29.04.2020 -
i
ՊԱՐԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ
17 ապրիլի, 2020 N 43
ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ՄԱՀԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԴԻԱԿՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԵՎ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշմամբ`
1. Սահմանել արտակարգ դրության ժամանակահատվածում մահացած անձանց դիակները արտերկրից Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու կարգը՝ համաձայն հավելվածի.
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահին:
Ստորագրվել է Տ.Ավինյանի կողմից
17.04.2020 թ.
Հավելված
Պարետի
2020 թվականի ապրիլի 17-ի
N 43 որոշման
ԿԱՐԳ
Արտակարգ դրության ժամանակահատվածում մահացած անձանց դիակների` արտերկրից Հայաստանի Հանրապետության տարածք տեղափոխելու
1. Արտակարգ դրության ժամանակահատվածում մահացած անձանց դիակները արտերկրից Հայաստանի Հանրապետություն են տեղափոխվում փակ դագաղով:
2. Հայաստանի Հանրապետության սահմանով դիակներով դագաղներ տեղափոխելիս դրանց հայտարարագրումն իրականացվում է ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 260-րդ հոդվածի 18-20-րդ մասերով սահմանված կարգով։
3. Հայաստանի Հանրապետության համապատասխան մաքսային մարմնի պաշտոնատար անձը փակ դագաղը կնքում է հերթական համար ունեցող կնիքով և այն հանձնում հուղարկավորության կազմակերպման ստանձնողներին՝ համաձայն «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ` 2006 թվականի փետրվարի 27-ի ՀՕ-40-Ն օրենքի 13-րդ հոդվածի:
4. Այնուհետև դագաղը տեղափոխվում է Երևան քաղաքի Բագրատունյաց 1 հասցեում գտնվող կամ Երևան քաղաքի Մարգարյան 6 հասցեում գտնվող «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիահերձարան, որտեղ դիահերձարանի աշխատակիցները դիահերձարանի ամբողջությամբ ապակեպատ և փակ հատվածում դագաղը բացում են, ապակու հակառակ կողմից մահացած անձի հարազատների համար տեսանելի ձևով ցույց են տալիս դիակը, որից հետո դիակը տեղադրվում է ներսից քլորակրով պատված պարկի մեջ, այնուհետև նույն դագաղի մեջ: Դագաղը դարձյալ նույն ձևով կնքում է մաքսային մարմինների համապատասխան պաշտոնատար անձը և սույն կարգի նմուշի համապատասխան ծանուցում է տրամադրում հուղարկավորության տրամադրման ստանձնողներին՝ միաժամանակ ճշտելով հուղարկավորության օրը, ժամն ու վայրը, և դագաղը փակ վիճակում հանձնում է դիակը ստացող անձին:↩
(4-րդ կետը փոփ. 29.04.20 թիվ 61 որոշում)
5. Մաքսային մարմնի համապատասխան պաշտոնատար անձը սույն կարգի 3-րդ կետում նշված տեղեկատվությունն ու ծանուցագիրը անհապաղ փոխանցում է ՀՀ ոստիկանությանը` հետագայում մահացած անձի հուղարկավորության վայրի ոստիկանության տարածքային բաժնին փոխանցելու նպատակով։
6. Մահացած անձի հուղարկավորության վայրի ՀՀ ոստիկանության տարածքային բաժնի աշխատակիցը հուղարկավորության օրը ներկայանում է հուղարկավորության վայր և հուղարկավորումից անմիջապես առաջ ստուգում է դագաղի վրա կնիքի առկայության, բացակայության կամ վնասված լինելու փաստն ու լուսանկարելու միջոցով արձանագրում այն։
7. Կնիքի բացակայության կամ վնասվածքի դեպքում ՀՀ ոստիկանության տարածքային բաժնի աշխատակցի կողմից համապատասխան հաղորդում է ներկայացվում ՀՀ ոստիկանության տարածքային բաժին։
Նմուշ
ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Փակ դագաղի կնիքը հեռացնելու կամ վնասելու կամ բացելու համար վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկվելու մասին
Դուք ծանուցվում եք, որ սանիտարահամաճարակային կանոնները խախտելը առաջացնում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածով կամ Հայաստանի Հանրապետության Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 42-րդ հոդվածով սահմանված պատասխանատվություն: Համապատասխանաբար`
1. Սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում կամ թունավորում` պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը երկուհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: Նույն արարքը, որն անզգուշությամբ ծանր վնաս է պատճառել մարդու առողջությանը կամ առաջացրել է մարդու մահ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:
2. Սանիտարական, սանիտարահիգիենիկ և սանիտարահակահամաճարակային կանոնները և նորմաները (բացի սննդամթերքի անվտանգության ոլորտի և մթնոլորտային օդի պահպանության կանոններից և նորմաներից), հիգիենիկ նորմատիվները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` քառասնապատիկից մինչև հարյուրքսանապատիկի չափով: Նույն արարքը, եթե կատարվել է կրկին կամ յուրաքանչյուր հաջորդ անգամ, վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով:
Ծանուցումը ներկայացրած պաշտոնատար անձ`
(անուն, ազգանուն, ստորագրություն)
Մաքսային մարմնի կիրառած կապարակնիքի հերթական համարը`
Դիակը ստացող անձ`
(անուն, ազգանուն, ստորագրություն
տարի ամիս ամսաթիվ,
հեռախոսահամար, բնակության հասցե)
Մահացած անձի տվյալներ`
(անուն, ազգանուն)
Հուղարկավորության օրը, ժամը և վայրը`
(հավելվածը փոփ. 29.04.20 թիվ 61 որոշում)