ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
25 հունիսի 2020 թվականի N 24
ԱՆՀԱՏՈՒՅՑ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐՎԱԾ ՏԱՐԱԾՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հարց
i
Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 256-րդ հոդվածի` շրջանառության հարկով հարկման օբյեկտ են համարվում ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը և/կամ ծառայությունների մատուցումը: Սույն մասի կիրառության իմաստով` ծառայությունների մատուցում են համարվում նաև այն գործարքները, որոնց դիմաց ստացվում են վարձակալական կամ օգտագործման վճար, տոկոս և/կամ ռոյալթի;
Ղեկավարվելով ՀՀ հարկային օրենսգրքի 257-րդ հոդվածի առաջին մասով` շրջանառության հարկով հարկման բազա է համարվում Օրենսգրքի 256-րդ հոդվածով սահմանված հարկման օբյեկտ համարվող գործարքների իրացման շրջանառությունը: Դիցուկ` շրջանառության հարկ վճարողի կողմից տրամադրված վարձակալական տարածքի դիմաց չի ստացվել որևէ վարձակալական կամ օգտագործման վճար, տարածքն օգտագործվել է անհատույց հիմունքներով, հետևաբար 256-րդ հոդվածի իմաստով գործարքը չի դիտարկվում ծառայությունների մատուցում և չի համարվում հարկման օբյեկտ, հետևաբար 257-րդ հոդվածով չի կարող համարվել շրջանառության հարկման բազա` գործարքի իրացման շրջանառության մասով; Ինչ վերաբերում է 257-րդ հոդվածի երկրորդ մասով սահմանված եկամուտների հաշվառման առանձնահատկություններին, ապա տվյալ պարագայում այս հղումը վերաբերում է շրջանառության հարկով հարկման օբյեկտ համարվող եկամուտների հաշվառման առանձնահատկություններին (Սույն հոդվածի կիրառության իմաստով եկամուտների հաշվառումն իրականացվում է Օրենսգրքի 6-րդ բաժնով սահմանված կարգով):
Վերոհիշյալ դրույթների մեկնաբանության արդյունքում ստացվում է, որ անհատույց վարձակալության գործարքը չի համարվում շրջանառության հարկման օբյեկտ, հարկման բազա և հետևաբար 6-րդ բաժնի 109-րդ հոդվածով սահմանված եկամուտների հաշվառման առանձնահատկությունները տվյալ պարագայում կիրառելի չեն: Տվյալ դիրքորոշումը համարվում է իրավաչափ, թե՞ ոչ:
Պատասխան
ՀՀ հարկային օրենսգրքի`
- 4-րդ հոդվածի 1-ին մասի 35-րդ կետի համաձայն` վարձակալական վճար է համարվում այլ անձի կողմից գույքի օգտագործման դիմաց ստացված կամ ստացման ենթակա եկամուտը: Վարձակալական վճար է համարվում նաև ենթավարձակալի հատուցումը վարձակալին,
- 256-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` շրջանառության հարկով հարկման օբյեկտ են համարվում ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը և (կամ) ծառայությունների մատուցումը: Նույն մասի կիրառության իմաստով` ծառայությունների մատուցում են համարվում նաև այն գործարքները, որոնց դիմաց ստացվում են վարձակալական կամ օգտագործման վճար, տոկոս և (կամ) ռոյալթի,
- 257-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերին համապատասխան` շրջանառության հարկով հարկման բազա է համարվում Օրենսգրքի 256-րդ հոդվածով սահմանված հարկման օբյեկտ համարվող գործարքների իրացման շրջանառությունը: Նույն հոդվածի կիրառության իմաստով` եկամուտների հաշվառումն իրականացվում է օրենսգրքի 6-րդ բաժնով սահմանված կարգով,
- 109-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին և 1-ին մասի վերջին պարբերությանը համապատասխան` շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով` շենքը վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնելու գործարքների մասով եկամուտը հաշվարկվում է դրանց կադաստրային արժեքի, իսկ դրա բացակայության դեպքում` անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտի ընդհանուր մակերեսում վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնված մակերեսի տեսակարար կշռին համապատասխանող կադաստրային արժեքի 2.5 տոկոսից ոչ պակաս չափով` հաշվարկված տարեկան կտրվածքով: Այդ չափից պակաս հատուցման (առանց ԱԱՀ-ի) դեպքում կադաստրային արժեքի, իսկ դրա բացակայության դեպքում` անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտի ընդհանուր մակերեսում վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնված մակերեսի տեսակարար կշռին համապատասխանող հարկման բազայի 2.5 տոկոսի և փաստացի վարձակալական վճարի (առանց ԱԱՀ-ի) դրական տարբերությունը` որպես ներված պարտավորություն, նույն հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով սահմանված պահին ներառվում է վարձակալի կամ փոխառուի եկամուտների մեջ, բացառությամբ այն դեպքերի, երբ վարձատուն կամ փոխատուն հանդիսանում է անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձ, որի դեպքում վարձակալի կամ փոխառուի մոտ ներված պարտավորություն չի առաջանում: Նույն մասի դրույթները չեն կիրառվում, եթե նույն մասով սահմանված գույքային միավորների վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնելու գործարքի կողմ է համարվում պետությունը կամ համայնքը (բացառությամբ այն դեպքերի, երբ գործարքը կատարվում է այլ կազմակերպության միջոցով):
Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ գրությամբ նկարագրված դեպքում շրջանառության հարկ վճարողի կողմից անշարժ գույքի (շենքեր, շինություններ, բնակելի կամ այլ տարածքներ, հողամասեր) վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնելու գործարքների մասով եկամուտը հաշվարկվում է դրանց կադաստրային արժեքի, իսկ դրա բացակայության դեպքում` անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտի ընդհանուր մակերեսում վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնված մակերեսի տեսակարար կշռին համապատասխանող կադաստրային արժեքի 2.5 տոկոսից ոչ պակաս չափով` հաշվարկված տարեկան կտրվածքով:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ