ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
ԲԴԽ-37-Ո-89
2019թ.
ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՄԲ ԲԱԺՆԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՄԱՍԻՆ
i
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ` Օրենք) 123-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Բարձրագույն դատական խորհուրդը մինչև յուրաքանչյուր տարվա հունիսի 1-ը հաշվարկում է հաջորդ երկու տարվա ընթացքում տվյալ մասնագիտացման վերաքննիչ դատարաններում դատավորների թափուր պաշտոնների համալրման համար անհրաժեշտ դատավորների քանակը: Եթե դատավորների առաջխաղացման ցուցակում առկա դատավորների թեկնածուների քանակը համապատասխանաբար քրեական, քաղաքացիական և վարչական մասնագիտացման բաժիններում չի գերազանցում հաջորդ երկու տարում վերաքննիչ դատարանների թափուր պաշտոնների կանխատեսվող քանակը, ապա Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է կայացնում վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար դատավորների առաջխաղացման ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժինը հաշվարկված թվով համալրելու անհրաժեշտության մասին»:
Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժնում առկա է 2 թեկնածու, իսկ քրեական և վարչական մասնագիտացման բաժինները սպառված են:
Վերաքննիչ դատարաններում ներկա պահին դատավորների թափուր հաստիքներ առկա չեն:
Հաջորդ երկու տարվա ընթացքում պաշտոնավարման տարիքը լրանալու հիմքով դադարելու է Վերաքննիչ քաղաքացիական և Վերաքննիչ քրեական դատարանների մեկական դատավորի լիազորություններ: Վերաքննիչ վարչական դատարանում հաջորդ երկու տարվա ընթացքում պաշտոնավարման տարիքը լրանալու հիմքով որևէ դատավորի լիազորություն չի դադարելու:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանում ներկայումս առկա չէ դատավորի թափուր հաստիք, հաջորդ երկու տարվա ընթացքում դադարելու է 1 (մեկ) դատավորի լիազորություն, իսկ ներկայումս վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժնում առկա է 2 (երկու) թեկնածու: Հետևաբար, վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժնում առկա թեկնածուների քանակը գերազանցում է հաջորդ երկու տարում Վերաքննիչ քաղաքացիական դատարանի թափուր պաշտոնների կանխատեսվող քանակը:
Վերաքննիչ քրեական դատարանում ներկայումս առկա չէ դատավորի թափուր հաստիք, ընթացիկ և հաջորդ երկու տարվա ընթացքում դադարելու է 1 (մեկ) դատավորի լիազորություն, իսկ ներկայումս վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժինը սպառված է: Հետևաբար, այն չի գերազանցում հաջորդ երկու տարում Վերաքննիչ քրեական դատարանի թափուր պաշտոնների կանխատեսվող քանակը:
Վերաքննիչ վարչական դատարանում ներկայումս առկա չէ դատավորի թափուր հաստիք, հաջորդ երկու տարվա ընթացքում պաշտոնավարման տարիքը լրանալու հիմքով որևէ դատավորի լիազորություն չի դադարելու, իսկ ներկայումս վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի վարչական մասնագիտացման բաժինը սպառված է: Հետևաբար, վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի վարչական մասնագիտացման բաժինը համալրելու անհրաժեշտությունը բացակայում է հետևյալ պատճառաբանությամբ.
ա. վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի վարչական մասնագիտացման բաժինը սպառված է (0),
բ. Վերաքննիչ վարչական դատարանում հաջորդ երկու տարվա ընթացքում պաշտոնավարման տարիքը լրանալու հիմքով որևէ դատավորի լիազորություն չի դադարելու (0),
գ. առաջին հայացքից տպավորություն է, որ եթե վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի վարչական մասնագիտացման բաժինը սպառված է (0) և չի գերազանցում Վերաքննիչ վարչական դատարանում հաջորդ երկու տարվա ընթացքում կանխատեսվող թափուր հաստիքների թիվը` 0 (0-0=0), հետևաբար, պետք է համալրվի 1 թեկնածուով, որպեսզի ապահովվի հիշյալ հոդվածում նշված գերազանցման պահանջը:
Վերոգրյալի կապակցությամբ հարկ է նշել, որ Օրենքի 123-րդ հոդվածի 1-ին մասը հստակ սահմանում է, որ համալրման ենթակա թեկնածուների քանակը որոշվում է վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար դատավորների առաջխաղացման ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժինը հաշվարկված թվով համալրելու անհրաժեշտությամբ, որը տվյալ դեպքում 0 է:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ստորև ներկայացվող հաշվարկը` Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ անհրաժեշտ է վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացմամբ բաժինը համալրել 1 (մեկ) թեկնածուով, իսկ քաղաքացիական և վարչական մասնագիտացմամբ բաժինները համալրելու անհրաժեշտությունը բացակայում է.
- քրեական մասնագիտացման բաժին` 1 թեկնածու - ներկայումս առկա թափուր պաշտոնների քանակը` 0 + 2019թ. կանխատեսվող թափուր պաշտոնների քանակը` 1 + 2020թ. կանխատեսվող թափուր պաշտոնների քանակը` 0 + 2021թ. կանխատեսվող թափուր պաշտոնների քանակը` 0 - ներկա պահին առաջխաղացման ցուցակի քրեական մասնագիտացման բաժնում առկա թեկնածուների քանակը` 0 = 1
- քաղաքացիական մասնագիտացման բաժին` 0 թեկնածու - ներկայումս առկա թափուր պաշտոնների քանակը` 0 + 2019թ. կանխատեսվող թափուր պաշտոնների քանակը` 0 + 2020թ. կանխատեսվող թափուր պաշտոնների քանակը` 1 + 2021թ. կանխատեսվող թափուր պաշտոնների քանակը` 0 - ներկա պահին առաջխաղացման ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժնում առկա թեկնածուների քանակը` 2,
- վարչական մասնագիտացման բաժին` 0 թեկնածու - ներկայումս առկա թափուր պաշտոնների քանակը` 0 + 2019թ. կանխատեսվող թափուր պաշտոնների քանակը` 0 + 2020թ. կանխատեսվող թափուր պաշտոնների քանակը` 0 + 2021թ. կանխատեսվող թափուր պաշտոնների քանակը` 0 - ներկա պահին առաջխաղացման ցուցակի վարչական մասնագիտացման բաժնում առկա թեկնածուների քանակը` 0:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով Օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասը և 123-րդ հոդվածի 1-ին մասը` Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Արձանագրել, որ առկա է Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժինը 1 (մեկ) թեկնածուով համալրելու անհրաժեշտությունը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Գ. ԴԱՆԻԵԼՅԱՆ
2019թ. մայիսի 30
Երևան