041.0143.210201
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
21 փետրվարի 2001 թվականի N 143
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Բռնադատվածներին կամ նրանց առաջին հերթի ժառանգներին բնակարանային անհատական շինարարության նպատակով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից արտոնյալ պայմաններով երկարաժամկետ վարկերի տրամադրման գործում առաջացած խնդիրների լուծման ուղիների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարություն վերջնական եզրակացություն ներկայացնելու հետ կապված աշխատանքները համակարգելու նպատակով`
1. Ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով` հետևյալ կազմով`
ՀՀ սոցիալական ապահովության նախարար (հանձնաժողովի նախագահ)
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
ՀՀ ազգային անվտանգության նախարարի տեղակալ
ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ
ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության գլխավոր վարչության պետ
ՀՀ կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչության պետի տեղակալ
ՀՀ սոցիալական ապահովության նախարարության վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար):
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչությանը` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը հայտնել սույն որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի կազմում ընդգրկվող իրենց ներկայացուցիչների թեկնածությունները:
3. Միջգերատեսչական հանձնաժողովին`
ա) հանձնաժողովի աշխատանքներում ներգրավել «Հուշամատյան» իրավապաշտպան, պատմալուսավորչական և բարեգործական ընկերության ներկայացուցչին.
բ) մինչև 2001 թվականի մայիսի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն բռնադատվածներին կամ նրանց առաջին հերթի ժառանգներին բնակարանային անհատական շինարարության նպատակով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից արտոնյալ պայմաններով երկարաժամկետ վարկերի տրամադրման գործում առաջացած խնդիրների լուծման ուղիների վերաբերյալ: