040.0550.200601
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«20» հունիսի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
20 հունիսի 2001 թվականի N 550
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ և 5-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մարտի 13-ի «Երևան քաղաքի թաղային համայնքների սեփականություն հանդիսացող գույքի ցանկը սահմանելու մասին» N 42 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«3. Երևանի քաղաքային ենթակայության բնակարանային տնտեսության ձեռնարկությունների հաշվեկշիռներում հաշվեգրված բնակարանային ֆոնդի բնակելի շենքերի բացվածքները և ոչ բնակելի տարածքները (բնակելի շենքերում` նախագծով նախատեսված ընդհանուր օգտագործման շինություններ (տարածքներ) չհանդիսացող, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց սեփականության իրավունքով չպատկանող ոչ բնակելի շինությունները (տարածքներ) (արհեստանոց, արտադրական, առևտրային, գրասենյակային և այլն) համարել Երևան քաղաքի համապատասխան թաղային համայնքներին սեփականության իրավունքով հանձնված` բացառությամբ պետական հիմնարկների կամ կազմակերպությունների կողմից զբաղեցված տարածքների, վարձակալությամբ տրված արվեստանոցների և «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետի «ը» ենթակետով նախատեսված մասնավորեցման ենթակա ոչ բնակելի տարածքների».
բ) ուժը կորցրած ճանաչել որոշման 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերը:
i
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մայիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության բնակարանային տնտեսության ձեռնարկությունները համայնքներին հանձնելու մասին» N 116 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«1. Հայաստանի Հանրապետության նախկին քաղաքաշինության նախարարության ենթակայության բնակարանային տնտեսության ձեռնարկությունների հաշվեկշիռներում հաշվեգրված բնակարանային ֆոնդի բնակելի շենքերի բացվածքները և ոչ բնակելի տարածքները (բնակելի շենքերում` նախագծով նախատեսված ընդհանուր օգտագործման շինություններ (տարածքներ) չհանդիսացող, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց սեփականության իրավունքով չպատկանող ոչ բնակելի շինությունները (տարածքներ) (արհեստանոց, արտադրական, առևտրային, գրասենյակային և այլն) համարել համապատասխան համայնքներին սեփականության իրավունքով հանձնված` բացառությամբ պետական հիմնարկների կամ կազմակերպությունների կողմից զբաղեցված տարածքների, վարձակալությամբ տրված արվեստանոցների և «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետի «ը» ենթակետով նախատեսված մասնավորեցման ենթակա ոչ բնակելի տարածքների».
բ) ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերը:
i
3. Պետական հիմնարկների կամ կազմակերպությունների կողմից զբաղեցված բազմաբնակարան բնակելի շենքերի բացվածքները կամ դրանց ոչ բնակելի տարածքները (բնակելի շենքերում` նախագծով նախատեսված ընդհանուր օգտագործման շինություններ (տարածքներ) չհանդիսացող, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց սեփականության իրավունքով չպատկանող ոչ բնակելի շինությունները (տարածքներ) (արհեստանոց, արտադրական, առևտրային, գրասենյակային և այլն), ինչպես նաև «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետի «ը» ենթակետով նախատեսված մասնավորեցման ենթակա ոչ բնակելի տարածքները հանձնել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության, իսկ չմասնավորեցված արվեստանոցներից տարածքները` համապատասխան մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի տնօրինությանը:
4. Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին` օրենքով սահմանված կարգով իրականացնել պետական սեփականություն համարվող արվեստանոցների մասնավորեցման աշխատանքները:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունիսի 20-ից: