ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
ԲԴԽ-81-Ո-177
2020 թ.
ԴԱՏԱՎՈՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾՈՒԹՅԱՄԲ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ` ԼՐԱՑՈՒՑԻՉ ՕԳՆԱԿԱՆ ԵՎ ԳՈՐԾԱՎԱՐ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ԴԵՊՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 61-րդ հոդվածի 4-րդ մասով և 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ է
1. Սահմանել դատավորի աշխատանքային ծանրաբեռնվածությամբ պայմանավորված` լրացուցիչ օգնական և գործավար ներգրավելու դեպքերը և կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ
2020 թ. դեկտեմբերի 14
Երևան
Հավելված
Բարձրագույն դատական խորհրդի
2020 թ. դեկտեմբերի 14-ի
թիվ ԲԴԽ-81-Ո-177 որոշման
ԴԱՏԱՎՈՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾՈՒԹՅԱՄԲ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ` ԼՐԱՑՈՒՑԻՉ ՕԳՆԱԿԱՆ ԵՎ ԳՈՐԾԱՎԱՐ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ԴԵՊՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ
1. Սույն կարգով սահմանվում են դատավորի աշխատանքային ծանրաբեռնվածության համապատասխան աստիճանով պայմանավորված` լրացուցիչ օգնական և (կամ) գործավար ներգրավելու դեպքերը և կարգը, ինչպես նաև Դատական դեպարտամենտի` որպես գործատուի և դատավորի լրացուցիչ օգնականի և (կամ) գործավարի` որպես աշխատողի միջև ծագող հարաբերությունների առանձնահատկությունները:
2. Դատավորի աշխատանքային ծանրաբեռնվածության համապատասխան աստիճանը որոշվում է դատավորի ծանրաբեռնվածությունը հաշվարկելու կարգով սահմանված ծանրաբեռնվածության միջին շեմից բարձր ծանրաբեռնվածություն ունենալու, ինչպես նաև դատավորի վարույթում առանձնակի բարդության երկու և ավելի գործերի առկայության հանգամանքներով:
3. Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանների դատավորների աշխատանքներին լրացուցիչ օգնական և (կամ) գործավար, իսկ Վճռաբեկ դատարանի պալատների դատավորների աշխատանքներին լրացուցիչ օգնական ներգրավելու դեպքերն են`
1) սույն հավելվածի 2-րդ կետով սահմանված ծանրաբեռնվածության աստիճանի առկայությունը,
2) սույն կետի 1-ին ենթակետի հաշվառմամբ` դատավորի պաշտոնավարման ժամկետի ավարտը` պայմանավորված վերջինիս վարույթում առկա գործերն ավարտելու անհրաժեշտությամբ,
3) սույն կետի 1-ին ենթակետի հաշվառմամբ` առաջին ատյանի դատավորի` մեկ այլ դատարան գործուղման ժամկետի ավարտը` պայմանավորված վերջինիս վարույթում առկա գործերն ավարտելու անհրաժեշտությամբ,
4) սույն կետի 1-ին ենթակետի հաշվառմամբ` դատավորի օգնականի և (կամ) գործավարի ժամանակավոր անաշխատունակության, գործուղման, վերապատրաստման կամ նպատակային արձակուրդի մեջ գտնվելը` պայմանավորված դատավորի անխափան գործունեության ապահովման անհրաժեշտությամբ:
4. Սույն հավելվածի 3-րդ կետով նախատեսված դեպքերում լրացուցիչ օգնական և (կամ) գործավար ներգրավվում է դատավորի` Դատական դեպարտամենտի ղեկավարին հասցեագրված գրավոր պատճառաբանված միջնորդության հիման վրա:
5. Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանների յուրաքանչյուր դատավորի աշխատանքներին կարող են ներգրավվել մեկ լրացուցիչ օգնական և (կամ) մեկ լրացուցիչ գործավար, իսկ Վճռաբեկ դատարանի պալատների դատավորների աշխատանքներին` մեկ լրացուցիչ օգնական:
6. Դատավորի աշխատանքներին լրացուցիչ օգնական և (կամ) գործավար ներգրավելու հարցը լուծում է Դատական դեպարտամենտի ղեկավարը` դատավորի միջնորդությունը ստանալուց հետո ողջամիտ ժամկետում:
7. Լրացուցիչ օգնական և (կամ) գործավար ներգրավելու միջնորդության մեջ պետք է նշվի սույն հավելվածի 2-րդ կետով նախատեսված այն հիմքը և սույն հավելվածի 3-րդ կետով սահմանված այն դեպքը, որոնց առկայությունը թույլ է տալիս ներգրավել լրացուցիչ օգնական և (կամ) գործավար, այն ժամկետը, որի ընթացքում անհրաժեշտ է համապատասխան աշխատակցի ներգրավումը, ինչպես նաև կարող են առաջադրվել լրացուցիչ օգնականի և (կամ) գործավարի թեկնածություններ:
8. Միջնորդությանը ներկայացվող պահանջների խախտմամբ ներկայացված միջնորդությունը վերադարձվում է համապատասխան դատավորին` վերադարձի պատճառների մասին նշումով:
9. Դատավորի աշխատանքներին լրացուցիչ օգնական և (կամ) գործավար կարող է ներգրավվել առավելագույնը վեց ամիս ժամկետով:
10. Դատավորի` 30 օրացուցային օրից ավելի ժամկետով արձակուրդում գտնվելու և (կամ) ժամանակավոր անաշխատունակության դեպքերում, ինչպես նաև դատավորի համապատասխան միջնորդության հիման վրա Դեպարտամենտի ղեկավարը ժամկետից շուտ կարող է լուծել լրացուցիչ օգնականի և (կամ) գործավարի հետ կնքած ժամկետային աշխատանքային պայմանագիրը:
11. Եթե դատավորը միջնորդության մեջ ներկայացրել է լրացուցիչ օգնականի և (կամ) գործավարի մեկ թեկնածու, ապա սույն կարգին համապատասխան նշանակվում է տվյալ անձը: Մի քանի թեկնածություն առաջադրվելու դեպքում լրացուցիչ օգնականը և (կամ) գործավարը նշանակվում է Դատական դեպարտամենտի ղեկավարի ընտրությամբ:
12. Եթե դատավորը միջնորդությամբ թեկնածություն չի ներկայացրել, ապա լրացուցիչ օգնականը և (կամ) գործավարը նշանակվում է Դատական դեպարտամենտի ղեկավարի ընտրությամբ:
13. Լրացուցիչ օգնական և (կամ) գործավար նշանակվում է դատավորի օգնականի և (կամ) գործավարի պաշտոնների անձնագրերի պահանջներին համապատասխանող անձը:
14. Դատական դեպարտամենտի ղեկավարը լրացուցիչ օգնական և (կամ) գործավար ներգրավելու նպատակով կարող է հայտարարություն տալ դատական իշխանության պաշտոնական կայքում:
15. Դատավորի աշխատակազմում լրացուցիչ օգնական և (կամ) գործավար ներգրավվում է Դատական դեպարտամենտի ղեկավարի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու միջոցով: Վարձատրության չափը սահմանվում է դատավորի օգնականի և (կամ) գործավարի պաշտոնային դրույքաչափին համապատասխան:
16. Դատավորի աշխատակազմում լրացուցիչ օգնականի և (կամ) գործավարի հետ կնքված պայմանագրի ավարտից հետո, յուրաքանչյուր դատավոր տրամադրում է բնութագիր, որը հաշվի է առնվում հետագայում նշված անձին որպես լրացուցիչ օգնական և (կամ) գործավար ներգրավվելու դեպքերում:
17. Սույն կարգը կիրառվում է Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատավորի ծանրաբեռնվածությունը հաշվարկելու կարգի և ՀՀ կառավարության կողմից Դատական դեպարտամենտում քաղաքացիական աշխատանք կատարող անձանց պաշտոնական դրույքաչափերի սահմանման և ՀՀ վարչապետի կողմից Դատական դեպարտամենտի հաստիքների քանակն ավելացնելու վերաբերյալ համապատասխան իրավական ակտերն ուժի մեջ մտնելուց հետո: