Սեղմել Esc փակելու համար:
ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 դեկտեմբերի 2021 թվականի N 379-Ն

 

ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՎԱՐՈՒՅԹԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՇՓՈԹՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետը և 2-րդ մասը` Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Սահմանել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից հարուցված վարույթի շրջանակում ապրանքների և ծառայությունների անհատականացման միջոցների շփոթության աստիճանի նմանության որոշման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից և տարածվում է սույն որոշման ուժի մեջ մտնելուց հետո հարուցված վարույթների նկատմամբ:

3. Սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ ընթացիկ վարույթների նկատմամբ կիրառվում է մինչև սույն որոշման ընդունումը գործող օրենսդրությունը:

 

    ՆԱԽԱԳԱՀ                                Գ. ԳԵՎՈՐԳՅԱՆ

 

2021 թ. դեկտեմբերի 23

Երևան

 

Հավելված

Մրցակցության պաշտպանության

հանձնաժողովի

2021 թվականի դեկտեմբերի 23-ի

N 379-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՎԱՐՈՒՅԹԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՇՓՈԹՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ

 

ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով (այսուհետ` Կարգ) կարգավորվում են Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) կողմից հարուցված վարույթի շրջանակում ապրանքների և ծառայությունների անհատականացման միջոցների (այսուհետ` Անհատականացման միջոցներ) շփոթության աստիճանի նմանության որոշման հետ կապված հարաբերությունները:

2. Կարգի իմաստով Անհատականացման միջոցներ են.

1) ֆիրմային անվանումները.

2) ապրանքային նշանները (սպասարկման նշանները).

3) աշխարհագրական նշումները, ծագման տեղանունները և երաշխավորված ավանդական արտադրանքի անվանումները.

4) տնտեսավարող սուբյեկտներին, ապրանքները և ծառայություններն անհատականացնող այլ միջոցները:

3. Կարգում օգտագործվող այլ հասկացությունները և տերմինները կիրառվում են «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքով (այսուհետ` Օրենք) սահմանված իմաստով:

 

ԳԼՈՒԽ 2
ԱՆՀԱՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՇՓՈԹՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՓՈՒԼԵՐԸ

 

4. Անհատականացման միջոցների շփոթության աստիճանի նմանությունը յուրաքանչյուր կոնկրետ վարույթով ենթակա է գնահատման Հանձնաժողովի կողմից:

5. Անհատականացման միջոցների շփոթության աստիճանի նմանության փաստի արձանագրման համար Հանձնաժողովն իրականացնում է հետևյալ գործողությունները.

1) Անհատականացման միջոցների նմանության գնահատում,

2) շփոթություն առաջանալու վտանգի գնահատում:

 

ԳԼՈՒԽ 3
ԱՆՀԱՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

6. Անհատականացման միջոցները համարվում են նման, եթե դրանք ամբողջությամբ չեն համընկնում (նույնական Անհատականացման միջոցներ), այլ ընդհանուր առմամբ զուգորդվում են միմյանց հետ` չնայած առանձին տարբերությունների առկայությանը:

7. Անհատականացման միջոցները համարվում են ընդհանուր առմամբ զուգորդվող, եթե դրանց հիմնական տարրերը կամ մասը համընկնում են այնպես, որ այդ Անհատականացման միջոցն ասոցացվում է մեկ այլ Անհատականացման միջոցի հետ:

8. Նմանությունը կարող է դրսևորվել լսողական, տեսողական և իմաստային ընկալումներով և պետք է գնահատվի ընդհանուր տպավորության և Անհատականացման միջոցների որպես ամբողջություն ուսումնասիրության հիման վրա` համեմատելով նրանցից յուրաքանչյուրի ստեղծած ընդհանուր տպավորությունները և նկատի ունենալով հիմնական ու տարբերակիչ նշանակություն ունեցող տարրերը:

9. Անհատականացման միջոցները կարող են նման չլինել, եթե դրանց նմանությունը դրսևորվում է միայն մեկ ընկալումով:

10. Անհատականացման միջոցների համեմատության ընթացքում նախ և առաջ անհրաժեշտ է հաշվի առնել տարբերակիչ նշանակություն ունեցող տարրը` անկախ լրացուցիչ և զուտ սիմվոլիկ տարրերի առկայությունից: Եթե Անհատականացման միջոցներում կրկնվում են տարբերակիչ նշանակություն ունեցող տարրերը, նմանությունը ենթադրվում է:

11. Անհատականացման միջոցների նմանությունը որոշելիս անհրաժեշտ է հաշվի առնել նաև այն ապրանքների և ծառայությունների առանձնահատկությունները, որոնց համար օգտագործվում են նշված անհատականացման միջոցները, և դրանց ստեղծած ընդհանուր առևտրային տպավորությունը:

12. Անհատականացման միջոցների լսողական նմանությունը որոշելիս հիմք են ընդունվում հետևյալ հատկանիշները.

1) համեմատվող Անհատականացման միջոցներում ներառվող մոտ և համընկնող հնչյունների առկայությունը.

2) Անհատականացման միջոցներում ներառվող մոտ և համընկնող հնչյունների ակնհայտ նմանությունը.

3) մոտ հնչյունների և հնչյունային կապակցությունների` միմյանց նկատմամբ դասավորվածությունը.

4) համընկնող վանկերի առկայությունը և դրանց դասավորվածությունը.

5) Անհատականացման միջոցի մեջ պարունակվող վանկերի ընդհանուր քանակը.

6) Անհատականացման միջոցի կազմում համընկնող հնչյունային կապակցությունների տեղը.

7) ձայնավորների քանակը և տեղադրության մոտիկությունը.

8) բաղաձայնների քանակը և տեղադրության մոտիկությունը.

9) շեշտադրությունը.

10) Անհատականացման միջոցների համընկնող մասերի բնույթը.

11) Անհատականացման միջոցների մեկը մյուսին ներառելը, հատկապես բառային արտահայտությունների դեպքում:

13. Անհատականացման միջոցների տեսողական նմանությունը որոշելիս հիմք են ընդունվում հետևյալ հատկանիշները.

1) ընդհանուր տեսողական տպավորությունը.

2) գույնը կամ գունային համադրությունը.

3) օգտագործված տառատեսակը.

4) տառերի գրաֆիկական գրելաձևը (տպագիր, ձեռագիր, մեծատառ, փոքրատառ, ոճավորումը և այլն).

5) տառերի դասավորվածությունը.

6) այբուբենը, որով գրված է բառը.

7) մեկ այլ բառի (բառերի) ավելացումը.

8) մեկ տառ ավելացնելը կամ հանելը.

9) մեկ կամ մի քանի տառերի փոփոխությունը.

10) Անհատականացման միջոցների մեկը մյուսին ներառելը:

14. Անհատականացման միջոցների իմաստային նմանությունը որոշելիս հիմք են ընդունվում հետևյալ հատկանիշները.

1) Անհատական միջոցներում օգտագործվող նման հասկացությունները, հոմանիշները, գաղափարները, այդ թվում` տարբեր լեզուներով Անհատական միջոցների համընկնող իմաստը.

2) Անհատական միջոցի տարրերից որևէ համընկնող տարրը, որն առանձին իմաստ ունի և որի վրա ընկնում է տրամաբանական շեշտադրումը.

3) Անհատական միջոցներում ներառված հասկացությունների, գաղափարների հակադրությունը:

15. Թվարկված հատկանիշները հաշվի են առնվում ինչպես առանձին, այնպես էլ տարբեր զուգակցություններով: Նմանությունը որոշվում է Անհատականացման միջոցի տարրերի ընդհանրությամբ: Նմանության աստիճանի վրա ազդեցություն է թողնում համընկնող և չհամընկնող տարրերի հարաբերակցությունը, ինչպես նաև դրանց նշանակությունը Անհատականացման միջոցի ընդհանուր հորինվածքում:

16. Անհատականացման միջոցների ընդհանուր տեսքը համեմատելիս հաշվի են առնվում նաև դրանց.

1) գույների համադրությունը.

2) ձևը և կառուցվածքը.

3) ձևավորումը և ոճը.

4) պատկերները և սիմվոլները.

5) հիմնական և տարբերակիչ նշանակություն ունեցող այլ տարրերը:

 

ԳԼՈՒԽ 4
ՇՓՈԹՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԱՆԱԼՈՒ ՎՏԱՆԳԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

17. Անհատականացման միջոցների նմանության արձանագրման դեպքում գնահատվում է Անհատականացման միջոցների միջև շփոթություն առաջանալու վտանգը:

18. Հանրահայտ ապրանքային նշանների նմանության արձանագրման դեպքում Անհատականացման միջոցների միջև շփոթության առաջացման վտանգը համարվում է առկա, եթե վարույթի մասնակիցները չեն ներկայացրել հակառակը հիմնավորող ապացույցներ կամ հակառակը չի հիմնավորվել Հանձնաժողովի կողմից:

19. Շփոթության առաջացման վտանգն ուղղակիորեն կապված է Անհատականացման միջոցների նմանության հետ, և այն վերջինիս տրամաբանական հետևանքն է: Շփոթություն առաջանալու վտանգը կարող է առկա լինել, եթե այն ապրանքները կամ ծառայությունները, որոնց շրջանակում կիրառվում են Անհատականացման միջոցները նույնն են կամ համանման:

20. Շփոթություն առաջանալու վտանգը կարող է առկա լինել նաև այն դեպքում, երբ ապրանքները կամ ծառայությունները, որոնց շրջանակում կիրառվում են Անհատականացման միջոցները, առաջացնում են տպավորություն առ այն, որ դրանք ծագում են ընդհանուր աղբյուրից` չնայած այն հանգամանքին, որ այդ ապրանքները կամ ծառայությունները նույնը կամ համանման չեն:

21. Շփոթություն առաջանալու վտանգը գնահատելիս Հանձնաժողովը կարող է հաշվի առնել.

1) համեմատվող ապրանքների և ծառայությունների կիրառման ոլորտը.

2) համեմատվող ապրանքների և ծառայությունների գինը.

3) Անհատականացման միջոցների շփոթություն առաջանալու վտանգի մասին վկայող այլ հանգամանքները:

22. Շփոթություն առաջանալու վտանգի գնահատման համար Հանձնաժողովը կարող է հիմք ընդունել նաև իրականացված.

1) սոցիոլոգիական հարցումների արդյունքները.

2) տախիստոսկոպյան մեթոդի, ինչպես նաև կիրառելի այլ մեթոդների արդյունքները:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 29 դեկտեմբերի 2021 թվական:

 

 

pin
Մրցակցության պաշտպանության հ
23.12.2021
N 379-Ն
Որոշում