Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ «ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ «ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԳՈՐԾՈ ...

20.05.1997 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   15.01.1996  -ից մինչեւ   20.05.1997  -ը:
 
i

/ուժը կորցրել է 06.05.97 թիվ ՆՀ-728 հրամանագիր/

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի լրումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 1995 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքը և գործունեության կարգը սահմանելու մասին» հրամանագրի, նպատակ ունենալով ապահովել Հայաստանի Հանրապետության մարզերում և Երևան քաղաքում պետական կառավարման արդյունավետ իրականացումը, որոշում եմ.

 

1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 1995 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքը և գործունեության կարգը սահմանելու մասին» հրամանագրով սահմանված Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության կարգի 93-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր բաժնով.

 

«Հայասատանի Հանրապետության մարզերում և Երևան

քաղաքում պետական կառավարման մարմինների գործունեության կարգը

 

i

94. Հայաստանի Հանրապետության մարզերում և Երևան քաղաքում պետական կառավարման ոլորտի հարաբերությունները կազմավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով, սույն հրամանագրով և օրենսդրության այլ ակտերով:

95. Պետական կառավարումը մարզում ապահովվում է մարզի տարածքում կառավարության տարածքային քաղաքականության իրականացման և հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեության համակարգման միջոցով:

Մարզպետը, օրենսդրությամբ իրեն վերապահված իրավասության սահմաններում, մարզի տարածքում կառավարության տարածքային քաղաքականությունն իրականացնում է հետևյալ բնագավառներում`

- ֆինանսներ.

- տարածքային զարգացում, քաղաքաշինություն և կոմունալ տնտեսություն.

- տրանսպորտ և ճանապարհաշինություն.

- գյուղատնտեսություն.

- կրթություն.

- առողջապահություն.

- սոցիալական պաշտպանություն.

- մշակույթ և սպորտ.

- բնության և շրջակա միջավայրի պահպանություն:

Տարածքային քաղաքականությունը մարզում իրականացվում է նշված բնագավառներում մարզպետին ենթակա ստորաբաժանումների և մարզային ենթակայության կազմակերպությունների ու ձեռնարկությունների միջոցով:

i

Մարզային ենթակայության կազմակերպությունների և ձեռնարկությունների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

96. Մարզպետը համակարգում է ազգային անվտանգության, պաշտպանության, ներքին գործերի, կապի, էներգետիկայի, առևտրի և սպասարկումների, հարկային, արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության ու այլ ոլորտներում հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը:

Հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեության համակարգումն ընդգրկում է օրենսդրությամբ մարզպետին վերապահված իրավասության սահմաններում`

ա) հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների և իրեն ենթակա ստորաբաժանումների ու համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների համատեղ և համաձայնեցված գործունեության կազմակերպումը.

i

բ) հանրապետական գործադիր մարմինների համապատասխան մարզի տարածքային ծառայություններից Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից սահմանված կարգով տեղեկատվության ստացումը.

գ) հանրապետական գործադիր մարմինների համապատասխան մարզի տարածքային ծառայությունների ղեկավարների նշանակման և ազատման հարցերին մասնակցությունը.

դ) այլ լիազորությունների իրականացումը:

97. Մարզերում պետական կառավարումն իրականացվում է համապետական և համայնքային շահերի ներդաշնակման, ինչպես նաև մարզպետների և հանրապետական գործադիր մարմինների ու վերջիններիս տարածքային ծառայությունների համագործակցության և գործողությունների փոխհամաձայնեցման հիման վրա:

98. Մարզում պետական կառավարումն իրականացնում է մարզպետը:

i

Մարզպետը նշանակվում և ազատվում է կառավարության կողմից, հաշվետու ու պատասխանատու է նրա առջև:

i

Երևանի քաղաքապետին նշանակում և ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` վարչապետի ներկայացմամբ: Երևանի քաղաքապետը հաշվետու և պատասխանատու է կառավարության առջև:

i

Մարզպետն ունի տեղակալ, որը կատարում է մարզպետի հանձնարարականները: Մարզպետի տեղակալին նշանակում և ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով մարզպետի հետ:

Մարզպետը, օրենքով սահմանված լիազորություններից բացի`

ա) ապահովում է Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, կառավարության և վարչապետի որոշումների կատարումը.

բ) խորհրդակցական ձայնի իրավունքով կարող է մասնակցել կառավարության նիստերին, սահմանված կարգով կառավարության, վարչապետի և հանրապետական գործադիր մարմինների քննարկմանն է ներկայացնում իր իրավասությանը վերապահված հարցերը, համագործակցում է հանրապետական գործադիր մարմինների հետ` մարզին առնչվող հարցերում.

գ) սահմանված կարգով նախապատրաստում և կառավարությանը առաջարկություններ է ներկայացնում մարզում պետական կառավարման իրականացման համար պետական բյուջեից անհրաժեշտ ամենամյա հատկացումների վերաբերյալ.

դ) մասնակցում է հանրապետական բյուջեի նախագծի, ինչպես նաև կառավարության տարածքային քաղաքականության մշակման աշխատանքներին.

ե) ամենամյա հաշվետվություններ է ներկայացնում կառավարություն` իր գործունեության և մարզի ընդհանուր սոցիալ-տնտեսական իրավիճակի մասին, ընթացիկ հաշվետվություններ է ներկայացնում վարչապետին.

զ) անհրաժեշտության դեպքում առաջարկություն է ներկայացնում համապատասխան հանրապետական գործադիր մարմիններին` նրանց տարածքային ծառայությունների և վերջիններիս ղեկավարների աշխատանքի վերաբերյալ.

է) պարտադիր քննության է առնում հանրապետական գործադիր մարմինների կողմից մարզպետարանի բաժինների և դրանց ղեկավարների աշխատանքի վերաբերյալ առաջարկությունները և սահմանված ժամկետում այդ մարմիններին տեղեկացնում է ձեռնարկված միջոցների մասին.

ը) ընդհանրացնում է օրենսդրության կիրառման պրակտիկան, օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում կառավարություն.

թ) օրենսդրությամբ սահմանված կարգով աջակցում է դատարանների վճիռների ու որոշումների կատարմանը.

ժ) իր իրավասության սահմաններում միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները ապահովելու համար.

ժա) օրենսդրությամբ սահմանված կարգով վերացնում կամ կասեցնում է մարզային ենթակայության կազմակերպությունների և ձեռնարկությունների ղեկավարների օրենսդրությանը հակասող հրամաններն ու որոշումները.

ժբ) միջոցներ է ձեռնարկում մարզի տարածքում պետական սեփականության, բնական ռեսուրսների, պատմության և մշակույթի հուշարձանների, հատուկ պահպանվող այլ օբյեկտների պահպանության և արդյունավետ օգտագործման ուղղությամբ:

Երևանի քաղաքապետը, օրենսդրությամբ սահմանված կարգով, նաև լուծում է քաղաքի տարածքում հանրահավաքներ, երթեր, ցույցեր և զանգվածային այլ միջոցառումներ անցկացնելու համար թույլտվություն տալու հարցը:

Մարզպետն իր իրավասության սահմաններում, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ընդունում է որոշումներ, արձակում կարգադրություններ:

Մարզպետի` օրենսդրությանը հակասող որոշումները և կարգադրությունները վերացվում են վարչապետի կողմից:

Մարզպետը չի կարող լինել համայնքի ավագանու անդամ, համատեղության կարգով աշխատել այլ պաշտոններում, զբաղվել մասնավոր ձեռներեցությամբ:

99. Մարզպետը կառավարության տարածքային քաղաքականությունը մարզում իրականացնում է մարզպետարանի միջոցով:

Մարզպետարանի կազմի մեջ մտնում են մարզպետի տեղակալը, մարզպետարանի քարտուղարը և բաժինները:

Մարզպետարանի կանոնադրությունը հաստատում է կառավարությունը:

i

Մարզպետարանի կառուցվածքը և աշխատողների թվաքանակը մարզպետի ներկայացմամբ հաստատում է վարչապետը:

Մարզպետի տեղակալը փոխարինում է մարզպետին` նրա բացակայության ընթացքում:

Մարզպետարանի քարտուղարը պատասխանատու է մարզպետի որոշումների ու կարգադրությունների, այլ պաշտոնական փաստաթղթերի նախապատրաստման ու հրապարակման, մարզպետարանի գործավարության, նամակագրության ու արխիվային գործի կազմակերպման համար:

Մարզպետարանի քարտուղարը կազմակերպում է քաղաքացիների ընդունելությունը, նրանց դիմումների ու գանգատների սահմանված կարգով քննարկումը, կապը հասարակայնության հետ:

Մարզպետարանի բաժիններն իրականացնում են օրենսդրությամբ և մարզպետարանի կանոնադրությամբ իրենց վերապահված լիազորություններ:

Համապատասխան հանրապետական գործադիր մարմիններ ունեցող մարզպետարանի բաժինների համար պարտադիր է այդ մարմինների` իրենց իրավասության շրջանակներում տրված ցուցումների և գիտա-մեթոդական հրահանգների կատարումը:

i

Հանրապետական գործադիր մարմիններն իրավունք ունեն օրենսդրությամբ սահմանված կարգով անցկացնել մարզպետարանի համապատասխան բաժինների, նրանց ենթակա կազմակերպությունների և ձեռնարկությունների գործունեության տեսչական ստուգումներ:

Մարզպետարանը իրավաբանական անձ է, ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք, դրոշմակնիք, բանկային հաշիվ և ձևաթղթեր:

100. Մարզպետարանի քարտուղարին, մարզպետարանի բաժինների ղեկավարներին օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակում և ազատում է մարզպետը:

Համապատասխան հանրապետական մարմիններ ունեցող մարզպետարանի բաժինների ղեկավարների նշանակման մասին անմիջապես տեղեկացվում է հանրապետական գործադիր մարմնի ղեկավարը:

i

Համապատասխան հանրապետական գործադիր մարմնի ղեկավարը կարող է մարզպետին գրավոր, փաստարկված առաջարկություն ներկայացնել մարզպետարանի համապատասխան բաժնի ղեկավարի` զբաղեցրած պաշտոնին անհամապատասխանության վերաբերյալ:

Մարզպետը պարտադիր քննության է առնում հանրապետական գործադիր մարմնի ղեկավարի առաջարկությունը և մեկամսյա ժամկետում տեղեկացնում նրան արդյունքների մասին:

Ձեռնարկած միջոցները անբավարար համարելու դեպքում հանրապետական գործադիր մարմնի ղեկավարը հարցը կարող է ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի քննարկմանը` վերջնական լուծման համար:

Մարզպետարանի բաժինների աշխատակիցներին, ինչպես նաև մարզային ենթակայության կազմակերպությունների ու ձեռնարկությունների ղեկավարներին օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակում և ազատում է մարզպետը:

Մարզպետարանի քարտուղարը և բաժինների վարիչները չեն կարող լինել որևէ համայնքի ավագանու անդամ, համատեղության կարգով աշխատել այլ պաշտոններում:

101. Մարզի խորհրդի նիստերում մարզպետը`

i

ա) համայնքների ղեկավարներին ծանոթացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներին, Հանրապետության Նախագահի հրամանագրերին և կարգադրություններին, կառավարության և վարչապետի որոշումներին, իր որոշումներին ու կարգադրություններին և դրանցից բխող տեղական ինքնակառավարման մարմինների խնդիրներին.

բ) ծանոթանում է համայնքներում տիրող իրավիճակին, տարվող աշխատանքների ընթացքին և ծագած խնդիրներին,

գ) լսում է համայնքների ղեկավարների առաջարկություններն ու դիտողությունները մարզպետարանի, մարզային ենթակայության կազմակերպությունների և ձեռնարկությունների գործունեության վերաբերյալ.

դ) ներդաշնակցում է մարզպետարանի և համայնքների ինքնակառավարման մարմինների գործունեությունը, լուծում է կազմակերպական այլ հարցեր:

102. Մարզպետը խորհրդի քննարկմանն է ներկայացնում`

ա) կառավարությանը և վարչապետին ներկայացվող իր հաշվետվությունները` մարզի ընդհանուր սոցիալ-տնտեսական իրավիճակի և իր գործունեության մասին.

բ) իր առաջարկությունները մարզի սոցիալ-տնտեսական զարգացման տարեկան և երկարաժամկետ ծրագրերի վերաբերյալ.

գ) իր առաջարկությունները Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծի` մարզին վերաբերող հատվածի, ինչպես նաև պետական բյուջեից համայնքներին կատարվող հատկացումների վերաբերյալ:

Խորհրդի նիստերին մարզպետի հրավերով կարող են մասնակցել հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների ղեկավարները, մարզպետարանի բաժինների ղեկավարները և այլ անձինք:

i

103. Երևանի խորհուրդը քաղաքապետի ներկայացմամբ քննարկում և մինչև Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելը իր եզրակացությունն է տալիս`

ա) Երևանի քաղաքապետի հաշվետվությունների վերաբերյալ,

բ) Երևանի սոցիալ-տնտեսական զարգացման տարեկան և հեռանկարային ծրագրերի վերաբերյալ,

գ) Երևանի քաղաքաշինական գլխավոր հատակագծի վերաբերյալ,

դ) պետական բյուջեի նախագծի` Երևան քաղաքին վերաբերող հատվածի, ինչպես նաև պետական բյուջեից Երևանի թաղային համայնքներին նախատեսվող հատկացումների վերաբերյալ Երևանի քաղաքապետի առաջարկների առնչությամբ:

 

Մարզպետի գործունեությունը կառավարության

տարածքային քաղաքականության իրականացման

առանձին բնագավառներում

 

104. Ֆինանսների բնագավառում մարզպետը`

ա) սահմանված կարգով մշակում և կառավարության քննարկմանը առաջարկություններ է ներկայացնում պետական բյուջեի նախագծի` մարզին վերաբերող հատվածի, ինչպես նաև մարզի տարածքի համայնքների բյուջեներին պետական բյուջեից հատկացումների վերաբերյալ.

բ) տնօրինում է պետական բյուջեով մարզին հատկացված միջոցները, վերահսկում է այդ միջոցների նպատակային օգտագործումը,

գ) սահմանված կարգով վերահսկում է պետական բյուջեից համայնքների բյուջեներին հատկացված միջոցների ընթացիկ ֆինանսավորումը և դրանց նպատակային օգտագործումը,

դ) աջակցում և մեթոդական օգնություն է ցույց տալիս ինքնակառավարման մարմիններին:

i

105. Տարածքային զարգացման, քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բնագավառում մարզպետը`

ա) կազմակերպում է մարզի բնակավայրերի գլխավոր հատակագծերի նախագծերի կազմումը և սահմանված կարգով ներկայացնում կառավարության հաստատմանը,

բ) առաջարկություններ է ներկայացնում կառավարությանը մարզի բնակավայրերի սահմանների փոփոխման վերաբերյալ,

գ) իր իրավասության սահմաններում կազմակերպում է բնակարանային և այլ շինարարություն, իրականացնում է կապիտալ շինարարության և կապիտալ վերանորոգման պատվիրատուի ֆունկցիաներ, ճարտարապետաշինարարական վերահսկողություն, միջոցներ է ձեռնարկում ապօրինի շինարարության կասեցման ուղղությամբ,

դ) վերահսկողություն է իրականացնում մարզի տարածքում գտնվող շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի և շահագործման նկատմամբ` համագործակցելով համապատասխան մասնագիտացված կազմակերպությունների հետ,

ե) վերահսկողություն է իրականացնում մարզի տարածքում բնակարանային ֆոնդի ընդլայնման, նորոգման, բարեկարգման և շահագործման նկատմամբ,

զ) օրենսդրությանը համապատասխան ապահովում է մարզում գույքային կադաստրի վարումը,

է) կազմակերպում և վերահսկում է մարզային ենթակայության ջրմուղ-կոյուղու, ջրերի մաքրման և այլ կոմունալ կազմակերպությունների և ձեռնարկությունների աշխատանքը,

ը) վերահսկում է աղբահանությունը, կազմակերպում է աղբի ու թափոնների վերամշակումը:

Վերը նշվածից և օրենքով սահմանվածից բացի տարածքային զարգացման, քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բնագավառում Երևանի քաղաքապետը`

ա) կազմակերպում է քաղաքի կառուցապատումը, ապահովում է քաղաքային ենթակայության տարածքների բարեկարգումը, սանիտարական մաքրումը,

բ) վերահսկողություն է իրականացնում քաղաքի տարածքում հողաշինարարության, հողօգտագործման և հողի պահպանման նկատմամբ, կանխում է ապօրինի հողօգտագործումը:

106. Տրանսպորտի և ճանապարհաշինության բնագավառում մարզպետը`

ա) կազմակերպում է միջհամայնքային հասարակական տրանսպորտի աշխատանքը, մարզային ենթակայության տրանսպորտային կազմակերպությունների և ձեռնարկությունների գործունեությունը,

բ) կազմակերպում է մարզային նշանակության ճանապարհների, կամուրջների, թունելների, այլ ինժեներական կառույցների շինարարությունը, պահպանումը և շահագործումը, աջակցում է հանրապետական նշանակության ճանապարհների շինարարությանը, պահպանմանն ու շահագործմանը:

107. Գյուղատնտեսության բնագավառում մարզպետը`

ա) օրենսդրությամբ սահմանված կարգով տնօրինում է պետական ֆոնդի հողերը,

բ) վերահսկողություն է իրականացնում մարզի տարածքում հողաշինարարության, հողօգտագործման և հողի պահպանման նկատմամբ, կանխում է ապօրինի հողօգտագործումը,

գ) օրենսդրությամբ սահմանված կարգով լուծում է համայնքների միջև ծագող հողային վեճերը,

դ) օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հողամասերի ամրակցումը և հողի սեփականության կամ օգտագործման իրավունքը հաստատող փաստաթղթերի նախապատրաստումն ու հատկացումը,

ե) օրենսդրությամբ սահմանված կարգով բանակցում և պայմանագրեր է կնքում հողատերերի հետ` մարզի տարածքում հանրապետական և մարզային ենթակայության օբյեկտների կառուցման համար համապատասխան հողօգտագործման և դրա հետ կապված փոխհատուցումների վերաբերյալ,

զ) օրենսդրությանը համապատասխան ապահովում է մարզում հողային կադաստրի վարումը,

է) իրականացնում է մարզային նշանակության ոռոգման ցանցերի կառուցումը, պահպանությունը և շահագործումը, միջոցներ է ձեռնարկում հանրապետական նշանակության ոռոգման համակարգերի նպատակային շահագործման ուղղությամբ,

ը) համակարգում է գյուղատնտեսական մշակաբույսերի հիվանդությունների և վնասատուների, մոլախոտերի դեմ պայքարի, կարանտինային պահանջների կատարման և ագրոկանոնների պահպանմանն ուղղված աշխատանքները,

թ) համակարգում է մարզի տարածքում անասնաբուժական ծառայության, հակահամաճարակային միջոցառումների իրականացման և կենդանիների հիվանդությունների կանխման ու վերացման աշխատանքները:

ժ) աջակցում է գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններին, ագրարային ոլորտում տնտեսավարող այլ սուբյեկտներին` արտադրության կազմակերպման և զարգացման գործում:

108. Կրթության բնագավառում մարզպետը`

ա) իրագործում է պետական հանրակրթական ծրագրերը, կազմակերպում է մարզային ենթակայության պետական կրթական հաստատությունների գործունեությունը և ուսումնադաստիարակչական աշխատանքները, վերահսկում է ոչ պետական կրթական հաստատությունների գործունեության համապատասխանությունը օրենսդրությանը,

բ) կազմակերպում է մարզային ենթակայության կրթական հաստատությունների շենքերի կառուցումը, պահպանումն ու շահագործումը:

109. Առողջապահության բնագավառում մարզպետը`

ա) իրագործում է պետական առողջապահական ծրագրերը, կազմակերպում է մարզային ենթակայության պետական առողջապահական հաստատությունների աշխատանքը, օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է բնակչության անվճար բուժօգնության իրականացումը, վերահսկում է ոչ պետական առողջապահական հաստատությունների գործունեության համապատասխանությունը օրենսդրությանը,

բ) մարզի տարածքում կազմակերպում և իրականացնում է հակահամաճարակային և կարանտինային միջոցառումներ, կազմակերպում է սանիտարահիգիենիկ միջոցառումներ վարակիչ և զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների ու թունավորումների կանխարգելման նպատակով,

գ) աջակցում է պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության մարմիններին` բնակավայրերի ջրամատակարարման աղբյուրների, բնակելի շենքերի, դպրոցների և այլ օբյեկտների սանիտարական վիճակի նկատմամբ վերահսկողություն իրականացնելիս,

դ) կազմակերպում է մարզային ենթակայության առողջապահական հաստատությունների շենքերի կառուցումը, պահպանումն ու շահագործումը:

110. Սոցիալական պաշտպանության բնագավառում մարզպետը`

i

ա) իրագործում է բնակչության պետական սոցիալական պաշտպանության ծրագրերը, կազմակերպում է մարզային ենթակայության սոցիալական պաշտպանության հաստատությունների և կազմակերպությունների գործունեությունը, վերահսկում է մարզի տարածքում սոցիալական պաշտպանության ոչ պետական կազմակերպությունների գործունեության համապատասխանությունը օրենսդրությանը,

բ) կազմակերպում է սոցիալական աջակցության կարիք ունեցող բնակչության հաշվառումը, համակարգում է մարդասիրական օգնության բաշխումը,

գ) կազմակերպում է գործազուրկների հաշվառումը և զբաղվածության հետ կապված խնդիրների լուծումը,

դ) աջակցում է պետական կենսաթոշակների և նպաստների նշանակման ու վճարման աշխատանքներին,

ե) կազմակերպում է մարզային ենթակայության սոցիալական պաշտպանության հաստատությունների շենքերի կառուցումը, պահպանումն ու շահագործումը,

զ) աջակցում է սոցիալական պաշտպանության խնդիրները իրականացնող հասարակական կազմակերպությունների գործունեությանը:

111. Մշակույթի և սպորտի բնագավառում մարզպետը`

ա) կազմակերպում է մարզային ենթակայության մշակութային և սպորտային հաստատությունների աշխատանքը, մարզային մշակութային և սպորտային, ինչպես նաև պետական, ազգային ու այլ տոների հետ կապված զանգվածային միջոցառումներ, նպաստում է ավանդական ազգային ծեսերի վերականգնմանն ու տարածմանը, վերահսկում է մարզի տարածքում ոչ պետական մշակութային և սպորտային կազմակերպությունների գործունեության համապատասխանությունը օրենսդրությանը,

բ) միջոցներ է ձեռնարկում պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության և օգտագործման ուղղությամբ,

գ) կազմակերպում է մարզային ենթակայության մշակութային և սպորտային օբյեկտների կառուցումը, հանգստի գոտիների ստեղծումը, պահպանումն ու շահագործումը,

դ) համագործակցում է մարզի տարածքում գործող պետական գրանցում ունեցող կրոնական կազմակերպությունների հետ:

112. Բնության և շրջակա միջավայրի պահպանության բնագավառում մարզպետը`

ա) մասնակցում է բնության և շրջակա միջավայրի պահպանության պետական ծրագրերի մշակմանը և իր իրավասության շրջանակներում ապահովում է դրանց իրականացումը մարզի տարածքում,

բ) վերահսկում է ջրերի, անտառների, կանաչ գոտիների, ընդերքի պահպանության և օգտագործման բնագավառում համապատասխան պետական մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը,

գ) աջակցում է արգելոցների, արգելավայրերի, հատուկ պահպանվող գոտիների պահպանությանը և օգտագործմանը, որսագողության, ապօրինի ձկնորսության դեմ կազմակերպվող միջոցառումների իրականացմանը,

դ) համագործակցում է բնապահպանական խնդիրներ իրականացնող հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքացիների հետ:

113. Մարզպետի գործունեությանն առնչվող սույն հրամանագրով չկանոնակարգված հարցերը կարգավորվում են օրենսդրության այլ ակտերով և մարզպետարանների կանոնադրությամբ:

 

Հանրապետական գործադիր մարմինների տարածքային

ծառայությունների գործունեության համակարգումը

 

i

114. Մարզպետը մարզի տարածքում ազգային անվտանգության, ինչպես նաև զինապարտների հաշվառման, զորակոչի և վարժական հավաքների կազմակերպման խնդիրների առնչությամբ հրավիրում է համապատասխան տարածքային ծառայությունների ղեկավարներին և խորհրդակցում նրանց հետ:

115. Մարզպետը մարզի տարածքում ներքին գործերի ոլորտին վերաբերող խնդիրների առնչությամբ հրավիրում է համապատասխան տարածքային ծառայության ղեկավարին և խորհրդակցում նրա հետ:

Մարզի տարածքում հասարակական կարգի պահպանման և ամրապնդման նպատակով մարզպետն իրավասու է ներքին գործերի տարածքային ծառայության ղեկավարին հանձնարարականներ տալ և կարգադրություններ անել`

ա) տարերային և տեխնոլոգիական աղետների վտանգի նվազեցման, դրանց հետևանքների վերացման, մարզի տարածքում քաղաքացիական պաշտպանության, հակահամաճարակային և կարանտինային հատուկ միջոցառումների կազմակերպման վերաբերյալ,

բ) մարզի տարածքում ապօրինի շինարարության, հողազավթումների, ապօրինի ծառահատման և որսագողության դեպքերի կանխման և արգելման վերաբերյալ,

գ) մարզի տարածքում հանրահավաքների, երթերի, ցույցերի և այլ զանգվածային միջոցառումների անցկացման կարգի պահպանման վերաբերյալ,

դ) մարզի համայնքներում զորակոչի և զորահավաքի անցկացումը կազմակերպելու վերաբերյալ:

116. Մարզպետը, օրենսդրությամբ իրեն վերապահված իրավասության շրջանակներում, կազմակերպում և համակարգում է մարզի տարածքում արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման, տարերային և տեխնոլոգիական աղետների վտանգի նվազեցման և դրանց հետևանքների վերացման աշխատանքները, անհրաժեշտության դեպքում մարզի համայնքների ինքնակառավարման մարմիններին, բնակչությանը ներգրավում է տարերային և տեխնոլոգիական աղետների հետևանքների վերացման գործին, կազմակերպում և ղեկավարում է մարզի բնակչության քաղաքացիական պաշտպանության աշխատանքները:

117. Մարզի տարածքում հարկային մարմինների գործունեության, կապի, էլեկտրամատակարարման, ջրամատակարարման և գազամատակարարման խնդիրների առնչությամբ, առևտրի ու սպասարկումների հարցերով մարզպետը հրավիրում է համապատասխան տարածքային ծառայությունների ղեկավարներին և խորհրդակցում նրանց հետ:

Մարզպետը իրավասու է կապի, էներգետիկայի ոլորտների ծառայությունների ղեկավարներին պարտադիր կատարման համար կարգադրություններ անել`

ա) մարզի տարածքում քաղաքացիական պաշտպանության և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպման վերաբերյալ,

բ) տարերային և տեխնոլոգիական աղետների վտանգի նվազեցման և դրանց հետևանքների վերացման վերաբերյալ:

Մարզպետը միջոցներ է ձեռնարկում մարզի տարածքում առևտրի ու սպասարկման ոլորտի ձեռնարկությունների ընդլայնման, դրանց արդյունավետ գործունեության ապահովման ուղղությամբ:

i

118. Մարզի տարածքում ազգային անվտանգության, զինապարտների հաշվառման, զորակոչի ու վարժական հավաքների կազմակերպման, ներքին գործերի ոլորտին վերաբերող խնդիրների առնչությամբ, ինչպես նաև հարկային մարմնի գործունեության, կապի, էլեկտրամատակարարման, ջերմամատակարարման, գազամատակարարման խնդիրների լուծման հարցերում մարզպետն օժանդակում է հանրապետական գործադիր մարմինների համապատասխան տարածքային ծառայությունների գործունեությանը, ապահովում դրանց համագործակցությունը տարածքային ծառայությունների և համայնքների ինքնակառավարման մարմինների ու բնակչության հետ:

i

Մարզպետն իրավունք ունի օրենսդրությամբ սահմանված կարգով և սահմանված բնույթի տեղեկատվություն ստանալ համապատասխան տարածքային ծառայությունների ղեկավարներից:

119. Մարզպետը օրենսդրությամբ իրեն վերապահված իրավասության սահմաններում համակարգում է հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների գործունեությունը այլ ոլորտներում:

120. Հանրապետական գործադիր մարմինների (բացի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի) տարածքային ծառայությունների ղեկավարների նշանակումն ու ազատումը կատարում է համապատասխան հանրապետական գործադիր մարմնի ղեկավարը` տեղեկացնելով այդ մասին մարզպետին:

Մարզպետը կարող է համապատասխան հանրապետական գործադիր մարմնին գրավոր, փաստարկված առաջարկություն ներկայացնել` վերջինիս տարածքային ծառայության ղեկավարի` զբաղեցրած պաշտոնին անհամապատասխանության վերաբերյալ:

Հանրապետական գործադիր մարմինը պարտադիր քննության է առնում մարզպետի առաջարկությունը և մեկամսյա ժամկետում մարզպետին տեղեկացնում արդյունքների մասին:

Ձեռնարկած միջոցները անբավարար համարելու դեպքում մարզպետը հարցը կարող է ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետին` վերջնական լուծման համար:

i

Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի տարածքային ծառայությունների ղեկավարներին նշանակում և ազատում է վարչապետը` համապատասխան նախարարների առաջարկությամբ: Վարչապետի այդ որոշումները վավերացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:

121. Մարզպետի նստավայրը մարզպետարանի շենքն է, որը գտնվում է մարզի վարչական կենտրոնում:

Մարզպետարանի շենքի վրա և մարզպետի աշխատասենյակում տեղադրվում է Հայաստանի Հանրապետության պետական դրոշը:

122. Սույն հրամանագրի տեքստում օգտագործվող մարզ, մարզի տարածք, մարզպետ, մարզպետարան, համայնք հասկացությունները, մարզպետի և մարզպետարանի գործունեությանն ու լիազորություններին վերաբերող դրույթները հավասարապես վերաբերում են համապատասխանաբար Երևան քաղաք, Երևան քաղաքի տարածք, Երևանի քաղաքապետ, Երևանի քաղաքապետարան և Երևանի թաղային համայնք հասկացություններին, Երևանի քաղաքապետի և քաղաքապետարանի գործունեությանն ու լիազորություններին»:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը`

ա) ապահովել մարզպետների նշանակումը և սեղմ ժամկետում մարզպետարանների կանոնադրությունների հաստատումը,

բ) ընդունել սույն հրամանագրից բխող համապատասխան որոշումներ:

3. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

pin
ՀՀ Նախագահ
15.01.1996
N ՆՀ-549
Հրամանագիր