ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
24 հունիսի 2020 թվականի N 18
ԴՐՈՇՄԱՆԻՇԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հարց
i
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն.
Դրոշմանիշային վճար չեն վճարում սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կամ 2-րդ կետում նշված այն անձինք, որոնք նույն գործատուի մոտ աշխատում են միայն մեկ աշխատանքային պայմանագրով և տվյալ հաշվետու ժամանակաշրջանում ստացման ենթակա աշխատավարձը` հարկերը և պարտադիր այլ վճարները (ներառյալ` դրոշմանիշային վճարը) նվազեցնելուց հետո չի գերազանցում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի չափը: Տվյալ դեպքում, եթե աշխատակցի պայմանագրային աշխատավարձը (դրույքը)` հարկերը և պարտադիր այլ վճարները (ներառյալ` դրոշմանիշային վճարը) նվազեցնելուց հետո գերազանցում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի չափը, սակայն տվյալ ամսվա վճարման ենթակա աշխատավարձը ցածր է նվազագույն աշխատավարձից` աշխատակցի բացակայությունների պատճառով, արդյո՞ք դրոշմանիշային վճարը պետք է պահվի աշխատակցից, թե՞ տվյալ դեպքում դրոշմանիշային վճարը վճարում է գործատուն` իր միջոցների հաշվին: Մյուս դեպքում աշխատակիցը վարձատրվում է ժամավճարով և նրա 1 աշխատած ժամվա պայմանագրային աշխատավարձը (ժամային տարիֆային դրույքը) հարկերը և պարտադիր այլ վճարները (ներառյալ դրոշմանիշային վճարը) նվազեցնելուց հետո գերազանցում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված նվազագույն ժամային տարիֆային դրույքի չափը: Տվյալ ամսվա վճարման կտրվածքով հաշվարկված վճարման ենթակա աշխատավարձը գերազանցում է ժամային տարիֆային դրույքը` 680 դրամը (օրինակ` 1 ժամվա պայմանագրային աշխատավարձը կազմում է 2000 դրամ, ամսվա ընթացքում աշխատակիցը աշխատել է 24 ժամ և հետևաբար, տվյալ ամսվա համար նրա համար հաշվարկվել է 2.000 * 24 = 48.000 դրամ աշխատավարձ, որը հարկերը և վճարները նվազեցնելուց հետո կազմել է 34.760 դրամ` որպես վճարման ենթակա: Այս դեպքում, 1 ժամվա համար ստացման ենթակա աշխատավարձը կազմում է 34.760/24 = 1.448 դրամը, ինչը բարձր է նվազագույն ժամային տարիֆային դրույքից 680 դրամից): Արդյո՞ք նկարագրված օրինակում դրոշմանիշային վճարը պետք է պահվի աշխատակցից, թե՞ տվյալ դեպքում դրոշմանիշային վճարը վճարում է գործատուն` իր միջոցների հաշվին:
i
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 3.1-րդ կետի համաձայն.
Դրոշմանիշային վճար չեն վճարում սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կամ 6-րդ կետում նշված այն անձինք, որոնց աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիական-իրավական պայմանագրերով վճարվող եկամուտները չեն բավարարում դրոշմանիշային վճարը պահելու համար:
Տվյալ դեպքում քաղաքացիական-իրավական պայմանագրով ծառայություն մատուցող ֆիզիկական անձի համար հաշվեգրվել է 1343 դրամ եկամուտ, որը` եկամտային հարկը և սոցիալական վճարը նվազեցնելուց հետո կազմել է 1000 դրամ: Այս գումարը բավարարում է դրոշմանիշային վճարը պահելու համար, սակայն դրոշմանիշային վճարը պահելուց հետո, պայմանագրի շրջանակներում եկամուտ ստացող ֆիզիկական անձի ստացման ենթակա գումարը կկազմի 0 դրամ: Արդյոք այս դեպքում դրոշմանիշային վճարը պետք է պահվի քաղաքացիական-իրավական պայմանագրով ծառայություն մատուցող ֆիզիկական անձից:
Մյուս դեպքում աշխատակցի աշխատանքային պայմանագրով սահմանված աշխատավարձը կազմում է 91.276 դրամ, իսկ վճարման ենթակա աշխատավարձը` եկամտային հարկը և սոցիալական վճարը նվազեցնելուց հետո` 68.000 դրամ: Տվյալ դեպքում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն դրոշմանիշային վճարը վճարվում է գործատուի կողմից` նրա միջոցների հաշվին: Արդյո՞ք տվյալ դեպքում գործատուի կողմից վճարված դրոշմանիշային վճարը չի դիտվում որպես աշխատողին` անուղղակի ձևով վճարված եկամուտ և ենթակա չէ հարկման եկամտային հարկով և/ կամ սոցիալական վճարով:
Պատասխան
«ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 5-րդ և 6-րդ կետերի համաձայն` դրոշմանիշային վճար պարտավոր են վճարել (դրոշմանիշային վճար վճարողներ են համարվում) աշխատանքային պայմանագրով ՀՀ տարածքում կամ ՀՀ տարածքից դուրս աշխատող ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական անձինք, աշխատանքային պայմանագրով ՀՀ տարածքում աշխատող ՀՀ ռեզիդենտ չհանդիսացող ֆիզիկական անձինք, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիական-իրավական պայմանագրերով ՀՀ տարածքում կամ ՀՀ տարածքից դուրս եկամուտ ստացող` ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական անձինք, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիական-իրավական պայմանագրերով ՀՀ աղբյուրներից եկամուտ ստացող` ՀՀ ռեզիդենտ չհանդիսացող ֆիզիկական անձինք, բացառությամբ նույն հոդվածի 2-րդ մասում նշված անձանց:
Նույն հոդվածի 3-րդ մասին համապատասխան` դրոշմանիշային վճար չեն վճարում նույն հոդվածի 1-ին մասի 1-ին կամ 2-րդ կետում նշված այն անձինք, որոնք նույն գործատուի մոտ աշխատում են միայն մեկ աշխատանքային պայմանագրով, և տվյալ հաշվետու ժամանակաշրջանում ստացման ենթակա աշխատավարձը` հարկերը և պարտադիր այլ վճարները (ներառյալ դրոշմանիշային վճարը) նվազեցնելուց հետո չի գերազանցում ՀՀ օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի չափը: Նույն մասում նշված անձանց փոխարեն դրոշմանիշային վճարները վճարվում են տվյալ անձանց աշխատավարձ վճարող գործատուի կողմից` նրա միջոցների հաշվին:
Նույն հոդվածի 3.1-ին հոդվածի համաձայն` դրոշմանիշային վճար չեն վճարում նույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կամ 6-րդ կետում նշված այն անձինք, որոնց աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիական-իրավական պայմանագրերով վճարվող եկամուտները չեն բավարարում դրոշմանիշային վճարը պահելու համար: Նույն մասում նշված անձանց փոխարեն դրոշմանիշային վճարները վճարվում են այդ անձանց եկամուտ վճարող հարկային գործակալի կողմից` նրա միջոցների հաշվին:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 179-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` աշխատավարձի ամսական և ժամավճարի նվազագույն չափը սահմանվում է օրենքով, իսկ նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` աշխատողի ժամավճարի չափը կամ ամսական աշխատավարձը չի կարող պակաս լինել նույն հոդվածով սահմանված չափերից: Օրենսգրքի 187-րդ հոդվածի համաձայն` ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում, ինչպես նաև գործատուի և աշխատողի համաձայնությամբ ոչ լրիվ աշխատաժամանակի (ոչ լրիվ աշխատանքային օր կամ շաբաթ) կիրառման դեպքերում աշխատանքը վարձատրվում է փաստացի աշխատած ժամանակին կամ կատարված փաստացի աշխատանքին համապատասխան:
«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի 1-ին և 2-րդ հոդվածներով սահմանված են համապատասխանաբար ՀՀ-ում նվազագույն ամսական աշխատավարձը ու գործավարձով և ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը:
Հաշվի առնելով վերոնշյալը, հայտնում ենք, որ տվյալ հաշվետու ժամանակաշրջանում դրոշմանիշային վճարը վճարվում է`
1) գործատուի միջոցների հաշվին, եթե այդ հաշվետու ժամանակաշրջանում աշխատողի ստացման ենթակա աշխատավարձը հարկերը և պարտադիր այլ վճարները (ներառյալ` դրոշմանիշային վճարը) նվազեցնելուց հետո չի գերազանցում ՀՀ օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի չափը` հիմք ընդունելով այդ աշխատողի աշխատաժամանակի ռեժիմը, ինչպես նաև տվյալ հաշվետու ժամանակաշրջանում աշխատած օրերի (ժամերի) քանակը:
Մասնավորապես, ոչ լրիվ աշխատաժամանակի պայմաններով աշխատող կամ ժամավճարով վարձատրվող աշխատողին հաշվեգրած աշխատավարձի (հարկերը և պարտադիր այլ վճարները (ներառյալ դրոշմանիշային վճարը) նվազեցնելուց հետո) հիման վրա ստացվող ժամային աշխատավարձը ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը գերազանցելու դեպքում, գործատուն դրոշմանիշային վճարը պահում է այդ աշխատողին հաշվեգրած աշխատավարձից: Հակառակ դեպքում, երբ ոչ լրիվ աշխատաժամանակի պայմաններով աշխատող կամ ժամավճարով վարձատրվող աշխատողին հաշվեգրած աշխատավարձի հիման վրա ստացվող ժամային աշխատավարձը` հարկերը և պարտադիր այլ վճարները (ներառյալ դրոշմանիշային վճարը) նվազեցնելուց հետո, չի գերազանցում ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը, այդ աշխատողի համար դրոշմանիշային վճարը վճարվում է գործատուի միջոցների հաշվին,
2) գործատուի միջոցների հաշվին, եթե աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիական-իրավական պայմանագրերով վճարվող եկամուտները չեն բավարարում դրոշմանիշային վճարը պահելու համար:
Օրենքով սահմանված դեպքերում` ֆիզիկական անձանց համար գործատուի միջոցներից վճարվող դրոշմանիշային վճարների գումարները այդ ֆիզիկական անձանց համար եկամուտներ չեն համարվում:
Միաժամանակ հայտնում ենք, որ ՀՀ հարկային օրենսգրքի 307-րդ հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետի համաձայն` հարկային մարմինը դիմումի կամ դրա որևէ հարցի վերաբերյալ իրազեկում չի իրականացնում, եթե դիմումը հետապնդում է հարկերի հաշվարկման կամ վճարման կոնկրետ դեպքերի սխալ կամ ճիշտ կատարման հավաստում ստանալու կամ հարկ վճարողի գործունեության և (կամ) փաստաթղթերի փորձաքննության անցկացման նպատակ:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ