ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
19 մայիսի 1995 թ. թիվ 272
i
ՄԱՆՐԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հանրապետությունում իրականացվող մանրածախ առևտրի կանոնակարգման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հաստատել մանրածախ առևտրի հիմնական կանոնները (կցվում են) և դրանք կիրարկել 1995 թվականի հունիսի 1-ից:
(1-ին կետն ուժը կորցրել է 28.01.98 թիվ 35 որոշում)
i
2. Սահմանել, որ պարենային և ոչ պարենային ապրանքների մանրածախ առևտրի կանոնները` ըստ ապրանքային հիմնական խմբերի, հաստատվում են Հայաստանի Հանրապետության առևտրի նախարարության կողմից` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և արդարադատության նախարարության հետ:
(2-րդ կետն ուժը կորցրել է 28.01.98 թիվ 35 որոշում)
3. 1995 թվականի հունիսի 1-ից հանրապետության տարածքում դադարեցնել նախկին ԽՍՀՄ առևտրի նախարարության մանրածախ առևտուրը կարգավորող նորմատիվ ակտերի գործողությունը:
ՀԱՍՏԱՏՎԱԾ է
ՀՀ կառավարության 1995 թ.
մայիսի 19-ի թիվ 272 որոշմամբ
ՄԱՆՐԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ
(ուժը կորցրել է 28.01.98 թիվ 35 որոշում)
1. Սույն կանոնները կարգավորում են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող «Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կազմակերպական-իրավական բոլոր տեսակի ձեռնարկությունների, դրանց առանձնացված ստորաբաժանումների (այսուհետև` խանութներ) և անհատ ձեռներեցների կողմից իրականացվող մանրածախ առևտուրը:
2. Խանութներն իրենց գործունեության ընթացքում ղեկավարվում են Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ և սույն կանոններով:
3. Պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեների կողմից սահմանված կարգով խանութի ճակատային մասում փակցվում է խանութի ֆիրմային անվանումը կրող ցուցանակ:
4. Խանութի մուտքի դռանը փակցվում է ցուցանակ, որտեղ նշվում է խանութի աշխատանքի ռեժիմը, որի պահպանումը պարտադիր է:
5. Արգելվում է կասեցնել գնորդների մուտքը խանութ` մինչև ընդմիջման սկիզբը կամ ավարտը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի: Խանութը փակելիս կամ աշխատանքային օրվա ավարտից հետո դադարեցվում է դրամարկղների աշխատանքը խանութի աշխատանքային ռեժիմով սահմանված ժամերին խիստ համապատասխան, սակայն պարտադիր է ապրանքային կամ դրամարկղային կտրոն ունեցող գնորդների սպասարկումը:
Ինքնասպասարկման խանութը մինչև փակվելը (ընդմիջում և աշխատանքային օրվա ավարտ) պետք է սպասարկի առևտրական սրահում գտնվող բոլոր գնորդներին: Սպասարկումը դադարեցնելուց 5-10 րոպե առաջ աշխատողները պետք է այդ մասին նախազգուշացնեն գնորդներին:
6. Տեխնիկական հագեցվածության գործող նորմերին համապատասխան խանութը ապահովվում է գործունեության համար անհրաժեշտ սարքավորումներով և գույքով:
Խանութում օգտագործվող կշեռքները, կշռաքարերը և չափիչ այլ սարքերը պետք է դրոշմված լինեն սահմանված կարգով:
7. խանութի շենքը պետք է բավարարի սահմանված տեխնիկական, սանիտարական, հակահրդեհային և այլ նորմերի:
8. Խանութի ցուցափեղկերում ցուցադրվում են միայն այն ապրանքների նմուշները, որոնք առկա են վաճառքում: Յուրաքանչյուր նմուշ պետք է ունենա հատուկ ձևավորված գնապիտակ:
Ցուցափեղկերում ցուցադրված ապրանքների նմուշները գնորդի պահանջով պետք է վաճառվեն նրան` նախապես ստուգելով ապրանքի որակը:
9. Խանութում ապրանքները մուտքագրվում են սահմանված կարգով:
10. Ապրանքները պահեստային մասում պահպանելիս, առևտրական սրահում ցուցադրելիս, խանութի աշխատողները պարտավոր են խստիվ պահպանել ապրանքների հարևանությունը, սանիտարական կանոնները և պահեստավոման նորմաները:
Ապրանքների պահպանման ռեժիմը (ջերմաստիճանը, խոնավությունը, լուսավորումը, պահպանման ժամկետները) պետք է համապատասխանի ստանդարտներով և գործող տեխնիկական պայմաններով նախատեսված պայմաններին:
11. Նախքան առևտրական սրահ բերելը ստուգվում է ապրանքների որակը, պիտակավորումը, վաճառքի համար նախապատրաստված լինելը` տարայից ազատումը, հագուստի մաքրումն ու արդուկումը, տնտեսական մեքենաների և մետաղյա այլ արտադրանքի հավաքումն ու մաքրումը քսուկից, շշերի և պահածոյի տուփերի սրբումը, որոշ ապրանքների նախնական կտրատումը, կշռափաթեթավորումը և այլն:
12. Վաճառքն սկսելուց առաջ առևտրական սրահում համալրվում են ապրանքային պաշարները, նորացվում ցուցափեղկերը, ստուգվում գնապիտակները, նախապատրաստվում են փաթեթավորման համար անհրաժեշտ նյութերը և կատարվում խանութի բնականոն գործունեությունն ապահովող այլ աշխատանքներ:
13. Ապրանքների վաճառքը կատարվում է հսկիչ-դրամարկղային մեքենաների (ապարատների) միջոցով` գործող օրենսդրության համաձայն:
14. Խանութը գնորդին օգնում է ապրանքներն ընտրելիս, ինչպես նաև կարող է մատուցել լրացուցիչ ծառայություններ:
15. Խանութում գնորդներին հնարավորություն է տրվում ինքնուրույն կամ խանութի աշխատողների օգնությամբ ստուգելու գնված ապրանքների քաշի և չափի ճշտությունը, որակի համապատասխանելիությունը սահմանված պահանջներին, լրիվությունը:
16. Արգելվում է սահմանված պահանջներին չհամապատասխանող անորակ, ապրանքային տեսքը կորցրած, պիտանելիության ժամկետներն անցած ապրանքների վաճառքը, եթե այդ մասին նախապես գրավոր հայտարարված չէ:
Արգելվում է որակի վերաբերյալ փաստաթղթեր չունեցող այն ապրանքների վաճառքը, որոնց համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան նման փաստաթղթերի առկայությունը պարտադիր է:
17. Հայաստանի Հանրապետության տարածքում լիցենզավորման ենթակա տնտեսական գործունեություն իրականացնելիս խանութն ապրանքների ընդունումը և վաճառքը կատարում է համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում, որի տվյալները (լիցենզիա տվող մարմնի անվանումը, համարը, ամիսը, ամսաթիվը) գրանցվում են առանձնացված մատյանում:
18. Լիցենզիան պետք է փակցվի վաճառասրահում` գնորդին տեսանելի տեղում:
19. Գործարանային փաթեթավորում չունեցող գաստրոնոմիական, սորուն, մետրաժային և հատային ապրանքները գնորդին բաց են թողնվում համապատասխան փաթեթավորմամբ: Գնորդների խնդրանքով վաճառողները պարտավոր են կտրատել գաստրոնոմիական ապրանքները:
20. Ինքնասպասարկման խանութներում չկշռափաթեթավորված ապրանքները նախօրոք կշռափաթեթավորվում են (հաշվի առնելով գնորդի պահանջարկը և ապրանքների իրացման ժամկետները) այդ նպատակի համար առանձնացված և համապատասխան սարքավորումներով հագեցված տեղամասերում:
Ելնելով տվյալ ապրանքատեսակի հատկություններից, փաթեթավորման համար օգտագործվում են պոլիէթիլենային թաղանթներ, թուղթ, պարկեր, ցանցատիպ տարաներ և այլն:
Մեկ ծրարի մեջ փաթեթավորվում է միայն մեկ տեսակի ապրանք: Գաստրոնոմիական ապրանքները կշռափաթեթավորվում են ամբողջական կտորով կամ ավելացվում են կտորներ` այդ ապրանքային խմբի առևտրի կանոններով սահմանված նորմերին համապատասխան:
խանութում փաթեթավորվող ապրանքների փաթեթների կամ ապրանքային եղանակով պատրաստված մեջդիր-պիտակների վրա նշվում են ապրանքների անվանումը, տեսակը, քաշը (նետտո), արժեքը (փաթեթավորման հետ), փաթեթավորման օրը, փաթեթավորողի համարը:
Հստակ ձևավորված գնապիտակներն ամրացվում են սարքավորումների կամ հատուկ կանգնակների վրա: Եթե փաթեթավորման վրա նշված են ապրանքի անվանումը, քաշը և տեսակը, գնապիտակի վրա կարելի է նշել միայն ապրանքի գինը:
Գնորդներն իրենց ցանկությամբ առևտրական սրահի մուտքի մոտ թողնում են ձեռքի պայուսակները, ճամպրուկները, ծանրոցները: Խանութը պարտավոր է ապահովել դրանց պահպանումը հատուկ սարքավորումներում:
Ինքնասպասարկման խանութներում (բաժիններում) փակցվում են սույն կանոններից համապատասխան քաղվածքներ:
21. Գնված պարենային և ոչ պարենային ապրանքների փոխանակումը կամ դրանց արժեքի վերադարձումը գնորդին իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Մանրածախ առևտրի խանութում գնված պարենային ապրանքները, որպես կանոն, գնորդներից հետ չեն ընդունվում և չեն փոխանակվում: Սակայն, այն ապրանքները, որոնք ունեցել են թաքնված որակական թերություններ կամ չեն համապատասխանել այն անվանմանն ու տեսակին, որով վաճառվել են, ենթակա են փոխանակման:
22. Բարդ կենցաղային ապրանքներ (հեռուստացույց, ռադիոընդունիչ, դաշնամուր, սառնարան և այլն), ինչպես նաև մի շարք այլ արդյունաբերական ապրանքներ (գործվածք, տրիկոտաժ, կոշիկ, գորգ, կահույք և այլն) վաճառելիս խանութը դուրս է գրում ապրանքային չեկ (վճարագիր), որտեղ նշվում են այդ խանութի համարը կամ ֆիրմային անվանումը, վաճառված ապրանքի անվանումն ու տեսակը, գինը, վաճառքի օրը, վաճառողի ազգանունը:
Ապրանքային չեկը դուրս է գրվում երկու օրինակից, որից մեկը տրվում է գնորդին:
Ինքնասպասարկման խանութում ապրանքային չեկի փոխարեն գնորդին պարտադիր կարգով տրվում է խանութում նրա կողմից գնում կատարելը հաստատող դրամարկղային չեկ, որը գնորդը պետք է պահպանի մինչև խանութից դուրս գալը:
23. Գնորդի կողմից ընտրված ոչ պարենային ապրանքները, մինչև դրանց արժեքի վճարումը, խանութը պարտավոր է պահպանել 2 ժամից ոչ ավելի, որից հետո այդ ապրանքները ենթակա են վաճառքի:
24. Խանութը պարտավոր է ի պահ ընդունել իր կողմից վաճառված խոշորածավալ ապրանքները (կահույք, դաշնամուր, սառնարան, հեռուստացույց և այլն) միայն 24 ժամ:
Այդ ապրանքները պահվում են պահպանման անդորրագրերով, չվաճառված ապրանքներից առանձին: Չի թույլատրվում խանութում պահել «Վաճառված է» ցուցանակով ապրանք, առանց պահպանման անդորրագրի:
25. Վաճառողը կամ հսկիչ գանձապահը գնորդի հետ հաշվարկ է կատարում հետևյալ կարգով`
հստակորեն հաշվում է գնորդից ստացված գումարը և գնորդի ներկայությամբ դրամը դնում է առանձին.
տպագրում է ապրանքային չեկը.
հայտնում է գնորդին հասանելիք մանր դրամի չափը և այն տալիս է նրան չեկի հետ մեկտեղ.
գնորդի հետ լրիվ հաշվարկ կատարելուց հետո գանձապահը նրանից ստացած և առանձին դրված գումարը դնում է դրամարկղային արկղի մեջ:
26. Ոչ պարենային ապրանքների ինքնասպասարկման խանութներում, սարքավորումների գծային տեղադրման դեպքում, հաշվարկային հանգույցները տեղադրվում են այդ գծի վրա: Միասնական հաշվարկային հանգույց ունեցող խանութներում թույլատրվում է առանձին ապրանքների վաճառքը կազմակերպել ինքնասպասարկման սրահում տեղադրված վաճառասեղանների միջոցով, հաշվարկը կատարելով վաճառողի հետ:
27. Խանութի տնօրենը պատասխանատվություն է կրում կշեռքների, կշռաքարերի չափիչ տարողությունների, մետրերի ու այլ չափիչ սարքերի վիճակի և ճիշտ աշխատանքի համար, ապահովում է դրանց ժամանակին ստուգումն ու դրոշմավորումը համապատասխան մարմինների կողմից:
28. Խանութի սանիտարական վիճակը պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության սանիտարական օրենսդրության ու Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության կողմից սահմանված պահանջներին:
29. Խանութի յուրաքանչյուր աշխատող պարտավոր է պահպանել անձնական հիգիենայի կանոնները և աշխատատեղի սանիտարական պատշաճ վիճակը:
Պարենային մթերքներ վաճառողները սահմանված կարգով ենթակա են նախնական և պարբերական բժշկական զննության: