(ուժը կորցրել է 03.07.2023 ԲԴԽ-68-Ո-214 որոշում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
ԲԴԽ-78-Ո-173
2020թ.
ԴԱՏԱՐԱՆԻ ՆԻՍՏԵՐԻ ԴԱՀԼԻՃԻ ԵՎ ԴԱՏԱՎՈՐԻ ԱՇԽԱՏԱՍԵՆՅԱԿԻ ՏԻՊԱՅԻՆ ԿԱՀԱՎՈՐՄԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետը, 16-րդ հոդվածի 2-րդ մասը և 94-րդ հոդվածի 1-ին մասը` Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ է
1. Սահմանել դատարանի նիստերի դահլիճի և դատավորի աշխատասենյակի տիպային կահավորման նկարագրությունը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ
2020թ. դեկտեմբերի 3
ք. Երևան
Հավելված
Բարձրագույն դատական խորհրդի
2020 թվականի դեկտեմբերի 3-ի
թիվ ԲԴԽ-78-Ո-173 որոշման
ԳԼՈՒԽ 1. |
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԻՍՏԵՐԻ ԴԱՀԼԻՃԻ ՏԻՊԱՅԻՆ ԿԱՀԱՎՈՐՄԱՆ |
1. Դատարանի յուրաքանչյուր նիստերի դահլիճ (այսուհետ նաև` Դահլիճ) ունի առնվազն երկու ոչ ապակեպատ մուտքի-ելքի դուռ, որոնցից մեկը նախատեսված է բաց, իսկ մյուսը` փակ գոտուց մուտքի-ելքի համար: Դատական նիստերին մասնակցելու համար ձերբակալված և կալանավորված անձինք Դահլիճ են բերվում փակ գոտուց մուտքի-ելքի համար նախատեսված դռնով, եթե տվյալ Դահլիճը չունի այդ նպատակի համար նախատեսված ոչ ապակեպատ առանձին դուռ:
2. Դահլիճն ունի հերթական համար, որի համարակալումն սկսվում է թիվ 1-ից` աճողական կարգով: Դահլիճի համարը և մեծատառերով գրված «ՆԻՍՏԵՐԻ ԴԱՀԼԻՃ» բառերը նշվում են 15 սմ * 30 սմ պլաստիկե ցուցանակի վրա: Դահլիճի համարը և «ՆԻՍՏԵՐԻ ԴԱՀԼԻՃ» բառերը նշված են 100 տառաչափով և «Գրապալատ» տառատեսակով: Ցուցանակն ամրացվում է Դահլիճի արտաքին մուտքի-ելքի դռան աջ կամ ձախ կողքի պատին` տեսանելի, դռան վերին նիշի բարձրությամբ:
3. Դահլիճը պետք է համապատասխանի անվտանգության ապահովման ու առողջության պահպանման վերաբերյալ աշխատանքային նորմերի պահանջներին:
4. Դահլիճն առանձնացված է երկու հատվածի` դատավարական գործողություններ իրականացնող անձանց համար նախատեսված հատվածի (դատավոր, դատական նիստերի քարտուղար, դատավարության մասնակիցներ) (այսուհետ` Դատավարական հատված) և դատական նիստին ներկա գտնվող անձանց համար նախատեսված հատվածի (այսուհետ` Այցելուների հատված):
5. Դահլիճում Դատավարական հատվածն Այցելուների հատվածից առանձնացված է Դահլիճի կահավորանքին համապատասխան առնվազն 1 մետր բարձրությամբ փայտե կամ զրահապատ ապակե միջնորմով:
6. Դահլիճի Դատավարական հատվածի կենտրոնական հանդիսացող պատի մեջտեղում` հատակից առնվազն 2 մետր բարձրության վրա, ամրացված է «Հայաստանի Հանրապետության զինանշանի մասին» օրենքի պահանջներին համապատասխանող Հայաստանի Հանրապետության զինանշանը:
7. Դատավարական հատվածի կենտրոնական մասում` Հայաստանի Հանրապետության զինանշանի տակ, տեղադրված է դատավորի, իսկ դատական գործերի կոլեգիալ կազմով քննության դեպքում` դատավորների քանակին համապատասխան սեղան և բազկաթոռ(ներ):
8. Դահլիճի Դատավարական հատվածում` դատավորի, իսկ դատական գործերի կոլեգիալ կազմով քննության դեպքում` դատավորների սեղանի աջակողմյան կամ ձախակողմյան մասում` կլոր փայտե պատվանդանի վրա, տեղադրված է «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքի պահանջներին համապատասխանող, առնվազն 2 մետր բարձրությամբ դրոշաձողի վրա ամրացված 1 մ * 2 մ Հայաստանի Հանրապետության դրոշը:
9. Դատավորի սեղանը պատրաստված է փայտից և երեք կողմերից` վերևի դիմային և կողային հատվածների գծով ունի 10 սմ բարձրությամբ և 2 սմ հաստությամբ պատնեշ:
10. Դատական գործերի միանձնյա քննության դեպքում դատավորի, իսկ դատական գործերի կոլեգիալ կազմով քննության դեպքում` դատավորների սեղանը հարմարեցված է մեկ համակարգչի օգտագործման համար, և սեղանին առկա է համակարգիչ, ինչպես նաև դատական նիստի ձայնագրման ապահովման համար բարձրախոսներ:
11. Վերաքննիչ դատարաններում դատական գործերի կոլեգիալ կազմով քննության դեպքում և Վճռաբեկ դատարանում համակարգիչը տեղադրված է նախագահող և զեկուցող դատավորների դիմաց:
12. Դատավորի, իսկ դատական գործերի կոլեգիալ կազմով քննության դեպքում` դատավորների սեղանի հետնամասում տեղադրված է դատավորի/դատավորների ընդարձակ և կաշվեպատ բազկաթոռը/բազկաթոռները: Վճռաբեկ դատարանում նախագահող դատավորի բազկաթոռը տարբերվում է մյուս դատավորների բազկաթոռներից:
13. Դատավորի սեղանը, բազկաթոռը և Հայաստանի Հանրապետության դրոշը պետք է տեղադրված լինի առնվազն 0,45 սմ բարձրությամբ հարթակի վրա:
14. Դատավորի սեղանի աջակողմյան կամ ձախակողմյան հատվածում տեղադրված է դատական նիստերի քարտուղարի համար նախատեսված գրասենյակային սեղանը, որը հարմարեցված է համակարգչի օգտագործման համար, իսկ գրասենյակային սեղանի հետնամասում տեղադրված է աթոռ:
15. Դատավորի սեղանի դիմաց` կենտրոնական հատվածում, տեղադրված է ամբիոնը, որի վրա պետք է ամրացված լինի դատական նիստի ձայնագրման ապահովման համար բարձրախոս:
16. Դատավորի սեղանի դիմաց` աջակողմյան և ձախակողմյան հատվածներում, տեղադրված է(են) դատավարության կողմերի համար նախատեսված գրասենյակային սեղան (սեղաններ)` դրան (դրանց) համապատասխան քանակի աթոռներով:
17. Քաղաքացիական և վարչական գործեր քննելու համար նախատեսված Դահլիճներում դատավարության կողմերի համար նախատեսված գրասենյակային սեղանը (սեղանները) տեղադրված է(են) դատավորի սեղանի դիմաց` կողք կողքի, իսկ քրեական գործեր քննելու համար նախատեսված Դահլիճներում` դատավորի սեղանի դիմաց` միմյանց դեմ դիմաց:
18. Դահլիճում դատավարության կողմերի համար նախատեսված գրասենյակային սեղանի (սեղանների) վրա տեղադրված են դատական նիստի ձայնագրման ապահովման համար բարձրախոսներ:
19. Այցելուների հատվածում ողջամիտ հեռավորությամբ տեղադրված են Դահլիճում ներկա գտնվող անձանց համար նախատեսված` ընդհանուր կահավորանքին համապատասխան նստարաններ:
20. Դահլիճում առկա է առանձին դատավարական գործողություններ իրականացնելու համար նախատեսված մոնիտոր` տեսանելի տեղում:
21. Դատարանի վարչական շենքում առնվազն մեկ Դահլիճ պետք է կահավորված լինի լսողական և/կամ տեսողական խնդիրներ ունեցող անձանց համար նախատեսված համապատասխան սարքով:
22. Դատարանների յուրաքանչյուր վարչական շենքում առնվազն մեկ Դահլիճում պետք է լինի հաշմանդամություն ունեցող և հենաշարժական հատուկ միջոցներ օգտագործող անձանց համար նախատեսված տարածք:
23. Անհրաժեշտությունից ելնելով` Դահլիճում կարող է տեղադրվել այլ կահավորանք, ժամանակակից տեխնիկական և այլ միջոցներ:
24. Դահլիճի պատուհանը (պատուհանները) ծածկված է(են) Դահլիճի պատերի գույնին համադրելի միագույն շերտավարագույրով(ներով):
25. Դահլիճը ձայնամեկուսացված է, և Դահլիճի պատերը կաթնագույն են:
26. Դահլիճում կառուցվածքային առանձնահատկությունների և տեխնիկական հնարավորությունների հաշվառմամբ տեղադրվում է օդորակիչ:
27. Դահլիճում հնարավորության սահմանում պետք է նախատեսվի հարմարեցված տեղեր և պայմաններ լրագրողների գործունեության համար:
ԳԼՈՒԽ 2. |
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՏԱՎՈՐԻ ԱՇԽԱՏԱՍԵՆՅԱԿԻ ՏԻՊԱՅԻՆ ԿԱՀԱՎՈՐՄԱՆ |
28. Դատավորի աշխատասենյակի (այսուհետ նաև` Աշխատասենյակ) 15 սմ * 30 սմ չափերով ցուցանակի վրա մեծատառերով, 64 տառաչափով և «Գրապալատ» տառատեսակով նշված է` «ԴԱՏԱՎՈՐ» բառը, 64 տառաչափով և «Գրապալատ» տառատեսակով դատավորի անունը, ազգանունը:
29. Աշխատասենյակը պետք է համապատասխանի անվտանգության ապահովման ու առողջության պահպանման վերաբերյալ աշխատանքային նորմերի պահանջներին:
30. Աշխատասենյակը հնարավորինս լուսավոր է, ձայնամեկուսացված, իսկ պատերը բաց գույնի են:
31. Աշխատասենյակում` կենտրոնական պատին, ամրացված է Հայաստանի Հանրապետության զինանշանը, տեղադրված են Հայաստանի Հանրապետության դրոշը, դատավորի աշխատասեղանը, կաշվեպատ բազկաթոռը:
32. Աշխատասենյակում` կենտրոնական հանդիսացող պատի մեջտեղի հատվածում, հատակից առնվազն 2 մետր բարձրության վրա փակցված է «Հայաստանի Հանրապետության զինանշանի մասին» օրենքի պահանջներին համապատասխանող Հայաստանի Հանրապետության զինանշանը:
33. Հայաստանի Հանրապետության զինանշանի աջակողմյան կամ ձախակողմյան հատվածում 2 մետր բարձրությամբ դրոշաձող ունեցող փայտե պատվանդանով տեղադրված է «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքի պահանջներին համապատասխանող Հայաստանի Հանրապետության դրոշը:
34. Աշխատասենյակում աշխատասեղանը տեղակայված է այնպես, որ սենյակ մտնելիս այն տեսանելի լինի:
35. Դատավորի աշխատասեղանի հետնամասում տեղադրված է դատավորի կաշվեպատ բազկաթոռը, որն արտաքին տեսքով տարբերվում է Աշխատասենյակում առկա մյուս աթոռներից:
36. Դատավորի աշխատասեղանն ունի ուղղահայաց տեղադրված դիմադիր կամ առանձին սեղան` համապատասխան քանակի աթոռներով:
37. Աշխատասենյակում մնացած կահավորանքի դասավորությունը կատարված է սենյակի պատերի հատվածով այնպես, որ սենյակի կենտրոնն ազատ լինի:
38. Աշխատասենյակի պատուհանի համար նախատեսված է միագույն շերտավարագույր կամ վարագույր:
39. Աշխատասենյակի կահավորանքը ներառում է նաև`
1) չհրկիզվող պահարան,
2) գրապահարան,
3) զգեստապահարան,
4) հեռախոս,
5) համակարգիչ,
6) օդորակիչ:
40. Աշխատասենյակում կարող են լրացուցիչ տեղադրվել նաև`
1) գրասենյակային սեղան` հարմարեցված համակարգչի շահագործման համար,
2) տակդիր` նախատեսված հեռախոսի համար,
3) հեռուստացույցի տակդիր և հեռուստացույց,
4) բազմոց, բազկաթոռ,
5) սառնարան,
6) այլ կահավորանք, ժամանակակից տեխնիկական և այլ միջոցներ:
ԳԼՈՒԽ 3. |
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ |
41. Սույն հավելվածով սահմանված Դահլիճի և Աշխատասենյակի տիպային կահավորման նկարագրությունը կիրառելի է այնքանով, որքանով դա հնարավոր է իրականացնել` ելնելով Դահլիճի և Աշխատասենյակի տեղակայման, մակերեսի և դիրքի յուրահատկություններից և հաշվի առնելով նաև ֆինանսական հնարավորությունները: