Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 32-ՐԴ, 187-...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 32-ՐԴ, 187-ՐԴ, 188-ՐԴ, 3 ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
վարչական վերաքննիչ դատարանի որոշում
Վարչական գործ թիվ ՎԴ/2603/05/10
2013 թ.
Վարչական գործ թիվ ՎԴ/2603/05/10   
Նախագահող դատավոր` Ա. Սարգսյան
                   Դատավորներ` Հ. Բեդևյան
                                                 Ա. Բաբայան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
 և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

Նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Ե. Սողոմոնյանի
Վ. Աբելյանի
Ս. Անտոնյանի
  Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
Գ. Հակոբյանի
Է. Հայրիյանի
Տ. Պետրոսյանի

 

 

2013 թվականի հոկտեմբերի 04-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Գրիգոր Խաչերյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 07.05.2013 թվականի որոշման դեմ` ըստ Գրիգոր Խաչերյանի հայցի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան), երրորդ անձինք Ամասիկ և Լուսինե Մանասերյանների` Երևանի քաղաքապետի (այսուհետ` Քաղաքապետ) 27.03.2008 թվականի թիվ 1399-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Գրիգոր Խաչերյանը պահանջել է անվավեր ճանաչել Քաղաքապետի 27.03.2008 թվականի թիվ 1399-Ա որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Կ. Ավետիսյան) (այսուհետ` Դատարան) 17.12.2012 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 07.05.2013 թվականի որոշմամբ Քաղաքապետարանի ու Ամասիկ և Լուսինե Մանասերյանների վերաքննիչ բողոքները բավարարվել են. որոշվել է բեկանել Դատարանի 17.12.2012 թվականի վճիռը և այն փոփոխել` հայցը մերժել:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գրիգոր Խաչերյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխաններ են ներկայացրել Ամասիկ և Լուսինե Մանասերյանները, ինչպես նաև Քաղաքապետարանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը սխալ է կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ, 132-րդ, 188-րդ հոդվածները, խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ, 345-րդ հոդվածները, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը, 4-րդ մասի «բ» կետը, «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 1-ին և 3-րդ հոդվածները, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ, 23-րդ, 24-րդ, 117.14-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը չի հետազոտել և գնահատման չի ենթարկել գործում առկա մի շարք ապացույցներ, որոնք միանշանակ հաստատում են, որ Ազատուհի Խաչերյանն իր ընտանիքով Երևանի Այգեստան 11-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 5 տուն տեղափոխվելիս Գրիգոր Խաչերյանի նկատմամբ ստանձնել է պարտավորություն, այն է` կատարել նշված հասցեի տան կոմունալ վճարումները և համապատասխան օրենքի առկայության դեպքում տունն օրինականացնել Գրիգոր Խաչերյանի երեխաների անուններով:

Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել նաև Հայկանուշ Սահակյանի անունից դատարան ներկայացված հայտարարությանը, որով վերջինս հերքել է Լուսինե Մանասերյանին տրված գրությունն այն մասին, որ 1992 թվականին ինքը եղել է Երևանի Այգեստան 11-րդ փողոցի 1-ին նրբանցքի լիազորը, բայց ոչ մի թուղթ չի կնքել, որովհետև չի ունեցել փաստաթուղթ կնքելու իրավունք` նշելով, որ Լուսինե Մանասերյանն իրեն թյուրիմացության մեջ է գցել: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը որպես ապացույց է ճանաչել Հայկանուշ Սահակյանի անունից 14.05.2010 թվականին գրված, սակայն հերքված հայտարարությունը: Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել գործում եղած` Անահիտ Տիգրանյանի, Էլմիրա Պողոսյանի, Թագուհի Կարայանի և Սամսոն Խալաթյանի հայտարարությունները, որոնք որպես ապացույցներ կարևոր են նաև այն առումով, որ նշված անձինք ևս 1992 թվականին ստորագրել են «Բացատրագիր» վերնագրված, Ազատուհի Խաչերյանի կողմից ստորագրված փաստաթուղթը, ինչը նաև հաստատվում է այդ հայտարարություններով:

Վերաքննիչ դատարանը սույն վեճը լուծելիս կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածը, մինչդեռ պետք է կիրառեր «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 1-ին և 3-րդ հոդվածները:

Վերաքննիչ դատարանը ճիշտ չի գնահատել Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալի թիվ 23/35-122/346 գրությունը, որում ընդամենը նշվել է, որ տան ընթացիկ վերանորոգման, պահպանման աշխատանքները կատարվել են Ամասիկ և Լուսինե Մանասերյանների կողմից:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Մանասերյանները Քաղաքապետարան ներկայացրած կեղծ տեղեկությունների միջոցով իրենց անունով են սեփականացրել Գրիգոր Խաչերյանի և նրա ընտանիքի կողմից կառուցված Երևանի Այգեստան 11-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 5 հասցեի տունը, ինչի արդյունքում զրկել են վերջիններիս այդ գույքն օրենքով սահմանված կարգով սեփականացնելու իրավունքից:

Վերաքննիչ դատարանը չի գնահատել նաև այն փաստը, որ Ազատուհի Խաչերյանը և նրա ընտանիքի անդամները` Ամասիկ և Լուսինե Մանասերյանները, գիտակցել են, որ վիճելի տունը տիրապետում են ժամանակավոր, ուստի չէին կարող վստահել Քաղաքապետի վիճարկվող որոշմանը: Մասնավորապես, այն փաստը, որ Ամասիկ Մանասերյանի կինը` Ազատուհի Խաչերյանը, ստորագրել է «Բացատրագիր» վերնագրով գրությունը, որում առկա ստորագրության պատկանելիությունը հաստատվել է փորձաքննությամբ, հիմնավորում է, որ նրա ընտանիքի մյուս անդամները, տեղափոխվելով բնակվելու Գրիգոր Խաչերյանի տուն, տեղյակ են եղել, թե ինչ պայմաններով են բնակվելու այդ տանը, հետևաբար և նրանք չէին կարող վճարել նշված տան համար, իսկ Գրիգոր Խաչերյանը չէր կարող վերցնել գումար, քանի որ նա իր տունը չէր վաճառել:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 07.05.2013 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 17.12.2012 թվականի վճռին:

 

2.1. Ամասիկ և Լուսինե Մանասերյանների Վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները

Գրիգոր Խաչերյանը չունի որևէ իրավահաստատող փաստաթուղթ, որով կարող է հաստատել իր` որպես սեփականատիրոջ կամ օրինական տիրապետողի իրավունքները Երևանի Այգեստան 11-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 5 տան նկատմամբ, ինչից հետևում է, որ վերջինս չունի Քաղաքապետի վիճարկվող որոշումն անվավեր ճանաչելու պահանջ ներկայացնելու իրավունք: Ավելին, Գրիգոր Խաչերյանը չի ներկայացրել որևէ ապացույց այն մասին, որ նշված տունը կառուցվել է իր կողմից, կամ այն անշարժ գույքի կադաստրում հաշվառված էր իր անվամբ: Նման փաստաթղթերի բացակայության պայմաններում զուտ «Բացատրագիր» վերնագրված փաստաթուղթը չի կարող հիմք հանդիսանալ օրինական տիրապետողներից գույքը պահանջելու և Քաղաքապետի վիճարկվող որոշումն անվավեր ճանաչելու համար:

i

Գրիգոր Խաչերյանը ներկայացրել է շինծու «Բացատրագիր» վերնագրված ինչ-որ փաստաթուղթ, որը դիտել է որպես պահատվության պայմանագիր, մինչդեռ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով հիմնավորվել է, որ վերջինիս կողմից վկայակոչված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 43-րդ գլխով սահմանված պահատվության պայմանագրի դրույթներն այդ փաստաթղթի նկատմամբ կիրառելի չեն: Նշված շինծու բացատրագրի վերաբերյալ Ազատուհի Խաչերյանը գրություն է ուղարկել ԱՄՆ-ից, որով հայտնել է, որ ինքը երբևէ նման բացատրություն չի գրել և չի ստորագրել: Այդ կապակցությամբ նույնիսկ նախկին լիազորը` Հայկանուշ Սահակյանը, հայտարարություն է տվել այն մասին, որ 1992 թվականին եղել է Երևանի Այգեստան 11-րդ փողոցի 1-ին նրբանցքի տնային լիազորը, բայց ոչ մի թուղթ չի կնքել, որովհետև չի ունեցել փաստաթուղթ կնքելու իրավունք և կնիք:

Այսպիսով, Ամասիկ և Լուսինե Մանասերյանները Երևանի Այգեստան 11-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 5 հասցեի գույքը տիրապետում են 1992 թվականից որպես սեփական գույք, ուստի վերջիններս ունեն ձեռքբերման վաղեմության իրավունք, և որպես այդ գույքի օրինական տիրապետողներ, տնօրինողներ և օգտագործողներ` միայն նրանք իրավունք ունեին դիմելու Քաղաքապետարան` դրա սեփականաշնորհման համար:

 

2.2. Քաղաքապետարանի վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները

i

Քաղաքացիական իրավահարաբերությունների օբյեկտները, որոնց կապակցությամբ առաջանում են իրավահարաբերության մասնակիցների իրավունքները և պարտականությունները, սպառիչ կերպով թվարկված են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 132-րդ հոդվածում, որում «ինքնակամ կառույցի» բացակայությունը նշանակում է, որ ինքնակամ կառուցված շենքը կամ շինությունը չեն կարող հանդիսանալ քաղաքացիական հարաբերությունների օբյեկտ, իսկ «ինքնակամ կառույցի» նկատմամբ իրականացված գործողությունների հետևանքով չեն կարող առաջանալ իրավունքներ և պարտականություններ:

«Բացատրագիր» վերնագրված փաստաթուղթն իրավական բնույթ չունի, իրավական հետևանքներ չի առաջացնում, դրա հետ կապված հարաբերությունների կարգավորում քաղաքացիական օրենսդրությամբ նախատեսված չլինելու պայմաններում ընդհանրապես առկա չեն քաղաքացիական իրավահարաբերության տարրերը` իրավահարաբերության սուբյեկտը, օբյեկտը, բովանդակությունը: Նշված փաստաթուղթը սույն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող որևէ փաստ չի հաստատում կամ հերքում: Հետևաբար, վերոգրյալ փաստաթուղթն Ազատուհի Խաչերյանի կողմից տրված լինելու փաստը ևս գործի լուծման համար որևէ էական նշանակություն չունի, բացառապես այդ փաստաթղթի հիման վրա հնարավոր չէ փաստել, որ Ամասիկ և Լուսինե Մանասերյանները վիճարկվող որոշումը կայացրած վարչական մարմին կեղծ տվյալներ են ներկայացրել:

Միաժամանակ, գործում առկա մի շարք անձանց տված հայտարարությունները սույն գործով վերաբերելի ապացույցներ չեն:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Ազատուհի Խաչերյանը 05.02.1992 թվականին տվել է բացատրագիր հետևյալ բովանդակությամբ. «Ես` Ազատուհի Մանվելի Խաչերյանս, համաձայն եմ իմ ընտանիքով մնալու եղբորս` Գրիգոր Մանվելի Խաչերյանի տանը` ժամանակավոր, և պարտավորվում են ժամանակին վճարել բոլոր վճարումները, տունն օրինականացնելու դեպքում ձևակերպել եղբորս երեխաների` Մանվել և Կարինե Գրիգորի Խաչերյանների անունով ..., որի համաձայն` տալիս եմ անձնագրիս համարը` VI-հխ N 539272, տրված Սովետականի շրջգործկոմի ներքին գործերի բաժնի կողմից 7/VII/79թ., և անձնական ստորագրությունը ...»: Նշված բացատրագիրը ստորագրվել է Ազատուհի և Հովհաննես Խաչերյանների, ինչպես նաև հարևանների` Էլմիրա Պողոսյանի, Անահիտ Տիգրանյանի և Թագուհի Կարայանի կողմից, և հաստատվել է տնային լիազոր Սահակյանի կողմից (կնիքով և ստորագրությամբ) (հատոր 2-րդ, գ.թ. 100):

2) «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի 01.10.2012 թվականի փորձագետի թիվ 28971201 եզրակացության «Հետևություն»-ների համաձայն` փորձաքննությանը տրամադրված դեղնավուն ստանդարտ գրելաթղթում` «Բացատրագիր ...» բառով սկսվող ու «... 5/II 1992թ.» թվերով ավարտվող ձեռագիր տեքստի միջնամասում` «անձնական ստորագրությունը» բառերի դիմաց տեղավորված ստորագրությունը կատարվել է Ազատուհի Խաչերյանի կողմից (հատոր 3-րդ, գ.թ. 5-7):

3) Քաղաքապետի 27.03.2008 թվականի թիվ 1399-Ա որոշմամբ Երևանի Այգեստան 11-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 5 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ վերականգնվել են Ամասիկ և Լուսինե Մանասերյանների (հանդիսանում են Ազատուհի Խաչերյանի ընտանիքի անդամներ) հողօգտագործման իրավունքները` բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ 212,65 քմ մակերեսով հողամասի չափով` ճանաչելով նրանց սեփականության իրավունքները 115,5 քմ մակերեսով արտաքին և 95,3 քմ մակերեսով ներքին չափերով շենք-շինությունների և նշված հողամասի նկատմամբ (հատոր 1-ին, գ.թ. 9):

4) Կենտրոն թաղային համայնքի ղեկավարի 21.02.2008 թվականի տեղեկանքի համաձայն` Երևանի Այգեստան 11-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 5 տունը կառուցվել է մինչև 1992 թվականը (հատոր 2-րդ, գ.թ. 208):

5) Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալի թիվ 23/35-122/346 գրության համաձայն` Ամասիկ և Լուսինե Մանասերյաններն Այգեստան 11-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 5 տանը բնակվում են 1992 թվականից: Տան ընթացիկ վերանորոգման, պահպանման աշխատանքները կատարվել են Ամասիկ և Լուսինե Մանասերյանների կողմից (հատոր 2-րդ, գ.թ. 45):

6) ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի 12.06.2009 թվականի թիվ 25/01-33618 գրության համաձայն` մինչ ԱՄՆ մեկնելը Գրիգոր Խաչերյանը հաշվառված է եղել քաղաք Երևան, Այգեստան 1-ին նրբանցք, տուն 5 հասցեում, որի հաշվառումից հանվել է 04.02.1992 թվականին (հատոր 2-րդ, գ.թ. 172):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելը բխում է օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթից և գտնում, որ սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն ունեն նմանատիպ գործերով միասնական դատական պրակտիկա ձևավորելու համար:

Քննության առարկա վճռաբեկ բողոքի շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ կեղծ փաստաթղթերի կամ տեղեկությունների հիման վրա ընդունված վարչական ակտի անվավերության հարցին:

i

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անվավեր է առ ոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է`

ա) օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով.

բ) կեղծ փաստաթղթերի կամ տեղեկությունների հիման վրա, կամ եթե ներկայացված փաստաթղթերից ակնհայտ է, որ ըստ էության պետք է ընդունվեր այլ որոշում:

Վկայակոչված հոդվածից հետևում է, որ վարչական ակտը ոչ իրավաչափ որակելու և այն անվավեր ճանաչելու իրավական հիմք է, ի թիվս այլոց, այդ ակտի` կեղծ տեղեկությունների հիման վրա ընդունված լինելը: Վճռաբեկ դատարանը նշված իրավանորմի միատեսակ կիրառությունն ապահովելու նկատառումով հարկ է համարում մեկնաբանել «կեղծ փաստաթուղթ» և «կեղծ տեղեկություններ» հասկացությունները:

Մասնավորապես` վարչական ակտ ընդունելու համար հիմք հանդիսացած փաստաթուղթը կեղծ է, եթե այն որպես այդպիսին (բովանդակությամբ, վավերապայմաններով և այլ հատկանիշներով)իրականության մեջ երբևէ գոյություն չի ունեցել (օրինակ` փաստաթուղթը կազմված չէ այն անձի կողմից, ում կողմից այն ստորագրված է, ներկայացվել է մի փաստաթուղթ, որն իրականում չի կազմվել, փաստաթղթում առկա են ուղղումներ, լրացումներ, ջնջումներ և այլ փոփոխություններ, որոնց արդյունքում փոխվել է փաստաթղթի նախնական բովանդակությունը և այլն): Վարչական ակտ ընդունելու համար հիմք հանդիսացած տեղեկությունը կեղծ է, եթե տեղեկությունն ամբողջությամբ կամ դրանում պարունակվող առանձին տվյալները չեն համապատասխանում իրականությանը: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կեղծ փաստաթուղթը կամ կեղծ տեղեկությունը կարող են հանգեցնել վարչական ակտի անվավերության, եթե վճռորոշ ազդեցություն են ունեցել վարչական ակտի` նման բովանդակությամբ ընդունվելու համար, այլ կերպ ասած` առանց այդ փաստաթղթի կամ տեղեկության վարչական ակտը չէր ունենա այնպիսի բովանդակություն, որն ունի դրա առկայության պայմաններում:

i

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին պարբերության համաձայն` ոչ իրավաչափ վարչական ակտը չի կարող անվավեր ճանաչվել, եթե ակտի հասցեատերն իրավունք ունի վստահելու վարչական ակտի գոյությանը, և վերջինիս գործողության մեջ գտնվելը չի կարող վնաս պատճառել որևէ անձի իրավունքներին, Հայաստանի Հանրապետությանը կամ որևէ համայնքի:

i

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` վարչական ակտի հասցեատերը վարչական ակտի գոյությանը վստահելու իրավունք չունի, եթե նա`

ա) համապատասխան վարչական ակտի ընդունմանը հասել է կաշառքի, սպառնալիքի կամ վարչական մարմնի պաշտոնատար անձին դիտավորյալ մոլորության մեջ գցելու միջոցով.

բ) համապատասխան վարչական ակտի ընդունմանը հասել է կեղծ կամ ոչ լրիվ փաստաթղթեր ներկայացնելու միջոցով.

գ) նախապես իմացել է վարչական ակտի ոչ իրավաչափ լինելու մասին կամ այդ մասին պարտավոր էր իմանալ` իր համար մատչելի տեղեկությունների հիման վրա:

Վերոնշյալ իրավանորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրն ուղղակիորեն բացառել է կեղծ կամ ոչ լրիվ փաստաթղթեր ներկայացնելու միջոցով ընդունված վարչական ակտի հասցեատիրոջ կողմից այդ ակտի գոյությանը վստահելու իրավունքը: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բոլոր այն դեպքերում, երբ վարչական ակտի հասցեատերը, դիտավորությամբ չբացահայտելով իրեն մատչելի տեղեկությունը, որը կարող էր բացառել ակնկալվող ակտի ընդունումը կամ հանգեցներ ակտի ընդունմանն այլ բովանդակությամբ, հասել է ոչ իրավաչափ վարչական ակտի ընդունման, ըստ էության նախապես իմացել է վարչական ակտի ոչ իրավաչափ լինելու մասին կամ այդ մասին պարտավոր էր իմանալ, այդ ակտին վստահելու իրավունք չունի:

Սույն գործի փաստերի համաձայն` Ազատուհի Խաչերյանը 05.02.1992 թվականին տվել է բացատրագիր, որով հայտնել է իր համաձայնությունն ընտանիքով ժամանակավոր բնակվելու եղբոր` Գրիգոր Խաչերյանի տանը, ինչպես նաև պարտավորվել է ժամանակին կատարել բոլոր վճարումները, իսկ տունն օրինականացնելու դեպքում` այն ձևակերպել եղբոր երեխաների անուններով: Նշված բացատրագիրն Ազատուհի Խաչերյանի կողմից ստորագրվելու հանգամանքը հաստատվել է «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի 01.10.2012 թվականի փորձագետի թիվ 28971201 եզրակացությամբ: Քաղաքապետի 27.03.2008 թվականի թիվ 1399-Ա որոշմամբ Երևանի Այգեստան 11-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 5 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ վերականգնվել են Ամասիկ և Լուսինե Մանասերյանների հողօգտագործման իրավունքները` բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ 212,65 քմ մակերեսով հողամասի չափով` ճանաչելով նրանց սեփականության իրավունքները 115,5 քմ մակերեսով արտաքին և 95,3 քմ մակերեսով ներքին չափերով շենք-շինությունների և նշված հողամասի նկատմամբ:

Դատարանը, բավարարելով հայցը, պատճառաբանել է, որ երրորդ անձինք (Ամասիկ և Լուսինե Մանասերյանները)` որպես Ազատուհի Խաչերյանի ընտանիքի անդամներ, ուղղակիորեն գիտակցել են, որ 1992 թվականից վիճելի հասցեում բնակվելու են ժամանակավոր և այն տիրապետելու են որպես Գրիգոր Խաչերյանին պատկանող գույք: Նշանակում է, որ երրորդ անձինք չեն ունեցել բավարար հիմք ենթադրելու, որ գույքը տիրապետելու են որպես սեփականը, հետևաբար հիմնավոր չէ վերջիններիս փաստարկն առ այն, որ իրավունք ունեին գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու համար Քաղաքապետարան ներկայացնելու համապատասխան փաստաթղթեր: Երրորդ անձինք կարող էին հավակնել վիճելի գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելուն այն դեպքում, եթե ունենային վստահություն, որ գույքը տիրապետում են որպես սեփականը:

Վերաքննիչ դատարանը, բավարարելով վերաքննիչ բողոքը, պատճառաբանել է, որ «Բացատրագիր» վերնագրված փաստաթուղթը` որպես ապացույց, սույն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող որևէ փաստ չի հաստատում կամ հերքում: Նշված փաստաթուղթն Ազատուհի Խաչերյանի կողմից տրված լինելու փաստը ևս գործի լուծման համար որևէ էական նշանակություն չունի. բացառապես նշված փաստաթղթի հիման վրա հնարավոր չէ փաստել, որ երրորդ անձինք վիճարկվող որոշումը կայացրած վարչական մարմին կեղծ տվյալներ են ներկայացրել, ուստի անհիմն է Դատարանի այն եզրահանգումը, որ երրորդ անձինք, ըստ էության, չվկայակոչելով հիշյալ փաստը, վարչական մարմնին ներկայացրել են միայն այնպիսի փաստաթղթեր, որոնք ավելի հավանական են դարձրել վարչական մարմնի համոզմունքը, որ վիճելի գույքը տիրապետվում է որպես սեփական:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով հավաքված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը վճռի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս`

1) գնահատում է ապացույցները.

2) որոշում է, թե գործի համար նշանակություն ունեցող որ հանգամանքներն են պարզվել, և որոնք չեն պարզվել.

3) որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա օրենքները և այլ իրավական ակտերը.

4) որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը:

Վերոգրյալ նորմերի վերլուծությունից հետևում է, որ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզման հանգելու համար պարտավոր է անմիջականորեն գնահատել գործում եղած բոլոր ապացույցները, ապա դրանց հետազոտման և գնահատման միջոցով պարզել նաև գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը և այդ պահանջների պահպանման արդյունքում միայն որոշել հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցերը:

i

Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի որոշման իրավաչափությանը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերջինս բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ չի գնահատել գործում առկա ապացույցները: Մասնավորապես` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Քաղաքապետի 27.03.2008 թվականի թիվ 1399-Ա որոշման կայացման համար իրավական հիմք են հանդիսացել «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների հաշվառման և պետական գրանցման մասին» ՀՀ կառավարության 25.02.1998 թվականի թիվ 114 որոշման 2-րդ կետը, «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 12.04.2001 թվականի թիվ 286 որոշման 3-րդ կետի «ը» ենթակետը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ և ՀՀ հողային օրենսգրքի 72-րդ հոդվածները:

i

«Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների հաշվառման և պետական գրանցման մասին» ՀՀ կառավարության 25.02.1998 թվականի թիվ 114 որոշման 2-րդ կետի համաձայն` քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող տնամերձ, բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված, այգեգործական հողամասերում, մինչև 1998 թվականի հունվարի 1-ը ինքնակամ կառուցված բնակելի (բնակելի, այգեգործական տներ), տնտեսական, կենցաղային, ինչպես նաև մինչև 50 տոկոսով կառուցված անավարտ (կիսակառույց) շենքերի և շինությունների նկատմամբ ճանաչվում է քաղաքացիների սեփականության իրավունքը:

«Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 12.04.2001 թվականի թիվ 286 որոշման 3-րդ կետի «ը» ենթակետի համաձայն` այն համայնքներում, որտեղ չեն պահպանվել հողամասերի նկատմամբ քաղաքացիների իրավունքը հաստատող փաստաթղթերը` սեփականաշնորհման հանձնաժողովների որոշումներն ու քաղվածքները, տնտեսական գրքերը (ծխամատյան, ժապավենավոր մատյան), հողամասերի նկատմամբ քաղաքացիների սեփականության իրավունքի պետական գրանցման համար կարող է հիմք հանդիսանալ քաղաքացիների կողմից տիրապետվող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով նրանց տրամադրելու մասին համայնքի ղեկավարի որոշումը` հարկային տեսչություններում բնակշահագործման, տեղամասերում նախկին կոմունալ տնտեսություններում պահպանվող փաստաթղթերի, հողամասերի սեփականաշնորհման մասնակի հատուցման վճարումների ցուցակների հիման վրա, որոշման մեջ դրանց առկայության մասին պարտադիր նշմամբ:

Վկայակոչված իրավադրույթների համակարգային վերլուծությունից հետևում է, որ վիճարկվող վարչական ակտի կայացման համար հիմք են հանդիսացել հետևյալ փաստերը`

1) բնակելի տունը կառուցված է եղել մինչև 1998 թվականի հունվարի 1-ը,

2) ինքնակամ կառույցով ծանրաբեռնված հողամասը հատկացված է եղել սեփականության իրավունքով,

3) հողամասի նկատմամբ իրավահաստատող փաստաթղթերը պահպանված չեն եղել,

4) առկա են եղել ձեռքբերման վաղեմության ուժով հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման անհրաժեշտ պայմանները:

Տվյալ պարագայում Ազատուհի Խաչերյանի 05.02.1992 թվականի բացատրագրով հաստատվում է, որ վերջինս իր ընտանիքի անդամներով (Ամասիկ և Լուսինե Մանասերյաններ) համաձայնել է ժամանակավոր բնակվելու եղբոր` Գրիգոր Խաչերյանի տանը, ինչպես նաև պարտավորվել է ժամանակին կատարել բոլոր վճարումները, իսկ տունն օրինականացնելու դեպքում այն ձևակերպել եղբոր երեխաների անուններով: Նշված բացատրագրում բովանդակվող տեղեկությունների (մասնավորապես, բնակելի տունը մինչ Ազատուհի Խաչերյանի ընտանիքի անդամների տեղափոխվելն արդեն իսկ կառուցված է եղել, փաստացի պատկանել է այլ անձի, Ազատուհի Խաչերյանի ընտանիքը նշված հասցեում բնակվելու էր ժամանակավոր, Ազատուհի Խաչերյանը պարտավորվել է բնակելի տունն օրինականացնել այլ անձանց անունով) վերլուծությունից հետևում է, որ բնակելի տնով ծանրաբեռնված հողամասը հատկացված չի եղել Ամասիկ և Լուսինե Մանասերյաններին, հետևաբար վերջիններս չէին կարող ունենալ որևէ հավակնություն այդ հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը վերականգնելու և ինքնակամ կառուցված բնակելի տուն օրինականացնելու հարցում: Ավելին, վերջիններս չէին կարող նշված գույքը տիրապետել նաև որպես սեփական գույք, այլ կերպ ասած` բացակայել է նաև ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման համար անհրաժեշտ պայմաններից բարեխղճության պայմանը: Այլ կերպ ասած` Քաղաքապետի 27.03.2008 թվականի թիվ 1399-Ա որոշմամբ վկայակոչված գույքային միավորների նկատմամբ Ամասիկ և Լուսինե Մանասերյանների իրավունքների վերականգնման հիմքերը բացակայել են: Մինչդեռ, Ամասիկ և Լուսինե Մանասերյանները, հանդես գալով գույքի օրինական տիրապետողներ, կեղծ տեղեկություն ներկայացնելու միջոցով հասել են իրենց համար բարենպաստ վարչական ակտի կայացման:

Վերոնշյալ հիմնավորումներով Վճռաբեկ դատարանն ամբողջությամբ անհիմն է գնահատում Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությունը, որ «Բացատրագիր» վերնագրված փաստաթուղթը` որպես ապացույց, սույն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող որևէ փաստ չի հաստատում կամ հերքում:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործում առկա ապացույցներով հաստատվում է այն հանգամանքը, որ Ամասիկ և Լուսինե Մանասերյանները վիճարկվող վարչական ակտի ընդունմանը հասել են կեղծ տեղեկություն` Քաղաքապետի 27.03.2008 թվականի թիվ 1399-Ա որոշմամբ վկայակոչված գույքային միավորների նկատմամբ իրավունքներ ունենալու փաստի վերաբերյալ, ներկայացնելու միջոցով, հետևաբար Քաղաքապետի վիճարկվող որոշումը ոչ իրավաչափ է և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով ենթակա է անվավեր ճանաչման: Միաժամանակ, Ամասիկ և Լուսինե Մանասերյանները նույն հոդվածի 4-րդ մասի «գ» կետի հիմքով նշված վարչական ակտի գոյությանը վստահելու իրավունք չունեն:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում բողոքաբերի փաստարկը` սույն վեճը լուծելիս «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 1-ին և 3-րդ հոդվածների կիրառման վերաբերյալ, քանի որ քաղաքապետի վիճարկվող որոշումը կայացվել է 27.03.2008 թվականին, մինչդեռ վերոնշյալ օրենքն ընդունվել է 10.06.2008 թվականին և ուժ մեջ է մտել 19.07.2008 թվականին, որպիսի պարագայում այն սույն գործով կիրառելի չէ:

 

Նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխաններում բերված փաստարկները:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.9-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.15-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված` Դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով` Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.15-118.18-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 07.05.2013 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ վարչական դատարանի 17.12.2012 թվականի վճռին:

2. Երևանի քաղաքապետարանից հօգուտ Գրիգոր Խաչերյանի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Ե. Սողոմոնյան
Վ. Աբելյան
Ս. Անտոնյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Է. Հայրիյան
Տ. Պետրոսյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
04.10.2013
N ՎԴ/2603/05/10
Որոշում