040.0439.160418
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
12 ապրիլի 2018 թվականի N 439-Ն
ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՐԹԱԿԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐԸ ԵՎ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազդարարման համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի տեխնիկական նկարագիրը` համաձայն N 1 հավելվածի.
2) ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի վարման կարգը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 16-ԻՆ
Հավելված N 1
i
ՀՀ կառավարության
2018 թվականի ապրիլի 12-ի
N 439-Ն որոշման
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐ ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՐԹԱԿԻ
1. Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակը (այսուհետ` նաև միասնական էլեկտրոնային հարթակ) բաղկացած է հետևյալ բաժիններից` «Գլխավոր էջ», «Ազդարարել», «Հարթակի մասին», «Հարթակի օգտագործման ուղեցույց», «Վիճակագրություն», «Հարթակի միջոցով բացահայտված հանցագործություններ»:
2. Միասնական էլեկտրոնային հարթակի «Գլխավոր էջ» բաժինը պարունակում է ընդհանուր տեղեկատվություն միասնական էլեկտրոնային հարթակի հիմնական նպատակի և միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով անանուն ազդարարում իրականացնելու դեպքում անանունության իրավական երաշխիքների, ինչպես նաև նախազգուշացում համացանցային հաղորդակարգի հասցեն (Internet Protocol Address) ծածկագրելու անհրաժեշտության վերաբերյալ: Սույն կետում նշված բաժնի միջոցով միասնական էլեկտրոնային հարթակի այցելուները ծանուցվում են այն մասին, որ համացանցային հաղորդակարգի հասցեն (Internet Protocol Address) հնարավոր է ծածկագրել «ՏՈՌ» (TOR), «Օպերա» (Opera), «Օպերա Մինի» (Opera Mini) կամ այլ ցանցային դիտարկիչների (browser) միջոցով:
i
3. «Ազդարարել» բաժինը նախատեսված է միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով հանցագործության վերաբերյալ հաղորդում ներկայացնելու համար: Միասնական էլեկտրոնային հարթակի այցելուները սույն կետում նշված բաժնի միջոցով կարող են`
1) ընտրել անանուն կամ տվյալներ ներկայացնելու միջոցով ազդարարման եղանակներից իրենց համար նախընտրելի տարբերակը.
2) լրացնել համապատասխան դաշտերում ընտրված ազդարարման եղանակին համապատասխան տվյալները, ինչպես նաև ամրակցել հաղորդմանն առնչվող էլեկտրոնային նյութերը.
3) լրացված տվյալներն ստուգելուց հետո հաստատել հաղորդումը` այն ներկայացնելով համակարգի հաղորդումների կառավարման մոդուլ:
(3-րդ կետը փոփոխվելու է ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակը վերազինելու և ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակին Մարդու իրավունքների պաշտպանի հասանելիությունն ապահովելու պահից` 06.07.2023 թիվ 1135-Ն որոշում)
i
4. Միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով հաղորդում ներկայացնելիս` լրացվում է հետևյալ հարցերը պարունակող հարցաշարը`
1) այն մարմինը, որտեղ կամ որի աշխատողի մասնակցությամբ, ըստ ազդարարի, կատարվել է հանցագործություն (պարտադիր).
2) հանցագործություն կատարած անձի անունը, ազգանունը, պաշտոնը (ոչ պարտադիր).
3) հանցագործությանն առնչություն ունեցող այլ անձի անունը, ազգանունը, պաշտոնը (ոչ պարտադիր).
4) հանցագործության կատարման ամսաթիվը, իսկ եթե դա հայտնի չէ, ապա` այն ժամանակագրական միջակայքը, երբ տեղի է ունեցել հանցագործությունը (պարտադիր).
5) հանցագործության հետ կապված մանրամասները` նշելով, թե երբ և ինչ պայմաններում է կատարվել հանցագործությունը:
(4-րդ կետը փոփոխվելու է ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակը վերազինելու և ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակին Մարդու իրավունքների պաշտպանի հասանելիությունն ապահովելու պահից` 06.07.2023 թիվ 1135-Ն որոշում)
5. Միասնական էլեկտրոնային հարթակում հաղորդում ներկայացնելու դեպքում ազդարարը ծանուցվում է օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված` հաղորդումն «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ստուգելու պայմանների մասին:
6. Օգտատիրոջ վավերապայմաններով միասնական էլեկտրոնային հարթակ մուտք չգործած յուրաքանչյուր ազդարարի համար, հաղորդում ներկայացնելու պահին, համակարգն ինքնաշխատ եղանակով գեներացնում է օգտվողի անուն և գաղտնաբառ, որոնց միջոցով`
1) ազդարարը կարող է մուտք գործել համակարգում իր անձնական տիրույթ, հետևել ներկայացված հաղորդման ընթացքին և հետադարձ կապի միջոցով պարզաբանումներ և լրացուցիչ տեղեկություններ ներկայացնել հաղորդման հետագա ընթացքի համար պատասխանատու անձին.
2) տվյալներ ներկայացնելու եղանակով հաղորդում ներկայացրած ազդարարը, մուտք գործելով միասնական էլեկտրոնային հարթակ, կարող է նաև այլ հաղորդումներ ներկայացնել իր անձնական տիրույթից:
7. «Հարթակի մասին» բաժինը պարունակում է տեղեկատվություն միասնական էլեկտրոնային հարթակի մասին` ներառյալ միասնական էլեկտրոնային հարթակի ստեղծման նպատակը և ոլորտը կարգավորող իրավական ակտերը:
8. «Հարթակի օգտագործման ուղեցույց» բաժինը պարունակում է ուղեցույց, որտեղ քայլ առ քայլ նկարագրված են անանուն և տվյալներ ներկայացնելու եղանակով ազդարարման կարգերը, տարբեր տեսակի սարքերով և հենքերով միասնական էլեկտրոնային հարթակ մուտք գործելու դեպքում համացանցային հաղորդակարգի հասցեի (Internet Protocol Address) ծածկագրման առաջարկվող եղանակները, ինչպես նաև ներկայացված հաղորդման պարագայում հետադարձ կապի իրականացման առանձնահատկությունները:
9. «Վիճակագրություն» բաժնում ներկայացվում են վիճակագրական տվյալներ միասնական էլեկտրոնային հարթակի այցելությունների թվի, միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով ներկայացված հաղորդումների թվի, «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ստուգված և չստուգված հաղորդումների տոկոսային հարաբերության, ինչպես նաև «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ստուգված հաղորդումների արդյունքում ընդունված` քրեական գործ հարուցելու և քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումների տոկոսային հարաբերության վերաբերյալ:
i
10. «Հարթակի միջոցով բացահայտված հանցագործություններ» բաժինը ներկայացնում է միասնական էլեկտրոնային հարթակով ներկայացված հաղորդումների միջոցով բացահայտված հանցագործությունների մասին համառոտ տեղեկատվություն:
(10-րդ կետը փոփոխվելու է ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակը վերազինելու և ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակին Մարդու իրավունքների պաշտպանի հասանելիությունն ապահովելու պահից` 06.07.2023 թիվ 1135-Ն որոշում)
(1-ին հավելվածը խմբ. 02.05.2019 թիվ 500-Ն որոշում)
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2018 թվականի ապրիլի 12-ի
N 439-Ն որոշման
ԿԱՐԳ
ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՐԹԱԿԻ ՎԱՐՄԱՆ
1. Միասնական էլեկտրոնային հարթակը վարում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը (այսուհետ` լիազոր մարմին):
2. Միասնական էլեկտրոնային հարթակի վարման և գործարկման աշխատանքներին մասնակցում են հետևյալ սուբյեկտները`
1) միասնական էլեկտրոնային հարթակի ադմինիստրատոր.
2) հաղորդման հետագա ընթացքի համար պատասխանատու անձինք:
i
2.1. Միասնական էլեկտրոնային հարթակին ապահովվում է նաև Մարդու իրավունքների պաշտպանի հասանելիությունը` վերջինիս կողմից վարվող հաշվետվությունը և վիճակագրությունը ներբեռնելու նպատակով:
(2.1-ին կետն ուժի մեջ է ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակը վերազինելու և ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակին Մարդու իրավունքների պաշտպանի հասանելիությունն ապահովելու պահից` 06.07.2023 թիվ 1135-Ն որոշում)
3. Միասնական էլեկտրոնային հարթակի ադմինիստրատորը նշանակվում է լիազոր մարմնի կողմից:
4. Հաղորդման հետագա ընթացքի համար պատասխանատու անձինք նշանակվում են Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության կողմից:
5. Միասնական էլեկտրոնային հարթակի ադմինիստրատորը նշանակվում է միասնական էլեկտրոնային հարթակի գործունեության աշխատանքների համակարգման համար: Նա`
1) միասնական էլեկտրոնային հարթակում հաղորդման հետագա ընթացքի համար պատասխանատու անձանց տրամադրում է միասնական էլեկտրոնային հարթակին հասանելիություն և զրկում է դրանից.
2) հաղորդման հետագա ընթացքի համար պատասխանատու անձանց տրամադրում է միասնական էլեկտրոնային հարթակի շահագործման վերաբերյալ խորհրդատվություն.
3) մշտադիտարկում է միասնական էլեկտրոնային հարթակի աշխատանքը.
4) մշտադիտարկում է միասնական էլեկտրոնային հարթակի սերվերի աշխատանքը.
5) իրականացնում է միասնական էլեկտրոնային հարթակի անխափան աշխատանքի ապահովման տեխնիկական աշխատանքները, այդ թվում` սերվերի ծրագրային և տեխնիկական սպասարկումը.
6) իրականացնում է միասնական էլեկտրոնային հարթակով ներկայացված հաղորդումների պահուստային պատճենահանում.
7) միասնական էլեկտրոնային հարթակի գործունեության խափանման ժամանակ (ծրագրի կամ սարքավորման անսարքություն, կապուղիների խափանում, տվյալների շտեմարանների չթույլատրված մուտքի, տվյալների զանգվածային խափանում և այլն) անհապաղ տեղեկացնում է լիազոր մարմնին: Տեղեկատվական ենթակառուցվածքի գործառնության բնականոն գործունեության վերականգնման համար լիազոր մարմինը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ:
6. Միասնական էլեկտրոնային հարթակում հաղորդման հետագա ընթացքի համար պատասխանատու անձանց միասնական էլեկտրոնային հարթակին հասանելիություն տրամադրում և դրանից զրկում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը` հաղորդման հետագա ընթացքի համար պատասխանատու անձանց վերաբերյալ ցանկ ներկայացնելու հիման վրա:
7. Միասնական էլեկտրոնային հարթակով ներկայացված հաղորդումների պահուստային պատճենահանումն իրականացվում է յուրաքանչյուր օր: Պահուստային պատճենները պետք է պահվեն միասնական էլեկտրոնային հարթակի պորտալից դուրս` առանձին սարքում:
8. Հաղորդման հետագա ընթացքի համար պատասխանատու անձինք ապահովում են միասնական էլեկտրոնային հարթակում մուտքագրված յուրաքանչյուր հաղորդման հաշվառումը, քննարկումը, իր իրավասությունների սահմաններում միջոցների ձեռնարկումը և անհրաժեշտության դեպքում` համապատասխան ակտի ընդունումը:
9. Հաղորդման ստուգման հիմքերի առկայության դեպքում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը հաղորդումը փաստաթղթային տարբերակով ուղարկում է օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմին:
i
9.1. Եթե ներկայացված հաղորդումը հանցագործության մասին չէ, ապա Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը եռօրյա ժամկետում հաղորդումը փաստաթղթային տարբերակով վերահասցեագրում է իրավասու մարմնին` ծանուցելով ազդարարին:
(9.1-ին կետը լրաց. 02.05.2019 թիվ 500-Ն որոշում)
i
9.2. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից համապատասխան վարույթ հարուցելու կամ վարույթ հարուցելը մերժելու, ինչպես նաև վարույթի ընթացքում որոշման կայացնելու մասին տեղեկատվություն ստանալու նպատակով Գլխավոր դատախազությունը կարող է հարցմամբ դիմել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին:
(9.2-րդ կետն ուժի մեջ է ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակը վերազինելու և ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակին Մարդու իրավունքների պաշտպանի հասանելիությունն ապահովելու պահից` 06.07.2023 թիվ 1135-Ն որոշում)
10. Միասնական էլեկտրոնային հարթակում ազդարարի և հաղորդման ընթացքի համար պատասխանատու անձանց կողմից մուտքագրված տվյալները ծածկագրավորվում են AES256 ծածկագրով` միասնական էլեկտրոնային հարթակի ադմինիստրատորի կողմից տվյալների մեջ փոփոխություններ կատարելը բացառելու նպատակով: