Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 228-ՐԴ ՀՈԴ ...

 

ՀՀՊՏ N 55 (579), 14.11.07
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ տնտեսական դատարանի վճիռ            Քաղաքացիական գործ թիվ 3-1495 (ՎԴ)

    Քաղաքացիական գործ թիվ Տ-1709                                  2007 թ.

Նախագահող դատավոր` Ա. Սարգսյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ`            Հ. Մանուկյանի

                   մասնակցությամբ դատավորներ` Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Ս. Գյուրջյանի

                                              Ս. Սարգսյանի                     

                                              

2007 թվականի հոկտեմբերի 10-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Արմեն Ավետիսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ տնտեսական դատարանի (այսուհետ` Տնտեսական դատարան) 02.06.2005 թվականի թիվ Տ-1709 քաղաքացիական գործով կայացված վճռի դեմ` ըստ ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) հայցի ընդդեմ «Կաթ» ԲԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) և Ընկերության գործադիր տնօրեն Արմեն Ավետիսյանի` Ընկերությունից 1.700.000 ՀՀ դրամ և Ընկերության գործադիր տնօրեն Արմեն Ավետիսյանից 700.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան` հայցվորը պահանջել է Ընկերությունից և Ընկերության գործադիր տնօրեն Արմեն Ավետիսյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել Հանձնաժողովի 24.12.2004 թվականի թիվ 351/04 որոշմամբ նշանակված համապատասխանաբար 1.700.000 ՀՀ դրամ և 700.000 ՀՀ դրամ տուգանքի գումարները:

ՀՀ տնտեսական դատարանի 02.06.2005 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արմեն Ավետիսյանը:

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) առկա է սույն գործի համար էական նշանակություն ունեցող և դատարանի վճիռը վերանայելու հիմք հանդիսացող նոր երևան եկած հանգամանք:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Տնտեսական դատարանը հայցը բավարարելիս վճռի հիմքում դրել է Հանձնաժողովի` Ընկերության և Ընկերության գործադիր տնօրեն Արմեն Ավետիսյանի նկատմամբ որպես վարչական տույժ համապատասխանաբար 1.700.000 ՀՀ դրամի և 700.000 ՀՀ դրամի չափով տուգանք նշանակելու մասին 24.12.2004 թվականի թիվ 351/04 որոշումը:

Տնտեսական դատարանը, քննության առնելով Արմեն Ավետիսյանի դիմումն ընդդեմ ՀՀ կենտրոնական բանկի արժեթղթերի շուկայի վարչության` վարչական իրավախախտման մասին 02.12.2004 թվականի թիվ 117 արձանագրությունը և 24.12.2004 թվականի թիվ 351/04 որոշումը` Արմեն Ավետիսյանին վերաբերող մասով անվավեր ճանաչելու պահանջի մասին, 04.06.2007 թվականի վճռով դիմումը բավարարել է: Նշված վճիռը մտել է օրինական ուժի մեջ:

Այսպիսով, վերացել է այն որոշումը, որը դրվել է ՀՀ տնտեսական դատարանի 02.06.2005 թվականի վճռի հիմքում:

2) Տնտեսական դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, չի կիրառել «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի 136-րդ հոդվածի 4-րդ մասը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 2-րդ մասը, 60-րդ հոդվածի 1-ին մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Տնտեսական դատարանը չի կատարել գործում եղած ապացույցների լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտություն: Տնտեսական դատարանն անուշադրության է մատնել այն հանգամանքը, որ Արմեն Ավետիսյանն ընդհանրապես չի ծանուցվել անցկացվելիք լսումների մասին:

Համանման փաստական հանգամանքների առկայության պայմաններում Վճռաբեկ դատարանն իր թիվ 3-1714 (ՏԴ)/06 որոշման մեջ արտահայտել էր հետևյալ դիրքորոշումը. ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի չհրապարակվող որոշումներն ուժի մեջ են մտնում դրանք առձեռն կամ փոստի միջոցով հասցեատիրոջը հանձնելուն հաջորդող օրվանից:

Հանձնաժողովը չի ներկայացրել բավարար ապացույցներ, որոնք հավաստում են 31.08.2005 թվականի ««Վագրա» ՍՊԸ-ի նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու մասին» թիվ 99-Ա որոշումը պատասխանողին հանձնված լինելու հանգամանքը: Ավելին, Հանձնաժողովի կողմից ներկայացված ապացույցներով ապացուցվել է, որ պատասխանողն այդ հասցեից տեղափոխվել է: Նշված փաստերն ինքնին բացառում են պատասխանողի կողմից պատշաճ կարգով Հանձնաժողովի որոշումներն ստանալու հանգամանքը և հետևաբար, բացառում են դրանց ուժի մեջ մտնելու հանգամանքները: Հանձնաժողովի ուժի մեջ չմտած որոշումները չեն կարող իրավական հետևանքներ առաջացնել, այսինքն` հիմք հանդիսանալ այդ որոշմամբ առաջադրված տուգանքը բռնագանձելու և նույն որոշմամբ պահանջած տեղեկատվությունը ներկայացնելուն պարտադրելու համար:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 02.06.2005 թվականի վճռի` Արմեն Ավետիսյանից 700.000 ՀՀ դրամ տուգանք բռնագանձելու մասը, այդ մասով դատական ակտը փոփոխել` Հանձնաժողովի հայցը մերժել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Հանձնաժողովի 24.12.2004 թվականի թիվ 351/04 որոշմամբ Ընկերության գործադիր տնօրեն Արմեն Ավետիսյանի նկատմամբ նշանակվել է 700.000 ՀՀ դրամ տուգանք:

2) ՀՀ տնտեսական դատարանի 02.06.2005 թվականի վճռով բավարարվել է Հանձնաժողովի հայցն ընդդեմ Ընկերության գործադիր տնօրեն Արմեն Ավետիսյանի` 700.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին:

3) ՀՀ տնտեսական դատարանի օրինական ուժի մեջ մտած 04.06.2007 թվականի վճռով Ընկերության գործադիր տնօրեն Արմեն Ավետիսյանին վերաբերող մասով, Հանձնաժողովի 24.12.2004 թվականի թիվ 351/04 որոշումը ճանաչվել է անվավեր:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1) վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` նոր երևան եկած հանգամանքների հետևանքով դատական ակտի վերանայման համար հիմք են դատական ակտի, դատավճռի կամ այլ մարմնի որոշման վերացումը, որը հիմք է ծառայել տվյալ վճռի կայացման համար:

Սույն գործով ՀՀ տնտեսական դատարանի 02.06.2005 թվականի վճռի համար հիմք ծառայած Հանձնաժողովի 24.12.2004 թվականի թիվ 351/04 որոշումն Արմեն Ավետիսյանին վարչական պատասխանատվության ենթարկելու մասով ՀՀ տնտեսական դատարանի 04.06.2007 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է անվավեր: Հետևաբար, վերացել է Հանձնաժողովի որոշումը, որը հիմք է ծառայել ՀՀ տնտեսական դատարանի 02.06.2005 թվականի վճռի կայացման համար:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքում նշված հանգամանքը սույն գործի համար էական նշանակություն ունեցող նոր երևան եկած հանգամանք է:

2) Վճռաբեկ բողոքի երկրորդ հիմքին Վճռաբեկ դատարանն անհնար է համարում անդրադառնալ, քանի որ Հանձնաժողովի 24.12.2004 թվականի թիվ 351/04 որոշումը սույն գործի ըստ էության քննության ընթացքում չի վիճարկվել, հետևաբար, դրա վավերականության հարցի վերաբերյալ սույն գործով ներկայացված բողոքի հիմքը Վճռաբեկ դատարանի քննարկման առարկա չի կարող դառնալ:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը սույն բողոքի առաջին հիմքը հիմնավոր համարելով, դրա առկայությունը բավարար հիմք է դիտում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի ուժով Արմեն Ավետիսյանից 700.000 ՀՀ դրամ վարչական տուգանքի գումար բռնագանձելու մասով ՀՀ տնտեսական դատարանի 02.06.2005 թվականի վճիռը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 02.06.2005 թվականի վճռի` Արմեն Ավետիսյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի 700.000 դրամ բռնագանձելու մասը և գործն այդ մասով ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. ՀՀ տնտեսական դատարանի 02.06.2005 թվականի վճիռը մնացած մասով թողնել օրինական ուժի մեջ:

3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Հ. Մանուկյան

Դատավորներ` Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Ս. Գյուրջյան

Ս. Սարգսյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
10.10.2007
N 3-1495(ՎԴ)
Որոշում