041.1280.011018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
1 հոկտեմբերի 2018 թվականի N 1280-Ն
ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ 15 ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱՊԱՀՎԱԾ ՈԼՈՐՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հանրային խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասը`
1. Սահմանել Հանրային խորհրդի 15 մշտական հանձնաժողովների իրավասությանը վերապահված ոլորտների ցանկը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2018 թ. հոկտեմբերի 1-ի
N 1280-Ն որոշման
ՑԱՆԿ
ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ 15 ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱՊԱՀՎԱԾ ՈԼՈՐՏՆԵՐԻ
1. Հանրային խորհրդին կից ձևավորվող և գործող և մշտական հանձնաժողովների գործունեության ոլորտներն են`
1) գիտության, կրթության հարցերի հանձնաժողով` գիտություն, կրթություն, հրատարակչական գործ.
2) պետաիրավական հարցերի հանձնաժողով` սահմանադրական փոփոխություններ, ընտրական համակարգ, հանրային ծառայություն, դատարանակազմություն, արդարադատություն, դատախազություն, քաղաքացիական, քրեական, վարչական օրենսդրություն.
3) քաղաքացիական հասարակության զարգացման հարցերի հանձնաժողով` մարդու և քաղաքացու իրավունքներ ու ազատություններ, կուսակցություններ և այլ հասարակական միավորումներ, մամուլ, ռադիո, հեռուստատեսություն, այլ զանգվածային լրատվության միջոցներ.
4) ֆինանսատնտեսական-բյուջետային հարցերի հանձնաժողով` հարկեր, տուրքեր, վճարներ, արդյունաբերություն, քաղաքաշինություն, էներգետիկա, պետական գույքի կառավարում, բյուջետային օրենսդրություն, փոփոխություններ, վարկեր, դրամ, դրամաշրջանառություն, բանկային համակարգ, ֆինանսավարկային կազմակերպություններ.
5) գյուղատնտեսական հարցերի հանձնաժողով` գյուղատնտեսություն, անասնաբուծություն, սննդամթերքի անվտանգություն.
6) բնապահպանական հարցերի հանձնաժողով` բնական պաշարներ, բնապահպանություն.
7) առողջապահության հանձնաժողով` առողջապահություն, մայրություն, մանկություն, ծնելիություն, սննդի անվտանգություն.
8) տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողով` տարածքային կառավարում, տեղական ինքնակառավարում, տարածքային զարգացում, համայնքային ծառայություն, տեղական հարկեր, տուրքեր և վճարներ.
9) պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հարցերի հանձնաժողով` պաշտպանություն, անվտանգություն, արտակարգ իրավիճակներ, ոստիկանություն, ռազմարդյունաբերական համալիր, ռազմական ուսումնական հաստատություններ, զինվորական և ոստիկանական ծառայություններ.
10) ձեռնարկատիրական գործունեության և սպառողների հարցերի հանձնաժողով` ձեռնարկատիրական գործունեություն, առևտուր և ծառայություններ, սպառողների իրավունքներ.
11) մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողով` մշակույթ, երիտասարդություն, սպորտ.
12) ժողովրդագրական և գենդերային հարցերի հանձնաժողով.
13) կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հանձնաժողով` կրոնական կազմակերպություններ, սփյուռքի կազմակերպություններ և խնդիրներ, միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքների ներդաշնակեցում.
14) սոցիալական հարցերի հանձնաժողով` զոհված ազատամարտիկների ընտանիքներ, սոցիալական ապահովություն, հաշմանդամության հիմնահարցեր, աշխատանք, զբաղվածություն, բնակարանային պայմաններ, վետերանների խնդիրներ.
15) տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների հանձնաժողով` տրանսպորտ, հաղորդակցություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ:
(1-ին կետը փոփ. 21.01.2019 թիվ 54-Ն որոշում)