Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԴՅՈ՞Ք ՄԱՐԶՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՕԳՆԱԿԱՆԻՆ Պ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐԴՅՈ՞Ք ՄԱՐԶՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՕԳՆԱԿԱՆԻՆ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                   Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                            թիվ ԱՎԴ/4225/02/17

    Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ/4225/02/17        2021 թ.

Նախագահող դատավոր` Տ. Նազարյան

    Դատավորներ`        Հ. Ենոքյան

                       Գ. Խանդանյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Տ. Պետրոսյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2021 թվականի հոկտեմբերի 29-ին

գրավոր ընթացակարգով քննելով Վարուժան Գրիգորյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.04.2019 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Վարուժան Գրիգորյանի ընդդեմ ՀՀ Արարատի մարզպետարանի (այսուհետ` Մարզպետարան)` ՀՀ Արարատի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատարի 06.11.2017 թվականի թիվ 311 հրամանը վերացնելու, աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձ վճարելուն պարտավորեցնելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Վարուժան Գրիգորյանը պահանջել է վերացնել ՀՀ Արարատի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատարի 06.11.2017 թվականի թիվ 311 հրամանը և իրեն վերականգնել նախկին աշխատանքում, միաժամանակ պարտավորեցնել գործատուին վճարել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը:

ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ս. Մատինյան) (այսուհետ` Դատարան) 21.12.2018 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 19.04.2019 թվականի որոշմամբ Վարուժան Գրիգորյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 21.12.2018 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վարուժան Գրիգորյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Մարզպետարանը (ներկայացուցիչ` ներկայացուցիչ` Գ. Սարգսյան):

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 29-րդ, 61-րդ, 63-րդ հոդվածները, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերը, 114-րդ հոդվածի 4-րդ կետը և 265-րդ հոդվածը:

Դատարանը, առանց պատշաճ ուսումնասիրելու ներկայացված ապացույցները, հայցը մերժել է, իսկ Վերաքննիչ դատարանը, անտեսելով նշված հանգամանքը, արձանագրել է, որ Դատարանն իրականացրել է ապացույցների բազմակողմանի հետազոտություն և համակցության մեջ գնահատելով դրանք` կայացրել է օրինական ու հիմնավորված դատական ակտ:

Դատարանը և Վերաքննիչ դատարանը հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը բռնագանձելու հայցապահանջն ածանցյալ պահանջ են համարել այն դեպքում, երբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածը հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձի բռնագանձումից բացի, աշխատանքում վերականգնելու անհնարինության դեպքում նախատեսում է նաև առավելագույնը 12 ամսվա միջին աշխատավարձի չափով փոխհատուցում:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը բողոքը քննել է գրավոր ընթացակարգով` հնարավորություն չտալով դատական նիստում արտահայտել և պաշտպանել իր դիրքորոշումները:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 19.04.2019 թվականի որոշումն ու գործն ուղարկել նոր քննության:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Վարուժան Գրիգորյանը զբաղեցրել է հայեցողական պաշտոն, իսկ օրենսդիրը սահմանել է հայեցողական պաշտոնում նշանակելու և ազատելու գործատուի հայեցողական լիազորությունը:

Բացի այդ, աշխատանքային իրավահարաբերություններում սահմանային տարիք նախատեսելն արդարացված է, մասնավորապես` պայմանավորված է կատարվող աշխատանքի բնույթով կամ առանձնահատկությամբ: Այսպիսով` արդարացի է հանրային ծառայողի համար պաշտոնավարման սահմանային տարիք նախատեսելը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի 19.11.2012 թվականի թիվ 219 հրամանի համաձայն` Վարուժան Գրիգորյանը նշանակվել է մարզպետի տեղակալի օգնական (գ.թ. 23):

i

2) Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատարի 06.11.2017 թվականի թիվ 311 հրամանի համաձայն` ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 11-րդ կետի հիմքով մարզպետի տեղակալի օգնական Վարուժան Գրիգորյանն ազատվել է աշխատանքից (գ.թ. 24):

3) Վարուժան Գրիգորյանը, դիմելով դատարան, պահանջել է վերացնել Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատարի 06.11.2017 թվականի թիվ 311 հրամանը և իրեն վերականգնել նախկին աշխատանքում, միաժամանակ պարտավորեցնել գործատուին վճարել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը (գ.թ. 7-9):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում այն հիմնավորմամբ, որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական ակտի անվերապահ բեկանման հիմք հանդիսացող դատավարական իրավունքի նորմի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանը սույն որոշմամբ անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն հարցին, թե արդյո՞ք մարզպետի տեղակալի օգնականին պաշտոնից ազատելու հետ կապված իրավական վեճը ենթակա է քննության քաղաքացիական դատավարության, թե վարչական դատավարության կարգով:

Նախ և առաջ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն քաղաքացիական գործն առաջին ատյանի դատարանում քննվել է 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Նախկին օրենսգիրք) նորմերով:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ սույն գործի քննության ժամանակ գործող ՀՀ դատական օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ընդհանուր իրավասության դատարանին են ենթակա բոլոր գործերը, բացառությամբ վարչական դատարանի ենթակայությանը վերապահված գործերի:

Նախկին օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացիական բոլոր գործերն ընդդատյա են առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանին ընդդատյա են հանրային իրավահարաբերություններից ծագող բոլոր գործերը, ներառյալ հանրային կամ այլընտրանքային ծառայության անցնելու, այն իրականացնելու, ծառայությունից ազատելու հետ կապված վեճերը (...):

Նախկին օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը կարճում է գործի վարույթը, եթե վեճը ենթակա չէ դատարանում քննության:

i

Համանման կարգավորում է նախատեսվել նաև 09.04.2018 թվականից ուժի մեջ մտած և սույն գործով վերաքննիչ ու վճռաբեկ բողոքների քննության ժամանակ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, որի համաձայն` առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե գործը ենթակա չէ քննության քաղաքացիական դատավարության կարգով:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետի համաձայն` դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե ստորադաս դատարանում առկա է եղել գործի վարույթը կարճելու հիմք: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` անկախ բողոքի հիմքերից և հիմնավորումներից` դատական ակտը ենթակա է բեկանման, եթե առկա են նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ, 9-րդ և 11-րդ կետերով սահմանված` դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերը:

Վկայակոչված իրավադրույթների համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ենթակայությունը` որպես դատավարական ինստիտուտ, դատավարական նորմերի այնպիսի համակցություն է, որոնք կարգավորում են դատարանի քննությանը ենթակա բոլոր գործերի բաշխումը ՀՀ դատական իշխանության առաջին ատյանի կոնկրետ դատարանների միջև: Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր իրավասության դատարանի ենթակայության շրջանակն ընդգրկում է բոլոր գործերը` բացառությամբ մասնագիտացված դատարանների քննությանը վերապահված գործերի, իսկ մասնավորապես` վարչական դատարանի ենթակայության շրջանակը ներառում է հանրային իրավահարաբերություններից բխող վեճերից ծագող գործերը: Փաստորեն, դատական գործերի տարանջատումը քաղաքացիականի և վարչականի պայմանավորված է այդ գործերով վիճելի իրավահարաբերության բնույթով. կոնկրետ գործի` ենթակայության հարցը բացահայտելու համար անհրաժեշտ է պարզել այդ գործով վիճելի իրավահարաբերության բնույթը, այսինքն` այն հարցը, թե արդյոք տվյալ գործը ծագում է հանրային, թե մասնավոր իրավահարաբերություններից բխող վեճից:

Այսպիսով, իրավունքների պաշտպանության հայցի կամ դիմումի հիման վրա հարուցված գործերի ենթակայության հարցը որոշվում է` ելնելով այն հանգամանքից, թե ինչպիսի (հանրային կամ մասնավոր) իրավահարաբերություններից ծագող վեճից է բխում այդ գործերի հարուցման համար հիմք հանդիսացած պահանջը:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած մի շարք որոշումներում անդրադարձել է հանրային և մասնավոր իրավահարաբերությունների տարբերակման և դրա հիման վրա դատական գործերի ենթակայության տարանջատման հարցին: Այսպես, ըստ ՀՀ վճռաբեկ դատարանի բնորոշման` հանրային է այն իրավահարաբերությունը, որում կողմերից մեկի դերում անպայմանորեն հանդես է գալիս հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտը, որն այդ հարաբերության ընթացքում հանրային շահի իրացման կապակցությամբ իրացնում է օրենքով սահմանված իր հանրային իշխանական լիազորությունները: Իրավահարաբերության հանրային լինելու և դրանից բխող վեճը վարչական դատարանին ենթակա լինելու հանգամանքը պարզելու նպատակով պետք է գնահատման առարկա դարձվեն հետևյալ հանգամանքները.

1) արդյո՞ք իրավահարաբերության կողմերից մեկը հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտ է, թե` ոչ,

2) արդյո՞ք այդ իրավահարաբերության բովանդակությունը կազմում է հանրային իշխանական լիազորությամբ օժտված սուբյեկտի կողմից իր հանրային իշխանական լիազորությունների իրականացման պարտականությունը, թե` ոչ,

3) արդյո՞ք այդ իրավահարաբերությունը ծագել է հանրային շահի իրացման կապակցությամբ (իրավահարաբերությունն ուղղված է եղել հանրային շահի` սոցիալ-իրավական պրակտիկայում իրացմանը և առարկայացմանը), թե` ոչ:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ միայն վերոգրյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում է հնարավոր փաստել իրավահարաբերության հանրային լինելու հանգամանքը, ինչպես նաև այդ հարաբերությունից բխող վեճերի ընդդատության հարցը (տե՛ս, «Վեստ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության թիվ ՎԴ/0823/05/14, թիվ ՎԴ/0830/05/14 և թիվ ՎԴ/1621/05/14 վարչական գործերով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումները):

i

ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արտահայտել է նաև այն իրավական դիրքորոշումը, որ գործի` առարկայական ընդդատության ենթակայության կանոնների խախտմամբ վարույթ ընդունված լինելը տվյալ գործի քննության ընթացքում պարզվելու դեպքում ընդհանուր իրավասության դատարանը, ի տարբերություն վարչական դատարանի, իրավասու չէ այն հանձնել այլ դատարանի քննությանը: Տվյալ պարագայում ընդհանուր իրավասության դատարանը պարտավոր է կարճել գործի վարույթն այն հիմքով, որ տվյալ գործը ենթակա չէ ընդհանուր իրավասության դատարանում քննության: Այսինքն` այն դեպքում, երբ որևէ գործի քննության ընթացքում պարզվում է, որ այն վարույթ է ընդունվել առարկայական ընդդատության կանոնների խախտմամբ, ընդհանուր իրավասության դատարանը պարտավոր է վճիռ կայացնել գործի վարույթը կարճելու մասին այն հիմքով, որ տվյալ գործը ենթակա չէ ընդհանուր իրավասության դատարանում քննության (տե՛ս, Գոռիշխան Իշիկյանն ընդդեմ ««ԱՐՄԵՆԻԱ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐ» ՓԲԸ-ի թիվ ԵՄԴ/1029/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):

i

Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները` ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը, որի կիրառմամբ իրականացվել է սույն գործով վերաքննության վարույթը, ինչպես նաև իրականացվում է վճռաբեկության վարույթը, ենթակայության կանոնի խախտումն ամրագրել է որպես ստորադաս ատյանի դատական ակտն անվերապահորեն բեկանելու հիմք: Մասնավորապես, այսպիսի խախտման ի հայտ գալու պայմաններում վերադաս դատական ատյանը, անկախ քննության ենթակա բողոքի հիմքերից և հիմնավորումներից, պարտավոր է բեկանել ստորադաս դատական ատյանի դատական ակտը: Դատական ակտի անվերապահ բեկանման հանգեցնող խախտումների առանձնահատկությունը մյուս դատավարական խախտումների համեմատ կայանում է նրանում, որ դրանք այնքան էական են, որ խաթարում են դատարանի` իբրև իրավունքների համապարփակ և արդյունավետ պաշտպանությանը կոչված պետական մարմնի դերն ու նշանակությունը: Նման խախտումների առկայությամբ կայացված դատական ակտը չի կարող լինել համոզիչ ու հեղինակավոր և պետք է գնահատվի որպես թույլ տրված խախտման հետևանք (տե՛ս, նաև Տաթևիկ Գալստյանն ընդդեմ «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ-ի թիվ ԵԿԴ/1118/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2014 թվականի որոշումը):

Սույն գործով Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի 19.11.2012 թվականի թիվ 219 հրամանի համաձայն` Վարուժան Գրիգորյանը նշանակվել է մարզպետի տեղակալի օգնական:

i

Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատարի 06.11.2017 թվականի թիվ 311 հրամանի համաձայն` ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 11-րդ կետի հիմքով մարզպետի տեղակալի օգնական Վարուժան Գրիգորյանն ազատվել է աշխատանքից:

Վարուժան Գրիգորյանը, դիմելով դատարան, պահանջել է վերացնել Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատարի 06.11.2017 թվականի թիվ 311 հրամանը և իրեն վերականգնել նախկին աշխատանքում, միաժամանակ պարտավորեցնել գործատուին վճարել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը:

Դատարանը վեճը քննել և 21.12.2018 թվականի վճռով հայցը մերժել է, իսկ Վերաքննիչ դատարանը 19.04.2019 թվականի որոշմամբ Վարուժան Գրիգորյանի վերաքննիչ բողոքը մերժել է և Դատարանի վճիռը թողել է անփոփոխ:

Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով սույն գործով ծագած իրավական վեճի` մարզպետի տեղակալի օգնականին պաշտոնից ազատելու վերաբերյալ որոշման` դատական կարգով վիճարկելու պարագայում ենթակայության հարցին, հարկ է համարում արձանագրել հետևյալը.

i

Իրավահարաբերության ծագման պահին գործող` 26.05.2011 թվականին ընդունված, 01.01.2012 թվականին ուժի մեջ մտած և 20.11.2019 թվականին ուժը կորցրած «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հանրային ծառայությունը պետությանը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով վերապահված լիազորությունների իրականացումն է, որն ընդգրկում է պետական ծառայությունը, համայնքային ծառայությունը, պետական և համայնքային պաշտոնները:

i

Իրավահարաբերության ծագման պահին գործող` «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական պաշտոններն են` քաղաքական (բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների պաշտոնների), հայեցողական (բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների, Երևանի, Գյումրու և Վանաձորի գլխավոր ճարտարապետների, Երևանի վարչական շրջանի ղեկավարի և նրա տեղակալի, Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների օգնականների, Երևանի, Գյումրու և Վանաձորի գլխավոր ճարտարապետների օգնականների պաշտոնների), քաղաքացիական, ինչպես նաև պետական ծառայության պաշտոնները: Նույն հոդվածի 7-րդ կետի համաձայն` նույն օրենքի իմաստով հայեցողական պաշտոններ են (...) Հայաստանի Հանրապետության մարզպետների տեղակալների օգնականների պաշտոնները (...):

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ, անդրադառնալով հանրային ծառայությունից բխող իրավահարաբերություններից ծագող վեճերի ենթակայության հարցին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ նախկինում գործող` 28.11.2007 թվականին ընդունված ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով օրենսդիրը ՀՀ վարչական դատարանի ընդդատությանն էր հանձնել հանրային իրավահարաբերություններից ծագող գործերը` հանրային ծառայության անցնելու և իրականացնելու հետ կապված վեճերը, մինչդեռ 07.01.2014 թվականից գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով վկայակոչված հոդվածը փոփոխելով` օրենսդիրը ՀՀ վարչական դատարանի ընդդատությանն է հանձնել նաև հանրային ծառայությունից ազատելու հետ կապված վեճերը: Այսինքն` օրենսդիրը, 07.01.2014 թվականից գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում ավելացնելով «ծառայությունից ազատելու հետ կապված վեճերը» օրենսդրական ձևակերպումը, նպատակ է հետապնդել հանրային իրավահարաբերություններից ծագող բոլոր վեճերը, անկախ իրավահարաբերության բնույթից, լուծել վարչական դատավարության կարգով (տե՛ս, Անի Հակոբյանն ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության թիվ ԵԿԴ/3246/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2014 թվականի որոշումը):

i

Վերոնշյալ հոդվածների համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ մարզպետի տեղակալի օգնական Վարուժան Գրիգորյանը զբաղեցրել է հայեցողական պաշտոն, որն էլ իր հերթին հանդիսանում է պետական պաշտոն` ըստ իրավահարաբերության ծագման պահին գործող «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի: Հետևաբար մարզպետի տեղակալի օգնական Վարուժան Գրիգորյանը 06.11.2017 թվականին աշխատանքից ազատվելու ժամանակ, ըստ իրավահարաբերության ծագման պահին գործող «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի, զբաղեցրել է հայեցողական պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոն և հանդիսացել է հանրային ծառայող, հետևաբար սույն գործով ներկայացվել է հանրային ծառայությունից ազատելու հետ կապված իրավական վեճ, որը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի և դրա մեկնաբանությանն ուղղված ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2014 թվականի թիվ ԵԿԴ/3246/02/13 որոշման հիմքով ենթակա էր քննության վարչական դատավարության կարգով:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անկախ վճռաբեկ բողոքի հիմքերից և հիմնավորումներից, սույն գործով առկա է դատական ակտի անվերապահ բեկանման հիմք: Ընդ որում, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Դատարանի վճռի անվերապահ բեկանման ենթակա լինելու հիմքը առկա է եղել նաև վերաքննիչ բողոքի քննության ժամանակ: Մասնավորապես սույն գործի հարուցման հիմք հանդիսացած հայցադիմումը վարույթ է ընդունվել առարկայական ընդդատության կանոնների խախտմամբ, ուստի Դատարանը Նախկին օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետի ուժով պարտավոր էր վճիռ կայացնել գործի վարույթը կարճելու մասին այն հիմքով, որ տվյալ գործը ենթակա չէ ընդհանուր իրավասության դատարանում քննության: Մինչդեռ, Դատարանը գործի վարույթը չի կարճել, այլ քննել ու դատական ակտ է կայացրել վարչական դատարանի ենթակայությանը վերապահված` հանրային ծառայությունից ազատելու հետ կապված վեճով, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում ստորադաս դատարանում առկա է եղել գործի վարույթը կարճելու հիմք, որպիսի պայմաններում Դատարանի և Վերաքննիչ դատարանի կողմից սույն գործի ըստ էության քննությունն իրավաչափ համարվել չի կարող, քանի որ գործն ի սկզբանե ենթակա չէր քննության քաղաքացիական դատավարության կարգով, այլ կերպ ասած` գործի հարուցումը և ըստ էության քննությունն իրականացվել են օրինականության սկզբունքի խախտմամբ` խախտելով նաև իրավասու դատարանի կողմից անձի` իր գործի քննության իրավունքը: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում վճռաբեկ բողոքի` Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված խախտումների վերաբերյալ հիմքի և հիմնավորումների, ինչպես նաև դրանց կապակցությամբ ներկայացված վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկների գնահատմանը:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը վերը նշված հանգամանքի առկայությունը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի և նույն հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետի հիմքով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

i

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու և գործի վարույթը կարճելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը և վճարման կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

i

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «ա» կետի համաձայն` դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են հայցվորները` աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների հետ կապված այլ գումարների գանձման և աշխատանքային վեճերի վերաբերյալ հայցերով:

Նույն հոդվածի նախավերջին պարբերության համաձայն` նույն հոդվածի առաջին մասում նշված անձինք տուրքի վճարումից ազատվում են նաև դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

i

Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վարուժան Գրիգորյանը «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի ուժով ազատված է եղել հայցադիմումի, վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար պետական տուրքի վճարման պարտականությունից: Հաշվի առնելով վերոգրյալը և նկատի ունենալով, որ սույն գործի վարույթը ենթակա է կարճման, պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.04.2019 թվականի որոշումը և քաղաքացիական գործի վարույթը կարճել:

2. Պետական տուրքի հարցը համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող Տ. Պետրոսյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 29 հոկտեմբերի 2021 թվական:

 

 

pin
Վճռաբեկ դատարան
29.10.2021
N ԱՎԴ/4225/02/17
Որոշում