i
(ուժը կորցրել է 12.01.99թ` քրեական դատավարության օրենսգրքի մասով 01.07.98 թիվ ՀՕ-248 օրենք)
(ուժը կորցրել է 10.08.03 թվականից` քրեական օրենսգրքի մասով
(18.04.03 ՀՕ-529-Ն օրենք)
010.0287.230399
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
Ընդունված է Ազգային ժողովի կողմից
«19» մարտի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԵՐՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 133, 133.1, 133.2 հոդվածները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 133. Ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը
Քաղաքացու ընտրական իրավունքի իրականացմանը կամ ընտրական հանձնաժողովի աշխատանքին խոչընդոտելը, ինչպես նաև ընտրական հանձնաժողովի անդամի, նախաձեռնող խմբի անդամի, թեկնածուի կամ նրա վստահված անձի, դիտորդի, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) կողմից լիազորված անձի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով:
Նույն արարքները, որոնք`
1) կատարվել են գույքին վնաս պատճառելու սպառնալիքով.
2) զուգորդվել են բռնությամբ կամ բռնություն գործադրելու սպառնալիքով.
3) կատարվել են ծառայողական կամ պաշտոնեական դիրքն օգտագործելով`
պատժվում են ազատազրկմամբ` մինչև հինգ տարի ժամանակով:
Հոդված 133.1. Ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելը
Հանրաքվեի կամ ընտրությունների ընթացքում ձայներն ակնհայտ սխալ հաշվելը, կամ հանրաքվեի կամ ընտրության արդյունքներն ակնհայտ սխալ հաստատելը, քվեատուփ հափշտակելը, ինչպես նաև որևէ այլ եղանակով ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելը`
պատժվում է ազատազրկմամբ` երկուսից մինչև հինգ տարի ժամանակով:
Հոդված 133.2. Ընտրությունների անցկացման ընթացքում թեկնածուի, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) վերաբերյալ զրպարտչական տեղեկություններ տարածելը
Ընտրողներին ապակողմնորոշելու նպատակով ընտրությունների անցկացման ընթացքում թեկնածուի, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) վերաբերյալ զրպարտչական տեղեկություններ տարածելը`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` մինչև հինգ տարի ժամանակով:»:
i
Հոդված 2. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը լրացնել նոր` 133.3, 133.4, 133.5, 133.6 հոդվածներով`
«Հոդված 133.3. Ընտրողների ցուցակները կազմելու կարգը խախտելը
Ընտրողների ցուցակները կազմելու համար պատասխանատու պաշտոնատար անձի կողմից ընտրողների ցուցակները կազմելու համար սահմանված կարգը խախտելով կեղծիքներ կատարելը`
պատժվում է ազատազրկմամբ` մինչև մեկ տարի ժամանակով` որոշակի պաշտոններ վարելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` մինչև երկու տարի ժամանակով, կամ տուգանքով` նվազագույն աշխատավարձի մինչև հինգհարյուրապատիկի չափով:
Հոդված 133.4. Մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը
Կեղծ տվյալներ հայտնելու, կեղծ փաստաթուղթ ներկայացնելու կամ որևէ այլ եղանակով մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը`
պատժվում է ազատազրկմամբ` մինչև մեկ տարի ժամանակով, կամ տուգանքով` նվազագույն աշխատավարձի մինչև հինգհարյուրապատիկի չափով:
Հոդված 133.5. Ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը
Ընտրողին` թեկնածուներից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ կամ բոլոր թեկնածուներին դեմ քվեարկելուն, ընտրություններին մասնակցելուն կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելուն հարկադրելը, որը կատարվել է գույքին վնաս պատճառելու սպառնալիքով, կաշառք տալով, բռնությամբ կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, կամ զենք գործադրելով`
պատժվում է ազատազրկմամբ` երկուսից մինչև հինգ տարի ժամանակով, կամ տուգանքով` նվազագույն աշխատավարձի մինչև հինգհարյուրապատիկի չափով:
Հոդված 133.6. Քվեարկության գաղտնիությունը խախտելը
Քվեարկության գաղտնիությունը խախտելու նպատակով ընտրողին քվեարկության արդյունքը հայտնելուն հարկադրելը, քվեարկության արդյունքը բացահայտելու նպատակով քվեարկած քվեաթերթիկն ստուգելը, քվեարկության խցիկ (սենյակ) մուտք գործելը, ինչպես նաև քվեարկության գաղտնիությունը որևէ այլ եղանակով խախտելը`
i
պատժվում է ազատազրկմամբ` մինչև երկու տարի ժամանակով, կամ տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով:»:
Հոդված 3. Վերացնել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 134 հոդվածը:
Հոդված 4. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 190 հոդվածի առաջին մասի «133, 133.1, 133.2, 134» թվերը փոխարինել «133-133.6» թվերով:
Հոդված 5. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 40.1, 40.3, 40.4, 40.5 հոդվածները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 40.1. Քվեարկության կամ դրան նախորդող օրը նախընտրական քարոզչություն կատարելը, քարոզչություն կատարելու իրավունքին արգելք հանդիսանալը, ինչպես նաև նախընտրական քարոզչություն կատարելու սահմանված կարգի այլ խախտումները
Քվեարկության կամ դրան նախորդող օրը նախընտրական քարոզչություն կատարելը, քարոզչություն կատարելու իրավունքին արգելք հանդիսանալը, ինչպես նաև նախընտրական քարոզչություն կատարելու սահմանված կարգն այլ կերպ խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով:
Հոդված 40.3. Թեկնածուի (կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի) կողմից նախընտրական հիմնադրամում եղած միջոցների օգտագործման վերաբերյալ հայտարարագիր չներկայացնելը
Թեկնածուի (կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի) կողմից նախընտրական հիմնադրամում եղած միջոցների օգտագործման վերաբերյալ հայտարարագիր չներկայացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:
Հոդված 40.4. Ընտրական հանձնաժողովի կնիքը չվերադարձնելը
Ընտրական հանձնաժողովի կնիքը սահմանված ժամկետում` դրա համար պատասխանատու անձի կողմից չվերադարձնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով:
Հոդված 40.5. Զենքով` տեղամասային կենտրոն մուտք գործելը
Քվեարկության օրը զենք կրելու իրավունք ունեցող անձի կողմից զենքով ցուցադրաբար տեղամասային կենտրոն (սենյակ, խցիկ) մուտք գործելն առանց ծառայողական անհրաժեշտության`
առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև հինգհարյուրապատիկի չափով:»:
Հոդված 6. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 40.2, 40.6, 40.7 հոդվածներով.
«Հոդված 40.2. Վստահված անձին, ընտրական հանձնաժողովի անդամին, դիտորդին կամ զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչին ընտրական փաստաթղթերին ծանոթանալուն խոչընդոտելը, ընտրական հանձնաժողովի արձանագրությունների պատճենները չտալը
Վստահված անձին, ընտրական հանձնաժողովի անդամին, դիտորդին կամ զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչին ընտրական փաստաթղթերին սահմանված դեպքերում և կարգով ծանոթանալուն խոչընդոտելը, ընտրական հանձնաժողովի արձանագրությունների պատճենները չտալը`
առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով:
Հոդված 40.6. Ընտրական հանձնաժողովի գործավարության մատյանը չլրացնելը կամ ոչ պատշաճ լրացնելը
Ընտրական հանձնաժողովի գործավարության մատյանը չլրացնելը կամ ոչ պատշաճ լրացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև երեքհարյուրապատիկի չափով:
Հոդված 40.7. Թեկնածուների առաջադրումը պաշտպանելու պաշտոնաթերթիկներում կեղծիքներ կատարելը
Թեկնածուների առաջադրումը պաշտպանելու պաշտոնաթերթիկներում կեղծիքներ կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև հինգհարյուրապատիկի չափով:»:
Հոդված 7. Օրենսգրքի 223 հոդվածի «Շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանների ժողովրդական դատավորները» բառերը փոխարինել «Առաջին ատյանի դատարանների դատավորները» բառերով, իսկ «40.1, 40.3-40,6» թվերը փոխարինել` «40.1-40.7» թվերով:
Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
23 մարտի 1999 թ.
ՀՕ-287