ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
27 մարտի 2020 թվականի N 382-Ա
ՆՈՐ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏԱՐԱԾՄԱՄԲ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՌԻՍԿԵՐԻՆ ՀԱԿԱԶԴԵԼՈՒ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-ԻՑ ՄԻՆՉԵՎ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31-Ը ՆԵՐԱՌՅԱԼ ՀՕԳՈՒՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 145-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. 2020 թվականի մարտի 27-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ու Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից «հրաժարում` հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով հայտարարագրված ապրանքները, ինչպես նաև «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 145-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան նշված նախարարությունների կողմից Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե ներկայացված` սույն որոշմանը հղում պարունակող դիմումում նշված լինելու դեպքում նաև այլ անձանց կողմից նույն մաքսային ընթացակարգով հայտարարագրված ապրանքները բացթողումից հետո հատկացնել որպես հայտարարատու հանդես եկած կամ դիմում ներկայացրած նախարարությանը` «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 145-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերության պահանջները պահպանելով:
(1-ին կետը փոփ. 05.06.2020 թիվ 901-Ա /գործողությունը տարածվում է 2020 թվականի մայիսի 31-ից ծագած հարաբերությունների վրա/ որոշում)
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ու Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից «հրաժարում` հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով ներկայացված մաքսային հայտարարագրերը համարվում են նաև «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 145-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե ներկայացված դիմում, իսկ դիմումը ներկայացնելու ամսաթիվ է համարվում «հրաժարում` հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով ապրանքների բացթողման օրը:
3. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին` իրականացնել սույն որոշմանը համապատասխան բաց թողնված ապրանքների հաշվառում և դրա արդյունքները սույն որոշման 1-ին կետում նշված ժամկետի ավարտից հետո 10 օրվա ընթացքում ներկայացնել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակ:
4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին ու Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` յուրաքանչյուրն իր մասով իրականացնել սույն որոշմանը համապատասխան նախարարությանը հատկացված և նախարարության կողմից տնօրինված ապրանքների հաշվառում և դրա արդյունքները սույն որոշման 1-ին կետում նշված ժամկետի ավարտից հետո 10 օրվա ընթացքում ներկայացնել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակ:
(վերնագիրը փոփ. 05.06.2020 թիվ 901-Ա /գործողությունը տարածվում է 2020 թվականի մայիսի 31-ից ծագած հարաբերությունների վրա/ որոշում)
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. մարտի 27
Երևան