապ», «ֆինանսական և ապահովագրական գործունեություն» ծառայության տեսակների գծով` համարժեքաբար 6.2% և 7.0%: «Մշակույթ, զվարճություններ և հանգիստ», «տրանսպորտ», «կացության և հանրային սննդի կազմակերպում» և «անշարժ գույքի հետ կապված գործունեություն» ծառայությունների տեսակների գծով անկումը կազմել է համապատասխանաբար -13.5%, -34.8%, -47.7% և -13.3%: 2020 թ. հունվար-սեպտեմբերին զբոսաշրջիկների թիվը 2019 թ. հունվար-սեպտեմբերի նկատմամբ նվազել է 77.5%-ով` կազմելով 327.7 հազար մարդ:
22. Աշխատանքի շուկա և զբաղվածություն: 2020 թ. 3-րդ եռամսյակի դրությամբ աշխատանքային ռեսուրսները կազմել են 2081.4 հազար մարդ` 2019 թ. նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 0.2%-ով: Աշխատուժից դուրս բնակչության թիվն աճել է 3.4%-ով (851.5 հազար մարդ): Զբաղվածները նվազել են 3.8%-ով (թիվը` 1023 հզր մարդ), գործազուրկները` աճել 3.7%-ով (թիվը` 226.9 հզր մարդ): Գործազրկության մակարդակը(2) կազմել է 18.1%, իսկ զբաղվածության մակարդակը (3)` 49.2%` 2019 թ. նույն ժամանակահատվածի` համապատասխանաբար 19.8%-ի և 45.0%-ի դիմաց:
____________________
2) Հաշվարկված է աշխատուժի թվաքանակի նկատմամբ
3) Հաշվարկված է աշխատանքային ռեսուրսների թվաքանակի նկատմամբ (ըստ մշտական բնակչության հիմնադրույթի)
23. Պետական բյուջե: ՀՀ 2021 թ. պետական բյուջեով ծախսերի ծավալը ծրագրավորվել է շուրջ 1,850.9 մլրդ դրամ: Ծախսերի ամբողջ ծավալի 88.3%-ը կամ 1,634.6 մլրդ դրամը բաժին է ընկնում ընթացիկ ծախսերին, 11.7%-ը կամ 216.3 մլրդ դրամը` ոչ ֆինանսական ակտիվների գծով զուտ ծախսերին: ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի ծախսային մասը ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի հաստատված մակարդակի համեմատ նվազել է շուրջ 4.8 մլրդ դրամով: «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել է 1,509.5 մլրդ դրամի չափով` 2020 թվականի համար նախատեսված 1,695.0 մլրդ դրամի և 2019 թվականի փաստացի ստացված 1,565.5 մլրդ դրամ համադրելի գումարների դիմաց: Եկամուտների տարեկան ծրագրային ծավալները կապահովվեն հիմնականում ի հաշիվ հարկային եկամուտների:
24. Հարկեր: 2020 թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին պետական բյուջեի հարկային եկամուտների և պետական տուրքի գծով փաստացի մուտքերը կազմել են 1,385.2 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազելով 79.1 մլրդ դրամով կամ 5.4%-ով, ընդ որում` հարկային մասով աճը կազմել է 34.2 մլրդ դրամ կամ 3.2%, մաքսային մասով` նվազել է 113.3 մլրդ դրամով կամ 27.6%-ով: 2020 թվականի պետական բյուջեի փոփոխություններով 2020 թ. համար սպասվել են 1,320.5 մլրդ դրամի չափով հարկային եկամուտներ և պետական տուրքեր, իսկ 2021 թվականի պետական բյուջեի մասին օրենքով` 1,349.8 մլրդ դրամ, ինչը կազմում է ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին ՀՀ օրենքով հարկային եկամուտների և պետական տուրքերի գծով ծրագրային ցուցանիշի` 1,602.3 մլրդ դրամի 84.2%-ը: Փաստացի` 2020 թ. պետական բյուջեի փոփոխություններով սպասվող 1,320.5 մլրդ դրամից ավել է հավաքագրվել 64.7 մլրդ դրամ կամ 4.9 տոկոսով ավելին, իսկ 2021 թ. պետական բյուջեի մասին ՀՀ օրենքով 2020 թ. համար սպասվող 1,349.8 մլրդ դրամից ավել է հավաքագրվել 35.4 մլրդ դրամ կամ 2.6 տոկոսով ավելին: 2021 թվականի համար հարկային եկամուտները և պետական տուրքերը կանխատեսվում են 1,440.1 մլրդ դրամ, ինչը 2020 թ. փաստացի ցուցանիշի (1,385.2 մլրդ դրամ) համեմատ ավել է 54.9 մլրդ դրամով կամ 4.0 տոկոսով: 2021 թ. համար Հարկեր/ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշը կանխատեսվում է 22.5 տոկոս:
25. Պետական բյուջեի դեֆիցիտ և պետական պարտք: ՀՀ 2021 թ. պետական բյուջեի դեֆիցիտը ծրագրավորվել է ՀՆԱ-ի 5.3%-ի չափով և կազմում է 341.4 մլրդ դրամ: Դեֆիցիտի ֆինանսավորման ներքին աղբյուրների հիմնական մասը 2021 թ. ձևավորվելու է պետական արժեթղթերի տեղաբաշխումից գոյացող մուտքերից, ելքերի ֆինանսավորմանն ուղղվող` 2021 թ. պետական բյուջեի տարեսկզբի, կայունացման դեպոզիտային հաշվի միջոցներից, ինչպես նաև` տնտեսվարող սուբյեկտներին տրամադրված բյուջետային վարկերի զուտ մուտքերից: 2021 թ. պետական բյուջեի հիմքում դրված կանխատեսումների համաձայն` 2020 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ պետական պարտքը կկազմի 3,995 մլրդ դրամ (8,090 մլն ԱՄՆ դոլար) կամ ՀՆԱ-ի 65.7%-ը, իսկ 2021 թ. տարեվերջին` 4,461 մլրդ դրամ (9,035 մլն ԱՄՆ դոլար) կամ ՀՆԱ-ի 69.8%-ը:
26. Ավանդներ: Ֆիզիկական և իրավաբանական անձանց ավանդները 2020 թվականի ընթացքում ավելացել են մոտ 74 մլրդ դրամով կամ 2.3%-ով և տարեվերջի դրությամբ կազմել են 3.3 տրլն դրամ: Սեպտեմբերի 27-ից ի վեր ավանդները նվազել են 31 մլրդ դրամով կամ 1%-ով (փոխարժեքի ազդեցությունը զտված չէ): Ավանդների նվազումը գրեթե ամբողջությամբ պայմանավորված է ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների նվազմամբ: Ավանդների դոլարիզացիան 2020 թվականին նվազել է 3.0 տոկոսային կետով և տարեվերջին կազմել 56.8%:
27. Վարկեր: Ֆիզիկական և իրավաբանական անձանց տրված վարկերը տարեսկզբից ավելացել են 496 մլրդ դրամով կամ 14.5%-ով: Վարկերի աճի գերակշիռ մասը` մոտ 311 մլրդ դրամը կազմում են իրավաբանական անձանց տրված վարկերը: Վարկերի մնացորդի աճին իր նպաստումն է ունեցել վարկերի ընթացիկ մարումների հետաձգման (վերանայում, երկարաձգում) հանգամանքը: Մասնավորապես` մարտ-հոկտեմբեր ամիսներին միայն իրավաբանական անձանց կողմից իրականացվել է 160 մլրդ դրամով ավելի պակաս մարում, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: Ներկայումս առկա են վարկավորման ծավալների նվազման միտումներ:
28. Արտաքին առևտուր: 2020 թ. հունվար-նոյեմբերին արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 6356.0 մլն ԱՄՆ դոլար, և նվազումը կազմել -12.4%: Արտահանումը կազմել է 2284.0 մլն ԱՄՆ դոլար` նվազելով 5.2%-ով: 2020թ. 11 ամիսների կտրվածքով ներմուծումը կազմել է 4072.0 մլն ԱՄՆ դոլար` նվազելով 15.9%-ով: Ըստ երկրների խմբերի արտահանման նվազում է գրանցվել ԱՊՀ երկրների գծով` 10.9%-ով, ԵՄ երկրների գծով` 29.5%-ով, «այլ երկրներ» խմբի գծով աճը կազմել է 10.2%: Դեպի ԵԱՏՄ երկրներ արտահանումը նվազել է 10.7%-ով: Ըստ արտահանվող երկրի ներմուծման 28.6%-ով նվազում է գրանցվել «այլ երկրներ» խմբից և 15.9%-ով` ԵՄ երկրներից: Ներմուծումն աճել է ԱՊՀ երկրներից` 0.9%-ով և ԵԱՏՄ երկրներից` 2.1%-ով:
29. Օտարերկրյա ուղղակի ներդրումներ(4): 2020 թ. հունվար-սեպտեմբերի ընթացքում տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ընդհանուր ներդրումների(5) զուտ հոսքերի(6) ծավալը կազմել է 52.6 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազելով 85.2 մլրդ դրամով, իսկ ուղղակի ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմել է 311.1 մլն դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 38.1 մլրդ դրամով: Օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերը (ըստ գործունեության տեսակերկիր կտրվածքի) գլխավորապես ուղղվել են հանքարդյունաբերության (53.5 մլրդ դրամ), անշարժ գույքի հետ կապված գործունեության (9.0 մլրդ դրամ) և կացության կազմակերպման (2.9 մլրդ դրամ) ոլորտներ: Ըստ երկրների` զուտ հոսքերի ընդհանուր ներդրումները հիմնականում իրականացվել են Գերմանիայից (45.1 մլրդ դրամ` հիմնականում հանքարդյունաբերության և էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման ոլորտներում), Իտալիայից (18.5 մլրդ դրամ` հիմնականում էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման ոլորտում), իսկ Միացյալ Թագավորությունից (միայն 6.4 մլրդ դրամ` հիմնական մետաղների արտադրության ոլորտում): Հիմնական նվազումներն արձանագրվել են Ռուսաստանից կողմից (-23.1 մլրդ դրամ` հիմնականում էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման ոլորտում), Արգենտինայի կողմից (ուղղակի ներդրումների զուտ հոսքերի մասով` -2.7 մլրդ դրամ` օդային տրանսպորտի ոլորտում) և Ֆրանսիայի կողմից (ուղղակի ներդրումների զուտ հոսքերի մասով` -2.2 մլրդ դրամ` խմիչքների արտադրության ոլորտում):
____________________
4) Տվյալները հասանելի են հունվար սեպտեմբեր ժամանակահատվածի համար
5) Ընդհանուր ներդրումները ներառում են ուղղակի, պորտֆելային և այլ ներդրումները (վերջինում ներառվում են վարկերը և փոխառությունները, ապրանքների և ծառայությունների դիմաց վճարվելիք/ստացվելիք գումարները, ստացված/տրված կանխավճարները):
6) Զուտ հոսքերը հաշվետու ժամանակաշրջանում օտարերկրյա ներդրումների գծով ստացումների և մարումների տարբերություններն են:
30. Տրանսֆերտներ: 2020 թ. հունվար-նոյեմբերին ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված փոխանցումների ներհոսքը կազմել է 1642.6 մլն դոլար, որը 2019 թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ նվազել է 5.7%-ով, իսկ ՀՀ-ից ֆիզիկական անձանց կողմից արտերկիր իրականացված փոխանցումների արտահոսքը` 1133.9 մլն դոլար` նվազելով 13.1%-ով: Զուտ արտահոսքը կազմել է 508.7 մլն դոլար` աճելով 16.1%-ով: 2020 թ. հունվար-նոյեմբերին Ռուսաստանի Դաշնությունից ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված փոխանցումների ներհոսքը կազմել է 737.8 մլն դոլար, ինչը 2019 թ. նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 21.9%-ով: ԱՄՆ-ից ներհոսքը կազմել է 404.7 մլն դոլար` աճելով 61.3%-ով:
IV. Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման
միջոցառումների իրականացման ամփոփ պատկերը
31. 2020 թ. երկրում կորոնավիրուսային համավարակի կառավարման շրջանակներում վարակի տարածման ինտենսիվությունը վերահսկելիության դաշտում պահելու և զուգահեռաբար պատշաճ առողջապահական կարողություններ ձևավորելու նպատակով մարտի 16-ից կիրարկված արտակարգ դրության իրավական ռեժիմի պայմաններում սկսեցին կիրառվել տնտեսական գործունեության տեսակների և տեղաշարժման ազատության նկատմամբ տարբեր սահմանափակումներ` տարբեր տևականությամբ ու ծածկույթով: Բացի այդ, աշխարհի բազմաթիվ երկրներում նույնպես կիրառվեցին տեղաշարժի և տնտեսական տարբեր սահմանափակումներ:
32. Նշված իրավիճակում նշանակալիորեն տուժել է ազգային տնտեսությունը, երկրների հետ առևտրատնտեսական կապերը: Հատկապես շոշափելի առաջնային հարվածը ստացել են զբոսաշրջության, հյուրընկալության ու հարակից ոլորտները: Հետագայում արդեն ազդեցության շղթան տարածվել է ողջ տնտեսությամբ` առաջ բերելով առաջարկի ու պահանջարկի անկում, աշխատաշուկայի խաթարումներ և տեխնոլոգիական խզումներ, բնակչության եկամուտների և սոցիալական լրացուցիչ ռիսկեր:
33. Կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված գործարկվել են թվով 25 աջակցության միջոցառումներ, որոնցից 12-ը` տնտեսական աջակցության: Միջոցառումներն ուղղված են եղել տնտեսվարողների մոտ ընթացիկ իրացվելիության հետ կապված խնդիրների լուծմանը, աշխատատեղերի պահպանմանը, տնտեսության վերականգնման և երկարաժամկետ զարգացմանն ուղղված ծրագրերի ֆինանսավորմանը: Ընդհանուր առմամբ գործարկման տարբեր ժամկետներով և տարբեր գործիքների միջոցով (դրամաշնորհ, վարկավորում, սուբսիդավորում, արտոնյալ վարկավորման նպատակով երաշխիքների տրամադրում, վերաֆինանսավորում, համաֆինանսավորում) աջակցության հասանելի ծավալը կազմել է ավելի քան 200.0 մլրդ դրամ:
34. 2020 թվականի դեկտեմբերի 25-ի դրությամբ տնտեսական աջակցության միջոցառումների շրջանակներում ընդհանուր առմամբ փաստացի տեղաբաշխվել է ավելի քան 25 մլրդ դրամ, փոխառության տեսքով տրամադրվել մոտ 20.0 մլրդ դրամ: Բանկային համակարգի կողմից տնտեսական միջոցառումների շրջանակներում տրամադրվել է ավելի քան 150 մլրդ դրամ փոխառու միջոց: Հաշվետու դրությամբ տնտեսական միջոցառումների մասով շահառուների ընդհանուր թիվն ավելի քան 85000 է: Տնտեսական միջոցառումներից 10-ն ավարտված են, իսկ 2-ը դեռևս գործարկված չեն:
35. Կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամային իրավիճակը մեղմելու նպատակով ստեղծվել է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի դուստր ձեռնարկություն հանդիսացող «Ձեռնարկատեր + Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ի «Ձեռնարկատեր + Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» փակ ոչ հրապարակային մասնագիտացված պայմանագրային ներդրումային ֆոնդը (այսուհետ` «ֆոնդ»): Տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված առաջին ծրագրի շրջանակներում նախատեսվում էր պետության մասնակցությունը տվյալ ֆոնդում` մինչև 50 մլրդ դրամ ընդհանուր արժողությամբ ֆոնդի փայերի ձեռքբերման եղանակով: Կառավարության կողմից ֆոնդի փայերի ձեռքբերումը նախատեսվում է իրականացնել տասը մասնաբաժնով` յուրաքանչյուրը մինչև 5 մլրդ դրամի չափով: Ընդ որում, առաջին 5 մլրդ դրամ ծավալով փայերի ձեռքբերման դիմաց վճարումը կատարվում է ֆոնդի փայերի ձեռքբերման հայտը ֆոնդի կանոններով սահմանված կարգով ներկայացնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ յուրաքանչյուր հաջորդ մասնաբաժնի ձեռքբերման դիմաց վճարումն իրականացվում է ֆոնդի կառավարչի կողմից նախորդ մասնաբաժնի գումարի ներդրումներ իրականացնելու փաստի մասին Կառավարությանը գրավոր ծանուցելուց հետո: Յուրաքանչյուր հաջորդ փայի ձեռքբերումը տեղի կունենա Կառավարության որոշման հիման վրա` նախորդ մասնաբաժնի գումարի ներդրումների վերաբերյալ ներկայացված հաշվետվության արդյունքներով: Թիրախային ոլորտներն են գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը, զբոսաշրջությունը, բարձր տեխնոլոգիաները, պաշտպանությունը, առողջապահությունը: Ֆոնդի խողովակային ծրագրերի քանակը 6-ն է:
36. Ծրագրի շրջանակներում կապահովվի կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման չգործարկված միջոցառումների ակտիվացումը և ընտրված միջոցառումների վերանայումն ու շարունակությունը` ելնելով ստեղծված իրավիճակում տվյալ միջոցառման կամ գործիքի կիրառման նպատակահարմարությունից և նախորդ ժամանակահատվածում կիրառման արդյունքներով դրա հիմնավորված արդյունավետությունից:
37. Միաժամանակ, կարևորվում է աջակցության ծրագրերի և գործիքների արդյունավետության գնահատումը` նախևառաջ դրված նպատակները սպասարկելու, ինչպես նաև` գնահատման արդյունքներից ելնելով` հետագայում որպես տնտեսական քաղաքականության գործիք կիրառելու նպատակահարմարության տեսակետից:
V. Հիմնական մարտահրավերները և խնդիրները
38. Իրավիճակի համակողմանի դիտարկումը թույլ է տալիս նույնականացնել մի շարք մարտահրավերներ, որոնք այս կամ այն հավանականությամբ կարող են ազդեցություն ունենալ Ծրագրի իրականացման վրա, մասնավորապես`
1) Տարածաշրջանային անկայունություն. 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության հանդեպ սանձազերծած պատերազմի հետևանքով տարածաշրջանում ստեղծվել է իրավիճակ, որը կարող է Հայաստանի և Արցախի անվտանգության համար լրացուցիչ ռիսկեր առաջացնել: Առարկայանալու դեպքում` այդ ռիսկերն էական և որոշիչ կարող են լինել տնտեսական քաղաքականության առաջնահերթությունների տեսակետից:
2) Կորոնավիրուսի համավարակի հաղթահարման անորոշություններ. աշխարհի մի շարք երկրներում, ինչպես նաև Հայաստանում վերջին ամիսներին դրսևորվում են համավարակի տարածման երկրորդ և երրորդ ալիքները` աչքի ընկնելով տարածման տարբեր ինտենսիվություններով և դրսևորման տարբեր բնութագրիչներով: Մոտ ապագայում համավարակի հաղթահարումը պայմանավորվում է պատվաստանյութի հասանելիությամբ: Այս գործոնների բերումով` առկա են էական անորոշություններ երկրում կորոնավիրուսի հետագա զարգացման հետ կապված` լի սոցիալդեմոգրաֆիական, տնտեսական ու աշխատաշուկայի վրա հավանական նոր ճնշումներով: Համավարակի դրսևորման յուրահատկություններից կախված` հանրային առողջության պահպանման նկատառումով կայացվելիք որոշումները կարող են ազդել տնտեսական ու ծախսային առաջնահերթությունների վերանայման վրա:
3) Քաղաքական անկայուն միջավայր. 2020 թվականի ընթացքում առողջապահական, սոցիալ-տնտեսական և Արցախի հանդեպ Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի հետ կապված ճգնաժամերն առաջ են բերել երկրում ներքաղաքական գործընթացներ, ինչը կարող է անորոշության լրացուցիչ աղբյուր դառնալ` լրացուցիչ ճնշումներ ստեղծելով տնտեսության վրա և խոչընդոտելով տնտեսության հետճգնաժամային վերականգմանն ուղղված ջանքերին:
4) Ժողովրդագրական ճգնաժամ, աշխատաշուկայի կառուցվածքային խաթարումներ, միգրացիայի ռիսկ. համավարակը և պատերազմը մեծ բացասական ազդեցություն են ունեցել երկրի` առանց այդ էլ անբարենպաստ ժողովրդագրական իրավիճակի և ոչ արդյունավետ աշխատաշուկայի վրա, և այդ հետևանքները կարող են նաև երկարաժամկետում պահպանվել և անորոշ դրսևորումներ ունենալ: Ակնհայտորեն առկա է նաև միգրացիայի ռիսկ` անորոշության և նվազած տնտեսական հնարավորությունների համատեքստում:
5) Տնտեսական գործակալների և բնակչության մոտ բացասական սպասումներ. առկա ճգնաժամն ակնհայտորեն խաթարել է տնտեսական գործակալների մոտ ապագայի նկատմամբ դրական սպասումները և առաջ բերել վստահության դեֆիցիտ: Անորոշության ռիսկերի կառավարման իմաստով նման իրավիճակում մասնավոր հատվածի և տնային տնտեսությունների վարքագիծը, մասնավորապես` սպառողական, ներդրումային, խնայողության և այլն, լրացուցիչ մարտահրավեր է արդյունավետ տնտեսական կառավարման և հետճգնաժամային վերականգնման համար:
6) Մակրոտնտեսական անկայունության ռիսկ. նախորդ դրույթներում նկարագրված հանգամանքները մակրոտնտեսական կայունության խաթարման հավանական միջավայր են ձևավորում, ինչի արդյունքում տնտեսությունը կարող է հայտնվել խոր և երկարատև ճգնաժամի ծիրում: Նման ռիսկերի արդյունավետ կառավարումը հաշվեկշռված մակրոտնտեսական քաղաքականության, տնտեսական ակտիվության խրախուսման և դրական սպասումների ձևավորման միջոցով առանցքային է կարճաժամկետում տնտեսական անկումը բեկելու և տնտեսությունը կայունացման հուն տեղափոխելու համար:
39. Վերը նշված մարտահրավերներն, իհարկե, համեմատաբար տևական ու ռազմավարական արձագանք են պահանջելու` հիմնված խորքային վերլուծությունների և քաղաքականության համապարփակ միջամտությունների վրա: Մարտահրավերներին զուգահեռ չափազանց կարևոր է լինելու հիմնարար կերպով գնահատել նաև ներքին և արտաքին հնարավորությունները, ինչը թույլ կտա փաստարկված գիտելիքի հիման վրա կառուցել երկրի սոցիալ-տնտեսական զարգացման առաջիկա համայնապատկերը և պլանավորել այն իրագործելու կարողություններն ու ռեսուրսները:
40. Մինչդեռ առկա են կարճաժամկետ հատվածում թիրախային և օպերատիվ լուծումներ պահանջող բազմաթիվ խնդիրներ, որոնց հասցեագրումը կարևոր նշանակություն կունենա հետագա տնտեսական վերականգնմանը նպաստող կենսունակ միջավայր ապահովելու համար: Այդ պոտենցիալ խնդիրներն ընդհանուր առմամբ հետևյալն են`
1) Տնտեսության իրական հատված.
- - Անորոշության միջավայրը կարող է հանգեցնել գործարար ակտիվության
անկմանը, քանի որ ձեռներեցությունից և գործարար ռիսկից խուսափելը կարող է վերածվել դոմինանտ վարքագծի` այդպիսով նշանակալիորեն խոչընդոտելով տնտեսության վերականգնման գործընթացին.
- Բնակչության մոտ տնօրինվող եկամտի կրճատումը և իրավիճակով պայմանավորված` սպառողական և խնայողության վարքագծի փոփոխությունը, այդ թվում` մասնավոր սպառման հակվածության կրճատում և խնայողությունների ընթացիկ մակարդակի անկում, որպես այդպիսին հետադարձ շղթայով կարող է անդրադառնալ գործարար ակտիվության ու առաջարկի սեղմման, միջնաժամկետում տնտեսությունում ներքին ներդրումային ռեսուրսի հասանելիության ավելի կրճատման վրա.
- Տնտեսական ակտիվության մակարդակի անկման և դրա պահպանման հետևանքով երկրորդային շրջանի էֆեկտների (second-round effects) հավանական դրսևորման արդյունքում տնտեսության մասնակիցների մոտ ֆինանսական ռեսուրսների հասանելիությունը կամ բիզնես գործունեության անորոշությունը կարող է ընթացիկ խնդրից վերաճել «արատավոր շրջանի».
- Արցախի հանդեպ Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի և հետպատերազմյան անորոշությունների համատեքստում երկրի ներդրումային գրավչության անկումն արդյունքում կարող է էլ ավելի զսպել ներդրումների ներգրավման հնարավորությունները.
- Կորոնավիրուսի համավարակի հերթական ալիքների պատճառով կիրառվող սահմանափակումների արդյունքում արտաքին շուկաներում պահանջարկի դանդաղ վերականգնումը և անորոշությունների պահպանումը, այդ թվում` միջազգային ուղևորահոսքի ու հաղորդակցության մասով, կարող է սահմանափակել արտաքին առևտրի ու զբոսաշրջության ոլորտների լիարժեք վերականգնման հնարավորությունը.
2) Ենթակառուցվածքներ և տարածքային տնտեսական զարգացում.
- Տնտեսական ենթակառուցվածքների բարելավման, արդիականացման և զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերի ցածր կատարողականը հանգեցնում է հասանելի ֆինանսական ռեսուրսների ոչ օպտիմալ և անարդյունավետ օգտագործման և դրանով հանդերձ` սահմանափակում և՛ տնտեսության վրա մուլտիպլիկատիվ դրական ազդեցությունը, և՛ այլընտրանքային ծրագրերի իրականացման ֆիսկալ հնարավորությունները.
- Արցախյան պատերազմի հետևանքով երկրի մի շարք մարզերի և համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման, հանրային բնականոն կյանքի ապահովման, անվտանգ ու լիարժեք ենթակառուցվածքային համակարգերի ապահովվածության հարցերն առանձնակի ուշադրություն են պահանջում: Այս ուղղությամբ ոչ բավարար ջանքերի գործադրումը կարող է սոցիալ-տնտեսական և դեմոգրաֆիական լրացուցիչ ռիսկեր ի հայտ բերել.
- Ստեղծված իրավիճակում երկրի տարածքային սոցիալ-տնտեսական զարգացման անհամամասնության խորացման լրացուցիչ ռիսկեր են ձևավորվել, որոնք կարող են առարկայանալ ոչ միայն տնտեսական և գործարար հնարավորությունների անկմամբ, աշխատատեղերի կորստով և եկամուտների կրճատմամբ, այլև` ներքին և արտաքին միգրացիայի ծավալների ավելացմամբ.
3) Տնտեսական քաղաքականության համակարգում և քաղաքականության շուրջ երկխոսություն.
- Երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի վերլուծության ու գնահատման ոչ բավարար հիմքերի և խորքային ախտորոշման, ինչպես նաև արտաքին տնտեսական միջավայրի վերաբերյալ համակողմանի վերլուծության բացերի պարագայում մեծ է ժամանակի պահանջներին և մարտահրավերներին ոչ համարժեք, ոչ արդյունավետ, դոգմատիկ կամ ինտուիտիվ տնտեսական քաղաքականություն վարելու հավանականությունը.
- Տարբեր ոլորտներում տնտեսական քաղաքականության ծրագրերի և աջակցության գործիքների արդյունավետության գնահատման մշակույթի բացակայության հետևանքով մեծ է ռիսկը, որ ժամանակի հետ դրանք իներցիոն բնույթ ստանան, չարտահայտեն փոփոխվող իրողությունների պահանջները, արդյունքում չձևավորվի տնտեսությանը քաղաքականության արձագանքման դինամիկ օրակարգ.
- Մտավորական ու փորձագիտական համայնքի հետ ոչ բավարար ինստիտուցիոնալ համագործակցությունը հանգեցնում է երկրի զարգացման նպատակով գաղափարների և լուծումների մշակման համար հասանելի ներուժի ոչ լիարժեք օգտագործման, տեղի չի ունենում կարողությունների և ջանքերի արդյունավետ համախմբում երկրի տնտեսական զարգացման, տնտեսական քաղաքականության առաջնահերթությունների ու առկա խնդիրների լուծումների շուրջ.
- Մասնավոր հատվածի հետ ոչ բավարար ծավալով երկխոսությունը խոչընդոտ է իրականացվող քաղաքականությունների պատշաճ հաղորդակցման, մասնավոր հատվածի խնդիրները և կարիքները լսելու և վերլուծելու, ոլորտային խնդիրների և ձեռնարկվող լուծումների մասով արդյունավետ հետադարձ կապ ձևավորելու առումով.
- Երկկողմ գործընկերների և միջազգային ֆինանսական ու զարգացման կառույցների հետ տնտեսական և ոլորտային քաղաքականությունների շուրջ հատվածական երկխոսությունը և տնտեսական դիվանագիտության գործուն մեխանիզմների բացակայությունը հանգեցնում է տնտեսական զարգացման շուրջ ջանքերի թերհամախմբման, ծրագրերի և բարեփոխումների դանդաղման, հասանելի գիտելիքի, կարողությունների և ռեսուրսների ոչ լիարժեք օգտագործմանը:
VI. Ծրագրի նպատակները և ուղղությունները
41. Ելնելով երկրի առջև ծառացած մարտահրավերներից և Ծրագրի գերակայություններից` Կառավարության տնտեսական արձագանքման Ծրագրի առանցքում դրվում է 2 հիմնական նպատակ.
1) Տնտեսական ակտիվության և գործարարության խթանում` ապահովելով 2021 թվականի հունվար-հունիսին տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) այնպիսի մակարդակ, որը հնարավորություն կտա գերազանցել 2021 թվականի պետական բյուջեով պլանավորված` Համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճի ցուցանիշը առնվազն 1 տոկոսային կետով.
2) Հանրային կապիտալ ներդրումային ծրագրերի իրականացման արդյունավետության աճ` ապահովելով 2021 թվականի պետական բյուջեի շրջանակներում պլանավորված միջոցառումների նվազագույնը 90% ֆինանսական և ոչ ֆինանսական (գործառնական) կիսամյակային կատարողական (հաշվի առնելով չնախատեսված խոչընդոտները և ծրագրերի պլանավորման ճշգրտումները):
42. Այսպիսով, Ծրագրի շրջանակներում հռչակված գերակայությունների և նպատակների իրագործման համար Կառավարության ջանքերը կենտրոնանալու են հետևյալ առանցքային ուղղությունների շուրջ, մասնավորապես`
1) Տնտեսության իրական հատված.
- Ձեռներեցության խթանում` ռեսուրսների հասանելիության բարձրացման, լրացուցիչ ռիսկերի կլանման և կարողությունների հզորացման միջոցով` շեշտադրելով փոքր և միջին ձեռնարկատիրության դիմակայունությունը, աշխատատեղերի պահպանումը և կայուն զբաղվածության խթանումը, պատերազմի հետևանքով տուժած անձանց և ընտանիքների համար տնտեսական հնարավորությունների ստեղծումը և ընդլայնումը.
- Տեղական արտադրության խրախուսում` միտված արտահանման ընդլայնմանը, զբաղվածության աճին, արժեշղթաների հորիզոնական և ուղղահայաց խորացմանը.
- Տեխնոլոգիատար և արտահանմանը միտված գործարար նախաձեռնությունների խթանում` կարողությունների հզորացման նպատակով տեխնոլոգիական և ֆինանսական աջակցության սխեմաների միջոցով, ներառյալ` ռեսուրսաարդյունավետ և մաքուր տեղական արտադրությունների մասշտաբայնացում.
2) Ենթակառուցվածքներ և տարածքային տնտեսական զարգացում.
- Ենթակառուցվածքային ներդրումային ծրագրերի իրականացման նկատմամբ վերահսկողություն` դրանց գծով առկա խնդիրների բացահայտման, ընթացիկ և համակարգային լուծումների միջոցով.
- Տարածքային տնտեսական զարգացման հնարավորությունների ընդլայնում` սուբվենցիոն գործիքի ակտիվացման և արդյունավետության բարձրացման, ձեռներեցության և ինքնազբաղվածության տարածքային ծրագրերի միջոցով.
- Սահմանամերձ տարածքներում կենսունակ և անվտանգ միջավայրի ապահովում` ձևավորելով կապիտալ ներդրումային ծրագրերի միջնաժամկետ պորտֆել.
- Քաղաքային միջավայրի բարելավում` ընթացիկ ծրագրերի ակտիվացման, ինչպես նաև` նոր նախաձեռնությունների մեկնարկմամբ առավելապես ապագայամետ ու ժամանակակից քաղաքային միջավայր ձևավորելու նպատակով.
3) Տնտեսական քաղաքականության համակարգում և քաղաքականության շուրջ երկխոսություն.
- Տնտեսական քաղաքականության գործիքների և ծրագրերի արդյունավետության գնահատում` ապահովելով տնտեսական քաղաքականության վերանայման համար անհրաժեշտ վերլուծական հիմքեր.
- Ճգնաժամի հաղթահարման և հետագա կայուն զարգացման ուղղությամբ ներուժի համախմբում` մասնագիտական հանրույթի հետ համագործակցության, պետություն-մասնավոր հատված, ինչպես նաև` զարգացման գործընկերների և միջազգային ֆինանսական ինստիտուտների հետ քաղաքականության շուրջ երկխոսության ակտիվացման, արդյունավետ տնտեսական դիվանագիտության ծավալման միջոցով:
VII. Ծրագրի շրջանակներում վերլուծական աշխատանքների փաթեթը
43. Ծրագրի 3-րդ գերակայության իրականացման համար կարևորվում է վերլուծական մի շարք առանցքային աշխատանքների իրականացումը, որոնք պետք է հիմք հանդիսանան տնտեսական կայուն զարգացման միջնաժամկետ քաղաքականության մշակման համար: Ծրագրի շրջանակներում իրականացվելու են հիմնականում 3 խումբ վերլուծական աշխատանքներ, մասնավորապես`
1) Սոցիալ-տնտեսական վիճակի վերլուծություն և դիագնոստիկա, այդ թվում`
- ՀՀ սոցիալ-տնտեսական զեկույց: Անհրաժեշտ է ներկա իրավիճակի համակողմանի գնահատման և դիագնոստիկայի հիման վրա վեր հանել երկրում կորոնավիրուսի համավարակի և Արցախյան պատերազմի հետևանքով առկա սոցիալ-տնտեսական խորքային խնդիրները, ռիսկերն ու մարտահրավերները, գնահատել առաջիկա միտումներն ու նախանշել տնտեսական աճի ու զարգացման հնարավորություններն ու ուղղությունները: Զեկույցը պետք է հնարավորություն տա համալրել տնտեսական զարգացման նոր քաղաքականության ձևավորման համար անհրաժեշտ վերլուծական ու էմպիրիկ հիմքերը:
2) Տնտեսական գործիքների արդյունավետության գնահատում, այդ թվում`
- Աջակցության գործիքների արդյունավետության անկախ գնահատման զեկույց: Տարիներ շարունակ տնտեսական քաղաքականության արսենալում կիրառվում են աջակցության և խրախուսման գործիքներ, այնինչ` ընդհանուր առմամբ տնտեսության զարգացման և կոնկրետ նպատակի տեսակետից դրանց համալիր արդյունավետության կամ ազդեցության գնահատում գրեթե չի իրականացվել: Առաջնորդվելով այն սկզբունքով, որ որևէ տնտեսական գործիքի կիրարկում պետք է ելնի տնտեսական զարգացման առաջնահերթություններից, ունենա նպատակային նշանակություն և լինի ժամանակի մեջ սահմանափակ կամ զարգացող/վերանայվող` ընթացիկ պահանջների տրամաբանությանը համահունչ, կիրականացվի տնտեսական աջակցության` ներկայում կիրառվող ընտրված գործիքների (օրինակ` ազատ տնտեսական գոտիներ, ներդրումային ծրագրերի գծով արտոնություններ և այլն) անկախ գնահատում և կտրվեն քաղաքականության առաջարկություններ: Զեկույցը պետք է հնարավորություն տա` արդիականացնել և վերանայել տնտեսական քաղաքականության գործիքները, էապես բարձրացնել դրանց արդյունավետությունն ու նպատակայնությունը, ինչպես նաև` արդիականացնել և վերանայել գործիքների կառավարման վարչարարական, ինստիտուցիոնալ և օրենսդրական հիմքերը, վերլուծական հիմքերի ձևավորել տնտեսական փաստահենք քաղաքականության մշակման համար:
- Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների արդյունավետության անկախ գնահատման հաշվետվություն: Կառավարությունը 2020 թվականի ընթացքում հաստատել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման թվով 12 միջոցառում: Միջոցառումների` ընդհանուր և մասնակի նպատակներին հասնելու, պլանավորված ռեսուրսի տեղաբաշխման ու կլանման պոտենցիալի տեսակետից արդյունավետության գնահատման արդյունքները և խորհրդատվական առաջարկությունները կարևոր ներդրում կլինեն տնտեսական քաղաքականության նոր օրակարգի վերաբերյալ որոշումների կայացման համար: Հաշվետվությունը նաև հնարավորություն կտա վերանայել իրականացվող քաղաքականությունը և որոշումներ կայացնել միջոցառումների հետագա ընթացքի վերաբերյալ, նախանշել դրանց հասցեականության և ազդեցության բարձրացման նպատակով անհրաժեշտ գործողությունները:
3) Ոլորտային ծրագրերի արդյունավետության գնահատում, այդ թվում`
- Համայնքների զարգացման սուբվենցիոն ծրագրերի ամփոփ հաշվետվություն: Նախատեսվում է մշակել մինչ օրս իրականացված սուբվենցիոն ծրագրերի վերաբերյալ ամփոփ հաշվետվություն` առնվազն ներառելով ֆինանսավորման ծավալներն ըստ տարբեր աղբյուրների, հաստատված, իրականացվող և ավարտված ծրագրերն ըստ առանձին ուղղությունների, մարզերի ու համայնքներ և ֆինանսավորման ծավալների, և այլն: Հաշվետվությամբ վեր կհանվեն նաև սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքում դիտարկված խնդիրները և կառաջարկվեն լուծումներ: Կապահովվի նաև հանրային հաշվետվողականությունը և գործիքի հանրայնացումը, կբարձրանա սուբվենցիոն ծրագրերի նկատմամբ վերահսկողությունը, ծրագրերի իրականացման արդյունավետությունը:
- Տնտեսական ոլորտային աջակցության ծրագրերի գնահատման համապարփակ զեկույց: Ընթացիկ իրողությունների և տնտեսական զարգացման նոր քաղաքականության մշակման համատեքստում անհրաժեշտություն կա գնահատելու մի շարք առանցքային ոլորտներում իրականացվող պետական աջակցության ծրագրերի արդյունավետությունը: Նախատեսվում է անդրադառնալ արտահանման խրախուսման, ՓՄՁ-ների և ձեռներեցության զարգացման, զբոսաշրջության զարգացման ոլորտներին` նպատակ ունենալով ex-post գնահատել դրանց արդյունավետությունը և ազդեցությունը ոլորտի զարգացման դինամիկայի վրա, բացահայտել դրանց շրջանակներում կիրառվող գործիքակազմի համարժեքությունը ներկա խնդիրներին և զարգացման պահանջներին, անդրադառնալ աջակցության ծրագրերի կառավարման ինստիտուցիոնալ համատեքստին և կառուցակարգերին, ձևավորել առաջարկություններ ոլորտային աջակցության ծրագրերի վերանայման և դրանց կառավարման մեխանիզմների արդիականացման վերաբերյալ: Զեկույցը հնարավորություն կտա վերարժևորել ոլորտային քաղաքականությունների մասով առաջնահերթություններն ու բովանդակությունը նոր տնտեսական զարգացման միջնաժամկետ քաղաքականության մշակման շրջանակներում և վերլուծական հիմքերի ապահովել ներկա իրավիճակին համարժեք քաղաքականության օրակարգի ձևավորման համար:
44. Վերլուծական աշխատանքների ուղղությամբ ակնկալվող արդյունքները և ժամկետները ամրագրված են Ծրագրի արդյունքային շրջանակում (տե՛ս հավելված 4): Վերլուծական աշխատանքների արդյունքների համար առաջնային պատասխանատու է հիմնականում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և միայն 3-րդ ուղղության ներքո «Համայնքների զարգացման սուբվենցիոն ծրագրերի ամփոփ հաշվետվության» համար` Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:
45. Պետական կառավարման իրավասու մարմինները վերլուծական աշխատանքների համար պատասխանատու գերատեսչություններին պատշաճ ժամկետներում և ձևաչափով ապահովում են վերլուծական աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվությամբ` ապահովելով տեղեկատվության անվտանգության և գաղտնիության նկատմամբ ՀՀ օրենսդրությամբ ամրագրված պահանջները:
VIII. Տնտեսական քաղաքականության համակարգում
46. Ծրագրով նախանշված նպատակներին հասնելու և ընդհանուր առմամբ տնտեսության հետճգնաժամային վերականգնման ու զարգացման համապարփակ օրակարգի ձևավորման ու իրագործման համար էական նշանակություն ունի տնտեսական քաղաքականության կառավարման արդյունավետության շեշտակի բարձրացումը: Հենց այս նպատակով Ծրագրի գործողության ժամանակահատվածում մի շարք ուղղություններով տնտեսական քաղաքականության բարձր մակարդակի համակարգում է իրականացվելու` ապահովելով ջանքերի, ռեսուրսների և ներուժի կոնսոլիդացիա, տարբեր ձևաչափերով և ուղղություններով երկխոսության ու համագործակցության ամրապնդում և խորացում:
47. Տնտեսական քաղաքականության համակարգումն իրականացվելու է միմյանց փոխլրացնող մի շարք ուղղություններով, մասնավորապես`
1) Տնտեսական զարգացման քաղաքականության միջնաժամկետ ծրագրի մշակում.
2020 թ. կորոնավիրուսի համավարակի և պատերազմով պայմանավորված երկրում ձևավորվել է միանգամայն նոր սոցիալ-տնտեսական իրողություն: Կորոնավիրուսի հետևանքով նաև փոփոխվել/վերաձևակերպվել են տնտեսական զարգացման գլոբալ ընկալումները և առաջնահերթությունները: Օրակարգային է տնտեսության լիակատար վերականգնման, համաշխարհային զարգացումներին համահունչ և երկրի համալիր անվտանգությունն ապահովող դիմակայուն տնտեսություն կառուցելու միջնաժամկետ տեսլականի ու գործառնական ծրագրի մշակումը, որը ուղենիշ կլինի առաջիկայում տնտեսական քաղաքականության և երկրում կառուցվածքային բարեփոխումների իրականացման համար: Նոր տնտեսական քաղաքականության ծրագիրը առանցքային կարևորություն կունենա միջնաժամկետ ծախսային քաղաքականության պլանավորման, ինչպես նաև` զարգացման գործընկերների հետ համագործակցության օրակարգի ձևավորման համար:
2) Նոր ենթակառուցվածքային կարիքների ծրագրային փաթեթի ձևավորում.
2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի Հանրապետության սանձազերծած պատերազմի հետևանքով Հայաստանի համար տնտեսական ենթակառուցվածքների (ճանապարհ, տրանսպորտ, ջուր, էներգետիկա) բարելավման և արդիականացման լրացուցիչ կարիքներ և առաջնահերթություններ են ի հայտ եկել, հատկապես` առանձին մարզերի և համայնքների մասով: Կառավարությունն արդեն իսկ համարժեք աշխատանքներ է իրականացնում հրատապ կարիքները նույնականացնելու և արձագանքելու ուղղությամբ: Խնդրի լիարժեք ծավալները գնահատելու, առավել նշանակալի և ռազմավարական բնույթի կարիքները գնահատելու և միջնաժամկետ հատվածում առաջնային աշխատանքները նույնականացնելու արդյունքում կձևավորվի հստակ ծրագրային փաթեթ առաջիկա 1-3 տարիների համար: Ծրագրային փաթեթը նաև ուղղորդիչ կլինի հանրային ներդրումների և ռեսուրսների, ինչպես նաև` զարգացման գործընկերների հետ ենթակառուցվածքների ուղղությամբ համագործակցության պլանավորման համար:
3) Հանրային կապիտալ ներդրումային ծրագրերի (ad-hoc) մշտադիտարկում.
Նախատեսվում է ձևավորել 2021 թ. պետական բյուջեի շրջանակներում պլանավորված կապիտալ ներդրումային ծրագրերի առաջընթացի մշտադիտարկման ժամանակավոր մեխանիզմ` ծրագրերի իրականացման ընթացքում ծագած խնդիրների արագ արձագանքման և ծրագրերի արդյունավետ իրականացման ապահովման նպատակով: Ժամանակավոր մշտադիտարկման մեխանիզմը կներառի նաև զարգացման գործընկերների հետ համագործակցությամբ ոլորտային պորտֆելների ընթացիկ դիտարկումներ: Մոնիթորինգի հիման վրա նախատեսվում է քարտեզագրել և վերլուծել հանրային կապիտալ ներդրումային ծրագրերի իրականացման խնդիրները, նախանշել դրանց ինստիտուցիոնալ ու համակարգային լուծումները:
4) Տնտեսական քաղաքականության շուրջ երկխոսության հզորացում, այդ թվում`
- Տնտեսական քաղաքականության երկխոսության հարթակի գործարկում. կձևավորվի ոչ ֆորմալ խորհրդատվական հարթակ, որի հիմնական առաքելությունը «Chatham House» սկզբունքով ռազմավարական նշանակության հարցերի շուրջ համահայկական ինտելեկտուալ և փորձագիտական կարողությունների ու մտքի համախմբումն է, ինչն առանցքային կարևորություն կունենա տնտեսական քաղաքականության տարբեր հարցերի շուրջ լուծումների մշակման համար:
- Մասնավոր հատվածի հետ կոնսուլտացիաներ. կկազմակերպվեն առանձին ոլորտներում մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ պարբերական հանդիպում-կոնսուլտացիաներ` ոլորտի խնդիրները վեր հանելու, դրանց հնարավոր լուծումների շուրջ քննարկումների և դրանց արդյունքներով պայմանավորված` գործընթացների կոորդինացման և ապահովման նպատակով:
- Օտարերկրյա ներդրողների հետներդրումային սպասարկում. Նախատեսվում է մեկնարկել ՀՀ-ում օտարերկրյա ներդրողների հետներդրումային սպասարկման ծրագիրը, որն իրականացվելու է «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի կողմից և մշակված է ՀԲ խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) հետ համատեղ: Գործիքը նախատեսում է մի շարք ծառայություններ` միտված ՀՀ-ում գործող օտարերկրյա կապիտալով ընկերությունների գործառնական խնդիրների լուծմանը, գործարար միջավայրի համակարգային խնդիրների բացահայտմանն ու դրանց լուծման միջոցով` գործարար միջավայրի բարելավմանը: Անհատական մոտեցման և պրոակտիվ սպասարկման միջոցով օտարերկրյա ներդրողին կտրամադրվի շարունակական աջակցություն` նպատակադրելով վերաներդրումների խթանումը` որպես օտարերկրյա ներդրողների հետ երկարաժամկետ և կայուն հարաբերությունների կառուցման կարևոր նախապայմաններից մեկը:
- Տնտեսական դիվանագիտության ակտիվացում. Նախատեսվում է ձևավորել փոխվարչապետի համակարգմամբ գործող ինստիտուցիոնալ մեխանիզմ տնտեսական դիվանագիտության ակտիվացման ուղղությամբ: Առաջնահերթ ուղղություններն են օտարերկրյա ներդրումները, արդյունաբերությունը, գիտությունը, բարձր տեխնոլոգիաներն ու ինովացիան: Նախատեսվում է վերլուծել և քարտեզագրել երկրի տնտեսական հետաքրքրությունների շրջանակը և ըստ այդմ ձևավորել տնտեսական համագործակցության առաջարկությունների թիրախավորված ու տարբերակված փաթեթներ: Տնտեսական դիվանագիտության ակտիվացման գործիքակազմում կկարևորվի իրազեկման և հաղորդակցության բաղադրիչը:
- Զարգացման գործընկերների հետ տնտեսական քաղաքականության շուրջ երկխոսություն. Փոխվարչապետի ընդհանուր առաջնորդմամբ կձևավորվի դինամիկ երկխոսության հարթակ զարգացման գործընկերների հետ սույն Ծրագրի, նոր տնտեսական քաղաքականության ու առանձին ոլորտային քաղաքականությունների քննարկման նպատակով: Երկխոսությունը հնարավորություն կտա համախմբել առկա գիտելիքը և զարգացման գործընկերների հետ տնտեսական հակաճգնաժամային ծրագրի, գործիքների և գործողությունների շուրջ համագործակցության միասնական փաթեթի ձևավորել:
48. Տնտեսական քաղաքականության համակարգման ներքո պլանավորված աշխատանքների պատասխանատուն փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակն է: Աշխատանքներում ներգրավվում են նաև պետական համակարգի իրավասու և շահառու մարմինները, որոնց մասով հստակ առաջադրանքները սահմանվում են ըստ Ձև 1-ով կազմված աշխատանքային ծրագրով: Տնտեսական քաղաքականության համակարգման ներքո նախատեսված աշխատանքների գծով ակնկալվող արդյունքները տրվում են Ծրագրի արդյունքային շրջանակում (տե՛ս հավելված 4):
IX. Ծրագրի ֆինանսական փաթեթը
49. Միջոցառումների ծրագրի ամբողջ ծավալի համար անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսների գնահատված ծավալը կազմում է մոտ 205 մլրդ ՀՀ դրամ, որից մոտ 50 մլրդ ՀՀ դրամը` հանրային ֆինանսական ռեսուրսներ:
50. Նպատակային գործողությունների պլանով և աջակցության գործիքների ու ծրագրերի փաթեթով նախատեսված թվով 26 միջոցառումներից 8-ի գծով լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում: Նախատեսվում է, որ դրանք կիրականացվեն պատասխանատու գերատեսչությունների կարողությունների կամ միջազգային զարգացման գործընկերների հետ տեխնիկական համագործակցության շրջանակներում:
51. Ծրագրի Բաժին VII-ի և Բաժին VIII-ի շրջանակներում պլանավորված աշխատանքների համար կարող է լրացուցիչ տեխնիկական աջակցություն ներգրավելու անհրաժեշտություն ծագել: Այս ուղղությամբ աշխատանքներն անհրաժեշտության դեպքում կապահովվեն ներգրավված պետական մարմինների կողմից` միջազգային զարգացման գործընկերների և առանձին խորհրդատվական թիմերի հետ համագործակցության շրջանակներում:
52. Ծրագրի գնահատված ֆինանսական փաթեթի մոտ 22%-ը ձեռներեցության, մասնավոր հատվածի կայունության և ներդրումների խրախուսման նպատակով աջակցության գործիքների և ներդրումային ծրագրերի շրջանակներում պլանավորված միջոցառումներին է բաժին ընկնում: Այդ ուղղությամբ պլանավորված ռեսուրսները նախատեսվում է իրացնել ինչպես պետական ֆինանսավորմամբ, այնպես էլ մասնավոր հատվածի կողմից ներդրումային մասնակցության և օրենքով չարգելված այլ աղբյուրների միջոցով:
53. Նախնական գնահատման համաձայն` միջոցառումների համար ծրագրված հանրային ֆինանսական ռեսուրսների ծավալի մոտ 28%-ն արդեն իսկ պլանավորված է 2021 թվականի պետական բյուջեի շրջանակներում, և Ծրագրի ամբողջական իրականացման համար անհրաժեշտ է նախնական գնահատված մոտ 35 մլրդ ՀՀ դրամ լրացուցիչ ֆինանսավորում:
54. Ծրագրի և միջոցառումների ֆինանսավորման համար կարող է պահանջվել 2021 թվականի պետական բյուջեի շրջանակներում ծրագրային և ծախսային համամասնությունների ընթացիկ միջոլորտային և/կամ ներոլորտային վերանայում և վերաբաշխում, այդ թվում` հաշվի առնելով մակրոտնտեսական շրջանակի ընթացիկ հնարավորությունները և չտուգանելով հարկաբյուջետային հավասարակշռությունը:
X. Ծրագրի իրականացման ռիսկերը
55. Ծրագրի ամբողջ ծավալով իրականացմանը կարող են տարբեր չափով խոչընդոտել մի շարք ներքին և արտաքին բնույթի ռիսկեր: Մասնավորապես.
1) Տարածաշրջանային աշխարհաքաղաքական իրավիճակի հնարավոր և չնախատեսված փոփոխության բերումով Հայաստանում ընթացիկ քաղաքականության առաջնահերթությունների փոփոխությունը կարող է խոչընդոտել Ծրագրի սահուն իրագործմանը և անհրաժեշտություն առաջացնել Ծրագրի ամբողջական վերանայման:
2) Ե՛վ գործընկեր երկրներում, և՛ Հայաստանում կորոնավիրուսային համավարակի հետագա դրսևորման հետ կապված անորոշությունները և համավարակի կառավարման ուղղությամբ տարվող ջանքերը կարող են ընթացիկ տնտեսական քաղաքականության առաջնահերթությունների վերանայման պահանջ ձևավորել:
3) Պետական կառավարման համակարգում գործընթացների կառավարման հնարավոր ձախողումները և տրված ժամկետում Ծրագրի` ողջ ծավալով իրականացման համար պահանջվող կարողությունների հնարավոր ոչ բավարար մակարդակը կարող է լրացուցիչ ռիսկ հարուցել Ծրագրի սահուն ընթացքի համար:
56. Վերը նշված ռիսկերը կառավարելիության դաշտում պահելու նպատակով կիրականացվի Ծրագրի բարձր մակարդակի համակարգում և վերահսկողություն, այդ թվում` ընթացիկ մոնիթորինգի և հաշվետվողականության միջոցով:
XI. Ծրագրի կառավարումը
57. Ծրագրի ընդհանուր համակարգումն ու վերահսկողությունը իրականացնելու նպատակով փոխվարչապետի գրասենյակը, սույն որոշումն ընդունվելուց հետո 1-շաբաթյա ժամկետում, պատասխանատու գերատեսչությունների կողմից տրամադրված տեղեկատվության հիման վրա ձևավորում է Ծրագրի իրականացման մանրամասն աշխատանքային ծրագիր, համաձայն Ձև 1-ի, սահմանելով աշխատանքների համար կոնկրետ պատասխանատուների առնվազն մարմնի գլխավոր քարտուղարի, համակարգող նախարարի տեղակալի կամ տվյալ ծրագիրը կամ միջոցառումն իրականացնող միավորի ղեկավարի մակարդակով:
58. Ծրագրի համակարգման շրջանակներում Փոխվարչապետի մոտ կարող է հրավիրվել աշխատանքային խորհրդակցություն Ծրագրի իրականացման առաջընթացի քննարկման վերաբերյալ` հիմք ընդունելով սույն որոշման հավելված 5-ով սահմանված Առաջընթացի հաշվետվությունը:
59. Ընթացիկ զարգացումներով պայմանավորված` կարող են ի հայտ գալ չկանխատեսված անորոշություններ, որոնց ազդեցությամբ կարող է անխուսափելի անհրաժեշտություն ծագել միջոցառումների ընթացիկ վերանայման և/կամ ճշգրտման համար:
60. Միջոցառումների վերանայում կարող է իրականացվել մեկ անգամ: Այդ նպատակով միջոցառումների համար պատասխանատու գերատեսչությունները մինչև 2021 թվականի մարտի 1-ը փոխվարչապետի գրասենյակ են ներկայացնում հիմնավորված առաջարկություն սույն Որոշման համապատասխան հավելվածներում առկա միջոցառումներում ճշգրտումներ կատարելու կամ նոր միջոցառումներ նախատեսելու վերաբերյալ:
Ձև 1. Աշխատանքային ծրագիր*
.________________________________________________________________.
|Միջոցառում|Առաջադրանք|Գործողություն|Ավարտման|Պատաս- |Համակատարող|
| | | |ժամկետ |խանատու| |
|________________________________________________________________|
|Ուղղություն .... /Նշել/ |
|________________________________________________________________|
|1. ... | | | | | |
|__________|__________|_____________|________|_______|___________|
|2. | | | | | |
|__________|__________|_____________|________|_______|___________|
|3. | | | | | |
.________________________________________________________________.
* Լրացման ուղեցույց
Առաջադրանք Յուրաքանչյուր միջոցառման իրականացման համար
անհրաժեշտ և կոնկրետ արդյունք` ելք ենթադրող քայլերը
/օրինակ` մրցույթի արդյունքների ամփոփում կամ
պայմանագրի կնքում/
Գործողություն Յուրաքանչյուր առաջադրանքի համար անհրաժեշտ
հաջորդական գործընթացը` քայլը /օրինակ` տեխնիկական
առաջադրանքի մշակում, տեխնիկական առաջադրանքի
հաստատում, մրցույթի հայտարարում/
Ավարտման ժամկետ Նշվում է գործողության ծրագրված վերջնաժամկետը
շաբաթվա ձևաչափով /օրինակ` փետրվարի 1-ին շաբաթ/
Պատասխանատու Յուրաքանչյուր առաջադրանքի համար պատասխանատու անձը`
մարմնի գլխավոր քարտուղարի, համակարգող նախարարի
տեղակալի, տվյալ ծրագիրը կամ միջոցառումն իրականացնող
միավորի ղեկավարի մակարդակով
Համակատարող Յուրաքանչյուր առաջադրանքի համար ներգրավված և
համապատասխանատու անձինք` համակատարող մարմնի գլխավոր
քարտուղարի, նախարարի տեղակալի, տվյալ ծրագրի կամ
միջոցառման իրականացմանը մասնակից միավորի ղեկավարի
մակարդակով
--------------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում