Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 40-ՐԴ ՀՈԴՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 հունվարի 2013 թվականի N 130

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 40-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ

 

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 40-րդ հոդվածի համաձայն` դատարանում ներկայացուցիչ կարող է լինել դատարանում գործը վարելու պատշաճ ձևակերպված լիազորություն ունեցող ցանկացած գործունակ քաղաքացի, բացառությամբ «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:

«Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ նաև` Օրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` փաստաբանական գործունեությունն իրավապաշտպան գործունեության տեսակ է, որն իրականացնում է փաստաբանը և ուղղված է իրավաբանական օգնություն ստացող անձի իրավունքների, ազատությունների և շահերի իրականացմանն ու պաշտպանությանը` օրենքով չարգելված բոլոր միջոցներով և եղանակներով:

Օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական ներկայացուցչությունը կամ դրա կազմակերպումը որպես պարբերաբար կամ վճարովի հիմունքներով մատուցվող ծառայություն կարող է իրականացնել միայն փաստաբանը, բացառությամբ`

1) մերձավոր ազգականի, այդ թվում` ծնողի, զավակի, որդեգրողի, որդեգրվածի, հարազատ կամ ոչ հարազատ (համահայր կամ համամայր) եղբոր կամ քրոջ, պապի, տատի, թոռան, ինչպես նաև ամուսնու կամ ամուսնու ծնողի, փեսայի կամ հարսի համար անվճար ներկայացուցչություն իրականացնելու դեպքերի.

2) մերձավոր ազգականին (ազգականներին) կանոնադրական կապիտալի կեսից ավելի բաժնեմասերը պատկանող իրավաբանական անձի շահերը դատարանում ներկայացնելու դեպքերի:

Օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` սույն հոդվածով նախատեսված քրեական գործերով պաշտպանությունը կարող է իրականացնել միայն փաստաբանը:

Օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի կիրառման ընթացքում անհրաժեշտ է նկատի ունենալ, որ դատարանում իրավաբանական անձի, ինչպես նաև իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կառավարչական, սոցիալ-մշակութային, կրթական կամ ոչ առևտրային բնույթի այլ գործունեություն իրականացնող կազմակերպության շահերը կարող է պաշտպանել աշխատողը` ներկայացնելով պատշաճ ձևակերպված և վավերացված լիազորագիր: Այդ դեպքում դա չի կարող դիտվել որպես վճարովի հիմունքներով մատուցվող ծառայություն, քանի որ աշխատողը տվյալ կազմակերպությունում գտնվում է աշխատանքային հարաբերությունների մեջ և դատական ներկայացուցչության համար լրացուցիչ վճար չի ստանում:

Օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասը հանդիսանում է դատավարական նորմ և պետք է համապատասխանի դատավարական օրենսգրքերին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ քրեական դատավարության և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքերում դատական ներկայացուցչության այլ կարգ է նախատեսված, քան Օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով, մինչև համապատասխան դատավարական օրենսգրքերում փոփոխություններ կատարելը, քրեական և վարչական դատավարությունների ընթացքում դատական ներկայացուցչության վրա չի տարածվում Օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված սահմանափակումը:

Միաժամանակ, ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքները և ազատություններն օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանելու իրավունք: Բացի այդ, ՀՀ դատական օրենսգրքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության իրավունք, իսկ նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` յուրաքանչյուր ոք իրավունք ունի դատական պաշտպանության իրավունքն իրականացնելու ինչպես իր ներկայացուցչի կամ պաշտպանի միջոցով, այնպես էլ անձամբ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թ. դեկտեմբերի 8-ի թիվ ՀՕ-341-Ն օրենքն ուժի մեջ է մտել 2012 թվականի հունվարի 19-ին, և նրանում նշում առկա չէ հետադարձ ուժի մասին, հետևաբար, դատական գործերը վարելիս մինչև 2012 թվականի հունվարի 19-ը ներառյալ որպես ներկայացուցիչ ընդգրկված ցանկացած անձ իրավունք ունի շարունակել մասնակցելու դատավարությանը նույն հիմունքներով:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 72-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով` Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ է

 

1. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 40-րդ հոդվածում կիրառված «քաղաքացի» բառը մեկնաբանել լայն առումով` դրա ներքո հասկանալով և՛ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, և՛ օտարերկրյա պետությունների քաղաքացիներին, և՛ քաղաքացիություն չունեցող անձանց:

2. «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասը մեկնաբանել հետևյալ կերպ.

ա) դատական ներկայացուցչությունը կարող է իրականացնել միայն փաստաբանը` բացառությամբ Օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի.

բ) դատական ներկայացուցչության կազմակերպումը որպես պարբերաբար կամ վճարովի հիմունքներով մատուցվող ծառայություն կարող է իրականացնել միայն փաստաբանը, բացառությամբ Օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:

3. Օրենսդիրը, Օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասում օգտագործելով «մերձավոր ազգական» եզրույթը, այդուհանդերձ, նույն այդ հոդվածում մասնավորեցրել է նույն այդ անձանց շրջանակը և սույն Օրենքի կիրառման իմաստով մերձավոր ազգականների շարքին է դասել հետևյալ անձանց` ծնողին, զավակին, որդեգրողին, որդեգրվածին, հարազատ կամ ոչ հարազատ /համահայր կամ համամայր/ եղբորը կամ քրոջը, պապին, տատին, թոռանը, ինչպես նաև ամուսնուն կամ ամուսնու ծնողին, փեսային կամ հարսին:

Բոլոր դեպքերում, գործում ներկայացուցչի ներգրավման պահից սկսած (այդ թվում նաև` հայցի հարուցման փուլում), եթե լիազորագրին կցված չէ փաստաբանական գործունեություն իրականացնելու արտոնագիր, ապա դատարանի համար առաջնային խնդիր պետք է լինի ներկայացուցչի և ներկայացվողի ազգակցական կապի պարզումը:

Մասնավորապես, ազգակցական կապը հաստատելու համար դատարանին (այդ թվում նաև` հայցի հարուցման փուլում) պետք է ներկայացվեն բավարար ապացույցներ` նոտարական կարգով վավերացված լիազորագիր և լիազորողի ու լիազորվածի ազգակցական կապը հաստատող որևէ փաստաթուղթ (բնօրինակը և պատճենը), օրինակ` ամուսիններ լինելու դեպքում` ամուսնության վկայական, ծնող և զավակ լինելու դեպքում` ծննդյան վկայական և այլն:

Անձի բանավոր հայտարարությունը դատարանի կողմից չի կարող դիտվել որպես ազգակցական կապը հաստատելու համար բավարար հիմք:

4. Օրենքով նախատեսված դեպքերում դատական ներկայացուցչություն կարող են իրականացնել նաև օրինական ներկայացուցիչները` դատարան ներկայացնելով իրենց կարգավիճակը հաստատող փաստաթուղթ (բնօրինակը և պատճենը), օրինակ` ծննդյան վկայական, որդեգրման վկայական, խնամակալ կամ հոգաբարձու նշանակվելու վերաբերյալ որոշում:

5. Իրավաբանական անձի, ինչպես նաև իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կառավարչական, սոցիալ-մշակութային, կրթական կամ ոչ առևտրային բնույթի այլ գործունեություն իրականացնող կազմակերպության շահերը դատարանում ներկայացնելու համար որպես ներկայացուցիչ կարող են հանդես գալ դրանց ղեկավարները կամ կանոնադրությանը համապատասխան դրանց շահերը ներկայացնելու լիազորություն ունեցող անձինք, ինչպես նաև դրանց հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող` գործը վարելու պատշաճ ձևակերպված լիազորություն ունեցող ցանկացած աշխատող:

6. Իրավաբանական խորհրդատվություն և օգնություն մատուցող իրավաբանական անձինք ֆիզիկական և իրավաբանական անձանց դատական պաշտպանությունն իրականացնում են փաստաբանի արտոնագիր ունեցող անձանց միջոցով, այդ թվում նաև` իրենց ընկերությունում աշխատող: Այդ հանգամանքը հաստատված համարելու նպատակով` դատարան պետք է ներկայացնել գործին մասնակցող անձի կողմից փաստաբանին տրված լիազորագիրը և փաստաբանի արտոնագրի պատճենը:

(6-րդ կետը փոփ. 11.04.13 թիվ 131 որոշում)

7. Մինչև «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի դեկտեմբերի 8-ի ՀՕ-341-Ն օրենքի ուժի մեջ մտնելը` 2012 թվականի հունվարի 19-ը ներառյալ, քաղաքացիական գործերով դատավարությանը ներգրավված և գործը վարելու պատշաճ ձևակերպված լիազորություն ունեցող ներկայացուցիչներն իրավունք ունեն շարունակելու դատական բոլոր ատյաններում տվյալ գործով իրականացնել դատական ներկայացուցչություն` մինչև լիազորագրի գործողության ժամկետի ավարտը:

8. Վերալիազորման դեպքում Օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված արտոնությունը գործում է, եթե վստահորդը և վերալիազորված անձը հանդիսանում են մերձավոր ազգականներ:

Վերալիազորման կարգով տրված լիազորագիրը պետք է պարտադիր վավերացված լինի նոտարական կարգով:

9. Քրեական և վարչական դատավարությունների ընթացքում ներկայացուցչության վրա չի տարածվում Օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված սահմանափակումը:

 

--------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - սույն պաշտոնական պարզաբանումը որոշումը հրապարակվել է

միայն www.court.am կայք էջում:

 

 

pin
Դատարանների նախագահների խորհուրդ
29.01.2013
N 130
Որոշում