ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
ԲԴԽ-23-Ո-49
2018 թ.
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԳՈՐԾԵՐԻ ՀԱՎԱՍԱՐԱՉԱՓ ԲԱՇԽՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ, ԳՈՐԾԵՐԻ ՎԵՐԱԲԱՇԽՄԱՆ, ԿՈԼԵԳԻԱԼ ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԵՐԸ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՐԾԵՐԻ ԿՈՆԿՐԵՏ ՏՈԿՈՍԱՉԱՓԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասով, 42-րդ հոդվածի 1-ին մասով, 45-րդ հոդվածի 3-րդ մասով, 46-րդ հոդվածի 2-րդ մասով, 89-րդ հոդվածի 1-ին մասի 27-րդ և 45-րդ կետերով, 94-րդ հոդվածի 1-ին մասով, 166-րդ հոդվածի 17-րդ մասի 2-րդ կետով` Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ է
Սահմանել Հայաստանի Հանրապետության դատարաններում դատավորների միջև գործերի հավասարաչափ բաշխման չափանիշները և կարգը` համաձայն հավելված 1-ի:
2. Սահմանել Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում կոլեգիալ դատական կազմերը ձևավորելու, դատավորների միջև գործերի վերաբաշխման կարգը` համաձայն հավելված 2-ի:
3. Սահմանել Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ դատարանների և վճռաբեկ դատարանի պալատների նախագահներին բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամներին, Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի, ուսումնական հարցերի, դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովների անդամներին, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ քննող դատավորներին հանձնվող գործերի կոնկրետ տոկոսաչափերը` համաձայն հավելված 3-ի:
(3-րդ կետը փոփ. 30.04.2020 ԲԴԽ-24-Ո-53, 06.08.2020 ԲԴԽ-52-Ո-114 որոշումներ)
4. Սույն որոշման 1-ին հավելվածի 1-ին կետի «գ», «դ», «ե» ենթակետերով, 8-րդ, 9-րդ, 16-րդ, 18-րդ, 19-րդ և 21-րդ կետերով, 2-րդ հավելվածի 4-րդ կետով սահմանված կարգավորումներն իրացնել համապատասխան ծրագրային լուծումների հետ միաժամանակ:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
2018 թ. հուլիսի 9
ք. Երևան
Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
բարձրագույն դատական խորհրդի
2018թ. հուլիսի 9-ի
թիվ ԲԴԽ-23-Ո-49 որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԳՈՐԾԵՐԻ ՀԱՎԱՍԱՐԱՉԱՓ ԲԱՇԽՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ
1. ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԳՈՐԾԵՐԻ ՀԱՎԱՍԱՐԱՉԱՓ ԲԱՇԽՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
1. Հայաստանի Հանրապետության դատարաններում ստացված գործերը դատավորների միջև բաշխելիս Դատական ավտոմատացված համակարգը` «Դատական համակարգ» համակարգչային ծրագիրը (այսուհետ` Ծրագիր) հիմք է ընդունում գործերի հավասարաչափ բաշխման հետևյալ չափանիշները`
ա. գործերի բաշխման պատահականությունը` Ծրագրում ապահովելով դատավորների միջև գործերը բաշխելիս պատահական ընտրությունը` առանց գործերի մուտքագրման հաջորդականությունը հաշվի առնելու,
բ. դատավորների մասնագիտացումը` Ծրագրում ապահովելով դատավորների միջև գործերի բաշխումը դատավորի հիմնական, իսկ առկայության դեպքում` նաև առանձին տեսակի գործեր քննելու մասնագիտացումը հաշվի առնելով,
գ. առանձին տեսակի գործերի բաշխման համար օրենքով նախատեսված առանձնահատկությունները հաշվի առնելը` օրենքով սահմանված դեպքերում Ծրագրում առանձին տեսակի գործերի բաշխումն իրականացնելով անհապաղ,
դ. գործերի բարդությունը` Ծրագրում ապահովելով դատավորների միջև գործերի բաշխումը` առանձին տեսակի գործերի բարդության աստիճանից ելնելով,
ե. մատչելիությունը` Ծրագրում ապահովելով դատավորների միջև գործերը բաշխելիս դատարանի ծառայություններից օգտվողների համար առավել մատչելի արդարադատություն ապահովման նպատակով նստավայրերի սպասարկման տարածքի շրջանակներում նաև դատարանի նստավայրերի միջև հեռավորությունները հնարավորինս հաշվի առնելը,
գ. գաղտնիությունը` Ծրագրում ապահովելով դատավորների միջև գործեր բաշխելիս, վերաբաշխելիս օրենքով պահպանվող, այդ թվում` պետական գաղտնիք պարունակող տվյալների գաղտնիությունը:
2. ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԳՈՐԾԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ԿԱՐԳԸ
2. Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարաններում քրեական, քաղաքացիական և վարչական գործերը, մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում ներկայացված միջնորդությունները` բացառությամբ սույն որոշմամբ սահմանված դեպքերի, պատժի կատարման հետ կապված, հարկադիր բուժման տեսակի փոփոխության վերաբերյալ միջնորդությունները, դատական հանձնարարությունները, հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու վերաբերյալ դիմումներն անհապաղ մուտք են արվում Ծրագիր և նույն օրը` ժամը 20:00-ին, հավասարաչափ բաշխվում են տվյալ դատարանի համապատասխան մասնագիտացում ունեցող դատավորների միջև` հաշվի չառնելով գործերի մուտքագրման հերթականությունը` ըստ Բարձրագույն դատական խորհրդի (այսուհետ` Խորհուրդ) որոշմամբ սահմանված դատավորների մասնագիտացումների:
2.1. 2019 թվականի հունվարի 1-ից գործող սնանկության դատարան փոխանցված սնանկության գործերը Ծրագիրը բաշխում է սույն որոշմամբ սահմանված ընդհանուր կարգով, բացառությամբ այն գործերի, որոնք գտնվել են ընդհանուր իրավասության դատարանից սնանկության դատարան տեղափոխված դատավորների վարույթում, ովքեր շարունակում են քննել տվյալ գործերը:
(2.1-ին կետը լրաց. 11.01.2019 ԲԴԽ-2-Ո-10 որոշում)
3. Քաղաքացիական գործերի շրջանակներում վճարման կարգադրություն արձակելու վերաբերյալ գործերի բաշխումն իրականացվում է առանձին: Վճարման կարգադրություն արձակելու վերաբերյալ գործերը բաշխվում են դատարանի քաղաքացիական մասնագիտացման բոլոր դատավորների միջև` անկախ նստավայրերի սպասարկման տարածքից:
3.1. Էլեկտրոնային կարգով ստացված վճարման կարգադրությունների` Ծրագրի միջոցով բաշխման գործընթացը ներդնել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում: Էլեկտրոնային կարգով ստացված վճարման կարգադրությունների` Ծրագրի միջոցով բաշխման ծրագրային լուծումների փորձարկման նպատակով էլեկտրոնային կարգով ստացված վճարման կարգադրությունների բաշխման գործընթացը ժամանակավոր` 2020 թվականի սեպտեմբերի 7-ից մինչև դեկտեմբերի 30-ը, ներդնել Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում:
(3.1-ին կետը լրաց. 27.02.2020 ԲԴԽ-5-Ո-10, 09.04.2020 ԲԴԽ-17-Ո-36, 14.05.2020 ԲԴԽ-27-Ո-59, 03.09.2020 ԲԴԽ-58-Ո-132, 15.10.2020 ԲԴԽ-66-Ո-147 որոշումներ)
4. Եթե գործերը հավասարաչափ բաշխել հնարավոր չէ, ապա գործերը բաշխվում են այն հաշվով, որ համապատասխան մասնագիտացում ունեցող դատավորներից յուրաքանչյուրին հանձնված գործերի միջև տարբերությունը չգերազանցի մեկը: Տվյալ դեպքում հաջորդ օրը գործեր բաշխելիս առաջին հերթին մեկական գործ պատահական ընտրությամբ հանձնվում է այն դատավորներին, որոնք նախորդ օրվա բաշխման արդյունքում ստացել են ավելի պակաս թվով գործեր, իսկ մնացած գործերը բաշխվում են ընդհանուր կարգով` բոլոր դատավորների միջև:
5. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ` Օրենսգիրք) 42-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքում նստավայրի սպասարկման տարածքի ընտրությունը, մինչև ծրագրային լուծումների մշակումը, իրականացնում է դատարանի նախագահը:
6. Մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում ներկայացված անհապաղ քննության ենթակա միջնորդությունները քննարկման նպատակով հանձնվում են համապատասխան դատարանում տվյալ օրը հերթապահության ներգրավված դատավորներին:
7. Օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ միջնորդությունների բաշխումն իրականացվում է համապատասխան դատարանի նախագահի կողմից:
8. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ և 28-րդ գլուխներով և Օրենսգրքի 99-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված գործերի բաշխումն իրականացվում է Ծրագրի միջոցով անհապաղ:
(8-րդ կետը փոփ. 25.10.2018 թիվ ԲԴԽ-43-Ո-119 որոշում)
9. Դատական գործի շրջանակներում ներկայացված միջնորդությունները (դիմումները) հանձնվում են տվյալ գործը քննող կամ քննած դատավորին, բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ գործը քննող կամ քննած դատավորը գտնվում է արձակուրդում կամ օրենքով սահմանված այլ հիմքով բացակայում է, իսկ միջնորդությունների (դիմումների) քննարկման համար սահմանված են սեղմ դատավարական ժամկետներ: Տվյալ դեպքերում հիշյալ միջնորդությունները (դիմումները) Ծրագրի միջոցով պատահական ընտրությամբ հնարավորինս հավասարաչափ բաշխվում են տվյալ դատարանի համապատասխան մասնագիտացում ունեցող այլ դատավորների միջև:
10. Նույն անձանց միջև և նույն առարկայի մասին վեճի վերաբերյալ ներկայացված հայցադիմումները, վերադարձված և կրկին ներկայացված հայցադիմումները (դիմումները)` անկախ օրենքով սահմանված ժամկետում կրկին ներկայացվելու հանգամանքից, ընդդատության (ենթակայության) կարգով ուղարկված և ընդդատությամբ (ենթակայությամբ) կրկին նույն դատարան վերադարձված գործերը, ինչպես նաև հայցադիմումը (դիմումը) վերադարձնելու մասին որոշումները վերադաս դատական ատյանների կողմից վերացվելու դեպքում Ծրագիրը դրանք հանձնում է նույն դատավորին (նշված դեպքերում ստացված գործերը որպես նոր գործ չեն հաշվարկվում), բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ դատավորը գտնվում է արձակուրդում կամ օրենքով նախատեսված հիմքերից մեկի առկայության հետևանքով որոշակի ժամկետով բացակայում է աշխատանքից կամ նրա անուն-ազգանունը ժամանակավորապես հանված է գործերի բաշխման ցանկից կամ լիազորությունները կասեցվել, դադարել կամ դադարեցվել են: Այս դեպքերում բաշխումը կատարվում է սույն որոշմամբ սահմանված ընդհանուր կարգով:
(10-րդ կետը փոփ. 06.06.2019 ԲԴԽ-39-Ո-91 որոշում)
11. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 138-րդ հոդվածով սահմանված գործերը, համապատասխան ծրագրային ապահովումից հետո, Ծրագիրը հանձնում է նույն դատավորին:
12. Դատական գործից մաս անջատվելու դեպքում, այն, որպես նոր գործ, Ծրագրի միջոցով բաշխվում է նույն դատավորին (այն դատավորին, ում կողմից կայացվել է դատական գործից մաս անջատելու մասին որոշումը): Այն դեպքում, երբ դատավորի վարույթում գտնվող քրեական գործի քննության ընթացքում դատարանը ստանում է տվյալ գործից նախաքննության փուլում անջատված մասը (մասերը), ապա այն Ծրագրի միջոցով բաշխվում է նույն դատավորին (այն դատավորին, ում վարույթում է գտնվում քրեական գործից անջատված մյուս մասը (մասերը):
13. Վերադաս դատական ատյանի կողմից բեկանված և նոր քննության համար ստորադաս դատարան ուղարկված գործերը Ծրագիրը հանձնում է այլ դատավորի (ոչ այն դատավորին, ում կողմից կայացված դատական ակտը բեկանվել և գործն ուղարկվել է նոր քննության):
14. Եթե դատավորն արձակուրդի մեջ է (ներառյալ` արձակուրդին նախորդող տասնօրյա ժամանակահատվածը) կամ գործուղվել է այլ դատարան (ներառյալ` գործուղմանը նախորդող տասնօրյա ժամանակահատվածը, ինչպես նաև գործուղման ժամանակահատվածի ավարտին նախորդող մեկամսյա ժամկետը) կամ բացակայում է ժամանակավոր անաշխատունակության հետևանքով, կամ նրա լիազորությունները կասեցվել են, կամ նրա պաշտոնավարման ժամկետի ավարտին մնացել է 3 ամիս, ինչպես նաև առկա են Օրենսգրքով սահմանված այլ դեպքեր, ապա այդ դատավորի անուն-ազգանունը համապատասխան ժամկետով, պետք է հանվի բաշխման ցանկից` նշելով իրավական հիմքը և ժամկետը: Այն դեպքերում, երբ դատավորի` արձակուրդում, այլ դատարան գործուղման մեջ գտնվելու իրավական հիմքն առաջանում է Օրենսգրքով սահմանված վերոնշյալ տասնօրյա ժամկետի չպահպանմամբ, ապա տվյալ դատավորի անուն-ազգանունը բաշխման ցանկից հանվում է համապատասխան իրավական հիմքն առաջանալու պահից: Վերապատրաստման դասընթացներին մասնակցելու, օտարերկրյա գործուղման մեջ գտնվելու հետևանքով բացակայելու դեպքերում դատավորի անուն-ազգանունը գործերի բաշխման ցանկից հանվում է վերապատրաստման դասընթացներին կամ օտարերկրյա գործուղմանը նախորդող աշխատանքային օրը:
15. Այն դեպքում, երբ առաջանում է դատարանում գործի բաշխման անհնարինություն, ապա դատարանի նախագահն Օրենսգրքի 41-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով բաշխումն իրականացնելուց հետո նույն հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով այդ մասին անհապաղ տեղեկացնում է Խորհրդին:
16. Առանձին տեսակի գործերը բաշխվում են միայն տվյալ դատարանի համապատասխան մասնագիտացում ունեցող դատավորների միջև` սույն որոշմամբ սահմանված կարգով: Տվյալ դատարանում (դատարանի նստավայրում) առանձին տեսակի գործեր քննող դատավորների բացակայության դեպքում տվյալ գործերը բաշխվում են հիմնական մասնագիտացում ունեցող դատավորների միջև` սույն որոշմամբ սահմանված կարգով:
17. Այն դեպքերում, երբ քաղաքացիական կամ քրեական մասնագիտացման դատավորը քննում է նաև առանձին տեսակի գործեր, ապա նրան հանձնվող գործերի քանակը չպետք է գերազանցի տվյալ դատարանում քաղաքացիական կամ քրեական մասնագիտացման մեկ դատավորին հանձնվող քաղաքացիական կամ քրեական գործերի քանակը:
18. Սույն որոշման 3-րդ հավելվածով սահմանված դատավորներին բաշխվող գործերի տոկոսաչափը Ծրագիրը հաշվարկում է` հաշվի առնելով տվյալ դատարանում համապատասխան մասնագիտացում ունեցող մեկ դատավորին նախորդ 30 օրվա ընթացքում հանձնված գործերի ամսական միջին քանակը:
19. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քրեական գործերը Կենտրոն, Ավան և Շենգավիթ նստավայրերի միջև բաշխելիս Ծրագիրը հաշվի է առնում վերոնշյալ նստավայրերի և դրանց առավելապես մոտ գտնվող դատախազության ստորաբաժանումների միջև հեռավորությունը` առաջնահերթության կարգով քրեական գործերը բաշխելով դատախազության համապատասխան ստորաբաժանմանն առավել մոտ գտնվող նստավայրի դատավորների միջև, եթե դրանով չեն խախտվում սույն գլխով սահմանված հավասարաչափ բաշխման չափանիշները:
3. ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԳՈՐԾԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ԿԱՐԳԸ
20. Գործն ըստ էության լուծող/եզրափակիչ դատական ակտերի դեմ բերված բողոքներով գործերը և գործն ըստ էության չլուծող/միջանկյալ դատական ակտերի դեմ բերված բողոքներով գործերը Ծրագիր են մուտքագրվում և բաշխվում միմյանցից առանձին` հիմք ընդունելով սույն որոշմամբ սահմանված հավասարաչափ բաշխման չափանիշները` սույն գլխով սահմանված առանձնահատկությունների հաշվի առմամբ:
21. Մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում ներկայացված միջնորդությունների քննարկման արդյունքում կայացված դատական ակտերի դեմ բերված բողոքներով գործերը բաշխվում են Ծրագրի միջոցով:
22. Վերադաս դատական ատյանի կողմից բեկանված և նոր քննության համար ստորադաս դատարան ուղարկված գործերը Ծրագիրը հանձնում է այլ դատավորի (ոչ այն դատավորին/դատական կազմին, ում/որի կողմից կայացված դատական ակտը բեկանվել և գործն ուղարկվել է նոր քննության):
23. Միևնույն գործով դատական ակտի դեմ բերված վերաքննիչ բողոքները հանձնվում են միևնույն դատական կազմի նախագահող դատավորին: Այդ դեպքում Ծրագիրը քանակական տվյալները հաշվարկում է որպես մեկ գործ` անկախ ներկայացված բողոքների քանակից:
24. Ծրագրում չգրանցված (նախքան Ծրագրի շահագործումը քննված և Ծրագրում կոդ չստացած) դատական գործերով վերաքննիչ բողոքներ ներկայացվելու դեպքում տվյալ դատական գործերի բաշխումը կատարվում է դատարանի նախագահի կողմից:
25. Վերաքննիչ դատարաններում գործերի բաշխման առանձնահատկությունների նկատմամբ կիրառելի են նաև սույն հավելվածի 2-րդ, 4-րդ, 7-րդ, 14-րդ, 15-րդ և 18-րդ կետերով սահմանված կանոնները:
4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԳՈՐԾԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ԿԱՐԳԸ
26. Վճռաբեկ դատարանում ստացված գործն անհապաղ մուտքագրվում է Ծրագրում և տվյալ պալատի դատավորների միջև բաշխվում է` հիմք ընդունելով սույն որոշմամբ սահմանված հավասարաչափ բաշխման չափանիշները:
27. Միևնույն գործով գործն ըստ էության լուծող/եզրափակիչ դատական ակտի դեմ բերված վճռաբեկ բողոքները հանձնվում են տվյալ գործով զեկուցող դատավորին: Այդ դեպքում Ծրագիրը քանակական տվյալները հաշվարկում է որպես մեկ գործ` անկախ ներկայացված բողոքների քանակից:
28. Ծրագրում չգրանցված (նախքան Ծրագրի շահագործումը քննված և Ծրագրում կոդ չստացած) դատական գործերով վճռաբեկ բողոք/բողոքներ ներկայացվելու դեպքում տվյալ բողոքի/բողոքներով գործերի բաշխումը կատարվում է համապատասխան պալատի նախագահի կողմից:
29. Վճռաբեկ դատարանում գործերի բաշխման առանձնահատկությունների նկատմամբ կիրառելի են նաև սույն հավելվածի 2-րդ, 4-րդ, 7-րդ, 14-րդ, 15-րդ, 18-րդ, 20-րդ և 21-րդ կետերով սահմանված կանոնները:
Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
բարձրագույն դատական խորհրդի
2018 թ. հուլիսի 9-ի թիվ
ԲԴԽ-23-Ո-49 որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ, ՎԵՐԱՔՆՆԻՉ, ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԿՈԼԵԳԻԱԼ ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԵՐԸ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ, ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԳՈՐԾԵՐԻ ՎԵՐԱԲԱՇԽՄԱՆ ԿԱՐԳԸ
1. ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԿՈԼԵԳԻԱԼ ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԵՐԸ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ
1. Այն դեպքում, երբ առաջին ատյանի դատարանում մուտքագրված գործը, համաձայն օրենքի, ենթակա է քննության դատավորների կոլեգիալ կազմով, ապա Ծրագիրը հիշյալ գործերի քննության նպատակով պատահական ընտրությամբ ձևավորում է կոլեգիալ դատական կազմեր:
2. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ, 27-րդ, 28-րդ և 31.2-րդ գլուխներով նախատեսված գործեր քննելու նպատակով ձևավորված դատական կազմի բացակայող դատավորին անհրաժեշտության դեպքում փոխարինելու հարցը (հետևաբար` փոխարինող դատավորի հարցը) յուրաքանչյուր դեպքում որոշում է դատարանի նախագահը: Սույն կետով նախատեսված դեպքում դատական կազմի բացակայող դատավորին կարող է փոխարինել նաև տվյալ դատարանի նախագահը:
2. ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԳՈՐԾԵՐԻ ՎԵՐԱԲԱՇԽՄԱՆ ԿԱՐԳԸ
3. Դատավորի անաշխատունակության հետևանքով տևական ժամանակով (20 օր և ավելի) բացակայելու, դատավորի արձակուրդում գտնվելու դեպքերում, դատավորի անաշխատունակության հետևանքով տևական ժամանակով բացակայող կամ արձակուրդում գտնվող դատավորին հանձնված (դեռևս վարույթ ընդունելու հարցը չլուծված, վարույթ ընդունված) գործերի վերաբաշխման անհրաժեշտության հարցը որոշում է համապատասխան դատարանի նախագահը:
4. Դատարանում դատավորների թվի ավելացման դեպքերում դատարանում ստացված գործերը կարող են վերաբաշխվել ավելացած դատավորին միայն այն դեպքերում, երբ նշված գործերով դեռևս որևէ դատավարական գործողություն չի կատարվել: Ծրագիրը դատարանի դատավորների միջև գործերի հավասարաչափ բաշխումն ապահովելու նպատակով ավելացած դատավորին շարունակում է գործեր բաշխել ընդհանուր կարգով` առանց հաշվի առնելու ավելացած դատավորին վերաբաշխված գործերի քանակը: Գործերի վերաբաշխման անհրաժեշտության հարցը որոշում է համապատասխան դատարանի նախագահը:
5. Վերաբաշխման ենթակա գործերը հանձնվում են համապատասխան դատարանի գրասենյակ և Ծրագրի միջոցով պատահական ընտրությամբ հնարավորինս հավասարաչափ վերաբաշխվում են տվյալ դատարանի համապատասխան մասնագիտացում ունեցող այլ դատավորների միջև:
6. Գործերի վերաբաշխման պատուհանում պարտադիր պետք է նշվի Օրենսգրքի 46-րդ հոդվածով նախատեսված վերաբաշխման հստակ որոշված դեպքը (օրինակ` ինքնաբացարկի միջնորդությունը բավարարելու մասին որոշում, ժամանակավոր անաշխատունակություն, դատավորին այլ դատարանի դատավորի պաշտոնում նշանակում, դատավորների պաշտոնների փոխանակում, դատավորի լիազորությունների դադարեցում կամ կասեցում, նախկինում մասնակցությունը տվյալ գործին) և գործը վերաբաշխելիս պետք է ընտրվի նշված հիմքերից մեկը: Վերաբաշխման ենթակա գործը չի կարող կրկին հանձնվել նույն դատավորին:
7. Այն դեպքում, երբ դատական գործի վարույթը կասեցրած դատավորն այլևս չի աշխատում տվյալ դատարանում, և անհրաժեշտություն է առաջացել վերսկսելու կասեցված դատական գործը, ապա այդ գործերի վերաբաշխումն իրականացվում է ընդհանուր կարգով:
3. ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԿՈԼԵԳԻԱԼ ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԵՐԸ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ
8. Այն դեպքում, երբ օրենքով սահմանված է դատական ակտերի դեմ բերված բողոքներով գործերի կոլեգիալ քննության կարգ, ապա վերաքննիչ դատարանում գործը քննվում է կոլեգիալ դատական կազմերով: Դատական կազմը նախագահում է տվյալ կազմի այն դատավորը, որին սույն որոշմամբ սահմանված կարգով հանձնվել է կոնկրետ գործը:
9. Յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ին սահմանված կարգով ձևավորված դատական կազմերից մեկական անդամ հաջորդաբար` պատահական ընտրությամբ, մեկ դատական կազմից Ծրագրի միջոցով տեղափոխվում է մեկ այլ դատական կազմ: Ընդ որում, մեկ դատական կազմից մեկ այլ դատական կազմ տեղափոխվելու դեպքում տվյալ դատական կազմի մոտ առկա անավարտ գործերը չեն վերաբաշխվում նոր ձևավորված դատական կազմերի միջև: Տվյալ գործերի քննությունը շարունակվում է նույն դատական կազմով` մինչև կոնկրետ գործի քննության ավարտը:
10. Ծրագրի միջոցով տարվա սկզբում ձևավորված դատական կազմերն ամբողջ տարվա ընթացքում չեն փոփոխվում: Նշված կայուն դատական կազմերին հանձնված գործերով դատական կազմում ընդգրկված դատավորին/դատավորներին հնարավոր է փոխարինել բացառապես օրենքով նախատեսված համապատասխան հիմքերի առկայության դեպքերում և դրա համար սահմանված համապատասխան կարգով:
11. Մինչև վերաքննիչ դատարաններում ամբողջական դատական կազմերի ձևավորման հնարավորության ապահովումը` վերաքննիչ դատարանների նախագահները չեն ընդգրկվում Ծրագրի միջոցով ձևավորվող դատական կազմերի մեջ, այլ քննում են միայն գործն ըստ էության չլուծող/ միջանկյալ ակտերի դեմ բերված բողոքներով գործեր, ինչպես նաև փոխարինում են դատական կազմերի բացակայող դատավորներին` բացառությամբ դատարանի նախագահի կողմից վերաքննիչ բողոքի քննությանը մասնակցության անհնարինության դեպքերի:
(11-րդ կետը փոփ. 25.10.2018 թիվ ԲԴԽ-43-Ո-119 որոշում)
12. Այն դեպքերում, երբ Ծրագրի միջոցով ձևավորված կազմից բացակայում են մեկից ավելի դատավորներ, ապա բացակայող դատավորին փոխարինելու հարցը որոշում է դատարանի նախագահը` պահպանելով սույն կարգի 11-րդ կետով նախատեսված կանոնը:
12.1. Եթե հիմնական դատական կազմի դատավորները փոփոխվել են, և չեն կատարվել այնպիսի դատավարական գործողություններ, որոնք կարող են ազդել դատավարական ժամկետների վրա, ապա զեկուցող դատավորի զեկուցագրի հիման վրա դատարանի նախագահի կողմից դատական կազմում ընդգրկվում են հիմնական դատական կազմի դատավորները:
(12.1-ին կետը լրաց. 25.10.2018 թիվ ԲԴԽ-43-Ո-119 որոշում)
13. Այն դեպքերում, երբ Ծրագրի միջոցով ձևավորված դատական կազմերում առկա են դատավորի թափուր տեղեր, ապա նոր դատավոր նշանակվելիս դատական կազմի (կազմերի) համալրման հարցը որոշում է դատարանի նախագահը:
14. Այն դեպքերում, երբ վերադաս դատական ատյանից բեկանված գործի բաշխումը Ծրագրի միջոցով հնարավոր չէ` դատական կազմերում ընդգրկված դատավորների` նախկինում գործի քննությանը մասնակցության պատճառով, ապա կոնկրետ գործի քննության համար Ծրագիրը ձևավորում է մեկանգամյա ժամանակավոր դատական կազմ:
4. ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԳՈՐԾԵՐԻ ՎԵՐԱԲԱՇԽՄԱՆ ԿԱՐԳԸ
15. Եթե ինքնաբացարկի որոշում է կայացվել դատական կազմի նախագահող դատավորի կամ դատական կազմի բոլոր դատավորների կողմից, ապա նշված դատական գործի վերաբաշխումը կատարվում է Ծրագրի միջոցով: Այն դեպքում, երբ ինքնաբացարկի որոշում է կայացվել դատական կազմին անդամակցող դատավորի կամ դատավորների կողմից, ապա դատական կազմի համալրումն իրականացվում է դատարանի նախագահի կողմից:
16. Գործերի վերաբաշխման մյուս դեպքերի նկատմամբ կիրառելի են սույն հավելվածի 2-րդ գլխով սահմանված կանոնները:
5. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԳՈՐԾԵՐԻ ՎԵՐԱԲԱՇԽՄԱՆ ԿԱՐԳԸ
17. Գործերի վերաբաշխման Օրենսգրքի 44-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքից բացի, գործերի վերաբաշխման մյուս դեպքերի նկատմամբ կիրառելի են նաև սույն հավելվածի 2-րդ գլխով սահմանված կանոնները:
Հավելված 3
Հայաստանի Հանրապետության
բարձրագույն դատական խորհրդի
2018թ. հուլիսի 9-ի թիվ
ԲԴԽ-23-Ո-49 որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ, ՎԵՐԱՔՆՆԻՉ ԵՎ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱԼԱՏՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻՆ, ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԴԱՏԱՎՈՐ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ԷԹԻԿԱՅԻ ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ, ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ, ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ, ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՔՆՆՈՂ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՐԾԵՐԻ ԿՈՆԿՐԵՏ ՏՈԿՈՍԱՉԱՓԵՐԸ
._____________________________________________________________________.
| ա) Առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ դատարանների և վճռաբեկ |
| դատարանի պալատների նախագահներ |
|_____________________________________________________________________|
|N |ԴԱՏԱՐԱՆԻ ԱՆՎԱՆՈՒՄ | ՊԱՇՏՈՆ |ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁ |ՀԱՆՁՆՎՈՂ |
| | | | |ԳՈՐԾԵՐԻ |
| | | | |ՏՈԿՈՍԱՉԱՓ|
|___|_______________________|____________|__________________|_________|
|1. |Վճռաբեկ դատարան |դատարանի | |40% |
| | |նախագահ | | |
|___|_______________________|____________|__________________|_________|
|2. |Վճռաբեկ դատարան |քրեական |Լիլիթ Թադևոսյան |50% |
| | |նախագահ | | |
|___|_______________________|____________|__________________|_________|
|3. |Վճռաբեկ դատարան |քաղաքացիական|Ռուզաննա Հակոբյան |50% |
| | |և վարչական | | |
| | |նախագահ | | |
|___|_______________________|____________|__________________|_________|
|4. |Վերաքննիչ քրեական |դատարանի | Վազգեն Ռշտունի |75% |
| |դատարան |նախագահ | | |
|___|_______________________|____________|__________________|_________|
|5. |Վերաքննիչ |դատարանի | Արսեն Մկրտչյան |75% |
| |քաղաքացիական դատարան |նախագահ | | |
|___|_______________________|____________|__________________|_________|
|6. |Վերաքննիչ վարչական |դատարանի |Հովսեփ Բեդևյան |75% |
| |դատարան |նախագահ | | |
|___|_______________________|____________|__________________|_________|
|7. |Վարչական դատարան |դատարանի |Աղասի Դարբինյան |70% |
| | |նախագահ | | |
|___|_______________________|____________|__________________|_________|
|8. |Սնանկության դատարան |դատարանի |Գարիկ Ավագյան |70% |
| | |նախագահ | | |
|___|_______________________|____________|__________________|_________|
|9. |Երևան քաղաքի առաջին |դատարանի |Արթուր Մկրտչյան |10% |
| |ատյանի ընդհանուր |նախագահ | | |
| |իրավասության դատարան | | | |
|___|_______________________|____________|__________________|_________|
|10.|Կոտայքի մարզի առաջին |դատարանի |Հովհաննես Ավագյան |75% |
| |ատյանի ընդհանուր |նախագահ | | |
| |իրավասության դատարան | | | |
|___|_______________________|____________|__________________|_________|
|11.|Արարատի և Վայոց |դատարանի |Գրիգոր |75% |
| |ձորի մարզերի առաջին |նախագահ |Հովհաննիսյան | |
| |ատյանի ընդհանուր | | | |
| |իրավասության դատարան | | | |
|___|_______________________|____________|__________________|_________|
|12.|Արմավիրի մարզի առաջին |դատարանի |Էդգար Հովհաննիսյան|75% |
| |ատյանի ընդհանուր |նախագահ | | |
| |իրավասության դատարան | | | |
|___|_______________________|____________|__________________|_________|
|13.|Արագածոտնի մարզի |դատարանի |Արթուր Մարգարյան |75% |
| |ընդհանուր իրավասության |նախագահ | | |
| |դատարան | | | |
|___|_______________________|____________|__________________|_________|
|14.|Շիրակի մարզի առաջին |դատարանի |Գագիկ Հովհաննիսյան|75% |
| |ատյանի ընդհանուր |նախագահ | | |
| |իրավասության դատարան | | | |
|___|_______________________|____________|__________________|_________|
|15.|Լոռու մարզի առաջին |դատարանի |Մուշեղ |75% |
| |ատյանի ընդհանուր |նախագահ |Հարությունյան | |
| |իրավասության դատարան | | | |
|___|_______________________|____________|__________________|_________|
|16.|Տավուշի մարզի առաջին |դատարանի |Արման Կուրեխյան |75% |
| |իրավասության դատարան |նախագահ | | |
|___|_______________________|____________|__________________|_________|
|17.|Գեղարքունիքի մարզի |դատարանի |Վարդան |75% |
| |առաջին ատյանի |նախագահ |Հարությունյան | |
| |ընդհանուր իրավասության | | | |
| |դատարան | | | |
|___|_______________________|____________|__________________|_________|
|18.|Սյունիքի մարզի առաջին |դատարանի |Սամվել Գրիգորյան |75% |
| |իրավասության դատարան |նախագահ | | |
._____________________________________________________________________.
._____________________________________________________________________.
| բ) Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամներ |
|_____________________________________________________________________|
|N | ԴԱՏԱՐԱՆ | ԴԱՏԱՎՈՐ |ՀԱՆՁՆՎՈՂ |
| | | |ԳՈՐԾԵՐԻ |
| | | |ՏՈԿՈՍԱՉԱՓ|
|___|_________________________________|_____________________|_________|
|1. |Վճռաբեկ դատարան |Ռուզաննա Հակոբյան |25% |
| | |Ստեփան Միքայելյան | |
|___|_________________________________|_____________________|_________|
|2. |Վերաքննիչ քաղաքացիական դատարան |Անի Մխիթարյան |25% |
|___|_________________________________|_____________________|_________|
|3. |Երևան քաղաքի առաջին ատյանի |Ռուբեն Վարդազարյան |0% |
| |ընդհանուր իրավասության դատարան |(ԲԴԽ նախագահ) | |
|___|_________________________________|_____________________|_________|
|4. |Երևան քաղաքի առաջին ատյանի |Մեսրոպ Մակյան |20% |
| |ընդհանուր իրավասության դատարան | | |
|___|_________________________________|_____________________|_________|
|5 |Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի |Սերգեյ Չիչոյան |25% |
| |ընդհանուր իրավասության դատարան | | |
._____________________________________________________________________.
._____________________________________________________________________.
|գ) Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի |
| հանձնաժողովի անդամներ |
|_____________________________________________________________________|
|N |ԴԱՏԱՐԱՆ |ԴԱՏԱՎՈՐ |ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՐԾԵՐԻ|
| | | |ՏՈԿՈՍԱՉԱՓ |
|___|______________________|_________________________|________________|
|1. |Վճռաբեկ դատարան |Ելիզավետա Դանիելյան | 75% |
|___|______________________|_________________________|________________|
|2. |Վերաքննիչ քրեական |Սերգեյ Մարաբյան | 75% |
| |դատարան | | |
|___|______________________|_________________________|________________|
|3. |Վարչական դատարան |Մերի Համբարձումյան | 75% |
|___|______________________|_________________________|________________|
|4. |Սնանկության դատարան |Լիլիթ Կատվալյան | 75% |
|___|______________________|_________________________|________________|
|5. |Երևան քաղաքի առաջին |Արման Հովհաննիսյան | 75% |
| |ատյանի ընդհանուր | | |
| |իրավասության դատարան | | |
|___|______________________|_________________________|________________|
|6. |Երևան քաղաքի առաջին |Հովիկ Շահնազարյան | 75% |
| |ատյանի ընդհանուր | | |
| |իրավասության դատարան | | |
._____________________________________________________________________.
._____________________________________________________________________.
| դ) Դատավորների ընդհանուր ժողովի ուսումնական հարցերի հանձնաժողովի |
| անդամներ |
|_____________________________________________________________________|
|N |ԴԱՏԱՐԱՆ |ԴԱՏԱՎՈՐ |ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՐԾԵՐԻ|
| | | |ՏՈԿՈՍԱՉԱՓ |
|___|______________________|_________________________|________________|
|1. |Վճռաբեկ դատարան |Համլետ Ասատրյան | 90% |
|___|______________________|_________________________|________________|
|2. |Վերաքննիչ |Նորա Կարապետյան | 90% |
| |քաղաքացիական դատարան | | |
|___|______________________|_________________________|________________|
|3. |Վերաքննիչ |Մարգարիտա Հարթենյան | 90% |
| |քաղաքացիական դատարան | | |
|___|______________________|_________________________|________________|
|4. |Երևան քաղաքի առաջին |Արթուր Ստեփանյան | 90% |
| |ատյանի ընդհանուր | | |
| |իրավասության դատարան | | |
|___|______________________|_________________________|________________|
|5. |Շիրակի մարզի առաջին |Ջոն Հայրապետյան | 90% |
| |ատյանի ընդհանուր | | |
| |իրավասության դատարան | | |
._____________________________________________________________________.
._____________________________________________________________________.
| դ1) Դատավորների ընդհանուր ժողովի դատավորների գործունեության |
| գնահատման հանձնաժողովի անդամներ |
|_____________________________________________________________________|
|N |ԴԱՏԱՐԱՆ |ԴԱՏԱՎՈՐ |ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՐԾԵՐԻ|
| | | |ՏՈԿՈՍԱՉԱՓ |
|___|______________________|_________________________|________________|
|1. |Վճռաբեկ դատարան |Մամիկոն Դրմեյան | 75% |
|___|______________________|_________________________|________________|
|2. |Վերաքննիչ քրեական |Մխիթար Պապոյան | 75% |
| |դատարան | | |
|___|______________________|_________________________|________________|
|3. |Երևան քաղաքի առաջին |Գոռ Թորոսյան | 75% |
| |ատյանի ընդհանուր | | |
| |իրավասության դատարան | | |
._____________________________________________________________________.
._____________________________________________________________________.
| ե) Օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին |
| միջնորդություններ քննող դատավորներ |
|_____________________________________________________________________|
|N | ԴԱՏԱՐԱՆ | ԴԱՏԱՎՈՐ |ՀԱՆՁՆՎՈՂ |
| | | |ԳՈՐԾԵՐԻ |
| | | |ՏՈԿՈՍԱՉԱՓ|
|___|_________________________________|_____________________|_________|
|1. |Երևան քաղաքի առաջին ատյանի |Արթուր Մկրտչյան |90% |
| |ընդհանուր իրավասության դատարան | | |
|___|_________________________________|_____________________|_________|
|2. |Երևան քաղաքի առաջին ատյանի |Մնացական Մարտիրոսյան |5% |
| |ընդհանուր իրավասության դատարան | | |
|___|_________________________________|_____________________|_________|
|3. |Երևան քաղաքի առաջին ատյանի |Մեսրոպ Մակյան |5% |
| |ընդհանուր իրավասության դատարան | | |
._____________________________________________________________________.
(3-րդ հավելվածը փոփ. 16.08.18 թիվ ԲԴԽ-33-Ո-81, 08.10.18 ԲԴԽ-41-Ո-113, 25.10.2018 թիվ ԲԴԽ-43-Ո-119, 30.10.2018 ԲԴԽ-44-Ո-125, 11.01.2019 ԲԴԽ-2-Ո-10, 11.03.2019 թիվ ԲԴԽ-15-Ո-56, ԲԴԽ-43-Ո-98, ԲԴԽ-45-Ո-102, 22.07.2019 ԲԴԽ-52-Ո-116, 05.08.2019 ԲԴԽ-57-Ո-126, 20.02.2020 ԲԴԽ-4-Ո-6, 30.04.2020 ԲԴԽ-24-Ո-53, 29.06.2020 ԲԴԽ-40-Ո-93, 06.08.2020 ԲԴԽ-52-Ո-114, 28.09.2020 ԲԴԽ-63-Ո-141 որոշումներ)