Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 115-ՐԴ ՀՈԴՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 115-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, «ԲԱԺՆԵՏԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                  Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                           թիվ ԵԿԴ/1896/02/13

    Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/1896/02/13       2015թ.

Նախագահող դատավոր` Ա. Պետրոսյան

    Դատավորներ`        Ա. Խառատյան

                       Կ. Չիլինգարյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ե. Խունդկարյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Գ. Հակոբյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Ռ. Հակոբյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

                                              Ն. Տավարացյանի

 

2015 թվականի դեկտեմբերի 28-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոն» ՓԲԸ-ի ներկայացուցիչ Մանե Կարապետյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.11.2014 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Կարինե Տիտանյանի ընդդեմ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի (այսուհետ` Խորհուրդ) և «Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոն» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` որոշումն անվավեր ճանաչելու, որոշակի գործողություններ կատարել պարտադրելու և գումար բռնագանձելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Կարինե Տիտանյանը պահանջել է Ընկերության գործադիր մարմնի ղեկավարի լիազորությունները դադարեցնելու մասով անվավեր ճանաչել Խորհրդի 16.07.2013 թվականի թիվ 29-Լ որոշումը, վերականգնել նախկին աշխատանքում, Ընկերությանը պարտադրել կատարել վերջնահաշվարկ, սահմանված կարգով լրացնել աշխատանքային գրքույկը և հանձնել իրեն, բռնագանձել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը` սկսած 16.07.2013 թվականից, ինչպես նաև վճարման ենթակա գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածին համապատասխան վճարման ենթակա տոկոսները:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ռ. Ափինյան) (այսուհետ` Դատարան) 21.08.2014 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` վճռվել է Ընկերությունից հօգուտ Կարինե Տիտանյանի բռնագանձել 1.218.316 ՀՀ դրամ` որպես վերջնահաշվարկի գումար` այդ գումարը Դատարանի դեպոզիտ հաշվից փոխանցելով Կարինե Տիտանյանին, անվավեր ճանաչել Խորհրդի 16.07.2013 թվականի թիվ 29-Լ որոշումը և Կարինե Տիտանյանին վերականգնել իր նախկին աշխատանքում` Ընկերության տնօրենի պաշտոնում, Ընկերությունից հօգուտ Կարինե Տիտանյանի բռնագանձել հարկադիր պարապուրդի համար միջին աշխատավարձը` սկսած 16.07.2013 թվականից, ինչպես նաև 70.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար. հայցը` մնացած մասով, մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 13.11.2014 թվականի որոշմամբ Կարինե Տիտանյանի ներկայացուցչի և Ընկերության ներկայացուցչի վերաքննիչ բողոքները մերժվել են, և Դատարանի 21.08.2014 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերության ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Կարինե Տիտանյանի ներկայացուցիչը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1-ին հոդվածի 4-րդ կետը, 115-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետը և «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 5-րդ կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Խորհուրդը, որպես Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողով, իրավունք ունի ցանկացած պահին լուծելու իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը: Ընդ որում, այդ դեպքում օրենսդիրը չի նախատեսում աշխատանքային պայմանագրի լուծումը հիմնավորելու որևէ պահանջ:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ինչպես ՀՀ աշխատանքային օրենսգիրքը, այնպես էլ ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը հնարավոր են համարում առանձին աշխատանքային հարաբերությունների կարգավորումն այլ իրավական ակտերով:

Սույն վճռաբեկ բողոքի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի կողմից կայացվելիք որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ առկա է իրավունքի զարգացման խնդիր:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է մասնակիորեն բեկանել Վերաքննիչ դատարանի 13.11.2014 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը մերժել:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Անկախ գործատու ընկերության կազմակերպաիրավական ձևից և գործունեության բնույթից` ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված նորմերը, այդ թվում նաև` աշխատանքային իրավահարաբերությունների դադարումը կարգավորող դրույթները ենթակա են պարտադիր կիրառման և կատարման Հայաստանի Հանրապետության տարածքում:

ՀՀ աշխատանքային օրենսգիրքն աշխատողին աշխատանքից ազատելու որոշակի, խստորեն կանոնակարգված ընթացակարգ է նախատեսում, մինչդեռ տվյալ դեպքում գործատուն չի կատարել իր առջև դրված պարտականությունը և աշխատանքային պայմանագիրը լուծել է առանց աշխատողին այդ կարգավիճակում պահելու այլ` հնարավորինս համարժեք հնարավորության ընձեռման, առանց ծանուցման, առանց ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված որևէ հիմքի վկայակոչման, որպիսի գործելակերպն ուղղակիորեն հակասում է ՀՀ օրենսդրությանը և միջազգային կոնվենցիաներին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչության պետի 08.06.1999 թվականի թիվ 28 հրամանով Կարինե Տիտանյանը 07.06.1999 թվականից նշանակվել է Ընկերության գործադիր տնօրենի պաշտոնակատար (հատոր 1-ին, գ.թ. 9).

2) ՀՀ կառավարության 06.11.2003 թվականի ««Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին վերապահելու մասին» թիվ 1401-Ն որոշմամբ Ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահվել են Խորհրդին (հատոր 1-ին, գ.թ. 13).

3) Խորհրդի 15.01.2004 թվականի թիվ 1-Ա որոշմամբ հաստատվել է Ընկերության կանոնադրությունը (այսուհետ` Կանոնադրություն)` նոր խմբագրությամբ (հատոր 1-ին, գ.թ. 11, 12).

4) Կանոնադրության 8.1-րդ կետի համաձայն` Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովն Ընկերության կառավարման բարձրագույն մարմինն է: ՀՀ կառավարության 06.11.2003 թվականի ««Հասարարական կարծիքի ուսումնասիրման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին վերապահելու մասին» թիվ 1401-Ն որոշմամբ Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի իրավասություններն իրականացնում է Խորհուրդը (հատոր 1-ին, գ.թ. 27-48).

5) Կանոնադրության 8.2-րդ կետի 11-րդ ենթակետի համաձայն` Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի իրավասությանն է պատկանում Ընկերության տնօրենի նշանակումը, նրա լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը (հատոր 1-ին, գ.թ. 27-48).

6) Խորհրդի 15.01.2004 թվականի թիվ 1-Ա որոշմամբ Կարինե Տիտանյանը վերանշանակվել է Ընկերության տնօրեն (հատոր 1-ին, գ.թ. 11, 12).

7) Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովը 16.07.2013 թվականին որոշում է կայացրել 16.07.2013 թվականից Ընկերության գործադիր մարմնի ղեկավար (տնօրեն) Կարինե Տիտանյանի լիազորությունները դադարեցնելու և նրա հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին (հատոր 1-ին, գ.թ. 16-18, 23, 24).

8) Կարինե Տիտանյանին վճարման ենթակա վերջնահաշվարկի գումարը` 1.218.316 ՀՀ դրամի չափով, Ընկերության կողմից 25.11.2013 թվականի թիվ 900013298014 վճարման հանձնարարագրով փոխանցվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դեպոզիտ հաշվին (հատոր 2-րդ, գ.թ. 22-23, 28):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է`

1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 5-րդ կետի միատեսակ կիրառության համար.

i

2) Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1-ին հոդվածի 4-րդ կետը, 115-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետը և «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 5-րդ կետը խախտելու հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրումներին?

- ինչպիսի՞ իրավական կարգավիճակ ունի բաժնետիրական ընկերության տնօրենը,

- արդյո՞ք իրավաչափ է բաժնետիրական ընկերության միանձնյա գործադիր մարմնի (ընկերության տնօրենի, գլխավոր տնօրենի) լիազորությունները բաժնետիրական ընկերության ընդհանուր ժողովի կողմից ցանկացած ժամանակ վաղաժամկետ դադարեցնելը:

i

1) ՀՀ աշխատանքային օրենսգրքի 13-րդ հոդվածի համաձայն` աշխատանքային հարաբերությունները աշխատողի և գործատուի փոխադարձ համաձայնության վրա հիմնված հարաբերություններն են, ըստ որի` աշխատողն անձամբ, որոշակի վարձատրությամբ կատարում է աշխատանքային գործառույթներ (որոշակի մասնագիտությամբ, որակավորմամբ կամ պաշտոնում աշխատանք)` ենթարկվելով ներքին կարգապահական կանոններին, իսկ գործատուն ապահովում է աշխատանքային օրենսդրությամբ, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերով նախատեսված աշխատանքի պայմաններ:

i

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` աշխատողը նույն օրենսգրքով սահմանված տարիքի հասած գործունակ քաղաքացին է, որն աշխատանքային պայմանագրի հիման վրա գործատուի օգտին կատարում է որոշակի աշխատանք` ըստ որոշակի մասնագիտության, որակավորման կամ պաշտոնի:

Վերը նշված իրավական նորմերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ աշխատողը գործունակ ֆիզիկական անձ է, որն անձամբ, որոշակի վարձատրության դիմաց կատարում է աշխատանքային գործառույթներ` աշխատանք ըստ որոշակի մասնագիտության, որակավորման կամ պաշտոնի:

i

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն` աշխատանքային հարաբերությունների առանձին բնագավառների կարգավորման առանձնահատկությունները կարող են սահմանվել օրենքով:

«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ընկերության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացվում է ընկերության գործադիր մարմնի` միանձնյա գործադիր մարմնի կամ ընկերության միանձնյա գործադիր մարմնի և ընկերության կոլեգիալ գործադիր մարմնի կողմից: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` ընկերության գործադիր մարմնի իրավասությանն են պատկանում Ընկերության ընթացիկ գործունեության կառավարման բոլոր հարցերը, բացառությամբ նույն օրենքով և կանոնադրությամբ ժողովի և խորհրդի բացառիկ իրավասություն հանդիսացող հարցերի:

Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` ընկերության տնօրենը (գլխավոր տնօրենը)`

ա) տնօրինում է ընկերության գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները, գործարքներ է կնքում ընկերության անունից.

բ) ներկայացնում է ընկերությունը Հայաստանի Հանրապետությունում և արտասահմանում.

գ) գործում է առանց լիազորագրի.

դ) տալիս է լիազորագրեր.

ե) սահմանված կարգով կնքում է պայմանագրեր, այդ թվում` աշխատանքային.

զ) բանկերում բացում է ընկերության հաշվարկային (այդ թվում` արտարժութային) և այլ հաշիվներ.

է) խորհրդի հաստատմանն է ներկայացնում ընկերության աշխատանքային ներքին կանոնակարգը, առանձնացված ստորաբաժանումների կանոնակարգերը, ընկերության վարչակազմակերպական կառուցվածքը, հաստիքացուցակը.

ը) իրականացնում է ընկերության կողմից տեղաբաշխված բաժնետոմսերի ձեռքբերումը կամ հետգնումը, եթե ժողովի որոշմամբ կամ կանոնադրությամբ այդ լիազորությունը տրված է գործադիր մարմնին.

թ) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս է կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.

ժ) սահմանված կարգով աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում Ընկերության աշխատակիցներին.

ժա) աշխատակիցների նկատմամբ կիրառում է խրախուսման և կարգապահական պատասխանատվության միջոցներ:

Կանոնադրությամբ կարող են սահմանվել ընկերության տնօրենի (գլխավոր տնօրենի) նաև այլ իրավասություններ:

«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` ժողովի որոշմամբ ընկերության գործադիր մարմնի լիազորությունները պայմանագրով կարող են տրվել առևտրային կազմակերպության (կառավարող կազմակերպության) կամ անհատ ձեռնարկատիրոջ (կառավարչի):

«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի վերը նշված դրույթների համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ բաժնետիրական ընկերության տնօրենն ընկերության կառավարման գործադիր մարմինն է, որն, իրականացնելով կառավարման գործառույթներ, ընկերության անունից կատարում է իրավաբանական նշանակություն ունեցող գործողություններ իրացնում է ընկերության` որպես քաղաքացիական շրջանառության մասնակցի իրավունքներն ու պարտականությունները, ընկերության գույքը տնօրինելու իրավասությունը, աշխատանքային հարաբերություններում իրականացնում է գործատուի իրավունքներն ու պարտականությունները և այլն:

Հետևաբար Վճռաբեկ դատարանը փաստում է, որ բաժնետիրական ընկերության տնօրենի (գլխավոր տնօրենի)` որպես ընկերության գործադիր մարմնի իրավական կարգավիճակն էապես տարբերվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված` աշխատողի` ընդհանուր իրավական կարգավիճակից, ինչը պայմանավորված է գործադիր մարմնի գործունեության առանձնահատկությամբ, բաժնետիրական ընկերության կառավարման համակարգում վերջինիս դերով և նշանակությամբ:

Բաժնետիրական ընկերության տնօրենի իրավական կարգավիճակի` ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված աշխատողի ընդհանուր իրավական կարգավիճակից տարբերվելու վերաբերյալ Վճռաբեկ դատարանի եզրահանգումների հիմքում ընկած է նաև այն հանգամանքը, որ բաժնետիրական ընկերության տնօրենը հանդիսանում է ընկերության գործադիր մարմին, իսկ օրենսդրությամբ սահմանված է բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի` նաև առևտրային կազմակերպություն (իրավաբանական անձ) լինելու հնարավորությունը, որի հետ ևս ընկերությունը կնքում է պայմանագիր:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում փաստել, որ բաժնետիրական ընկերության` իրավաբանական անձ գործադիր մարմինն իրականացնում է այն նույն գործառույթները, որոնցով օժտված է ֆիզիկական անձ գործադիր մարմինը (տնօրենը, գլխավոր տնօրենը), մինչդեռ իրավաբանական անձի պարագայում ակնհայտ է, որ կողմերի միջև չեն կարող ծավալվել աշխատանքային հարաբերություններ, քանի որ ընկերության գործադիր մարմին հանդիսացող իրավաբանական անձը, ՀՀ աշխատանքային օրենսդրության տրամաբանության համաձայն, չի կարող համարվել աշխատող:

Այդուհանդերձ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն դեպքում, երբ բաժնետիրական ընկերության գործադիր մարմինը ֆիզիկական անձ է (տնօրեն, գլխավոր տնօրեն), ապա վերջինիս նկատմամբ կարող են գործել ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ աշխատողների ընդհանուր իրավական կարգավիճակի վերաբերյալ այնպիսի դրույթներ, որոնք չեն հակասում ընկերության տնօրենի` որպես ընկերության գործադիր մարմնի` օրենքով սահմանված իրավական կարգավիճակի բովանդակությանը, և չեն կարգավորվում «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքով:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ ՀՀ աշխատանքային օրենսգիրքը չի պարունակում բաժնետիրական ընկերության ղեկավարի հետ աշխատանքային հարաբերությունների ծագման կամ դադարման վերաբերյալ որևէ դրույթ, իսկ բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի ձևավորման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքով:

i

Մասնավորապես, «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 67-րդ հոդվածի 1-ին կետի «թ» ենթակետի համաձայն` ժողովի իրավասությանն են պատկանում ընկերության գործադիր մարմնի (միանձնյա կամ կոլեգիալ) ձևավորումը, նրա լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը, եթե կանոնադրությամբ այդ իրավունքը վերապահված չէ խորհրդին:

«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` ընկերության գործադիր մարմինների ձևավորումն ու դրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը կատարվում է ժողովի որոշմամբ, եթե կանոնադրությամբ այդ հարցերը վերապահված չեն խորհրդի իրավասությանը: (...) Ընկերության անունից պայմանագիրը ստորագրում է խորհրդի նախագահը կամ խորհրդի կողմից լիազորված այլ անձ: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` միանձնյա գործադիր մարմնի, կոլեգիալ գործադիր մարմնի անդամների, կառավարող կազմակերպության կամ կառավարչի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են նույն օրենքով, այլ իրավական ակտերով և Ընկերության ու նրանցից յուրաքանչյուրի հետ կնքված պայմանագրով: Ընկերության անունից պայմանագիրը ստորագրում է խորհրդի նախագահը կամ խորհրդի կողմից լիազորված այլ անձ:

i

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` աշխատանքային պայմանագիրը համաձայնություն է աշխատողի և գործատուի միջև, ըստ որի` աշխատողը պարտավորվում է գործատուի համար կատարել որոշակի մասնագիտությամբ, որակավորմամբ աշխատանք` պահպանելով աշխատավայրում սահմանված աշխատանքային կարգապահությունը, իսկ գործատուն պարտավորվում է աշխատողին տրամադրել պայմանագրով որոշված աշխատանքը, վճարել նրա կատարած աշխատանքի համար պայմանավորված աշխատավարձը և ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ պայմանագրով, կողմերի համաձայնությամբ նախատեսված աշխատանքային պայմաններ:

Վերը նշված իրավական նորմերի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բաժնետիրական ընկերության և վերջինիս միանձնյա գործադիր մարմնի` տնօրենի միջև կնքված պայմանագիրը իր բնույթով չի հանդիսանում զուտ ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված` աշխատանքային պայմանագիր, քանի որ այն չի կնքվում ՀՀ աշխատանքային օրենսգրքով նախատեսված գործատուի և աշխատողի միջև, սակայն կարող է պարունակել նաև աշխատանքային հարաբերություններին վերաբերող կարգավորումներ, հաշվի առնելով, որ բաժնետիրական ընկերության ֆիզիկական անձ գործադիր մարմնի և ընկերության միջև հարաբերություններում առկա են նաև աշխատանքային հարաբերությունների տարրեր:

2) «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` ժողովն իրավունք ունի ցանկացած ժամանակ լուծել միանձնյա գործադիր մարմնի, կոլեգիալ գործադիր մարմնի անդամների, կառավարիչ-կազմակերպության կամ կառավարչի հետ կնքված պայմանագրերը, եթե կանոնադրությամբ այդ հարցի լուծումը վերապահված չէ խորհրդի իրավասությանը:

Բաժնետիրական ընկերության տնօրենի իրավական կարգավիճակի առանձնահատկությունների վերաբերյալ վերը նշված իրավական վերլուծությունների լույսի ներքո անդրադառնալով «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 5-րդ կետի կարգավորումներին` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ միանձնյա գործադիր մարմնի հետ պայմանագիրը ցանկացած ժամանակ լուծելու հնարավորությունը ևս պայմանավորված է բաժնետիրական ընկերության տնօրենի իրավական կարգավիճակի առանձնահատկություններով:

Վճռաբեկ դատարանն այս առումով նախևառաջ անհրաժեշտ է համարում արձանագրել, որ համապատասխան ընկերության սեփականատերը (այդ թվում` ի դեմս ընկերության խորհրդի և ընդհանուր ժողովի` օրենքով նախատեսված դեպքերում) բնականաբար պետք է օժտված լինի որոշակի իրավազորություններով, որոնք վերջինիս հնարավորություն կտան իր տնտեսական գործունեությունն առավել արդյունավետորեն իրականացնելու և կոնկրետ ընկերությունում իր ներդրած գույքը հնարավորինս ռացիոնալ օգտագործելու նպատակներով, իր պատասխանատվության ներքո ինչպես նշանակել (ընտրել) ընկերության ղեկավար, ում կվստահվի ստեղծված ընկերության կառավարումը, ընկերության գույքի ամբողջականության և պահպանության ապահովումը, այնպես էլ անհրաժեշտության դեպքում դադարեցնել համապատասխան անձի հետ ծավալված հարաբերությունները:

Ըստ այդմ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ընկերության տնօրենի հետ կնքված պայմանագիրը վաղաժամկետ լուծելու` «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքով նախատեսված հնարավորությունը բխում է բաժնետիրական ընկերության բաժնետերերի շահերից, իսկ պայմանագիրը վաղաժամկետ լուծելու անհրաժեշտությունը կարող է պայմանավորված լինել ձեռնարկատիրական գործունեության զարգացման ռազմավարության և մարտավարության փոփոխությամբ, կամ ընկերության ղեկավարման արդյունավետության բարձրացման անհրաժեշտությամբ, կամ գործունեության նոր ուղղությունների ընտրությամբ, կարող է պայմանավորված լինել ընկերության, որպես քաղաքացիական իրավահարաբերությունների մասնակցի, իրավական կարգավիճակի և գույքային դրության փոփոխությամբ, ինչպես նաև այլ պատճառներով, որոնց սպառիչ և ամբողջական ցանկը հնարավոր չէ նախապես սահմանել:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 5-րդ կետում ամրագրված «ցանկացած ժամանակ» ձևակերպումը, որը ենթադրում է այդպիսի անհրաժեշտության առաջացման դեպքում յուրաքանչյուր պահի ընկերության տնօրենի հետ պայմանագիրը լուծելու հնարավորության առկայություն, ըստ էության, բխում է շուկայական տնտեսության պահանջներից` հաշվի առնելով բաժնետիրական ընկերությունների տնտեսական գործունեության ազատությունը և ազատ տնտեսական մրցակցությունը:

Ընդ որում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ընկերության տնօրենի հետ պայմանագիրը լուծելու վերաբերյալ համապատասխան մարմնի որոշումը կարող է չպարունակել այդպիսի որոշման որևէ պատճառաբանություն, ինչը ևս բխում է տնտեսական գործունեության ազատության և տնտեսական մրցակցության սկզբունքից, հաշվի առնելով, որ այդպիսի որոշում կայանցնելու դրդապատճառները կարող են կապված լինել օրինակ, առևտրային գաղտնիքի, կամ նոու-հաուի (know-how) հետ և այլն:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.

i

ՀՀ սահմանադրական դատարանը 13.05.2008 թվականի թիվ ՍԴՈ-753 որոշմամբ նշել է, որ իրավական պետության սկզբունքը, ի թիվս այլոց, պահանջում է նաև իրավական օրենքի առկայություն: Վերջինս պետք է լինի բավականաչափ մատչելի` իրավունքի սուբյեկտները պետք է համապատասխան հանգամանքներում հնարավորություն ունենան կողմնորոշվելու` թե տվյալ դեպքում ինչ իրավական նորմեր են կիրառվում: Նորմը չի կարող համարվել «օրենք», եթե այն ձևակերպված չէ բավարար ճշգրտությամբ, որը թույլ կտա իրավաբանական և ֆիզիկական անձանց դրան համապատասխանեցնել իրենց վարքագիծը. նրանք պետք է հնարավորություն ունենան կանխատեսել այն հետևանքները, որոնք կարող է առաջացնել տվյալ գործողությունը:

ՀՀ սահմանադրական դատարանի` վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 5-րդ կետում ամրագրված դրույթին, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն ձևակերպված է բավարար ճշգրտությամբ, և թույլ է տալիս կանխատեսել, որ բաժնետիրական ընկերության ֆիզիկական անձ գործադիր մարմնի հետ կնքված պայմանագիրը, բացի ՀՀ աշխատանքային օրենսգրքով նախատեսված դեպքերի, կարող է նաև լուծվել ցանկացած պահի` անկախ այդ դեպքերի առկայության:

Սույն վեճի նկատմամբ վերոնշյալ մեկնաբանությունների կիրառումը.

Սույն գործի փաստերի համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչության պետի 08.06.1999 թվականի թիվ 28 հրամանով Կարինե Տիտանյանը 07.06.1999 թվականից նշանակվել է Ընկերության գործադիր տնօրենի պաշտոնակատար: Խորհրդի 15.01.2004 թվականի թիվ 1-Ա որոշմամբ Կարինե Տիտանյանը վերանշանակվել է Ընկերության տնօրեն: Կանոնադրության 8.1-րդ կետի համաձայն` Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովն Ընկերության կառավարման բարձրագույն մարմինն է, իսկ 8.2-րդ կետի 11-րդ ենթակետի համաձայն` Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի իրավասությանն է պատկանում Ընկերության տնօրենի նշանակումը, նրա լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը:

Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովը, օգտվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 5-րդ կետով իրեն վերապահված` միանձնյա գործադիր մարմնի հետ կնքված պայմանագիրը ցանկացած ժամանակ լուծելու իրավունքից, 16.07.2013 թվականին որոշում է կայացրել 16.07.2013 թվականից Ընկերության գործադիր մարմնի ղեկավար Կարինե Տիտանյանի լիազորությունները դադարեցնելու և նրա հետ կնքված «աշխատանքային պայմանագիրը» լուծելու մասին:

Դատարանը, պատճառաբանելով, որ կողմերի միջև ծագած իրավահարաբերություններն աշխատանքային բնույթի են, հետևաբար կողմերի միջև այդ իրավահարաբերությունները կարող են դադարել բացառապես ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված հիմքերով` հաշվի առնելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի բացառությունները, ինչպես նաև նկատի ունենալով այն, որ Ընկերությունն իր գործունեությունը չի ծավալում այնպիսի բնագավառում, որի մասով օրենքով սահմանված է աշխատանքային հարաբերությունների կարգավորման առանձնահատկություն, գտել է, որ փակ բաժնետիրական ընկերության կազմակերպաիրավական ձև ունենալը դեռևս բավարար չէ նման ընկերության հետ ծագած աշխատանքային հարաբերությունների նկատմամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ մասը կիրառելու համար: Միաժամանակ պատճառաբանելով, որ «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքն աշխատանքային բնույթի հարաբերություններ չի կարգավորում, և նույն օրենքի 88-րդ հոդվածի 5-րդ կետում նշված իրավունքը չի կարող իրականացվել բացարձակ կերպով, քանի որ այդ իրավանորմով աշխատանքային իրավահարաբերությունների դադարման կարգ սահմանված չէ, և գտնելով, որ «ցանկացած ժամանակ» եզրույթը վերաբերում է իրավունքի իրականացման ժամանակին և ոչ թե իրավունքի իրականացման հիմքերին, հետևաբար, թույլատրելի չէ գործատուի այնպիսի վարքագիծը, որի իրականացման արդյունքում անհարկի սահմանափակվում են աշխատողի աշխատանքային իրավունքները և չկան երաշխիքներ այդ իրավունքների պաշտպանության համար, Դատարանը հայցը մասնակիորեն բավարարել է, անվավեր է ճանաչել Խորհրդի 16.07.2013 թվականի թիվ 29-Լ որոշումը` Կարինե Տիտանյանին վերականգնելով Ընկերության տնօրենի պաշտոնում: Դատարանը միաժամանակ վճռել է Ընկերությունից հօգուտ Կարինե Տիտանյանի բռնագանձել 1.218.316 ՀՀ դրամ` որպես վերջնահաշվարկի գումար, ինչպես նաև 16.07.2013 թվականից հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար հաշվարկվող միջին աշխատավարձի գումարը:

Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով, որ գործատուն չպետք է անհարկի սահմանափակի աշխատողի աշխատանքային իրավունքները, անկախ նրանից, թե վերջինս ինչպիսի պաշտոն է զբաղեցնում, իսկ Ընկերությունը ցանկացած ժամանակ կարող է լուծել տնօրենի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը, սակայն միայն ՀՀ աշխատանքային օրենսգրքով և ՀՀ օրենսդրության մաս կազմող միջազգային իրավական ակտերով ու պայմանագրերով նախատեսված հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում, գտել է, որ «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 5-րդ կետը որպես ցանկացած ժամանակ առանց որևէ փաստական և իրավական հիմքի աշխատանքային պայմանագիրը լուծելու գործատուի բացարձակ իրավունք դիտարկելու դեպքում կխախտվեն աշխատանքային հարաբերությունների կայունության, աշխատողների իրավունքների և հնարավորությունների հավասարության ու այլ սկզբունքները, ուստի և վերաքննիչ բողոքը մերժել է և Դատարանի վճիռը թողել է օրինական ուժի մեջ:

Մինչդեռ վերը շարադրված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանը դրանք գտնում է անհիմն հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ սույն որոշմամբ արդեն իսկ հիմնավորել է, որ օրենսդրությամբ նախատեսված` բաժնետիրական ընկերության տնօրենի հետ ցանկացած ժամանակ պայմանագիրը լուծելու հնարավորության առկայությունը բխում է տնտեսական գործունեության ազատության և տնտեսական մրցակցության սկզբունքից, ինչպես նաև ՀՀ աշխատանքային օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ մասի պահանջից:

Ինչ վերաբերում է աշխատանքային հարաբերությունների կայունության, աշխատողների իրավունքների և հնարավորությունների հավասարության ու այլ սկզբունքները խախտվելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի եզրահանգումներին, ապա Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ բաժնետիրական ընկերության տնօրենի իրավական կարգավիճակի և աշխատողի իրավական կարգավիճակի էական տարբերությամբ պայմանավորված` տվյալ դեպքում բացակայում են ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված դասական «գործատու»-»աշխատող» հարաբերությունները:

Ըստ այդմ, բաժնետիրական ընկերության տնօրենի և ընկերության միջև հարաբերությունները չեն կարող դիտարկվել որպես զուտ աշխատանքային հարաբերություններ, որոնք սահմանված են ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ: Հետևաբար բաժնետիրական ընկերության տնօրենի հետ կնքված պայմանագրի լուծումը, պայմանավորված լինելով բաժնետերերի իրավունքներով և շահերով, ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված` գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման` օրենքով նախատեսված որևէ հիմք կարող է և չպարունակել:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 5-րդ կետով ամրագրված դրույթը ձևակերպված է այնպիսի բավարար ճշգրտությամբ, որը թույլ է տալիս անձանց դրան համապատասխանեցնելու իրենց վարքագիծը, այն է` յուրաքանչյուր ոք հնարավորություն ունի կանխատեսել այն հետևանքները, որոնք կարող է առաջացնել տվյալ գործողությունը: Այլ կերպ ասած` բաժնետիրական ընկերության հետ կնքելով պայմանագիր, տնօրենը կարող է և պետք է կանխատեսի ընկերության կողմից ցանկացած ժամանակ պայմանագրի վաղաժամկետ դադարեցման հնարավորության առկայությունը: Հետևաբար տվյալ դեպքում պետք է գործի այն կանխավարկածը, որ ստանձնելով ընկերության գործադիր մարմնի պաշտոնը, ֆիզիկական անձ տնօրենն արդեն իսկ տալիս է իր համաձայնությունն իր հետ կնքված պայմանագիրը ցանկացած պահի լուծելու վերաբերյալ:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները, նույնացնելով ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ կարգավորվող հարաբերությունները և բաժնետիրական ընկերությունների գործունեության ոլորտում ծավալվող հարաբերությունները, ոչ ճիշտ եզրահանգման են եկել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքների վերաբերյալ, ուստի «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 5-րդ կետի խախտման վերաբերյալ փաստարկների մասով վճռաբեկ բողոքը հիմնավոր է:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ընկերության գործադիր մարմնի ղեկավարի լիազորությունները դադարեցնելու մասով Խորհրդի 16.07.2013 թվականի թիվ 29-Լ որոշումը ենթակա չէր անվավեր ճանաչման, ուստի Կարինե Տիտանյանի հայցն` այդ պահանջի մասով, ենթակա էր մերժման: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Կարինե Տիտանյանի հայցը ենթակա էր մերժման նաև նախկին աշխատանքում վերականգնելու, հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը բռնագանձելու պահանջների մասով, նկատի ունենալով, որ նշված պահանջներն ածանցյալ պահանջներ են, անմիջականորեն պայմանավորված են Խորհրդի 16.07.2013 թվականի թիվ 29-Լ որոշման իրավաչափությամբ, ուստի և հիմնական պահանջի մերժման պարագայում, մերժման էին ենթակա նաև վերը նշված ածանցյալ պահանջները:

Ինչ վերաբերում է վերջնահաշվարկի գումարի բռնագանձման պահանջին, ապա` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

i

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողի հետ կատարել լրիվ վերջնահաշվարկ աշխատանքային պայմանագրի լուծման օրը, եթե նույն օրենսգրքով, օրենքով կամ գործատուի և աշխատողի համաձայնությամբ վերջնահաշվարկի այլ կարգ նախատեսված չէ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` գործատուն վերջնահաշվարկի օրը պարտավոր է աշխատողին վճարել աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումներ, սահմանված կարգով լրացնել աշխատողի աշխատանքային գրքույկն ու հանձնել նրան:

Նշված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ աշխատողի հետ լրիվ վերջնահաշվարկը գործատուն կատարում է բացառապես վերջինիս հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծվելու (աշխատանքային հարաբերությունները դադարելու) դեպքում և գործատուի պարտականությունն է այդ վերջնահաշվարկը կատարել աշխատանքային պայմանագրի լուծման օրը, եթե նույն օրենսգրքով, օրենքով կամ գործատուի և աշխատողի համաձայնությամբ վերջնահաշվարկի այլ կարգ նախատեսված չէ:

Ընդ որում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքն ընկերության տնօրենի հետ աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում վերջնահաշվարկի հարաբերությունների վերաբերյալ որևէ նորմ չի պարունակում, ուստի նշված հարցի կապակցությամբ կիրառման ենթակա են ՀՀ աշխատանքային օրենսգրքի վերը նշված հոդվածները:

Սույն գործի փաստերի համաձայն` Ընկերությունը հաշվարկել և Դատարանի դեպոզիտ հաշվին է փոխանցել Կարինե Տիտանյանի վերջնահաշվարկի և վերջնահաշվարկը սահմանված ժամկետում չվճարելու համար օրենքով նախատեսված տուժանքի գումարները:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ընկերությունն ընդունել է վերջնահաշվարկի գումարը և այն սահմանված ժամկետում չվճարելու համար օրենքով նախատեսված տուժանքը բռնագանձելու պահանջները, հետևաբար ստորադաս դատարանների եզրահանգումները վերջնահաշվարկի գումարի բռնագանձման պահանջը բավարարելու վերաբերյալ Վճռաբեկ դատարանը համարում է հիմնավոր:

Վերը նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:

Սույն գործով դատական ծախսերը կազմված են միայն պետական տուրքից:

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Ընկերության ներկայացուցիչը վերաքննիչ բողոք բերելու համար վճարել է 67.000 ՀՀ դրամ, իսկ վճռաբեկ բողոքի համար վճարել է 97.000 ՀՀ դրամ պետական տուրքի գումար, իսկ տվյալ դեպքում վճռաբեկ բողոքի բավարարման արդյունքում հայցը` որոշումն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու, հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու պահանջների մասով, ենթակա է մերժման` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ընկերության կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարը, 30.000 ՀՀ դրամի չափով` որպես վերաքննիչ բողոքի և 60.000 ՀՀ դրամի չափով` որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրքի փոխհատուցման գումար, ենթակա է բռնագանձման Կարինե Տիտանյանից:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.11.2014 թվականի որոշման` Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 21.08.2014 թվականի վճիռը` հայցը` Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի 16.07.2013 թվականի թիվ 29-Լ որոշումն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու պահանջների մասով բավարարելու մասով օրինական ուժի մեջ թողնելու մասերը, և այդ մասերով այն փոփոխել` հայցն այդ մասերով մերժել:

Որոշումը` մնացած մասով, թողնել օրինական ուժի մեջ:

2. Կարինե Տիտանյանից հօգուտ «Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոն» ՓԲԸ-ի բռնագանձել 30.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի և 60.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան

Դատավորներ` Գ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ռ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

Ն. Տավարացյան

 

-?1

 

 

pin
Վճռաբեկ դատարան
28.12.2015
N ԵԿԴ/1896/02/13
Որոշում