(ուժը կորցրել է 11.02.2021 թիվ 156-Ն որոշում)
i
040.1391.301115
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
26 նոյեմբերի 2015 թվականի N 1391-Ն
ՁՎԻ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել ձվի անասնաբուժասանիտարական փորձաքննության կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2015 թվականի նոյեմբերի 26-ի
N 1391-Ն որոշման
ԿԱՐԳ
ՁՎԻ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են սննդում օգտագործվող հավի, հնդկահավի, լորի, ջայլամի և խայտահավի ձվերի (այսուհետ` ձու) գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում (այսուհետ` շուկա) իրացման փուլերում իրականացվող անասնաբուժասանիտարական փորձաքննության հետ կապված հարաբերությունները:
i
2. Ձվի անասնաբուժասանիտարական փորձաքննությունն իրականացնում են օրենքով սահմանված կարգով գործունեության իրականացման մասին ծանուցած անձինք:
(2-րդ կետը փոփ. 16.06.16 թիվ 619-Ն որոշում)
3. Շուկաներում իրացման համար նախատեսված ձվերը ենթակա են անասնաբուժասանիտարական փորձաքննության:
4. Անասնաբուժասանիտարական փորձաքննության չենթարկված ձու իրացնող ֆիզիկական և իրավաբանական անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:
5. Ձվի անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացումը շուկաներում` ապահովում են ձու իրացնող ֆիզիկական և իրավաբանական անձինք:
6. Շուկաներում իրացման համար նախատեսված ձուն անասնաբուժասանիտարական փորձաքննության է ներկայացվում անասնաբուժական ծառայության կողմից տրված անասնաբուժական վկայականով, իսկ մարզի տարածքում ձու իրացնելու դեպքում` անասնաբուժական տեղեկանքով, որոնցով հաստատվում է տվյալ խմբաքանակի` թռչունների վարակիչ հիվանդությունների նկատմամբ ապահով տարածքներից ստացումը:
II. ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
7. Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են`
1) ձվի արտաքին զննում` կենդանական ծագում ունեցող մթերքի որակի ակնադիտորեն որոշում.
2) օվոսկոպիա` ձվի պարունակության որակի ստուգում.
3) ձվի պարունակության հետազոտում` ձվի ներքին կառուցվածքի որոշում և փոփոխությունների հայտնաբերում:
III. ՁՎԻ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
8. Ձվի անասնաբուժասանիտարական փորձաքննությունն իրականացվում է արտաքին զննման և օվոսկոպիայի միջոցով, իսկ կասկածելի դեպքերում հետազոտվում է ձվի պարունակությունը:
9. Ձվի արտաքին զննմամբ հայտնաբերվում են աղտոտվածությունը, երեսանց կտրվածքը (փոքր ճեղք), տրորված կողքը (կճեպի վնասվածք` ենթակճեպային թաղանթների ամբողջականության դեպքում), հոսքը (ենթակճեպային թաղանթի և կճեպի վնասվածքով ձու):
10. Ձվի արտաքին զննման արդյունքում որակյալ է համարվում մաքուր, ամբողջական, առանց կողմնակի հոտի, բնական գույնով (սպիտակ, դարչնագույն, բաց դեղնավուն, խայտահավերինը` խայտաբղետ և այլն) ձուն:
11. Օվոսկոպիայով ստուգվում է ձվի պարունակությունը` լուսադիտման եղանակով, հատուկ սարքով (օվոսկոպ): Ձուն տեղադրվում է օվոսկոպի անցքում և, պտտելով երկար առանցքի շուրջ, դիտվում ներքին կառուցվածքն ու փոփոխությունների առկայությունը:
12. Օվոսկոպիայով հայտնաբերվում են անզեն աչքով անտեսանելի մանր ճեղքվածքները, ցամաքեցումը, սպիտակուցի ու դեղնուցի վիճակը և այլ թերությունների առկայությունը:
13. Օվոսկոպիայի արդյունքում որակյալ է համարվում առանց սույն կարգի 12-րդ կետում նախատեսված թերությունների, մինչև 9 միլիմետր օդային խցիկով ձուն:
14. Ձվի պարունակության հետազոտմամբ ստուգվում է կոտրված ձվի պարունակությունը:
15. Ձվի պարունակության հետազոտմամբ որոշվում է ձվի ներքին կառուցվածքը, և հայտնաբերվում են առկա փոփոխությունները:
16. Ձվի պարունակության հետազոտման արդյունքում որակյալ է համարվում մաքուր, մածուցիկ, լավ արտահայտված խիտ շերտով (թույլատրվում է թուլացված), առանց պղտորության, սպիտակ կամ թեթևակի կանաչավուն երանգով, մաքուր դեղնուցով, մածուցիկ, հավասարաչափ դեղին կամ նարնջագույն ներկված, առանց կողմնակի հոտերի, առանց զարգացման նշանների սաղմ ունեցող ձուն:
17. Ձվերը, կախված որակից, դասվում են սննդային լիարժեք, սննդային ոչ լիարժեք և տեխնիկական խոտան ունեցող խմբերի:
18. Սննդային լիարժեք է համարվում թարմ, որակյալ, մաքուր, ամբողջական կճեպով, մինչև 9 միլիմետր օդային խցիկի բարձրությամբ, թանձր, լուսանցվող սպիտակուցով (թույլատրելի է թուլացված լուսանցում), ամուր, քիչ տեսանելի, կենտրոնական դիրք (թույլատրելի է տեղաշարժում) զբաղեցնող դեղնուցով ձուն:
19. Սննդային ոչ լիարժեք է համարվում չորացուկով (առանց բորբոսի` կճեպին չորանալով կպչող դեղնուցով), խառնված (դեղնուցի և սպիտակուցի մասնակի խառնակազմ), փոքր բծով` կճեպի ընդհանուր մակերևույթի 1/5-ից ոչ ավելի կճեպի տակ մեկ կամ մի քանի անշարժ բծերի առկայությամբ, կողմնակի, արագ անհետացող հոտով ձուն:
20. Տեխնիկական խոտան ունեցող է համարվում մեծ բծով` կճեպի ամբողջ մակերեսի 1/5 ընդհանուր չափից ավելի կճեպի տակ մեկ կամ մի քանի անշարժ բծերի առկայությամբ, պղտոր (տամուկ)` անթափանց, նեխած պարունակությամբ, սպիտակուցի և դեղնուցի ամբողջական միախառնմամբ (կրասյուկ), արյունաբիծ, բորբոսի հոտ կլանած կամ բորբոսնած մակերես ունեցող կճեպով, միրաժային` ինկուբատորից հանված, չբեղմնավորված ձուն:
21. Շուկաներում իրացման համար թույլատրվում է սննդային լիարժեք ձուն:
22. Սննդային ոչ լիարժեք ձուն վաճառքի չի թույլատրվում, սակայն կարող է օգտագործվել հացաբուլկեղենի, հրուշակեղենի և այլ արտադրություններում, բարձր ջերմային մշակմամբ արտադրանքի պատրաստման համար:
23. Ձվի պարունակության հետազոտման համար ձվի նմուշները վերցվում են ապրանքախմբի յուրաքանչյուր միավորից` հետևյալ քանակներով` մինչև 360 հատ ձվի դեպքում` մեկ հատ ձու, 360 հատ ձվից ավելի և յուրաքանչյուր 360 հատ ձվի խմբաքանակ կազմող ձվերի դեպքում` ևս մեկական ձու: Նմուշներ վերցնելիս` կազմվում է արձանագրություն, որում նշվում են նմուշներ վերցնելու նպատակը, նմուշների քանակը և ձվի տեսակը: Արձանագրությունը կազմվում է 3 օրինակից, որոնք ստորագրվում են նաև իրացնող անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից, և մեկ օրինակը տրվում է նրան:
24. Նմուշները հետազոտվում են վերցնելուց հետո մեկ ժամվա ընթացքում: Մինչև հետազոտության արդյունքների ստացումը` իրացման համար նախատեսված ձուն պահվում է մեկուսացված` անհրաժեշտ պայմաններում, ոչ ավելի, քան +4 - +8oC ջերմաստիճանում: Ձվի անասնաբուժասանիտարական պիտանիության անասնաբուժասանիտարական փորձաքննության մասին եզրակացությունը տրվում է հետազոտության ավարտից հետո մեկ ժամվա ընթացքում:
25. Անասնաբուժասանիտարական փորձաքննության արդյունքների հիման վրա տրվում է ձվի անասնաբուժասանիտարական պիտանիության անասնաբուժասանիտարական փորձաքննության մասին եզրակացություն, որը կազմվում է 2 օրինակից, և մեկ օրինակը տրվում է իրացնողին: Անասնաբուժասանիտարական փորձաքննության մասին եզրակացության օրինակելի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը (այսուհետ` լիազոր մարմին):
26. Դրական եզրակացության արդյունքում անասնաբուժասանիտարական տեսակետից պիտանի (սննդային լիարժեք) ճանաչված ձվի իրացման համար տրվում է անասնաբուժասանիտարական տեսակետից պիտանիությունը հաստատող պիտակ, որի օրինակելի ձևը հաստատում է լիազոր մարմինը:
27. Անասնաբուժասանիտարական փորձաքննության բացասական արդյունքների հիման վրա անասնաբուժասանիտարական տեսակետից պայմանական պիտանի (սննդային ոչ լիարժեք) ձվերն օգտագործվում են սույն կարգի 22-րդ կետին համապատասխան, ոչ պիտանի (տեխնիկական խոտան) ճանաչվելու դեպքում դրանք ոչնչացվում կամ ուղարկվում են վերամշակման` կերային ալյուրի ստացման համար, անասնաբուժասանիտարական փորձաքննության մասին եզրակացության մեջ նշելով եղանակները, և դրա մասին տեղում, տիրոջ ներկայությամբ, սահմանված կարգով կազմվում է ակտ:
28. Նույն օրը չիրացված ձուն, որը չի պահպանվել համապատասխան պայմաններում, հաջորդ օրը` վաճառքից առաջ ենթարկվում է կրկնակի անասնաբուժասանիտարական փորձաքննության:
29. Տեխնիկական խոտան ճանաչված ձուն ենթակա է ոչնչացման` Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1060-Ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն:
30. Ձվի անասնաբուժասանիտարական փորձաքննության արդյունքները գրանցվում են անասնաբուժասանիտարական փորձաքննության արդյունքների գրանցամատյանում, որի ձևը հաստատում է լիազոր մարմինը: