Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆՏՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

28.02.1999 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   05.04.1995  -ից մինչեւ   28.02.1999  -ը:
 
i

(ուժը կորցրել է 05.02.99թ թիվ ՀՕ-284 օրենք)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի
կողմից «31» մարտի 1995թ. Հ.Ն-1148-I

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

ԳԼՈՒԽ I. Ընդհանուր դրույթներ

 

ՀՈԴՎԱԾ 1. Ազգային Ժողովի պատգամավորների ընտրությունների սկզբունքները և կազմը

 

Ազգային Ժողովի պատգամավորներին ընտրում են Հայաստանի Հանրապետության ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիները` ընդհանուր, հավասար, ուղղակի ընտրական իրավունքի ազատ իրականացման հիման վրա` գաղտնի քվեարկությամբ:

Ազգային Ժողովը կազմված է 190 պատգամավորից:

Ազգային Ժողովի պատգամավոր չեն կարող լինել կառավարության անդամները: Պատգամավոր չեն կարող լինել և պատգամավորության թեկնածու չեն կարող առաջադրվել դատավորները, դատախազության, ազգային անվտանգության պետական վարչության աշխատակիցները, ներքին գործերում և զինված ուժերում ծառայողները:

 

ՀՈԴՎԱԾ 2. Ընտրական համակարգը

 

i

Ազգային Ժողովի ընտրություններն իրականացվում են մեծամասնական և համամասնական ընտրական համակարգերի հիման վրա:

Ազգային Ժողովի 150 պատգամավոր ընտրվում է մեծամասնական ընտրական համակարգով` յուրաքանչյուր ընտրատարածքից մեկ Ազգային Ժողովի պատգամավոր:

Ազգային Ժողովի 40 պատգամավոր ընտրվում է համամասնական ընտրական համակարգով, հանրապետության ողջ տարածքն ընդգրկող մեկ բազմամանդատ ընտրատարածքից` ցուցակներով առաջադրված պատգամավորության թեկնածուների թվից:

 

ՀՈԴՎԱԾ 3. Ընտրական իրավունքը

 

Ազգային Ժողովի պատգամավոր ընտրելու իրավունք ունեն մինչև ընտրությունների օրը 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր մինչև ընտրությունների օրը առնվազն մեկ տարի բնակվել են Հայաստանի Հանրապետությունում:

Ազգային Ժողովի պատգամավոր ընտրվելու իրավունք ունեն մինչև ընտրությունների օրը 25 տարին լրացած Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր մինչև ընտրությունների օրը առնվազն 3 տարի մշտապես բնակվել են Հայաստանի Հանրապետությունում:

Ընտրություններին չեն մասնակցում դատարանի վճռով անգործունակ ճանաչված անձինք, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման վայրերում գտնվող քաղաքացիները, ինչպես նաև քրեական հետախուզության մեջ գտնվող քաղաքացիները և հանցագործության մեջ մեղադրանքի համար կալանքի տակ գտնվող այն անձինք, ում գրանցումը մերժվել է սույն օրենքով նախատեսված կարգով` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կամ Գերագույն դատարանի որոշմամբ:

Յուրաքանչյուր ընտրող ունի մեկ ձայնի իրավունք` միամանդատ ընտրատարածքում եվ մեկ ձայնի իրավունք` Հանրապետության ողջ տարածքն ընդգրկող բազմամանդատ ընտրատարածքում:

Ընտրվելու իրավունք ունեցող յուրաքանչյուր քաղաքացի կարող է քվեարկվել միայն մեկ մեծամասնական ընտրատարածքում և միայն մեկ ցուցակով:

Արգելվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտրական իրավունքի որևէ սահմանափակում, բացի օրենքով նախատեսված դեպքերից:

 

ՀՈԴՎԱԾ 4. Ազգային Ժողովի պատգամավորության թեկնածուներ առաջադրելու իրավունքը

 

Ազգային Ժողովի պատգամավորության թեկնածուների առաջադրման իրավունքը պատկանում է ըստ բնակության վայրի ընտրողներին և մինչև սույն օրենքով նախատեսված հայտ ներկայացնելու ժամկետը գրանցված հասարակական-քաղաքական կազմակերպություններին կամ նրանց միավորումներին:

Յուրաքանչյուր հասարակական-քաղաքական կազմակերպություն կամ նրանց միավորում իրավունք ունի առաջադրելու Ազգային Ժողովի պատգամավորության թեկնածուների միայն մեկ ցուցակ:

 

ԳԼՈՒԽ II. Ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմունքները

 

ՀՈԴՎԱԾ 5. Ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմունքները

 

Ընտրությունների սույն օրենքին համապատասխան նախապատրաստումը և անցկացումն ապահովում են Կենտրոնական, ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովները:

i

Ընտրությունների կազմակերպման և անցկացման հետ կապված ծախսերը կատարվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տնօրինության տակ ստեղծվող միասնական ֆոնդից, որը ձևավորվում է պետական միջոցների, ինչպես նաև ձեռնարկությունների, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիների կամավոր մուծումների հաշվին: Ընտրությունների համար հատկացվող պետական դրամական միջոցների չափը հաստատում է Ազգային Ժողովը:

Մեծամասնական ընտրական համակարգով ընտրություններին մասնակցող Ազգային Ժողովի պատգամավորության թեկնածուները և համամասնական ընտրական համակարգով ընտրություններին մասնակցող հասարակական-քաղաքական կազմակերպությունները նախընտրական քարոզչություն իրականացնելու համար իրավունք ունեն օգտագործել իրենց սեփական միջոցները, ինչպես նաև հանգանակված եվ նվիրված միջոցները:

Յուրաքանչյուր թեկնածուի նախընտրական քարոզչության համար կատարվող ծախսերը չեն կարող գերազանցել հանրապետության նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը: Թեկնածուները և հասարակական-քաղաքական կազմակերպությունները ծախսերի վերաբերյալ հայտարարագրեր են ներկայացնում Կենտրոնական ընտրական հանձնաժողով` վերջինիս կողմից սահմանված կարգով:

Ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները, պետական և հասարակական մարմիններն ընտրական հանձնաժողովներին տրամադրում են ընտրությունների նախապատրաստման ու անցկացման համար անհրաժեշտ շենքեր, կահավորանք և պարտավոր են հնարավորության սահմաններում գործնականորեն նպաստել ընտրությունների նախապատրաստման և անցկացման աշխատանքներին:

Ընտրական հանձնաժողովների որոշումները, որոնք ընդունվել են նրանց լիազորությունների շրջանակներում, ենթակա են պարտադիր կատարման բոլոր պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և քաղաքացիների կողմից:

 

ՀՈԴՎԱԾ 6. Ընտրատարածքների և ընտրական տեղամասերի կազմելու կարգը

 

Ընտրությունների կազմակերպման և անցկացման համար Հայաստանի Հանրապետության տարածքը բաժանվում է 150 ընտրատարածքի:

Ընտրողների թիվը յուրաքանչյուր ընտրատարածքում չպետք է գերազանցի կամ պակաս լինի մեկ ընտրատարածքի ընտրողների միջին թվի 15 տոկոսից:

Ընտրատարածքներից յուրաքանչյուրը պետք է ձևավորվի այնպես, որ ընդգրկի միմյանց հետ սահմաններ ունեցող տարածքներ:

Ընտրատարածքի մեջ ընդգրկված յուրաքանչյուր բնակավայր բաժանվում է ընտրական տեղամասերի: Ընտրական տեղամասի ընտրողների թիվը չպետք է պակաս լինի 100-ից և գերազանցի 3000-ը` բացառությամբ առանձին դեպքերում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի թույլատրությամբ կազմվող ընտրական տեղամասերի:

Տեղամասերը պետք է ձևավորվեն այնպես, որ դրանցում ընդգրկվող շենքերն ու տները առավել մոտ լինեն քվեարկության վայրին:

 

ՀՈԴՎԱԾ 7. Հրապարակայնությունը Ազգային Ժողովի պատգամավորների ընտրությունները նախապատրաստելիս և անցկացնելիս

 

Ընտրական հանձնաժողովները քաղաքացիներին տեղեկացնում են իրենց աշխատանքի, ընտրական տարածքներ և տեղամասեր կազմելու, ընտրական հանձնաժողովների կազմի, գտնվելու վայրի, աշխատաժամերի և ընտրողների ցուցակների մասին:

Ընտրական հանձնաժողովները քաղաքացիներին իրազեկ են պահում պատգամավորության թեկնածուների առաջադրման և գրանցման արդյունքների, թեկնածուների կենսագրական տվյալների, թեկնածուների և հասարակական-քաղաքական կազմակերպությունների նախընտրական ծրագրերի հիմնական դրույթների, յուրաքանչյուր թեկնածուի քվեարկության և ընտրությունների արդյունքների ամփոփման մասին:

Ընտրական հանձնաժողովների նիստերին, այդ թվում` պատգամավորության թեկնածուներին գրանցելիս, քվեատուփերը կնքելիս, բացելիս և ձայները հաշվելիս, ընտրությունների արդյունքները որոշելիս, ինչպես նաև քվեարկության ամբողջ ընթացքում, իրավունք ունեն ներկա լինել հասարակական-քաղաքական կազմակերպությունների, մամուլի, հեռուստատեսության և ռադիոյի ներկայացուցիչները, դիտորդները, տվյալ ընտրական տարածքում գրանցված պատգամավորության թեկնածուների վստահված անձինք:

Ներկայացուցիչների լիազորությունները պետք է հաստատվեն համապատասխան փաստաթղթով և այդ մասին տեղյակ պահվեն համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին ընտրություններից առնվազն 3 օր առաջ:

Համապատասխան ընտրական հանձնաժողովը ստեղծում է հավասար պայմաններ ներկայացուցիչների ներկայությունն ապահովելու համար:

Ընտրական տեղամասերում կարող է ներկա գտնվել յուրաքանչյուր պատգամավորության թեկնածուի և հասարակական-քաղաքական կազմակերպություն ոչ ավելի, քան երկուական վստահված անձ:

 

ԳԼՈՒԽ III. Ընտրական հանձնաժողովները

 

i
ՀՈԴՎԱԾ 8. Ընտրական հանձնաժողովներ կազմելու հիմունքները

 

Ընտրական հանձնաժողովների կազմի մեջ ընդգրկվում են ընտրական իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:

Ընտրական հանձնաժողովների կազմում հավասար ներկայացուցչության ապահովմամբ սահմանված կարգով ընդգրկվում են մրցակցող հասարակական-քաղաքական կազմակերպությունների կանոնադրությամբ նախատեսված ղեկավար մարմինների որոշումներով առաջադրված անդամները:

Մրցակցող հասարակական-քաղաքական կազմակերպությունների կողմից անհրաժեշտ քանակի առաջադրումների բացակայության դեպքում ընտրական հանձնաժողովները կազմվում և լրացվում են վերադաս ընտրական հանձնաժողովների որոշմամբ` սույն օրենքով համապատասխան հանձնաժողովներ կազմելու համար նախատեսված ժամկետի ավարտից 3 օր առաջ:

Եթե վերադաս ընտրական հանձնաժողովները սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետում համապատասխան ընտրական հանձնաժողովը կազմելու կամ կազմը լրացնելու վերաբերյալ որոշում չեն կայացնում, ապա այդ մասին որոշումը կայացնում է վերադաս ընտրական հանձնաժողովի նախագահը:

i

Ընտրական հանձնաժողովների անդամները ընտրական հանձնաժողովում գործունեության ընթացքում ենթակա չեն իրենց մշտական աշխատանքից ադմինիստրացիայի նախաձեռնությամբ ազատման կամ վարչական պատասխանատվության` առանց վերադաս ընտրական հանձնաժողովի համաձայնության:

Ընտրական հանձնաժողովների անդամները չեն կարող զորակոչվել զինծառայության:

i

Ընտրական հանձնաժողովների կազմի համար առաջադրումների մասին որոշումները ներկայացվում են համապատասխան վերադաս ընտրական հանձնաժողով:

Ընտրական հանձնաժողովների կազմի վերաբերյալ տեղեկությունները հրապարակվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանված կարգով:

Ընտրական հանձնաժողովների նախագահները, նախագահների տեղակալները, անդամները կարող են ընտրվել միայն մեկ ընտրական հանձնաժողովի կազմում և պատգամավորության թեկնածու առաջադրվելու իրավունք չունեն:

 

ՀՈԴՎԱԾ 9. Կենտրոնական ընտրական հանձնաժողով կազմելու կարգը

 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմված է առնվազն 7 մարդուց` նախագահից և 6 անդամից: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների թեկնածությունները առաջադրում են Գերագույն խորհրդի պատգամավորները` յուրաքանչյուր առնվազն 10 պատգամավորից 1 թեկնածու սկզբունքով: Թեկնածուների առաջադրումը պատգամավորների կողմից ձևակերպվում է Գերագույն խորհրդի պատգամավորների տիտղոսաթերթի վրա` թեկնածությունը պաշտպանող պատգամավորների անձնական ստորագրությամբ կամ սեփական համաձայնությունն արձանագրող այլ ձևով: Առաջադրման վերաբերյալ առաջարկությունները ներկայացվում են Գերագույն խորհրդի նախագահի անունով Գերագույն խորհրդի քարտուղարին` սույն օրենքով այդ հանձնաժողովը կազմելու համար նախատեսված ժամկետի ավարտից 10 օր առաջ:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի համար առաջադրված թեկնածուները անձամբ կամ օրենքով սահմանված կարգով լիազորված անձի միջոցով Գերագույն խորհրդի քարտուղարին ներկայացնում են իրենց համաձայնությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ գրանցվելու մասին:

Ստացված առաջարկությունների հիման վրա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների կազմը գրանցվում է հատուկ արձանագրությամբ` Գերագույն խորհրդի նախագահի և քարտուղարի ստորագրությամբ և հրապարակվում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմավորման համար սույն օրենքով նախատեսված ժամկետի ավարտից 6 օր առաջ:

Եթե Գերագույն խորհրդի նախագահը կամ քարտուղարը անհնարինության պատճառով չեն կարող իրականացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների գրանցումը, ապա այդ աշխատանքները նշված ժամկետներում կատարում են Գերագույն խորհրդի կանոնակարգով նրանց փոխարինող պաշտոնատար անձինք:

Եթե սույն հոդվածում նշված ժամկետներում բացառվում է նաև այդ հնարավորությունը, ապա ներկայացված առաջադրումների հիման վրա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմը գրանցում է Հայաստանի Հանրապետության նախագահը` հանձնաժողովը կազմելու համար սույն օրենքով նախատեսված ժամկետի ավարտից ոչ ուշ:

Եթե Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, սույն հոդվածով սահմանված կարգով, առաջադրված անդամների թիվը պակաս է 6-ից, ապա թափուր տեղերը լրացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` հանձնաժողովը կազմելու համար նախատեսված ժամկետի ավարտից ոչ ուշ:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատանքները ղեկավարում է հանձնաժողովի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում` տեղակալը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը հաստատվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմից:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը հաստատվում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից` Հայաստանի Հանրապետության նախագահի ներկայացմամբ` սույն օրենքով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմման համար նախատեսված ժամկետի ավարտից 5 օր առաջ:

Եթե Հայաստանի Հանրապետության նախագահի առաջադրած թեկնածուին Գերագույն խորհուրդը չի հաստատում, ապա Գերագույն խորհուրդը ինքն է ընտրում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ` նույն եռօրյա նիստերի ընթացքում` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմման համար նախատեսված ժամկետի ավարտից 3 օր առաջ:

Եթե Գերագույն խորհուրդը նշված ժամկետում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի նշանակման վերաբերյալ որոշում չի ընդունում, ապա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը նշանակվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից` հանձնաժողովի կազմման համար նախատեսված ժամկետում:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը իր կազմից ընտրում է հանձնաժողովի նախագահի տեղակալ և քարտուղար:

Մինչև պատգամավորության թեկնածուների գրանցումը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատանքներին խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցում են մինչև Կենտրոնական ընտրական հանձնաժողով կազմելու համար սույն օրենքով նախատեսված ժամկետը Արդարադատության նախարարությունում գրանցված հասարակական-քաղաքական կազմակերպությունների մեկական ներկայացուցիչ:

Պատգամավորության թեկնածուների գրանցումից հետո Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատանքներին խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցում են ընտրություններին մասնակցելու իրավունք ստացած հասարակական-քաղաքական կազմակերպությունների և նրանց միավորումների մեկական ներկայացուցիչ:

 

ՀՈԴՎԱԾ 10. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կազմելու կարգը

 

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը կազմված է առնվազն 7 մարդուց:

Մինչև Ազգային Ժողովի պատգամավորության թեկնածուների գրանցման ժամկետի ավարտը հանձնաժողովի կազմում հավասար ներկայացուցչության ապահովմամբ ընդգրկվում են համամասնական ընտրական համակարգով ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած հասարակական-քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչները: Հասարակական-քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչների թվաքանակը ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում սահմանվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից:

Հասարակական-քաղաքական կազմակերպությունների առաջադրումների ժամկետը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը` սույն օրենքի պահանջներին համապատասխան: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հասարակական-քաղաքական կազմակերպությունների առաջադրումների հիման վրա ամրագրում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կազմը:

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները եռօրյա ժամկետում, բայց ոչ ուշ սույն օրենքով ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կազմավորման համար նախատեսված ժամկետի ավարտից 6 օր առաջ, իրենց կազմից ընտրում են հանձնաժողովի նախագահ: Նշված ժամկետում հանձնաժողովի նախագահ չընտրվելու դեպքում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը նշանակվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից` տվյալ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կազմից` սույն օրենքով ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կազմման համար նախատեսված ժամկետի ավարտից 3 օր առաջ: Եթե նշված ժամկետում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ չի նշանակում, ապա նրան նշանակում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը` ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կազմից:

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն իր կազմից ընտրում է հանձնաժողովի նախագահի տեղակալ և քարտուղար:

Պատգամավորության թեկնածուների գրանցման ժամկետի ավարտից հետո համամասնական ընտրական համակարգով ընտրություններին չմասնակցող հասարակական- քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչները դուրս են մնում հանձնաժողովի կազմից և կարող են մասնակցել հանձնաժողովների նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով:

Սույն հոդվածի նախորդ մասում ամրագրված նորմը չի տարածվում հանձնաժողովի նախագահի վրա:

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների գործունեությունը դադարում է ընտրությունների ավարտից հետո` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ:

 

ՀՈԴՎԱԾ 11. Տեղամասային ընտրական հանձնաժողով կազմելու կարգը

 

Տեղամասային ընտրական հանձնաժողովը կազմված է առնվազն 7 մարդուց:

Մինչև Ազգային ժողովի պատգամավորության թեկնածուների գրանցման ժամկետի ավարտը հանձնաժողովի կազմի մեջ հավասար ներկայացուցչության ապահովմամբ ընդգրկվում են համամասնական ընտրական համակարգով ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած հասարակական-քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչները: Հասարակական-քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչների թվաքանակը հանձնաժողովներում սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները հասարակական-քաղաքական կազմակերպությունների առաջադրումների հիման վրա ամրագրում են տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմը:

Տեղամասային ընտրական հանձնաժողովները եռօրյա ժամկետում, սույն օրենքով ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ կազմելու համար նախատեսված վերջնական ժամկետից 4 օր առաջ, իրենց կազմից ընտրում են հանձնաժողովի նախագահ: Նշված ժամկետում հանձնաժողովի նախագահ չընտրվելու դեպքում նա նշանակվում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից` տվյալ տեղամասային ընտրական հանձնաժողովի կազմից` սույն օրենքով տեղամասային ընտրական հանձնաժողովի կազմման համար նախատեսված ժամկետից 2 օր առաջ: Եթե նշված ժամկետում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ չի նշանակում, ապա նրան նշանակում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը` տվյալ տեղամասային ընտրական հանձնաժողովի կազմից:

Տեղամասային ընտրական հանձնաժողովը իր կազմից ընտրում է հանձնաժողովի նախագահի տեղակալ և քարտուղար:

Ազգային Ժողովի պատգամավորության թեկնածուների գրանցման ժամկետի ավարտից հետո համամասնական ընտրական համակարգով ընտրություններին չմասնակցող կուսակցությունների ներկայացուցիչները դուրս են մնում հանձնաժողովի կազմից:

Սույն հոդվածի նախորդ մասում ամրագրված նորմը չի տարածվում հանձնաժողովի նախագահի վրա:

Տեղամասային ընտրական հանձնաժողովների գործունեությունը դադարում է ընտրությունների ավարտից հետո` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ:

 

ՀՈԴՎԱԾ 12. Ընտրական հանձնաժողովների կազմում փոփոխություններ կատարելու կարգը

 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել Հայաստանի Հանրապետության Նախագահի կամ Ազգային ժողովի նախագահի նախաձեռնությամբ:

Ազգային Ժողովը Հայաստանի Հանրապետության Նախագահի նախաձեռնությունը ստանալուց հետո մեկամսյա ժամկետում պարտավոր է քննարկել և որոշում ընդունել:

Եթե Ազգային Ժողովն իր որոշմամբ համաձայնություն է տալիս Հայաստանի Հանրապետության Նախագահի նախաձեռնությանը, ապա Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը պաշտոնանկ է արվում Ազգային Ժողովի համաձայնությունը ստանալուց հետո երկօրյա ժամկետում:

Ազգային Ժողովի որոշումը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին պաշտոնանկ անելու մասին ներկայացվում է Հայաստանի Հանրապետության Նախագահին: Հայաստանի Հանրապետության Նախագահը Ազգային Ժողովի որոշումը ստանալուց հետո մեկամսյա ժամկետում կարող է իր հրամանագրով պաշտոնանկ անել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին կամ առարկել Ազգային Ժողովի որոշմանը: Վերջին դեպքում Հայաստանի Հանրապետության Նախագահն իր առարկությունը ներկայացնում է Ազգային Ժողովին, որը կարող է այն ստանալուց 15-օրյա ժամկետում վերահաստատել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին պաշտոնանկ անելու մասին իր որոշումը` Ազգային Ժողովի պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին պաշտոնանկ անելու դեպքում նոր նախագահի նշանակումը կատարվում է սույն օրենքով սահմանված կարգով` 20-օրյա ժամկետում:

Կենտրոնական Ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալի, քարտուղարի կամ անդամների լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել`

ա) անձնական դիմումի հիման վրա,

բ) Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախաձեռնությամբ:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի Նախագահի տեղակալի, քարտուղարի կամ անդամի լիազորությունները կարող են դադարեցվել նրանց անձնական դիմումի հիման վրա` հանձնաժողովի որոշմամբ: Եթե Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այդ դիմումը բավարարելու մասին որոշում չի ընդունում, ապա հանձնաժողովի նախագահի տեղակալի, քարտուղարի կամ անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, եթե առաջին դիմումը մերժելուց հետո մեկամսյա ժամկետում դիմումի հեղինակը երկրորդ դիմումով պնդում է իր խնդրանքը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախաձեռնությամբ հանձնաժողովի նախագահի տեղակալի, քարտուղարի կամ որևէ անդամի լիազորությունները վաղաժամկետ կարող են դադարեցվել այդ մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման հիման վրա`

ա) տվյալ անձի կողմից սույն օրենքի պահանջները չկատարելու,

բ) անհարգելի պատճառով հանձնաժողովի հինգ իրար հաջորդող նիստերին չմասնակցելու դեպքերում:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալի, քարտուղարի կամ անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը նման դեպքերում կարող է գանգատարկվել միայն Ազգային Ժողովին:

Սույն հոդվածով սահմանված դեպքերում Կենտրոնական ընտրական հանձնաժողովում առաջացած թափուր տեղերը չեն լրացվում` բացառությամբ, երբ հանձնաժողովի ընդհանուր թվակազմը պակաս է մնում 7-ից: Եթե Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմը պակաս է 7-ից ապա այն համալրվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով` 20-օրյա ժամկետում:

Ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմում ընդգրկված անձանց լիազորությունները վաղաժամկետ կարող են դադարեցվել այն կարգով, ինչ կարգով նրանք ընդգրկվել են հանձնաժողովի կազմում:

Լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը կարող է կատարվել նաև վերադաս հանձնաժողովի որոշմամբ` վերջինիս նախաձեռնությամբ կամ ստորադաս հանձնաժողովի որոշման հիման վրա`

ա) անձնական դիմումի համաձայն,

բ) սույն օրենքի պահանջները չկատարելու,

գ) անհարգելի պատճառով հանձնաժողովի իրար հաջորդող հինգ նիստերին չմասնակցելու դեպքերում:

Ընտրական հանձնաժողովի կազմում ընդգրկված անձանց նկատմամբ սույն հոդվածի նախորդ մասի բ) կետը կիրառվում է միայն տվյալ անձի հանձնաժողովի կազմում առնվազն մեկ ամիս ընդգրկված լինելու դեպքում:

Ընտրական հանձնաժողովի կազմի մեջ ընդգրկված անձանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում ընտրական հանձնաժողովները համալրվում են համապատասխան ընտրական հանձնաժողովը կազմելու վերաբերյալ սույն օրենքով սահմանված կարգով:

Ընտրական հանձնաժողովների կազմում փոփոխություններ չեն կարող կատարվել ընտրություններին նախորդ հինգ օրվա և ընտրությունների արդյունքների ամփոփման ընթացքում: Ընտրական հանձնաժողովներում ընդգրկված անձինք քվեարկության նախորդ օրվա ժամը 16-ից մինչև ընտրությունների արդյունքների ամփոփման ավարտը իրավունք չունեն հրաժարվել հանձնաժողովում իրենց պարտականությունները կատարելուց` բացառությամբ հիվանդության կամ մերձավորներից որևէ մեկի մահվան դեպքի, ինչի մասին տեղյակ է պահվում իր և վերադաս ընտրական հանձնաժողովին:

 

ՀՈԴՎԱԾ 13. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի լիազորությունները

 

կենտրոնական ընտրական հանձնաժողովը հանդիսանում է սույն օրենքի վերահսկողությունն իրականացնող և միատեսակ կիրառումն ապահովող մարմին, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան իրականացնում է հետևյալ լիազորությունները`

1) սույն օրենքի խախտման փաստի առկայության կամ սույն օրենքի պահանջները չկատարվելու դեպքում դիմում է համապատասխան մարմիններին կամ դատարան,

2) կազմում է ընտրատարածքներ, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ, կատարում է ընտրական տեղամասերի սահմանների և ընտրական հանձնաժողովների կազմերի փոփոխություններ` օրենքով սահմանված դեպքերում և կարգով,

3) տնօրինում է ընտրությունների համար հատկացված միջոցները, իրականացնում է դրամական միջոցների բաշխումը ըստ ընտրական հանձնաժողովների, վերահսկում է ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների ապահովումը շենքերով, կահավորանքով, տրանսպորտով, էլեկտրական հոսանքով, կապի և այլ անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցներով,

4) սահմանում է ընտրական փաստաթղթերի, քվեաթերթիկների, քվեատուփերի ձևերը, կնիքների նմուշները, փաստաթղթերի լրացման և դրանց պահպանման կարգն ու ժամկետները: Ապահովում է ընտրական հանձնաժողովներին անհրաժեշտ փաստաթղթերով,

5) օրենքի միատեսակ կիրառումն ապահովելու նպատակով ընդունում և հրապարակում է ընտրությունների նախապատրաստման ու անցկացման անհրաժեշտ միջոցառումների և դրանց իրականացման կարգի մասին որոշումներ, հրահանգներ, վերահսկում է դրանց կատարման ընթացքը,

6) լսում է ընտրական հանձնաժողովների, պետական մարմինների հաղորդումները ընտրությունների նախապատրաստման և անցկացման հետ կապված հարցերի վերաբերյալ,

7) բացառիկ դեպքերում իրավասու է փոխել քվեարկության տեղը և ժամանակը,

8) քննարկում է ընտրական հանձնաժողովների որոշումների և գործողությունների առթիվ ստացված դիմումներն ու գանգատները և կայացնում որոշում,

9) կարող է փոփոխել կամ վերացնել ընտրատարածքային կամ տեղամասային ընտրական հանձնաժողովների որոշումները,

10) գրանցում է համամասնական ընտրական համակարգով ընտրությունների մասնակցելու համար առաջադրված Ազգային Ժողովի պատգամավորության թեկնածուներին և տալիս թեկնածուական վկայականներ, մերժում կամ չեղյալ է հայտարարում թեկնածուի /թեկնածուների/ գրանցումը,

11) գրանցում կամ մերժում է այն անձանց գրանցումը, ովքեր գտնվում են կալանքի տակ` անկախ այն բանից, թե տվյալ անձը առաջադրված է համամասնական թե մեծամասնական ընտրական համակարգով ընտրություններին մասնակցելու համար: Նման դեպքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը օրենքով սահմանված ժամկետներում պարտադիր ստանում է Հայաստանի Հանրապետության դատախազության եզրակացությունը,

12) պարզում, ամփոփում և հաստատում է մեծամասնական և համամասնական ընտրական համակարգերով ընտրությունների արդյունքները, անհրաժեշտության դեպքում` ստուգում դրանք,

13) գրանցում է Ազգային Ժողովի պատգամավորության թեկնածուներին և տալիս Ազգային Ժողովի պատգամավորի վկայական,

14) մասնակիորեն կամ ամբողջությամբ անվավեր է ճանաչում ընտրությունները,

15) նշանակում է լրացուցիչ քվեարկություններ, ընտրություններ,

16) իրականացնում է սույն օրենքի վերահսկողությունն ու դրա միատեսակ կիրառումն ապահովող այլ լիազորություններ:

 

ՀՈԴՎԱԾ 14. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի լիազորությունները

 

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը, Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն, իրականացնում է հետևյալ լիազորությունները.

1) վերահսկողություն է իրականացնում ընտրատարածքում սույն օրենքի կատարման նկատմամբ,

2) կազմում է ընտրական տեղամասեր, տեղամասային ընտրական հանձնաժողովներ, փոփոխություններ կատարում նրանց կազմում,

3) ապահովում է տեղամասային ընտրական հանձնաժողովներին անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցներով, ընտրական փաստաթղթերով, սահմանված կարգով կազմակերպում է ընտրությունների նախապատրաստման և անցկացման համար անհրաժեշտ միջոցառումները, վերահսկում է դրանց կատարման ընթացքը, ինչպես նաև տեղամասային ընտրական հանձնաժողովների ապահովումը շենքերով, կահավորանքով, տրանսպորտով, էլեկտրական հոսանքով, կապի և այլ անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցներով,

4) լսում է տեղամասային ընտրական հանձնաժողովների, ընտրատարածքի մեջ մտնող վարչատարածքների համապատասխան մարմինների, շահագրգիռ կազմակերպությունների հաղորդումներն ընտրությունների նախապատրաստման և անցկացման հետ կապված հարցերի վերաբերյալ,

5) հետևում է իշխանության տեղական մարմինների կողմից ընտրողների ցուցակների կազմմանը, համապատասխան տեղամասային հանձնաժողովներին դրանց հատկացմանը, համընդհանուր ծանոթացման համար դրանց ներկայացմանը,

6) քննարկում է տեղամասային ընտրական հանձնաժողովների որոշումների ու գործողությունների առթիվ ստացված դիմումներն ու գանգատները և դրանց վերաբերյալ ընդունում որոշումներ,

7) գրանցում և տալիս է համապատասխան վկայականներ ընտրատարածքում առաջադրված Ազգային Ժողովի պատգամավորության թեկնածուներին, նրանց վստահված անձանց, Ազգային Ժողովի պատգամավորության թեկնածուների ցուցակներով ընտրություններին մասնակցող հասարակական-քաղաքական կազմակերպությունների վստահված անձանց: Սույն օրենքի համաձայն մերժում կամ չեղյալ է հայտարարում առաջադրված թեկնածուների գրանցումը,

8) տվյալ ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված և կալանքի տակ գտնվող անձանց վերաբերյալ իր տնօրինության տակ գտնվող բոլոր նյութերը ներկայացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով,

9) կազմակերպում է ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածուների կենսագրական տվյալների և համառոտ նախընտրական ծրագրերի հավասարության հիմունքներով հրապարակումը, ինչպես նաև հասարակական- քաղաքական կազմակերպությունների կամ նրանց միավորումների նախընտրական ծրագրերի, պատգամավորության թեկնածուների ցուցակների տրամադրումը տեղամասային ընտրական հանձնաժողովներին,

10) գրանցում է ներկայացուցիչներին, դիտորդներին,

11) ապահովում է ընտրատարածքի քվեաթերթիկների պատրաստումը և դրանց, ինչպես նաև ցուցակներով ընտրությունների քվեաթերթիկների մատակարարումը տեղամասային ընտրական հանձնաժողովներին,

12) ամփոփում է քվեարկության արդյունքները ընտրատարածքում և հայտարարում է դրանք,

13) ընտրատարածքում իրականացնում է սույն օրենքի միատեսակ կիրառումն ապահովող այլ լիազորություններ:

 

ՀՈԴՎԱԾ 15. Տեղամասային ընտրական հանձնաժողովի լիազորությունները

 

Տեղամասային ընտրական հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան իրականացնում է հետևյալ լիազորությունները.

1) ապահովում է ընտրողներին ցուցակների հետ ծանոթանալու հնարավորություն,

2) ընդունում և քննարկում է ընտրողների ցուցակների անճշտությունների վերաբերյալ գանգատները և լուծում ցուցակներում համապատասխան փոփոխություններ կատարելու հարցը,

3) կազմակերպում է պատգամավորության թեկնածուների կենսագրական տվյալների և նախընտրական ծրագրերի, հասարակական-քաղաքական կազմակերպությունների և նրանց միավորումների նախընտրական ծրագրերի և պատգամավորության թեկնածուների ցուցակների հրապարակումը հավասար հիմունքներով,

4) ընտրողներին տեղեկացնում է տեղամասի գտնվելու վայրի, ընտրությունների օրվա, հանձնաժողովի աշխատաժամանակի մասին,

5) ապահովում է քվեարկության շենքի, խցիկների, քվեատուփերի և քվեարկության համար անհրաժեշտ միջոցների նախապատրաստումը,

6) կազմակերպում է քվեարկությունը, ամփոփում քվեարկության արդյունքները և հաստատում դրանք ընտրական տեղամասում,

7) քննարկում է ընտրությունների նախապատրաստման, քվեարկության կազմակերպման և անցկացման առթիվ ներկայացված դիմումներն ու գանգատները և դրանց վերաբերյալ ընդունում որոշումներ,

8) սույն օրենքին համապատասխան իրականացնում է այլ լիազորություններ:

 

ՀՈԴՎԱԾ 16. Ընտրական հանձնաժողովների աշխատանքների կազմակերպումը

 

Ընտրական հանձնաժողովների աշխատանքները կազմակերպում են համապատասխան հանձնաժողովների նախագահները կամ նրանց հանձնարարությամբ` տեղակալները` ապահովելով հավասար պայմաններ հանձնաժողովի նիստերում քննարկվող հարցերի վերաբերյալ շահագրգիռ կողմերի ներկայացուցիչների ներկայության համար:

Ընտրական հանձնաժողովի անդամներն իրենց հանձնաժողովի վերահսկողության տակ գտնվող գործերի ստուգման և համապատասխան փաստաթղթերի հետ ծանոթանալու իրավունք ունեն:

Ընտրական հանձնաժողովները սահմանում են իրենց հերթական նիստերի անցկացման ժամանակացույց:

Արտահերթ նիստերը հրավիրում են հանձնաժողովի նախագահի կողմից` իր նախաձեռնությամբ կամ հանձնաժողովի անդամների առնվազն 1/3-ի գրավոր պահանջով: Հանձնաժողովի նախագահը պարտավոր է արտահերթ նիստը հրավիրել մինչև հերթական նիստը:

Ընտրական հանձնաժողովի նիստերը իրավազոր են, եթե նիստերին ներկա են հանձնաժողովի կազմի ընդհանուր թվի կեսից ավելին:

Ընտրական հանձնաժողովների որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ: Առանձին դեպքերում հանձնաժողովի որոշմամբ անցկացվում է գաղտնի քվեարկություն: Քվեարկությունը համարվում է կայացած, եթե նրան մասնակցում են հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին:

Որոշումը համարվում է ընդունված, եթե նրա օգտին քվեարկել է քվեարկության մասնակիցների կեսից ավելին:

Հանձնաժողովները, վերադաս հանձնաժողովի պահանջով, պարտավոր են ներկայացնել վերջինիս հետաքրքրող հարցին առնչվող իրենց տրամադրության տակ գտնվող բոլոր փաստաթղթերը, այդ թվում նաև տվյալ հարցի վերաբերյալ հանձնաժողովի անդամների ներկայացրած գրավոր հատուկ կարծիքը, եթե այդպիսին կա:

Եթե հանձնաժողովի որոշումներն իրար հակասում են, ապա իրավազոր է վերադաս հանձնաժողովի որոշումը:

Հանձնաժողովների կազմի մեջ ընդգրկված անձինք, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված կարգով, ընտրությունների հետ կապված գործունեության ընթացքում կարող են ազատվել արտադրական կամ ծառայողական պարտականությունների կատարումից:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահն ու քարտուղարն աշխատում են մշտական հիմունքներով և մինչև իրենց լիազորությունների դադարեցումն իրավունք չունեն կատարելու այլ վճարովի աշխատանք` բացառությամբ գիտամանկավարժական, ստեղծագործական գործունեությունից, զբաղեցնելու պետական այլ պաշտոն, անմիջականորեն զբաղվելու ձեռնարկատիրական գործունեությամբ:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը կազմում է աշխատակազմ: Ընտրությունների հետ կապված աշխատանքների վարձատրությունը կատարվում է ընտրություններին հատկացված միջոցների հաշվին: Կազմման պահից ընտրական հանձնաժողովները վարում են վերադաս հանձնաժողովի կողմից էջերը համարակալած և կնքած գործավարության մատյան, որում պարտադիր կարգով գրանցվում է ընտրությունների նախապատրաստման և անցկացման հետ կապված փաստական ողջ գործունեությունը համապատասխան ժամկետներով:

 

ՀՈԴՎԱԾ 17. Ընտրական հանձնաժողովների որոշումների և գործողությունների գանգատարկման կարգը

 

Ընտրական հանձնաժողովների որոշումներն ու գործողությունները կարող են գանգատարկվել վերադաս ընտրական հանձնաժողովին, իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումներն ու գործողությունները, կամ սույն օրենքով նախատեսված այլ դեպքերում` նաև դատարանին, հասարակական-քաղաքական կազմակերպությունների, պատգամավորության թեկնածուների, նրանց վստահված անձանց, դիտորդների և ընտրողների կողմից` տվյալ որոշումն ընդունելուց կամ գործողությունը կատարելուց հետո եռօրյա ժամկետում:

Գանգատը պետք է քննարկվի այն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում:

Ընտրությունների արդյունքների վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումները կարող են գանգատարկվել Հայաստանի Հանրապետության Գերագույն դատարան:

 

ԳԼՈՒԽ IY. Ընտրողների ցուցակները

 

i
ՀՈԴՎԱԾ 18. Ընտրողների ցուցակները և դրանք կազմելու կարգը

 

Ընտրողների ցուցակները կազմվում են ըստ յուրաքանչյուր ընտրական տեղամասի, ստորագրվում ու կնքում տեղամասն ընդգրկող բնակավայրի տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարի կողմից:

Ընտրողների ցուցակների մեջ ընդգրկվում են ընտրելու իրավունք ունեցող, համապատասխան տեղամասի տարածքում մշտապես, ինչպես նաև ցուցակները կազմելու պահին մինչև ընտրությունների օրը տվյալ ընտրական տեղամասի սահմաններում առնվազն 6 ամիս բնակվող քաղաքացիները:

Ընտրողների ցուցակում քվեարկության կազմակերպման համար հարմար կարգով լրացվում է` ընտրողների ազգանունը, անունը, հայրանունը, հասցեն, ծննդյան թիվը, ինչպես նաև նշվում է ընտրողին ցուցակում ընդգրկելու համար հիմք հանդիսացող փաստաթուղթը, իսկ 18 տարեկան ընտրողների ծննդյան թվի դիմաց` ամիսը և ամսաթիվը:

Ընտրողը պետք է ընդգրկվի միայն մեկ ընտրական տեղամասի ցուցակում:

 

i
ՀՈԴՎԱԾ 19. Քաղաքացիների ծանոթացումը ընտրողների ցուցակներին և ընտրողների ցուցակի անճշտությունները գանգատարկելու իրավունքը

 

Ընտրողների ցուցակները համընդհանուր ծանոթացման համար ներկայացվում են ընտրություններից 15 օր առաջ:

Քաղաքացիների, պատգամավորության թեկնածուների կամ նրանց վստահված անձանց համար ապահովվում է տեղամասային ընտրական հանձնաժողովի շենքում ընտրողների ցուցակին ծանոթանալու և դրա ճշտությունը ստուգելու հնարավորություն:

Ցուցակում հայտնաբերված անճշտությունների մասին գանգատը քննության է առնում տեղամասային ընտրական հանձնաժողովը, որը պարտավոր է երկօրյա ժամկետում, իսկ ընտրությունների նախօրյակին և ընտրությունների օրը` անհապաղ, քննարկել գանգատը, անհրաժեշտ շտկումներ կատարել ցուցակում կամ դիմողին տալ նրա դիմումը մերժելու վերաբերյալ պատճառաբանված որոշման պատճենը:

Տեղամասային ընտրական հանձնաժողովի որոշումը կարող է ընտրություններից հինգ օր առաջ գանգատարկվել շրջանային (քաղաքային) դատարանին, որը պարտավոր է գանգատը քննել եռօրյա ժամկետում: Դատարանի վճռով ընտրողների ցուցակում շտկումը տեղամասային ընտրական հանձնաժողովը կատարում է անհապաղ:

 

ԳԼՈՒԽ Y. Պատգամավորության թեկնածուների առաջադրումը և գրանցումը

 

ՀՈԴՎԱԾ 20. Պատգամավորության թեկնածուների առաջադրման կարգը

 

Պատգամավորության թեկնածուներն առաջադրվում են ընտրողների ստորագրություններով առաջադրման առաջարկությունը պաշտպանելու միջոցով:

Թեկնածուների առաջադրման պաշտոնաթերթիկներում առաջադրման առաջարկությունը պաշտպանող յուրաքանչյուր ընտրող ստորագրում է անձամբ:

Պատգամավորության թեկնածուների առաջադրման սահմանված ձևի տիտղոսաթերթիկը և պաշտոնաթերթիկը լրացված և կնքված տրվում են.

համամասնական ընտրական համակարգով ընտրությունների առաջադրումների համար` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից,

մեծամասնական ընտրական համակարգով առաջադրումների համար` համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից կամ առաջադրման պաշտոնաթերթիկ չստանալու վերաբերյալ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշման գանգատարկումը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից բավարարելու դեպքում` վերջինիս կողմից:

Պատգամավորության թեկնածուների առաջադրման պաշտոնաթերթիկները տրվում են.

թեկնածուների ցուցակ առաջարկելու մասին հասարակական-քաղաքական կազմակերպության ղեկավար մարմնի որոշումը ներկայացրած և այդ մարմնի որոշմամբ լիազորված ոչ ավելի, քան 10 լիազոր ներկայացուցիչներին,

իր թեկնածությունը մեծամասնական ընտրական համակարգով առաջադրելու վերաբերյալ հայտ ներկայացրած, կամ օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված հայտն ուղարկած անձի ոչ ավելի քան 5 լիազոր ներկայացուցիչներին: Լիազոր ներկայացուցիչները ներկայացնում են տվյալ հասարակական-քաղաքական կազմակերպության կամ նրանց միավորման ցուցակով առաջադրված թեկնածուների, ինչպես նաև անհայտ թեկնածուների շահերը Կենտրոնական ընտրական հանձնաժողովում և օգտվում են խորհրդակցական ձայնի իրավունքից:

Ցուցակով պատգամավորության թեկնածուները համարվում են առաջադրված, եթե առաջադրման համար ստորագրել են 10000-ից 12000 ընտրող:

Մեծամասնական ընտրական համակարգով պատգամավորության թեկնածուն համարվում է առաջադրված, եթե առաջադրման համար ստորագրել են տվյալ ընտրատարածքի 500-ից 700 ընտրող:

Առաջադրված յուրաքանչյուր պատգամավորության թեկնածուի համար թեկնածուի կամ առաջադրող հասարակական-քաղաքական կազմակերպության կողմից ընտրությունների միասնական ֆոնդի հաշվին մուծվում է հանրապետությունում նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով ընտրական գրավ:

5 տոկոսից ավելի ձայներ ստացած հասարակական-քաղաքական կազմակերպության, կամ նրանց միավորման և պատգամավորության թեկնածուի գրավը վերադարձվում է:

Իր առաջադրումը կազմակերպող յուրաքանչյուր հասարակական-քաղաքական կազմակերպություն, ինչպես նաև անհատ ինքն է որոշում այն անձանց, ում վստահում է առաջադրման համար ստորագրություններ հավաքելը` օժտելով նրանց վկայագրով:

Պատգամավորության թեկնածուների առաջադրման փաստաթղթերում առաջադրողի կողմից նշվում է թեկնածուի /թեկնածուների/ ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան թիվը, ամիս-ամսաթիվը, բնակության վայրը, հասցեն, աշխատանքի տեղը, զբաղեցրած պաշտոնը, կուսակցական պատկանելությունը:

Կենտրոնական և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները լիազոր ներկայացուցիչներին պաշտոնաթերթիկներ տալիս նրանցում պարտադիր նշում են ստացողի ազգանունը, անունը, հայրանունը և տվյալ անձին որպես լիազոր ներկայացուցիչ գրանցելու համար հիմքը: Ընտրողների ստորագրություններով լրացված առաջադրման պաշտոնաթերթիկները համապատասխան հանձնաժողովներին առաջադրումը գրանցելու նպատակով ներկայացնելիս նշվում է տվյալ պաշտոնաթերթիկով ստորագրությունները հավաքող պատասխանատուի ազգանունը, անունը, հայրանունը, հասցեն, անձնագրի համարը և նրա ստորագրությունը:

Պատգամավորության թեկնածուի առաջադրման փաստաթղթերում նախաձեռնողները հատուկ նշում են կատարում, եթե առաջադրվող անձը գտնվում է կալանքի տակ:

 

ՀՈԴՎԱԾ 21. Պատգամավորության թեկնածուների գրանցումը

 

Պատգամավորության թեկնածուների առաջադրման փաստաթղթերը ընդունվում են համապատասխան ընտրական հանձնաժողովների կողմից և վերջիններս կարող են քննարկել նրանց գրանցման հարցը միայն այն դեպքում, եթե մինչև առաջադրման համար սույն օրենքով սահմանված ժամկետը ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`

1) պատգամավորության թեկնածուի (թեկնածուների) առաջադրման համար սահմանված ձևով լրացված առաջադրման փաստաթղթերը,

2) պատգամավորության թեկնածուի (թեկնածուների) առաջադրման համար սահմանված ձևով լրացված և համամասնական ընտրական համակարգով առաջադրվելու համար առնվազն 10000, իսկ մեծամասնական ընտրական համակարգով առաջադրվելու համար առնվազն 500 ընտրողի ստորագրություններ պարունակող առաջադրման պաշտոնաթերթիկները,

3) պատգամավորության թեկնածուի քվեարկվելու համաձայնության մասին գրավոր հայտարարությունը, որը թեկնածուի կողմից անձամբ չներկայացնելու դեպքում պետք է վավերացված լինի օրենսդրությամբ սահմանված կարգով,

4) տեղեկանք գրանցման և բնակության վայրի մասին,

5) մուծված ընտրական գրավի անդորրագիրը,

6) կալանքի տակ գտնվողի համար առաջադրվող թեկնածուի կամ նրա լիազոր ներկայացուցչի կողմից գրավոր տեղեկություն այդ մասին:

Պատգամավորության թեկնածուները գրանցվում են համապատասխան ընտրական հանձնաժողովների կողմից, եթե`

1) պատգամավորության թեկնածուի (թեկնածուների) առաջադրման պաշտոնաթերթիկներում ստուգմամբ հայտնաբերված անվավեր կամ կեղծ ստորագրությունների թիվը չի գերազանցում` համամասնական ընտրական համակարգով առաջադրվելու դեպքում` 300-ը, իսկ մեծամասնական ընտրական համակարգով առաջադրվելու դեպքում` 50-ը և, որոնց հաշվի չառնելու դեպքում առաջադրման պաշտոնաթերթիկներում մնացած ստորագրությունների թիվը պակաս չէ համամասնական ընտրական համակարգով առաջադրվելու դեպքում` 10000-ից, իսկ մեծամասնական ընտրական համակարգով առաջադրվելու դեպքում` 500-ից,

2) առաջադրման համար ներկայացված այլ փաստաթղթերում ստուգմամբ կեղծիքներ չեն հայտնաբերվել:

Սույն հոդվածի նախորդ մասում նշված դեպքերում պատգամավորության թեկնածուի (թեկնածուների) գրանցումը արձանագրվում է առանց քվեարկության, եթե հանձնաժողովի վճռական ձայնի իրավունք ունեցող անձանց կողմից առարկություն չկա: Առարկության դեպքում քվեարկության է դրվում առարկությունը:

Պատգամավորության թեկնածուների գրանցումը համապատասխան հանձնաժողովի կողմից մերժվում է, եթե`

1) պատգամավորության թեկնածուի (թեկնածուների) առաջադրման պաշտոնաթերթիկներում ստուգմամբ հայտնաբերված անվավեր կամ կեղծ ստորագրությունների թիվը գերազանցում է` համամասնական ընտրական համակարգով առաջադրվելու դեպքում` 300-ից, իսկ մեծամասնական ընտրակարգով առաջադրվելու դեպքում` 50-ից, կամ որոնց հաշվի չառնելու դեպքում առաջադրման պաշտոնաթերթիկներում մնացած ստորագրությունների թիվը պակաս է` համամասնական ընտրակարգով առաջադրվելու դեպքում` 10000-ից, իսկ մեծամասնական ընտրակարգով առաջադրվելու դեպքում` 500-ից,

2) առաջադրման համար ներկայացված այլ փաստաթղթերում ստուգմամբ կեղծիքներ են հայտնաբերվել,

3) պատգամավորության թեկնածուն մեծամասնական ընտրական համակարգով քվեարկվելու համար մեկից ավելի ընտրատարածքներում կամ համամասնական ընտրական համակարգով քվեարկվելու համար մեկից ավել ցուցակներում քվեարկվելու գրավոր համաձայնություն է տվել,

4) պատգամավորության թեկնածուի վրա տարածվում են սույն օրենքով ամրագրված սահմանափակումները:

Սույն հոդվածով սահմանված դեպքերում համապատասխան հանձնաժողովը պատգամավորության թեկնածուի գրանցման մերժումը արձանագրում է առանց քվեարկության, եթե հանձնաժողովում վճռական կամ խորհրդակցական ձայնի իրավունք ունեցող անձանց կողմից առարկություն չկա: Նշված անձանց կողմից առարկության դեպքում քվեարկության է դրվում առարկությունը:

Պատգամավորության թեկնածուների գրանցումը ուժը կորցրած է համարվում, եթե նրա գրանցումից հետո հայտնի են դառնում փաստեր, որոնց համապատասխան տվյալ թեկնածուի վրա տարածվում են սույն օրենքի սահմանափակումները: Նման դեպքերում գրանցումը ուժը կորցրած համարելը համապատասխան հանձնաժողովը արձանագրում է իր նիստով և հրապարակում:

Եթե պատգամավորության թեկնածու առաջադրվող անձը գտնվում է կալանքի տակ, ապա նրա գրանցման կամ գրանցումը մերժելու մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է կայացնում միայն տվյալ անձի կալանքի հիմնավորվածության վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի գրավոր եզրակացության առկայության դեպքում: Նման դեպքերում պատգամավորության թեկնածուների առաջադրման համար անհրաժեշտ փաստաթղթերը տարածքային ընտրական հանձնաժողովին են ներկայացվում թեկնածուների առաջադրման համար նախատեսված ժամկետից 10 օր առաջ:

Կալանքի տակ գտնվող անձը կամ նրա լիազոր ներկայացուցիչը դիմում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին` կալանքի հիմնավորվածության մասին ՀՀ գլխավոր դատախազի եզրակացությունը պահանջելու խնդրանքով` ներկայացնելով առաջադրման համար անհրաժեշտ փաստաթղթերը ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին հանձնելու մասին ստացականը, որը ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը կամ քարտուղարը տալիս են անհրաժեշտ փաստաթղթերը ընդունելուց անմիջապես հետո` մեկ օրվա ընթացքում:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը կալանքի տակ գտնվող անձի կամ նրա լիազոր ներկայացուցչի դիմումը ստանալուց հետո` մեկ օրվա ընթացքում, եզրակացություն է պահանջում ՀՀ գլխավոր դատախազից, որը պարտավոր է կալանքի հիմնավորվածության մասին եզրակացություն ուղարկել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին մինչև պատգամավորության թեկնածուների առաջադրման սույն օրենքով սահմանված ժամկետի ավարտը:

Կալանքի տակ գտնվող անձանց պատգամավորության թեկնածուներ գրանցելու կամ գրանցումը մերժելու դեպքում շահագրգիռ կողմերն իրավասու են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը կայացնելուց հետո եռօրյա ժամկետում այն գանգատարկել Գերագույն դատարան:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը ոչ օրինական ճանաչելու մասին Գերագույն դատարանի որոշումը համարվում է հիմք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համապատասխան որոշումը փոխելու համար: Նման դեպքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը առանց քվեարկության արձանագրում է Գերագույն դատարանի որոշումից բխող իր որոշման փոփոխությունը:

Կալանքի տակ գտնվող անձանց պատգամավորության թեկնածու գրանցելը և պատգամավոր ընտրվելը չի կարող քրեական գործը կարճելու կամ կասեցնելու հիմք հանդիսանալ:

Գրանցման պահից նման անձանց նկատմամբ ընտրված խափանման միջոցը` կալանքը, փոխարինվում է խափանման այնպիսի միջոցով, որը չի խոչընդոտում տվյալ անձի կողմից ընտրապայքարին լիարժեք մասնակցելուն:

Պատգամավորության թեկնածուների գրանցման մասին հաղորդագրությունը հրապարակվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 22. Պատգամավորության թեկնածուի գրանցումը չեղյալ հայտարարելը

 

Պատգամավորության թեկնածուն կարող է հանել իր թեկնածությունը` ինքնաբացարկի մասին դիմում ներկայացնելով համապատասխան ընտրական հանձնաժողով: Ինքնաբացարկի հիման վրա պատգամավորության թեկնածուի գրանցումը կարող է չեղյալ հայտարարվել ոչ ուշ, քան ընտրություններից 5 օր առաջ, իսկ 2-րդ փուլի քվեարկությունից 5 օր առաջ թեկնածուներից մեկի ինքնաբացարկ հայտարարելու դեպքում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշմամբ նրա փոխարեն քվեարկության 2-րդ փուլին մասնակցելու իրավունք է տրվում քվեարկության 1-ին փուլում տվյալ ընտրատարածքում հաջորդ ամենաշատ կողմ ձայն ստացած թեկնածուին:

Թեկնածուի մահվան, ինչպես նաև սույն օրենքի 25 հոդվածով նախատեսված դեպքերում` փաստը հաստատվելուց, գրանցումը չեղյալ է հայտարարվում:

 

i
ՀՈԴՎԱԾ 23. Պատգամավորության թեկնածուի անձեռնմխելիությունը

 

Պատգամավորության թեկնածուն չի կարող կալանավորվել առանց դատարանի որոշման:

 

ԳԼՈՒԽ YI. Պատգամավորության թեկնածուների վստահված անձինք, նախընտրական քարոզչությունը

 

ՀՈԴՎԱԾ 24. Վստահված անձինք

 

Պատգամավորության թեկնածուի, հասարակական-քաղաքական կազմակերպության շահերը համապատասխան ընտրական հանձնաժողովներում ներկայացնելու համար ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից պատգամավորության թեկնածուի, հասարակական-քաղաքական կազմակերպության ներկայացմամբ գրանցվում են երեքից ոչ ավելի վստահված անձ` յուրաքանչյուր ընտրական տեղամասի հաշվարկով, ում տրվում է վկայական:

Վստահված անձինք ունեն ներկայացնելու պատգամավորության թեկնածուների շահերը պետական ու հասարակական մարմինների հետ փոխհարաբերություններում, անարգել ներկա լինելու համապատասխան ընտրական հանձնաժողովի կողմից անցկացվող բոլոր միջոցառումներն:

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի աշխատանքի ընթացքում միաժամանակ կարող են ներկա լինել յուրաքանչյուր պատգամավորության թեկնածուի, հասարակական-քաղաքական կազմակերպության ոչ ավելի, քան 2-ական վստահված անձ:

Վստահված անձի (անձանց) նախկին գրանցումն անվավեր ճանաչելու և նոր անձի (անձանց) գրանցումը ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներն իրականացնում են պատգամավորության թեկնածուի, հասարակական-քաղաքական կազմակերպության, ներկայացրած հայտարարագրի հիման վրա:

Վստահված անձը չի կարող լինել ընտրական հանձնաժողովների կազմում:

 

ՀՈԴՎԱԾ 25. Նախընտրական քարոզչությունը

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պատգամավորության թեկնածուների քաղաքական, գործարար և անձնական հատկանիշների ազատ, համակողմանի քննարկման, ինչպես նաև ժողովներում, միտինգներում, զանգվածային լրատվության միջոցներով ազատ քարոզչության իրավունք ունեն:

Պատգամավորության թեկնածուները և վստահված անձինք, հասարակական-քաղաքական կազմակերպությունները իրավունք ունեն կազմակերպելու հանդիպումներ ընտրողների հետ:

Ընտրական հանձնաժողովները և համապատասխան պետական մարմինները պարտավոր են ապահովել համամասնական ընտրական համակարգով ընտրություններին մասնակցող հասարակական-քաղաքական կազմակերպությունների համար` հանրապետական, իսկ մեծամասնական ընտրական համակարգով ընտրություններին մասնակցող թեկնածուների համար` տեղական, պետական զանգվածային լրատվության միջոցներից օգտվելու հավասար հնարավորություններ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրությունների միասնական ֆոնդի սահմաններում ապահովում է ընտրություններին մասնակցող հասարակական-քաղաքական կազմակերպությունների և անհատ թեկնածուների համար համապատասխան պետական զանգվածային լրատվության միջոցներից անվճար օգտվելու հնարավորություններ:

Ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր հասարակական-քաղաքական կազմակերպություն և անհատ թեկնածու կարող է օգտվել համապատասխան պետական զանգվածային լրատվության միջոցներից նաև վճարովի հիմունքներով` սեփական միջոցների հաշվին, բայց ոչ ավելի, քան Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված համապատասխան անվճար հնարավորության ծավալի կրկնապատիկը:

Նախընտրական քարոզչության ընթացքում պատգամավորության թեկնածուներին արգելվում է անձամբ, իրենց անունից, ինչպես նաև այլ անձանց, մասնավոր, պետական ձեռնարկությունների և կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների միջոցով, որևէ պատճառաբանությամբ ընտրողներին հատկացնել դրամ, սննդամթերք, ապրանքներ կամ այլ նվերներ: Նշված փաստերի հաստատման դեպքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ թեկնածուի գրանցումը կարող է չեղյալ հայտարարվել:

Քվեարկության օրը արգելվում է քարոզչությունը, հանրահավաքները, ցույցերը, քվեարկության շենքի մուտքի մոտ մարդկանց խմբերով հավաքվելը:

 

ԳԼՈՒԽ YII. Քվեարկության նախապատրաստումն ու անցկացումը

 

ՀՈԴՎԱԾ 26. Քվեաթերթիկները

 

Քվեաթերթիկներում այբբենական կարգով նշվում են` մեծամասնական ընտրական համակարգով ընտրությունների համար գրանցված պատգամավորության թեկնածուների ազգանունը, անունը, հայրանունը, կուսակցական պատկանելիությունը, աշխատանքի վայրը և պաշտոնը (զբաղմունքը), համամասնական ընտրական համակարգով ընտրությունների համար գրանցված հասարակական-քաղաքական կազմակերպությունների կամ նրանց միավորումների անվանումը (կամ հակիրճ անվանումը, եթե հասարակական- քաղաքական կազմակերպությունը այն օգտագործում է), ինչպես նաև ցուցակի առաջին երեք թեկնածուների ազգանունը, անունը, հայրանունը:

 

ՀՈԴՎԱԾ 27. Քվեարկության իրավունքի վկայականը

 

Յուրաքանչյուր ընտրողի տրվում է քվեարկության իրավունքի վկայական:

Քվեարկության իրավունքի վկայականը` իրարից անջատելու համար նախատեսված երկու նույնատիպ մասերից կազմված թերթիկ է, որոնցում լրացվում է ընտրողի ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան թիվը, ամիսը, ամսաթիվը, բնակության վայրը, հասցեն, ինչպես նաև ընտրատարածքի, տեղամասի և ընտրողների ցուցակում ընտրողի ազգանվան դիմաց նշված համարը:

 

ՀՈԴՎԱԾ 28. Ընտրական փաստաթղթերի հանձնումը և ընդունումը ընտրական հանձնաժողովներում

 

Ընտրական փաստաթղթերը ընտրական հանձնաժողովներում հանձնվում և ընդունվում են գործավարության մատյաններում պարտադիր գրանցմամբ` ստացողի ու ընդունողի ստորագրություններով և ստացական տալու միջոցով փաստն ամրագրելով:

Քվեաթերթիկները և քվեարկության իրավունքի վկայականները հատկացվում են ընտրական հանձնաժողովներին նախապես հաստատված քանակությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 29. Քվեարկության տեղը և ժամանակը

 

Քվեարկությունն անցկացվում է ընտրությունների օրը ժամը 8-ից 20-ը:

Ընտրողը քվեարկությանը մասնակցում է միայն իր բնակության վայրն ընդգրկող ընտրական տեղամասում:

Բացառիկ դեպքերում քվեարկության տեղը և ժամանակը կարող են փոխվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ:

 

ՀՈԴՎԱԾ 30. Քվեարկության կազմակերպումը

 

Քվեարկությունն անցկացվում է հատուկ առանձնացված շենքերում, որտեղ գաղտնի քվեարկության համար պետք է կահավորված լինեն բավարար թվով խցիկներ կամ սենյակներ, տեղադրված լինեն ընտրողների գրանցման, քվեաթերթիկների հատկացման սեղաններ: Քվեատուփերը պետք է տեղադրված լինեն տեղամասում գտնվելու իրավունք ունեցողների մեծ մասի համար տեսանելի տեղերում:

Մինչև քվեարկությունը սկսելը տեղամասային ընտրական հանձնաժողովն իր որոշմամբ հաստատում է հանձնաժողովի այն անդամների ցուցակը, ովքեր քվեաթերթիկների վրա իրենց ստորագրություններով հավաստում են քվեաթերթիկների վավերականությունը: Եթե հանձնաժողովի որևէ անդամ մինչև քվեարկության սկիզբը պնդում է իր կողմից քվեաթերթիկները ստորագրելու անհրաժեշտությունը, ապա նրան տրվում է այդ հնարավորությունը: Նման դեպքերում հանձնաժողովի որոշումը արձանագրվում է առանց քվեարկության:

Այնուհետև նախագահը հանձնաժողովի անդամների ու հանձնաժողովի նիստերին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց ներկայությամբ ստուգում, փակում և կնքում է քվեատուփը, որից հետո քվեաթերթիկների հաշված քանակությունը հանձնում է քվեաթերթիկների համար պատասխանատու անձանց, լրացված քվեարկության իրավունքի վկայականները ընտրողների գրանցման համար պատասխանատու անձանց` համապատասխան գրանցում կատարելով գործավարության մատյանում:

 

ՀՈԴՎԱԾ 31. Քվեարկության անցկացումը

 

Յուրաքանչյուր ընտրող գրանցվում է ընտրողների ցուցակում իր անվան դիմաց ստորագրելով, անձնագիր կամ ինքնուրույն հավաստող այլ փաստաթուղթ ներկայացնելու դեպքում:

Գրանցման համար պատասխանատու հանձնաժողովի անդամը ստորագրում և ընտրողին է հանձնում քվեարկության իրավունքի վկայականը, որի վրա ընտրողը նույնպես ստորագրում է:

Քվեաթերթիկի համար պատասխանատու հանձնաժողովի անդամը գրանցված ընտրողի քվեարկության իրավունքի վկայականում ստորագրելով և վկայականի թերթիկից կտրելով համապատասխան կտրոնը ու ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից կնքված կտրոնների արկղը գցելով` ընտրողին տալիս է քվեաթերթիկ:

Քվեաթերթիկը լրացնում է ընտրողը գաղտնի քվեարկության խցիկում կամ սենյակում:

Քվեաթերթիկը ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող ընտրողն իրավունք ունի իր հայեցողությամբ քվեարկության խցիկ կամ սենյակ հրավիրել այլ անձի, բացի ընտրական հանձնաժողովի անդամից կամ վստահված անձից:

Բացառությամբ նշված դեպքի` քվեաթերթիկը լրացնելիս քվեարկության խցիկում կամ սենյակում որևէ այլ անձի ներկայությունն արգելվում է:

Մեծամասնական ընտրական համակարգով ընտրությունների քվեաթերթիկում ընտրողը թողնում է միայն մեկ թեկնածուի ազգանուն, որին կողմ է և ջնջում է մյուս թեկնածուների ազգանունները:

Համամասնական ընտրական համակարգով ընտրությունների քվեաթերթիկում ընտրողը թողնում է միայն մեկ հասարակական-քաղաքական կազմակերպության կամ նրանց միավորման անվանումը, որին կողմ է և ջնջում է մյուս հասարակական-քաղաքական կազմակերպությունների կամ նրանց միավորումների անվանումները:

Պատգամավորության մեկ թեկնածուի կամ մեկ հասարակական-քաղաքական կազմակերպության քվեարկվելու դեպքում ընտրողը ջնջում է նրա անվան դիմաց «համաձայն եմ» բառերը, եթե դեմ է քվեարկում, և ջնջում է «համաձայն չեմ» բառերը, եթե կողմ է քվեարկում:

Քվեարկողը լրացված քվեաթերթիկը փակ վիճակում քվեարկության խցիկից կամ սենյակից դուրս է բերում և գցում քվեատուփի մեջ անձամբ:

 

ԳԼՈՒԽ YIII. Ընտրությունների արդյունքների ամփոփումը

 

ՀՈԴՎԱԾ 32. Ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների ամփոփման արձանագրությունները լրացնելու կարգը

 

Ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների ամփոփման արձանագրություններում յուրաքանչյուր հաշվարկված թիվ գրանցվում և դրա դիմաց հաշվողների կողմից ստորագրվում է, ըստ քվեարկության արդյունքների ամփոփման կարգով սահմանված հերթականության:

Համամասնական և մեծամասնական ընտրական համակարգերով ընտրությունների արձանագրությունները լրացվում են առանձին, ըստ հաշվարկներն իրականացնելու հերթականության:

Արձանագրություններում արվում են համապատասխան նշումներ քվեատուփի և քվեարկության իրավունքի կտրոնների արկղի` մինչև քվեարկության ավարտը փակված և կնքված լինելու վերաբերյալ:

Հաշվարկվող և արձանագրություններում գրանցվող թվերը հայտարարվում են բարձրաձայն:

Ընտրությունների արդյունքների ամփոփման արձանագրությունը ստորագրում են քվեարկության օրը հանձնաժողովի աշխատանքներին մասնակցած տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամները: Եթե հանձնաժողովի որևէ անդամ ունի հատուկ կարծիք քվեարկության ընթացքի կամ արդյունքների վերաբերյալ, ապա նա իր ստորագրության կողքին կատարում է համապատասխան նշում գրավոր ներկայացնելով իր կարծիքը:

Հանձնաժողովի անդամի հրաժարվելը արձանագրությունը ստորագրելուց, արձանագրվում է հանձնաժողովի կողմից և կցվում ընտրությունների արդյունքների ամփոփման արձանագրությանը:

 

ՀՈԴՎԱԾ 33. Անվավեր քվեաթերթիկները

 

Անվավեր են ճանաչվում չսահմանված նմուշի, տվյալ ընտրական տեղամասի կնիքը և հանձնաժողովի կողմից որոշված հանձնաժողովի անդամների ստորագրությունները չունեցող, մեկից ավելի թեկնածուներին տրված ձայներով, մեկից ավելի հասարակական-քաղաքական կազմակերպություններին կամ նրանց միավորումներին տրված ձայներով, պատգամավորության մեկ թեկնածուի կամ մեկ հասարակական- քաղաքական կազմակերպության քվեարկվելու դեպքում «համաձայն եմ» և «համաձայն չեմ» բառերը միաժամանակ ջնջված կամ չջնջված, ինչպես նաև ավելորդ գրառումներով քվեաթերթիկները:

Կասկած հարուցող քվեաթերթիկների հարցը լուծվում է քվեարկությամբ` ընտրական հանձնաժողովի կողմից:

 

ՀՈԴՎԱԾ 34. Քվեարկության արդյունքների ամփոփման կարգը ընտրական տեղամասերում

 

Ընտրությունների օրը ընտրական տեղամասը ժամը 20-ին փակելուց հետո տեղամասային ընտրական հանձնաժողովը.

1) արձանագրություններում գրանցում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից ստացած քվեաթերթիկների թիվը,

2) հաշվում է չօգտագործված, ընտրողի կողմից ոչ ճիշտ լրացված և ետ վերադարձված քվեաթերթիկները և հետագա օգտագործումը բացառելու համար սահմանված կարգով մարում է,

3) հաշվում է.

ա) ընտրողների ընդհանուր թիվը` ըստ ընտրողների ցուցակի,

բ) գրանցված ընտրողների թիվը` ստորագրությունների հիման վրա,

գ) չօգտագործած քվեարկության իրավունքի վկայականների թիվը,

4) բացում է քվեատուփը,

5) հաշվում է մեծամասնական ընտրական համակարգով ընտրությունների քվեարկության.

ա) քվեատուփում առկա քվեաթերթիկների ընդհանուր թիվը,

բ) անվավեր ճանաչված քվեաթերթիկների թիվը,

գ) պատգամավորության յուրաքանչյուր թեկնածուին կողմ տրված ձայների թիվը,

6) հաշվում է համամասնական ընտրական համակարգով ընտրությունների քվեարկության.

ա) քվեատուփում առկա քվեաթերթիկների ընդհանուր թիվը,

բ) անվավեր ճանաչված քվեաթերթիկների թիվը,

գ) յուրաքանչյուր ցուցակին կողմ տրված ձայների թիվը:

Հաշվված ու գրանցված քվեաթերթիկները փաթեթավորվում են առանձին, իսկ փաթեթները կնքվում են տեղամասային ընտրական հանձնաժողովի կնիքով:

Կնքված արձանագրությունները, քվեարկության իրավունքի կտրոնների արկղը և ընտրական մյուս փաստաթղթերի փաթեթները ուղարկվում են վերադաս ընտրական հանձնաժողով` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 35. Քվեարկության արդյունքների ամփոփումը ընտրատարածքներում

 

Ընտրական տեղամասերից ստացված ընտրական փաստաթղթերը ընտրատարածքում սահմանված անվտանգ տեղում փակելուց և գործավարության մատյանում համապատասխան գրանցումներ կատարելուց հետո, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը տեղամասային ընտրական հանձնաժողովների արձանագրությունների հիման վրա ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի արձանագրությունների մեջ համապատասխանաբար գրանցում է`

տեղամասային ընտրական հանձնաժողովներին տրված քվեաթերթիկների ընդհանուր թիվը,

մարված քվեաթերթիկների ընդհանուր թիվը,

սխալ լրացված և ետ վերադարձված քվեաթերթիկների ընդհանուր թիվը,

ընտրողների ընդհանուր թիվը,

գրանցված ընտրողների ընդհանուր թիվը,

չօգտագործված քվեարկության իրավունքի վկայականների թվերն` ըստ տեղամասերի`

քվեատուփերում եղած քվեաթերթիկների ընդհանուր թիվը,

անվավեր ճանաչված քվեաթերթիկների ընդհանուր թիվը,

պատգամավորության յուրաքանչյուր թեկնածուին կողմ տրված ձայների թիվը,

յուրաքանչյուր հասարակական-քաղաքական կազմակերպությանը կամ նրանց միավորմանը կողմ տրված ձայների թիվը,

ըստ տեղամասերի հաշվում և լրացնում է նաև քվեարկության իրավունքի վկայականների տուփերում առկա վկայականների թիվը: Հաշվելուց հետո վկայականները փաթեթավորվում և կնքվում են ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կնիքով:

Արձանագրության մեջ նշված տվյալները քվեարկությամբ հաստատվում են ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից, ստորագրվում են և կնքվում:

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի արձանագրությունները տեղամասային ընտրական հանձնաժողովների արձանագրությունների մեկական օրինակի հետ, սահմանված կարգով ուղարկվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

 

ՀՈԴՎԱԾ 36. Ընտրությունների արդյունքների պարզումը

 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, մանդատներն ըստ ցուցակների բաշխելու և համամասնական ընտրական համակարգով ընտրված պատգամավորներին որոշելու համար, ընտրական հանձնաժողովներից ստացված արձանագրությունների հիման վրա, պարզում է.

ընտրողների ընդհանուր թիվը,

գրանցված ընտրողների ընդհանուր թիվը,

քվեարկության իրավունքի վկայականների տուփում առկա վկայականների ընդհանուր թիվը,

քվեատուփերում եղած քվեաթերթիկների ընդհանուր թիվը,

անվավեր ճանաչված քվեաթերթիկների ընդհանուր թիվը,

հասարակական-քաղաքական կազմակերպություններին կամ նրանց միավորումներին կողմ և դեմ քվեարկած ընտրողների (վավեր ձայների) ընդհանուր թիվը,

յուրաքանչյուր ցուցակին կողմ տրված ձայների թիվը,

բոլոր հասարակական-քաղաքական կազմակերպություններին կամ նրանց միավորումներին կողմ տրված ձայների թիվը,

վավեր ձայների առնվազն 5 տոկոս ձայներ ստացած հասարակական-քաղաքական կազմակերպություններին կամ նրանց միավորումներին կողմ տրված ձայների ընդհանուր թիվը,

արձանագրություններում գրանցված թվերի անհամապատասխանությունների ազդեցությունը ընտրությունների արդյունքների վրա:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկում է քվեարկության անցկացման ու արդյունքների ամփոփման վերաբերյալ ստացված գանգատները, անհրաժեշտության դեպքում, իր կողմից սահմանված կարգով, կազմակերպում ստուգում:

 

ՀՈԴՎԱԾ 37. Ընտրություններն անվավեր ճանաչելը

 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը առանձին տեղամասերում կամ ընտրատարածքներում ընտրությունները անվավեր է ճանաչում, եթե`

1) ընտրական հանձնաժողովի արձանագրություններում գրանցված թվերի անհամապատասխանությունների կամ ստուգումների արդյունքներով հաստատված փաստաթղթերին համապատասխան ընտրվող կամ մեծամասնական ընտրակարգով ընտրություններում կրկնական քվեարկության անցնող պատգամավորի թեկնածուն փոխվում է կամ չի ընտրվում և հնարավոր չէ փաստացի վերականգնել ընտրությունների իրական արդյունքները և դրա հիման վրա պարզել ընտրված թեկնածուին,

2) ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում տեղի են ունեցել սույն օրենքի այնպիսի խախտումներ, որոնց հետևանքով չի պահպանվել հավասար, ուղղակի, ազատ ընտրական իրավունքը, քվեարկության գաղտնիությունը:

Ընտրությունների արդյունքների վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումները կարող են 10-օրյա ժամկետում գանգատարկվել Հայաստանի Հանրապետության Գերագույն դատարան, որի որոշումը վերջնական է:

 

ՀՈԴՎԱԾ 38. Մեծամասնական ընտրական համակարգով ընտրությունների արդյունքների ամփոփումը

 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կայացնում է որոշում ընտրատարածքից` Ազգային Ժողովի պատգամավոր ընտրվելու վերաբերյալ:

Առաջին փուլում ընտրված է համարվում այն թեկնածուն, որը ստացել է առավելագույն կողմ ձայներ, բայց ոչ պակաս, քան վավեր ձայների 25 տոկոսը:

Եթե առաջին փուլում քվեարկվում են երկու թեկնածու և նրանցից ոչ մեկը չի ստացել վավեր ձայների 25 տոկոսից ավելի կողմ ձայներ, ապա տվյալ ընտրատարածքում ընտրությունները համարվում են չկայացած և ընտրատարածքի մանդատը մնում է թափուր:

Առաջին փուլում երկուսից ավելի թեկնածուների քվեարկվելու դեպքում, եթե ոչ մեկը չի ընտրվել, ապա առաջին և երկրորդ ամենաշատ կողմ ձայներ ստացած թեկնածուների միջև անց է կացվում կրկնական քվեարկություն (երկրորդ փուլ), որի արդյունքով ընտրված է համարվում ամենաշատ կողմ ձայներ ստացած թեկնածուն:

Ընտրությունների ցանկացած փուլում, երբ քվեարկվում է մեկ թեկնածու, ապա նա ընտրված է համարվում, եթե ստացել է վավեր ձայների կեսից ավելի կողմ ձայներ:

 

ՀՈԴՎԱԾ 39. Համամասնական ընտրական համակարգով ընտրությունների արդյունքների ամփոփումը

 

Մանդատները բաշխվում են միայն այն ցուցակների միջև, որոնք ստացել են վավեր ձայների առնվազն 5 տոկոս կողմ ձայներ:

Համամասնական ընտրական համակարգի համար նախատեսված (հերթական ընտրությունների համար 40) մանդատները բաշխվում են հասարակական-քաղաքական կազմակերպությունների կամ նրանց միավորումների միջև` նրանց օգտին տրված ձայներին համամասնորեն:

Յուրաքանչյուր հասարակական-քաղաքական կազմակերպության կամ նրանց միավորման ցուցակին հասանելիք մանդատների թվի հաշվարկն իրականացվում է հետևյալ կերպ` յուրաքանչյուր ցուցակին կողմ տրված ձայների թիվը բազմապատկվում է ցուցակներին հասանելիք մանդատների թվով, ստացված թիվը բաժանվում է վավեր ձայների առնվազն 5 տոկոս կողմ ձայներ ստացած բոլոր ցուցակներին կողմ տրված ձայների ընդհանուր թվի վրա և առանձնացվում են ամբողջ թվերը, որոնք հանդիսանում են յուրաքանչյուր ցուցակին հասանելիք մանդատների թվերը: Մնացած մանդատները ցուցակների միջև բաշխվում են ըստ մնացորդների մեծության` յուրաքանչյուրին մեկական մանդատ սկզբունքով: Մնացորդների մեծության հավասարության դեպքում վիճարկվող մանդատը տրվում է այն ցուցակին, որին կողմ տրված ձայների թիվն ամենամեծն է, իսկ դրանց հավասարության դեպքում հարցը լուծվում է վիճակահանությամբ:

Ցուցակներով ընտրված է համարվում այն թեկնածուն, որի հերթական համարը ցուցակում փոքր կամ հավասար է տվյալ ցուցակին հասանելիք մանդատների թվից:

Համամասնական ընտրական համակարգով ընտրված թեկնածուին հասանելիք մանդատը, եթե նա ընտրվել է նաև մեծամասնական ընտրական համակարգով, տրվում է ցուցակի հաջորդ թեկնածուին: Իսկ եթե տվյալ թեկնածուն մեծամասնական ընտրական համակարգով ընտրություններում անցել է կրկնական քվեարկության, ապա նրան հասանելիք մանդատի հարցը լուծվում է կրկնական քվեարկության արդյունքները պարզելուց հետո:

Ընտրությունները մասնակի անվավեր ճանաչելու հետևանքով չբաշխված մանդատների հարցը լուծվում է լրացուցիչ քվեարկության արդյունքները պարզելուց հետո:

Ցուցակում գրանցված թեկնածուների թվից ավելի մանդատներ ստացած հասարակական-քաղաքական կազմակերպությանը կամ նրանց միավորմանը հասանելիք, ինչպես նաև ընդհանուր ընտրությունների արդյունքներով չբաշխված մանդատները բաշխվում են լրացուցիչ ընտրությունների արդյունքներով:

 

ՀՈԴՎԱԾ 40. Համամասնական ընտրական համակարգով ընտրությունների արդյունքների ամփոփումը ընտրությունները մասնակի անվավեր ճանաչելու դեպքում

 

Եթե Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ որևէ ընտրական տեղամասում ընտրությունները ճանաչվել են անվավեր, ապա ընտրությունների արդյունքներն ամփոփվում են հետևյալ կերպ`

1) որոշվում են վավեր ձայների առնվազն 5 տոկոս կողմ ձայներ ստացած ցուցակները, որի համար`

յուրաքանչյուր ցուցակին կողմ տրված ձայների ընդհանուր թիվը հաշվելիս ընտրություններն անվավեր ճանաչված տեղամասերում յուրաքանչյուր ցուցակին կողմ տրված ձայները հաշվի չեն առնվում,

վավեր ձայների ընդհանուր թիվը հաշվելիս ընտրություններն անվավեր ճանաչված տեղամասերում վավեր ձայների ընդհանուր թիվը փոխարինվում է այդ տեղամասերի ընտրողների ցուցակներում ընդգրկված ընտրողների ընդհանուր թվով,

2) որոշվում են առնվազն 5 տոկոս կողմ ձայներ ստանալու հնարավորություն պահպանող ցուցակները, որոնց մեջ չեն մտնում սույն հոդվածի 1-ին կետով որոշված ցուցակները, որի համար յուրաքանչյուր ցուցակին կողմ տրված ձայների ընդհանուր թիվը հաշվելիս ընտրություններն անվավեր ճանաչված տեղամասերում յուրաքանչյուր ցուցակին կողմ տրված ձայների թվերը փոխարինվում են այդ տեղամասերի ընտրողների ցուցակներում ընդգրկված ընտրողների ընդհանուր թվերով. վավեր ձայների ընդհանուր թիվը հաշվելիս ընտրություններն անվավեր ճանաչված տեղամասերում վավեր ձայների ընդհանուր թիվը փոխարինվում է այդ տեղամասերի ընտրողների ցուցակներում ընդգրկված ընտրողների ընդհանուր թվով:

Մինչև վերաքվեարկության արդյունքների ամփոփումը. յուրաքանչյուր ցուցակին հասանելիք մանդատների թվի հաշվարկն իրականացվում է սահմանված կարգով, ընդ որում`

յուրաքանչյուր ցուցակին կողմ տրված ձայների ընդհանուր թիվը հաշվելիս, ընտրություններն անվավեր ճանաչված տեղամասերում յուրաքանչյուր ցուցակին կողմ տրված ձայները հաշվի չեն առնվում,

վավեր ձայների առնվազն 5 տոկոս կողմ ձայներ ստացած բոլոր ցուցակներին կողմ տրված ձայների թիվը փոխարինվում է առնվազն 5 տոկոս կողմ ձայներ ստացած և առնվազն 5 տոկոս կողմ ձայներ ստանալու հնարավորությունը պահպանող բոլոր հասարակական-քաղաքական կազմակերպություններին կամ նրանց միավորումներին կողմ տրված և հնարավոր տրվելիք ձայների ընդհանուր թվով, որը հաշվելիս ընտրություններն անվավեր ճանաչված տեղամասերում, դրանց բոլորին կողմ տրված ձայների փոխարեն հաշվարկվում է այդ տեղամասերի ընտրողների ցուցակներում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը,

առնվազն 5 տոկոս կողմ ձայներ ստանալու հնարավորությունը պահպանող ցուցակներին մանդատներ չեն տրվում,

սույն հոդվածի պահանջներին համապատասխան հաշվված վավեր ձայների առնվազն 5 տոկոս կողմ ձայներ ստացած հասարակական-քաղաքական կազմակերպությունների կամ նրանց միավորումների ցուցակներին հասանելիք մանդատները բաշխվում են սահմանված կարգով, բայց ըստ մնացորդների մեծության` մանդատների բաշխում չի իրականացվում:

Վերաքվեարկությունից հետո յուրաքանչյուր ցուցակին հասանելիք մանդատների թվի հաշվարկն իրականացվում է սահմանված կարգով, ընդ որում` ընտրությունները մասնակի անվավեր ճանաչելու դեպքում հաշվված թվերը փոխվում են վերաքվեարկության արդյունքներով ստացված համապատասխան թվերով և չբաշխված մանդատները հատկացվում են համապատասխան հասարակական-քաղաքական կազմակերպությունների կամ նրանց միավորումների ցուցակներին` լրացնելով նրանց հասանելիք մանդատների թիվը:

 

ՀՈԴՎԱԾ 41. Ազգային Ժողովի պատգամավորների գրանցումը: Ընտրությունների արդյունքների հրապարակումը

 

Ընտրությունների արդյունքներն ամփոփվում են ընտրությունների օրվանից ոչ ուշ 10 օր հետո:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրություններն անվավեր ճանաչված ընտրական տեղամասերում և ընտրատարածքներում անցկացվելիք վերաքվեարկության բոլոր հնարավոր արդյունքներից անկախ ընտրված Ազգային Ժողովի պատգամավորին գրանցում և նախորդ գումարման Ազգային Ժողովի լիազորությունների ավարտից անմիջապես հետո տալիս է Ազգային Ժողովի պատգամավորի վկայական:

Ընտրությունների արդյունքների վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունները հրապարակվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 42. Ազգային Ժողովի պատգամավորի լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը

 

Ազգային Ժողովի պատգամավորի լիազորությունները Հայաստանի Հանրապետության Գերագույն դատարանի որոշմամբ կարող է վաղաժամկետ դադարեցվել եթե.

1) ընտրությունների արդյունքների վերաբերյալ գանգատների, ինչպես նաև սույն օրենքի հիման վրա Գերագույն դատարանը մեկամսյա ժամկետում ընտրությունները անվավեր է ճանաչել,

2) նրա նկատմամբ Գերագույն դատարանի նշանակած ազատազրկման դատավճիռը ուժի մեջ է մտել,

3) ընտրված է համամասնական ընտրական համակարգով և նրան առաջադրող հասարակական-քաղաքական կազմակերպության գործունեությունը օրենքով սահմանված կարգով արգելված է, և նա այդ պահին տվյալ հասարակական-քաղաքական կազմակերպության անդամ է:

Ազգային Ժողովի պատգամավորի լիազորությունները համարվում են վաղաժամկետ դադարեցված նաև նրա մահվան դեպքում:

 

ԳԼՈՒԽ IX. Լրացուցիչ քվեարկություն

 

ՀՈԴՎԱԾ 43. Վերաքվեարկություն

 

Ընտրությունները մասնակի անվավեր ճանաչվելու դեպքում առանձին տեղամասերում կամ ընտրատարածքներում ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո երկշաբաթյա ժամկետում նշանակվում է վերաքվեարկություն, որն անց է կացվում գրանցված պատգամավորության թեկնածուների նույն կազմով` առանց վերաքվեարկության նշանակումից հետո բացարկված և հանված թեկնածուների, սույն օրենքի պահանջների պահպանմամբ:

Համապատասխանաբար համամասնական կամ մեծամասնական ընտրական համակարգով ընտրությունների վերաքվեարկությունը չի անցկացվում այն տեղամասում, որի վերաքվեարկության արդյունքները չեն կարող ազդել համապատասխան ընտրական համակարգով անցկացված ընտրությունների արդյունքների վրա:

 

ՀՈԴՎԱԾ 44. Կրկնական քվեարկություն

 

Մեծամասնական ընտրական համակարգով ընտրությունների համար ընտրատարածքում կրկնական քվեարկություն անց է կացվում ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո երկշաբաթյա ժամկետում` սույն օրենքի պահանջների պահպանմամբ:

Կրկնական քվեարկության անցած պատգամավորության թեկնածուին բացարկ չի հայտարարվում և նրա թեկնածությունը չի հանվում` բացառությամբ թեկնածուի մահվան դեպքի:

 

ԳԼՈՒԽ X. Հերթական ընտրություններ

 

ՀՈԴՎԱԾ 45. Հերթական ընտրությունների նշանակման և անցկացման ժամկետներն ու կարգը

 

Ազգային Ժողովի լիազորությունների ժամկետի ավարտման օրից 4 ամիս առաջ նշանակվում են հերթական ընտրություններ:

Ընտրություններն անցկացվում են ոչ ուշ քան Ազգային Ժողովի լիազորությունների ավարտման օրը:

Հերթական ընտրությունները նախապատրաստվում և անց են կացվում սույն օրենքով սահմանված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 46. Ընտրական հանձնաժողովների կազմման ժամկետները

 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմվում է հերթական ընտրությունների օրվանից առնվազն 80 օր առաջ:

Հերթական ընտրությունների օրվանից առնվազն 60 օր առաջ կազմվում են ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները:

Հերթական ընտրությունների օրվանից առնվազն 30 օր առաջ կազմվում են տեղամասային ընտրական հանձնաժողովները:

 

ՀՈԴՎԱԾ 47. Ընտրատարածքների և ընտրական տեղամասերի ձևավորման ժամկետները

 

Հայաստանի Հանրապետության տարածքի բաժանումը ընտրատարածքների իրականացվում է ընտրությունների օրվանից առնվազն 70 օր առաջ:

Ընտրատարածքների բաժանումն ընտրական տեղամասերի իրականացվում է ընտրությունների օրվանից առնվազն 40 օր առաջ:

 

ՀՈԴՎԱԾ 48. Պատգամավորության թեկնածուների առաջադրման և գրանցման ժամկետները

 

Պատգամավորության թեկնածուների առաջադրումը սկսվում է ընտրությունների օրվանից ոչ շուտ, քան 60 օր առաջ և ավարտվում է ընտրությունների օրվանից 40 օր առաջ` ժամը 18.00-ին:

Համամասնական ընտրություններին մասնակցելու համար հասարակական-քաղաքական կազմակերպությունների կամ նրանց միավորումների կողմից հայտ ներկայացվում է ընտրությունների օրվանից առնվազն 75 օր առաջ:

Պատգամավորության թեկնածուների գրանցումն ավարտվում է ընտրությունների օրվանից 25 օր առաջ:

Նախընտրական ծրագրերը համապատասխան ընտրական հանձնաժողով կարող են ներկայացվել ընտրությունների օրվանից 20 օր առաջ:

 

ԳԼՈՒԽ XI. Լրացուցիչ ընտրություններ

 

ՀՈԴՎԱԾ 49. Լրացուցիչ ընտրությունների նշանակումը

 

Եթե հերթական ընտրությունների արդյունքներով կամ Ազգային Ժողովի պատգամավորի լիազորությունները ժամկետից շուտ դադարեցնելու հետևանքով մեծամասնական ընտրական համակարգով ընտրատարածքին հասանելիք մանդատը թափուր է մնացել, ապա համապատասխան ընտրատարածքում նշանակվում ու անց են կացվում լրացուցիչ ընտրություններ:

Հանրապետության տարածքում լրացուցիչ ընտրություններ նշանակվում և անց են կացվում համամասնական ընտրական համակարգով ընտրությունների համար սահմանված տեղերի ոչ պակաս, քան 10 տեղ թափուր մնալու դեպքում:

 

ՀՈԴՎԱԾ 50. Համամասնական ընտրական համակարգով ընտրված պատգամավորների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելիս թափուր տեղերն ըստ ցուցակների լրացնելու կարգը

 

Համամասնական ընտրական համակարգով ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցված Ազգային Ժողովի պատգամավորի մանդատը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ դադարեցման օրվանից հետո երկշաբաթյա ժամկետում տրվում է համապատասխան ցուցակի հերթական հաջորդ թեկնածուին:

Եթե Ազգային Ժողովի պատգամավորի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են սույն օրենքի 42 հոդվածի 3-րդ կետում նշված պատճառով, ապա թափուր տեղերը լրացնելու համար նշանակվում են լրացուցիչ ընտրություններ, եթե այդ պահին համամասնական ընտրական համակարգով ընտրությունների համար Ազգային Ժողովում սահմանված թափուր տեղերի ընդհանուր քանակը պակաս չէ 10-ից:

Լրացուցիչ ընտրություններ նշանակվում են նաև այն դեպքում, եթե հերթական ընտրությունների արդյունքներով Ազգային Ժողովի պատգամավորների ընդհանուր թվի 2/3-ից քիչ պատգամավորներ են ընտրվել: Նման դեպքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ լրացուցիչ ընտրությունները նշանակվում են կրկնական քվեարկության օրվանից հետո ոչ շուտ, քան 50 և ոչ ուշ, քան 60 օրվա ընթացքում, որոնք անց են կացվում սույն օրենքով սահմանված կարգով և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված ժամկետներում:

 

ՀՈԴՎԱԾ 51. Լրացուցիչ ընտրությունների համար ընտրական հանձնաժողովների կազմման ժամկետները

 

Ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովները կարող են վերակազմավորվել կամ կազմավորվել հերթական ընտրությունների համար սույն օրենքով սահմանված ժամկետներում:

 

ՀՈԴՎԱԾ 52. Լրացուցիչ ընտրությունների ընտրատարածքներն ու ընտրական տեղամասերը

 

Լրացուցիչ ընտրություններն անց են կացվում ըստ հերթական ընտրությունների համար ձևավորված ընտրատարածքների և ընտրական տեղամասերի:

 

ՀՈԴՎԱԾ 53. Պատգամավորության թեկնածուների առաջադրումն ու գրանցումը լրացուցիչ ընտրություններում

 

Լրացուցիչ ընտրություններն անց են կացվում պատգամավորության թեկնածուների նոր առաջադրմամբ:

Առանձին թեկնածուների և հասարակական-քաղաքական կազմակերպությունների կամ նրանց միավորումների ցուցակների առաջադրումն իրականացվում է հերթական ընտրությունների համար սահմանված կարգով:

Համամասնական ընտրական համակարգով լրացուցիչ ընտրություններին մասնակցող հասարակական-քաղաքական կազմակերպությունների նախորդ ընտրությունների ժամանակ առաջադրած թեկնածուների ցուցակը ուժը կորցնում է:

 

ՀՈԴՎԱԾ 54. Լրացուցիչ ընտրությունների անցկացման ժամկետներն ու կարգը

 

Լրացուցիչ ընտրությունների քվեարկություններն անց են կացվում մայիս կամ հոկտեմբեր ամիսներին:

Լրացուցիչ ընտրություններն անց են կացվում սույն օրենքով սահմանված կարգով:

 

ԳԼՈՒԽ XII. Պատասխանատվությունը Ազգային Ժողովի պատգամավորների ընտրությունների օրենքի պահանջների խախտման համար

 

ՀՈԴՎԱԾ 55. Պատասխանատվությունը սույն օրենքի պահանջների խախտման համար

 

Սույն օրենքի պահանջները խախտող անձինք պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

pin
ՀՀ 04.04.1995
N ՀՕ-132 օրենք