040.0739.010814
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
3 հուլիսի 2014 թվականի N 739-Ն
ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԻՆ ՕՏԱՐ ԼԵԶՎԻ ԻՄԱՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՏՐՎՈՂ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ ՉԱՓԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել դիվանագիտական պաշտոն զբաղեցնող անձին օտար լեզվի իմացության համար տրվող հավելավճարի չափը և վճարման կարգը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 30-օրյա ժամկետում հաստատել սույն որոշման հավելվածի 4-րդ կետով նախատեսված օտար լեզուների իմացության ստուգման կամ հավաստման կարգը` դրանում ներառելով ստուգման (թեստավորման) կազմակերպման սկզբունքները և գործընթացը կամ լեզվի իմացության անհրաժեշտ մակարդակը և այն հավաստող ընդունելի փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև սույն որոշման հավելվածի 6-րդ կետով նախատեսված հանձնաժողովների կազմը և լեզուների ցանկը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2014 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
(նախաբանը փոփ. 29.11.2018 թիվ 1420-Ն որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 1-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2014 թվականի հուլիսի 3-ի
N 739-Ն որոշման
ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԻՆ ՕՏԱՐ ԼԵԶՎԻ ԻՄԱՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՏՐՎՈՂ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ ՉԱՓԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
1. Դիվանագիտական պաշտոն զբաղեցնող անձին (այսուհետ` դիվանագետ) երկու օտար լեզվից բացի երրորդ և ավելի օտար լեզուների իմացության համար տրվում է հավելավճար:
2. Օտար լեզվի իմացության համար հավելավճար տրվում է այն դեպքում, երբ երեք (կամ ավելի) օտար լեզուները Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի հավատարմագրման կամ գտնվելու պետության պետական լեզու են:
3. Օտար լեզուների իմացության համար հավելավճարը տրվում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմում և առանձնացված ստորաբաժանումներում դիվանագետներին երկու օտար լեզվից բացի երրորդ օտար լեզվի իմացության համար` դիվանագետի պաշտոնային դրույքաչափի 10 տոկոսի, իսկ չորրորդ և ավելի օտար լեզուների իմացության համար` դիվանագետի պաշտոնային դրույքաչափի 15 տոկոսի չափով:
4. Սույն կարգի 2-րդ կետում նշված բոլոր լեզուների իմացությունը ենթակա է ստուգման կամ հավաստման` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի (այսուհետ` նախարար) կողմից սահմանված կարգի համաձայն:
5. Օտար լեզուների իմացության ստուգումն իրականացնում են այդ նպատակով ստեղծված հանձնաժողովները, որոնց եզրակացությունների հիման վրա նախարարն ընդունում է դիվանագետին հավելավճար տրամադրելու մասին անհատական իրավական ակտ: Հանձնաժողովների ստեղծման կարգը սահմանում է նախարարը:
6. Յուրաքանչյուր օտար լեզվի գծով հանձնաժողովի կազմը, ինչպես նաև սույն կարգի 2-րդ կետում նշված լեզուների ցանկը սահմանում է նախարարը: